×


«Մի քիչ շատ խոսեմ երեխաներիս մասին, կգնամ տուն». Հասմիկ Կարապետյանի համերգը՝ 45-ամյակի նախօրեին

«Ուզում եմ, որ իմ երգերը ձեր հոգիները լցնեն սիրով ու ջերմությամբ։ Ու պատահական չէ, որ այսօրվա երեկոն կրում է «Լույս է նորից» խորագիրը». Հասմիկ Կարապետյանի ակումբային նոր համերգն, ավանդույթի համաձայն, ազդարարվեց «Այս բեմում» երգով։

Այս երեկոն էլ առանց զուգերգերի չանցավ. երգչուհին բեմը կիսեց ԴերՀովայի եւ իր աշակերտուհու՝ Անի Ժանեի հետ։ «Անին սովորում էր օպերային երգեցողություն, բայց որոշեց երգել էստրադային ու ջազային ոճում։ Ես նրա վոկալի ոճաբանության ուսուցչուհին եմ։ Շատ տաղանդավոր աղջիկ է, ու այսօր միասին երգում ենք հետաքրքրի երգերի քավեր տարբերակները»,-հանդիսատեսին պատմեց նա:

ԴերՀովան եւ Հասմիկ Կարապետյանը


Արդեն ետնաբեմում BRAVO.am-ի հետ զրույցում կիսվեց զգացողություններով. «Լույսն այնքան շատ է, որ ուզում եմ կիսվել բոլորի հետ։ Մեկ-մեկ անգամ ինձ թունավորում է այդ դրական երեւույթը։ Ինձ նմանները շատ քիչ են, ու ես կիսվելու կարիք ունեմ։ 40-ից հետո հասկացել եմ՝ ծնված եմ էներգիա ու սեր տալու մարդկանց։ Բայց այդ սերը ոչ բոլորն են ուզում ընդունել, դա կարող է վնասել, շատ թվալ, ճնշել ու վախեցնել»։

Երկար դադարից հետո Հասմիկի առաջին մենահամերգը եղավ մեկ տարի առաջ, որին հաջորդեցին մի շարք ելույթներ, ու համերգից համերգ նա հանդես է գալիս ստեղծագործական նոր մտքերով։


«Առաջին համերգի ժամանակ ես եւ իմ նվագախումբը նոր էինք իրար ճանաչում ու,  այսպես ասած, մերվում գործի մեջ։ Որոշ ժամանակ անց նոր գործիքներ ներառեցինք, փոխեցինք ու ընտրեցինք այնպիսինները, որոնք համահունչ են իմ ոճին։ Շատ հետաքրքիր մտքեր ունեմ ու ուզում եմ շատ նախագծեր իրականացնել», - ասում է երգչուհին։

Երկու երեխաների մայրը զարմանում է, թե ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել. «Բեմից էներգիա եմ տալիս, էներգիա ստանում, հասնում եմ տուն ու առավոտից երեկո վազում երեխաների հետեւից, բայց ուրախ եմ, որ այդ ուժն ունեմ»։

ասմիկ Կարապետյանը


Խոստովանում է, որ երեխաներին մենակ է թողնում միայն այն դեպքում, երբ համերգի է լինում, բայց միշտ մտքով երեխաների հետ է. «Օրինակ՝ հիմա բեմում եմ, բայց մտքով ու հոգով տղայիս հետ եմ, քանի որ նա ամեն հինգ րոպեն մեկ ասում է․ «Մաման գա, մաման գա»։ Մի տեսակ կտոր-կտոր է լինում սիրտս, երբ հիշում եմ այդ աչուկները։ Ա՜յ հիմա, եթե մի քիչ շատ խոսեմ, կգնամ տուն։ Բայց զսպում եմ ինձ, ուզում, որ տղաս ինքնուրույն լինի, հասկանա՝ մաման կարող է բացակայել»։

Նկատում եմ, որ այսքան տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ կոմերցիոն երգչուհի։ Ասում է՝ չդարձավ, բայց ունի իր հավատարիմ հանդիսատեսը, ինչն իր համար էլ է առեղծված. «Հինգ տարի առաջ, հիմա էլ, 10 տարի հետո էլ նույն կերպ եմ պատասխանելու։ Ինձ ավելի հաճելի է ունենալ 5 հոգի լսարան, բայց՝ իմը։ Մի օր երկրպագուներիցս մեկի ասածն ինձ շատ է տպավորվել, միայն դրա համար պետք է շարունակեմ ստեղծագործել ու լինել երգչուհի։ Ասաց՝ «Հասմիկ ջան, քո երգերը մեզ հոգեպես մաքրում են»։ Վերջ, ես պիտի մաքրեմ այդ հոգիները»։

Հ․Գ Այսօր երգչուհին նշում է 45-ամյակը, ինչի առթիվ էլ շնորհավորում ենք:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին