×


Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները

Հայաստանը պատրաստվում է դեկտեմբերի 11-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին: Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարվա մեր պատվիրակը 14-ամյա Նարե Ղազարյանն է:

Նարեի եվրատեսիլյան երգը շուտով հոլովակ կունենա եւ կներկայացվի հանդիսատեսին: Հեղինակը երգչուհու պրոդյուսերն է՝ Գրիգոր Կոկչյանը, գործիքավորումը Նիկ Էգիբյանն է իրականացրել:  


«Նրանք են ինձ խորհուրդ տվել մասնակցել մրցույթին: Խոստանում եմ լավ ներկայանալ ու մեծ սիրով իմ հրաշալի երկրի հետ ծանոթացնել մեր հյուրերին: Երգում եմ ութ տարեկանից. սովորել եմ Երգի թատրոնում, Արթուր Գրիգորյանի եւ Գրիգոր Կոկչյանի սանն եմ: Ես նաեւ պարում եմ, եւ բեմում ինձ հետ կլինի պարային խումբ»,- ասաց Նարեն՝ հավելելով, որ երգը ռիթմիկ է, իսկ պարուսույցը Հովհաննես Սարգսյանն է:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նա նաեւ պատմեց, որ իրեն շատ հետաքրքիր կերպով են հայտնել Հայաստանի պատվիրակը լինելու լուրը:

Նարե Ղազարյանը


«Հանրայինից զանգեցին, ասացին, որ պետք է հարցազրույց վերցնեն՝ ինձ ճանաչելու համար: Եկա եւ հենց մտա սենյակ, ասացին՝ ես եմ հաղթել: Այդ պահին շատ շփոթված էի։ Սա ինձ համար մեծ հաղթանակ է: Յուրաքանյուր երգիչ կցանկանա պատվով ներկայացնել երկիրը, խոսք եմ տալիս՝ ես դա կանեմ»,- նշեց Նարեն:

Այս տարվա պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից եւ տարբեր երկրներից: Ժյուրին նախ ընտրել է 30 հոգու, որից հետո՝ հաղթողին:


Հանրայինի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանի դիտարկմամբ` շատերին հետաքրքրում է տոմսերի հարցը. «Տոմսերը կարժենան 5-30 հազար դրամ. այնպես է արվել, որ հասանելի լինի բոլորին: Երկրպագուները կարող են տոմսեր գնել եւ ներկա լինել նաեւ դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին, որն ամբողջականությամբ ամսի 11-ի շոուն է, բայց նախատեսված է միայն ժյուրիի անդամների համար»:

Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը նշեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, որը նախատեսված է դեկտեմբերի 5-ին, վստահվել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին:


«Նոյեմբերից արդեն մեր քաղաքացիները կզգան, որ մենք հոբելյանական մրցույթը հյուրընկալող երկիրն ենք, իսկ դեկտեմբերի 4-ից սկսած՝ մեր քաղաքում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու քաղաքացիների եւ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ մեր երկրի մշակույթին: Նրանք այցելելու են թանգարաններ, մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր: Տոնածառի լույսերի վառման արարողությունն էլ կլինի թե՛ Եվրատեսիլի բացման արարողության, թե՛ մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,-ասաց պրոդյուսերը:

Նշենք, որ Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը եւ Ֆրանսիան։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին