×


Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» մրցույթում

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը դարձել է «Օպերալիա» համաշխարհային օպերային մրցույթի հաղթող: Առաջին մրցանակին է արժանացել նաեւ ԱՄՆ-ից տենոր Էնթոնի Լեոնը: Գրիգորյանը ստացել է նաեւ հանդիսատեսի կողմից սահմանված «Rolex» մրցանակը։

«Օպերալիա»-ի հիմնադիրը աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն է: 1993 թվականից անցկացվող մրցույթն ամենահեղինակավորներից մեկն է աշխարհում, նպատակն է գտնել տաղանդավոր երիտասարդ կատարողներ ու օգնել նրանց կայանալ հետագայում: Մասնակցել կարող են 18-30 տարեկան բոլոր ցանկացողները:



Ամեն տարի ստացվող շուրջ 1000 հայտից ժյուրին ընտրում է 30-40 լավագույններին: Այս տարի մրցույթն անցկացվել է հոկտեմբերի 24-30-ը՝ Ռիգայում: Մասնակիցներ են եղել նաեւ Իսպանիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից ու այլ երկրներից:

«Օպերային արվեստը որքան դյութիչ է ու հեքիաթային, կրկնակի բարդ է ու առեղծվածային: Այն քմահաճ է, տարերային, հարկավոր է ամենօրյա ջերմեռանդ աշխատանք, նվիրում, մեծ սեր»,- ավելի վաղ Bravo.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանը:


Նա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում ու Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ «Օպերալիա»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին