Այս տարվա «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինն իր «Snap» երգը նորանոր բեմերում է կատարում: Այս անգամ նա հյուրընկալվել է Ջեյս Քորդենի «The Late Late Show with James Corden» հեռուստաշոուին:
«Իսկ հիմա ուշ երեկոյան հեռուստաեթերում իր նորամուտը հիանալի «Snap» երգով կկատարի Ռոզա Լինը: Դիմավորեք նրան»,- ասել է Քորդենը:
Երգը Լինը կատարել է նոր մեկնաբանությամբ՝ ավելացնելով հայկական ժողովրդական գործիքների մեղեդիներ: Երաժիշտների վերնաշապիկներին երեւում է Հայաստանի զինանշանը, իսկ տաղավարում հայկական գորգեր են:
«Աստված իմ, ինչպիսի կատարում: Անհավանական էր: Բոլորդ հիշեք նրա երգը», - ասել է Քորդենն ու գրկել երգչուհուն՝ ավելացնելով. «Ինչքան լավն էր»:
Վերջին շրջանը բավական հագեցած է Ռոզա Լինի համար: Ընդամենը օրեր առաջ է նա զուգերգ ներկայացրել «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի հետ:
Իսկ 2023 թվականին նա մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում:


×
2,708





