×


Լիսանդրոյի նախապայմանը, Նարեի վերաբերմունքը հաղթողին եւ «ամենաուժեղ Եվրատեսիլը»

Երեկ երեկոյան Երեւանի Մարզահամերգային համալիրում մանկական եվրատեսիլյան իրարանցումն ավարտվեց. 16 երկրից Հայաստան ժամանած պատվիրակները «պտտեցին հրաշքն» ու հաղթանակն ուղարկեցին Ֆրանսիա, որտեղից էլ Մալենան իր «Քամի-քամի» երգով այս տոնը բերել էր Հայաստան: Ելույթներից հետո մինչ կհնչեին միավորները, Տավուշի թեմի երգչախումբը եւ բոլոր տարիների հաղթողները հանդես եկան միասին՝ շնորհավորելով մրցույթի 20-րդ հոբելյանական շրջապտույտը: Օրեր շարունակ քննարկվող ֆավորիտները սկսեցին նահանջել, ու ժյուրիների եւ հեռուստադիտողների 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում ձեւավորվեց հետաքրքիր սանդղակ:

Ժյուրիից Հայաստանը չորս անգամ ստացավ 12 միավոր՝ Ղազախստանից, Ֆրանսիայից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Իսպանիայից: Վերջին րոպեներին Ֆրանսիան «Oh Maman!» երգով ներկայացնող Լիսանդրոն հանդիսատեսից ստացավ բարձր միավոր եւ, ինչպես արդեն հայտնել ենք, հաղթանակ տոնեց:


Լրագրողների հետ զրույցում Լիսանդրոն իրեն հատուկ անմիջականությամբ հիշեցրեց, որ Հայաստանից ցանկանում էր հաղթանակ կամ գոնե լավաշ տանել, իսկ հիմա արդեն երկուսն էլ դարձավ հնարավոր:

«Շատ հուզված եմ, ուրախ, հպարտ եմ իմ թիմով ու պարողներով, որոնց հետ մենք ընտանիք են: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ: Ուզում էի հաղթել, բայց այդպես կլիներ, թե ոչ՝ հարց էր: Այս հաղթանակը միայն իմը չէ, ողջ թիմն է արժանացել, ինչպես նաեւ ինձ համար քվեարկողները: Այստեղ են ծնողներս, որոնց եւս շնորհավորում եմ, քանի որ այս հրաշալի օրը նաեւ իրենցն է: Հայաստանի պատվիրակ Նարեի երգն էլ եմ շատ սիրում ու մտքումս պտտվում է այն: Երբ Մալենան իմ երկրում հաղթեց, մտածեցի, որ մրցույթը պետք է վերադառնա»,- նշեց Լիսանդրոն:


Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանը հիանալի ելույթ ունեցավ իր «Dance» երգով, եւ բոլորը տեսան նրա ապրումները հաղթանակից մի քանի միավոր բաժանող րոպեներին: Մրցույթից անմիջապես հետո նա նշեց, որ դրանք երջանկության արցունքներ էին:

«Վստահություն ունեի, որ լավագույն հնգյակում կլինենք, իսկ հիմա երկրորդն ենք: Սթափ եմ գնահատում իրավիճակը,  քաջ գիտակցում եմ, որ եթե երկրորդն եմ, ապա արժանի եմ այդ տեղին: Լիսանդրոն տաղանդավոր տղա է, շնորհավորում եմ, ցանկանում՝ իր կարիերայի ամենափոքր հաղթանակը սա լինի: Իմ ֆավորիտ երկրները բոլորն էին, կարծում եմ՝ այս տարի ամենաուժեղ «Եվրատեսիլն» էր: Ինքս քվեարկել եմ Իռլանդիայի, Իսպանիայի եւ Անգլիայի օգտնին»,- ասաց Նարեն՝ հավելելով, որ արդեն ունի նոր նախագծեր ու երգի ուղին բաց չի թողնի:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին