×


«Ինձ համար դա ուրիշ աշխարհ էր». Նարինե Մկրտումյանը՝ 39-ամյակի եւ ամենատպավորիչ նվերի մասին

Դերասանուհի, երգչուհի Նարինե Մկրտումյանը դարձել է 39 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է՝ որոնք են իր գլխավոր երազանքները, թե ինչու են որոշ դռներ փակվում իր առաջ, եւ ինչ վատ կանխազգացում ունի ապագայի հետ կապված:

Վերջին տարիների դժվարություններն ու ապրումները ստիպեցին վերանայել ե՛ւ մեր կյանքը, ե՛ւ դրա հետ կապված բոլոր երազանքները: Նարինեն այժմ ունի միայն մեկ մեծ խնդրանք, որի կողքին մնացած ամեն ինչ անկարեւոր է. «Յուրաքանչյուր հայ առաջին հերթին ցանկանում է խաղաղություն եւ իր մտերիմներին ու բոլոր մարդկանց՝ առողջություն: Մնացած երազանքները երկրորդական են, երբ դու չես ապրում խաղաղ երկրում կամ առողջ չես»:

Նարինե Մկրտումյանը


2020 թվականից հետո Նարինեի յուրաքանչյուր  երազանք կապված է Արցախի եւ Հայաստանի խաղաղության հետ: Դերասանուհին լիահույս է, որ մի օր կկարողանա վերադառնալ իր հայրական տուն՝ Հադրութի Տող գյուղ:

Սակայն վերադառնալով անհոգ մանկություն՝ նա հիշում է, թե ինչպես տարեդարձին ծնողներից ստացավ սպասված նվերը՝ փլեյերը:


«Ինձ համար դա ուրիշ աշխարհ էր»,- հիշում է երգչուհին ու հավելում, որ դրա շնորհիվ հաճույքով լսում էր այդ տարիներին իր սիրելի երգիչների՝ Վալերի Մելաձեի եւ Վալերի Լեոնտեւի հիթերը:

Դեռ այդ ժամանակներից էլ ամենամեծ ու թանկարժեք նվերները Նարինեն ստանում է հենց ծնողներից: Իսկ թե ինչու ամուսինն իրեն չի զարմացնում անակնկալներով՝ դերասանուհին ասում է. «Ինչ պետք է, դա ենք ձեռք բերում: Անակնկալներ չեն լինում, որովհետեւ երկուսս էլ ռոմանտիկ չենք, այլ ուղիղ, հեշտ ու պարզ»:

Հոբելյարը կարծում է՝ անգամ, եթե նվիրում են թել ու ասեղ, պետք է ուրախանալ, չէ՞ որ դրանք մի օր կարող են պետք գալ:

Նարինե Մկրտումյանը


Երգչուհին խոստովանում է, որ տարիների ընթացքում փոխվել է. առաջ ավելի համբերատար էր, իսկ հիմա շտապում է ապրել, վախենում է չհասցնել ինչ-որ բան: Այդ ամենի հետեւանքով մի փոքր ագրեսիվ է դարձել, սակայն դա նկատում է միայն ինքը:

«Անկեղծ մարդ եմ, եւ դա թե՛ հեշտացնում, թե՛ դժվարացնում է կյանքը, որովհետեւ ոչ բոլորն են քեզ ճիշտ ընկալում: Ուղղախոս լինելու պատճառով իմ առջեւ փակվում են շատ դռներ, բայց կյանքի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր փակված դռնից հետո բացվում են մեծ դարպասներ»,- կիսվում է Նարինեն ու վստահեցնում՝ եթե հնարավորություն լիներ կյանքում ինչ-որ բան փոխելու, նա ոչ մի վայրկյան ու ոչ մի քայլ չէր ցանկանա ուղղել:

Նարինե Մկրտումյանը


Ինքն իրեն մաղթում է լինել առողջ ու տեսնել երեխաների ձեռքբերումները. «Ուզում եմ երկար ապրել եւ շատ վատ ներքին զգացողություն ունեմ, որ այդպես չի լինի»,-ասում է նա:

Նշենք, որ երգչուհին նախատեսում է նոր երգեր ներկայացնել, հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկներ եւս ունի:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինե Մկրտումյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին