×


«ԻնՍպորտ Սյունիք»-ի շնորհանդեսը Կապանում եւ առաջիկա մեծ ծրագիրը

Մարզային ամենամեծ սպորտային ակումբը՝ Սյունիքում. Կապանում բացվել է «ԻնՍպորտ» մարզասրահի նոր մասնաճյուղը, որը քաղաքի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին հնարավորություն կընձեռի բարձրակարգ մարզաառողջարանային ծառայություններ ստանալ։ BRAVO.am-ը ներկա է եղել մարզահամալիրի շնորհանդեսին, զրուցել է նախագծի հեղինակների հետ եւ ծանոթացել ստեղծված պայմաններին։

7514 քմ մակերեսով տարածքը հագեցած է գերժամանակակից մարզասարքերով եւ ստեղծված են լավագույն պայմանները մեծ ու փոքր հաճախորդների համար։ Հարակից տարածքը բարեկարգվել է, անցկացվել են նոր կոմունիկացիաներ, արտաքին լուսավորություն եւ այլն: Այսպիսով, մարզահամալիրի թողունակությունը մեկ ժամում կազմում է 200 մարդ։


Նորաբաց «ԻնՍպորտ Սյունիք» համալիրում գործելու են լողավազաններ (մեծահասակների համար եւ մանկական), որոնք հագեցած են գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով (ուլտրամանուշակագույն ճառագայթում, քիմիական, մեխանիկական եւ օզոնային մաքրում), ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, բոքսի եւ արեւելյան մարտարվեստների սրահներ:

Ֆիթնես գոտում գործելու է կարդիո եւ ուժային պարապմունքների համար նախատեսված սրահ՝ MBH-ֆիթնես ապրանքանիշի «Թեխնոջիմ» շարքի լավագույն մարզասարքերով՝ տարբեր մկանային համակարգերի համար: Կգործի նաեւ բոքսի եւ արեւելյան մարտարվեստների մարզումների սրահ:


Հանդերձարանները կահավորված են էլեկտրոնային կառավարմամբ անհատական պահատեղիներով, իսկ ցնցուղարաններին կից գործում են արեւելյան եւ ֆիննական շոգեբաղնիքներ։

Մեծահասակների լողավազանը 38 մետր է եւ հարմարեցված է ինչպես ակտիվ լողի, այնպես էլ հանգստի համար։ Կից գործում է նաեւ մանկական առանձնացված լողավազանը։ Կենտրոնում կգործի նաեւ բուժական, սպորտային մերսման սենյակ։


«ԻնՍպորտ Սյունիքն» ունի ինքնաբավ դիզելային (վթարային)  էներգամատակարարման համակարգ (համալիրը պաշտպանված է էլեկտրականության անջատումներից)։

Մարզահամալիրի գործարկմամբ ստեղծվել է շուրջ 42 մշտական աշխատատեղ՝ 195.000 դրամ միջին աշխատավարձով։ Պարզվում է՝ սա ներդրումային ծրագրի 1-ին փուլն է միայն, որի շրջանակում մարզաառողջարանային համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,54 մլդ. դրամ: Երկրորդ փուլը (2,7 մլդ. դրամ ծավալով) իրականացվելու է 2025-2028 թվականներին՝ նախնական ծրագրի համաձայն ներառելով սահադաշտը, շատրվանները, բացօթյա հանգստի գոտին, մանկական երկաթուղին, հյուրատունը, համերգային սրահը (400 նստատեղով) եւ այլն:


Նախագիծը հեղինակել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն՝ ԱրարատԲանկի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում կարեւորեց մարզային այսօրինակ ներդրումների իրականացումը, առավել եւս, երբ խոսքը սահմանամերձ դարձած բնակավայրերի մասին է:

«Տարիներ առաջ մենք այստեղ հողակտոր ձեռք բերեցինք եւ մտադիր էինք կառուցապատումն իրականացնել ճիշտ այնպես, ինչպես Երեւանում էինք դա անում, այսինքն՝ սոցիալական շեշտադրմամբ բնակֆոնդ ստեղծել։ Սակայն հանքաերկրագիտական ուսումնասիրությունները պարզեցին, որ այս գոտին բարենպաստ չէ բարձրահարկերի համար, առկա են ստորգետնյա խիստ ինտենսիվ ջրային հոսքեր, եւ մեր ծրագիրը դեռ չսկսած դադարեց։ Երկար մտածում էինք՝ ինչ պետք է անել այս հողակտորը, եւ որոշեցինք վերականգնել խորհրդային ժամանակներում նրա վաղեմի նշանակությունն ու ֆունկցիոնալությունը։ Մասնավորապես՝ այստեղ լիճ է եղել, հանրային զբոսավայր, եւ մենք մտածեցինք որոշակիորեն այն վերականգնել»,- ասաց Քարամյանը։


Իր խոսքում նա շեշտեց՝ միամտություն կլինի կարծել, թե այս ներդրումը նպատակ ունի ինչ-որ բիզնես զարգացման ճանապարհ դառնալ, քանի որ այն ունի շատ հստակ սոցիալ-քաղաքական նշանակություն․ «Կապանում հիմնելով այս ամենը՝ մենք շատ հրաշալի հասկանում էինք, որ եկամտաբերության նվազագույն ցուցանիշի հետ ենք գործ ունենալու, եւ առաջնայինն այստեղ դա չէ։ Նախ՝ սա կարեւոր ուղերձ է ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ մեր հասարակության բոլոր այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են նայում Հայաստան աշխարհի ապագային։ Պատահական չէ, որ նման մեծ ծավալի ներդրում է կատարվել հենց Սյունիքում։ Չէ՞ որ թշնամին էլ է տեսնում՝ դիմացը կանգնած մարդիկ, հասարակությունը, երկիրը հավատում է, ու հետեւաբար անհաղթ է լինելու»։


Մարզահամալիրի բացմանը ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն իր խոսքում նկատեց՝ կենտրոնի բացումը մեծ ու դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն Կապանի, այլեւ մարզի կյանքում։ Իսկ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը մեր զրույցում նույնիսկ նշեց, որ ինքն էլ է հասցրել ձեռք բերել մարզասրահ հաճախելու փաթեթը եւ արդեն պլանավորել է իր մարզումներն առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ. «Շատ կարեւոր է համայնքներում նման կենտրոններ ունենալը. դրանք ուղիղ խթան են սպորտի զարգացման եւ բնակչության առողջ ապրելակերպ վարելու, կյանքի որակը բարելավելու համար»,- հավելեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  ԻնՍպորտ Սյունիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW