Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի խաղացանկում ավելացել է Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպի հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմադրած ներկայացումը: BRAVO.am-ի համար հանդիպել ենք ռեժիսորի ու գլխավոր հերոսներին՝ Սպոլդինգների ընտանիքին մարմնավորող դերասանների՝ Սերգեյ Թովմասյանի (պապիկ), Տաթեւ Ղազարյանի (տատիկ), Նարեկ Բաղդասարյանի (Դագլաս) եւ Առնո Սարգսյանի (Թոմ) հետ:
- Ի՞նչ համ ունի ամեն մեկիդ համար խատուտիկի գինին:
Առնո. Շատ համով է (ծիծաղում ենք,-հեղ.):
Սերգեյ. Իմ մանկության համն է. այն, ինչ խաղում եմ, ինձ հետ տեղի է ունեցել: Երկու քեռիներս ու պապիկս տարել են դաշտերը եւ սարերը, ծանոթացրել ամեն տեսակի խոտի հետ ու պատմել. «Սա ավելուկ է, կարող ես ուտել, բայց այն նաեւ չորացնում են, սա սինձն է, այս սունկը թունավոր է»: Ու այդ մանկության համը մնացել է մեջս, դրա համար գիրքը կարդալիս մտածում էի՝ Աստված իմ, այս մարդը ո՞նց է այդ ամենը զգացել: Նրանք իմ մեջ այդ սերը տեսել են, դրա համար էլ խուլիգանից լեռնագնաց դարձա ու մինչեւ հիմա գնում եմ սարեր:
Նարինե. Ինձ համար էլ մանկությանս համն է: Հրազդանում էի ապրում, բայց ամառներն Արցախում էի անցկացնում, եւ խատուտիկի համը տատիկիս ու պապիկիս են հիշեցնում: Հատուկ ներկայացման մեջ չենք պահպանել 1928 թվականը, որովհետեւ այն բոլորիս մասին է: Իմ բեմադրություններից ամենաբազմաշերտն է, սրանից կարելի էր 10 ներկայացում դուրս բերել, որովհետեւ թեմաները շատ խիտ են՝ մի 2 օրվա մտածելու բան կա:
Տաթեւ. Սկզբում նույնիսկ մտածում էինք 2 երեկո անել ներկայացումը, որ հաջորդ օրն էլ գան նայելու: Ինձ համար էլ երազածս մանկության համն է. գյուղում տատիկ-պապիկ չեմ ունեցել, դրա համար բնությունից մի քիչ կտրված մարդ եմ, վախենում եմ կենդանիներից: Սերգեյ, դու դարձար ալպինիստ, իսկ ես շարունակեցի խուլիգան մնալ (ծիծաղում ենք,-հեղ.): Գրքից չէի կարողանում կտրվել, քանի որ հենց այդպիսին էի պատկերացնում իմ մանկությունը, մեր մասնագիտությունը թույլ է տալիս այդ բացը հիմա լրացնել:
Նարեկ. Ես Բերդում եմ մեծացել, բայց բոլոր ամառներն անցկացրել եմ Չորաթան գյուղում: Վիպակում շատ բաներ հենց այնպես են, ինչպես իմ կյանքում է եղել, իհարկե, ոչ այդքան գեղարվեստական ու ֆանտաստիկ: Բայց ինձ համար խատուտիկի գինին ոչ թե ավելի շատ համի, այլ տարբեր հոտերի հետ է ասոցացվում: Ներկայացման մեջ պապն էլ է ասում, որ ամեն օր իր հոտն ունի:
Նարինե. Մենք ներկայացման ընթացքում նաեւ բույրեր ենք բաց թողնում, ինքներս դրանց մեջ խեղդվում էինք:
Նարեկ. Վանիլի հոտ զգացե՞լ եք:
- Հիշեցի, որ ինչ-որ բույր զգացել եմ: Նարինե, ինչպե՞ս հասկացաք, որ այս մարդիկ են լինելու ձեր Սպոլդինգները:
Նարինե. Դե, միանշանակ էր, որ այս մարդիկ էին լինելու: Նախ Դագլասին երեխա չպիտի խաղար. ինքս 33-ում 12 տարեկանս եմ մարմնավորել «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ, նույն զգացողությամբ էլ վիպակն էր գրված: Դրա համար Նարեկը 32-ում վերադառնում է Դագլասի մանկություն ու հասուն տարիքում այդ ամենը վերաիմաստավորում: Մանուկ ժամանակ ամեն ինչ շատ մեծ ենք տեսնում, լողավազան ունեինք, մի կերպ էինք մի ծայրից մյուսը հասնում, երբ տարիներ անց տեսա՝ պուճուր գյոլ էր, մտածեցի՝ ոնց էինք այնտեղ մրցում (ծիծաղում ենք,-հեղ.), դրա համար ներկայացման տորթն էլ այդքան մեծ է: Բրեդբերին գիտաֆանտաստ է, նրա գրածը մեր օրերում իրականացել է, նույնիսկ երջանկության մեքենա կա, ամբողջ օրը դրա մեջ ենք, բայց մեջը բնավ էլ երջանկություն չկա:
Առնո Սարգսյանը եւ Սերգեյ Թովմասյանը
- Առնո, պատմիր՝ ո՞նց հայտնվեցիր այս ներկայացման մեջ ու ի՞նչն է քեզ դուր գալիս Թոմի կերպարում:
Առնո. Ամեն ինչն է դուր գալիս, Թոմը հենց ես եմ (ծիծաղում ենք,-հեղ.), ինձ ամեն ինչով է նման: (Առնոն Արամ MP3-ի որդին է,-հեղ.):
Նարինե. Մի հատ պաչեմ, մինչեւ խոսում ես:
Տաթեւ. Հլը պատմի, ոնց առաջին անգամ եկար թատրոն:
Առնո. Առաջին օրը, որ եկա այս սենյակ, չէի խոսում, այնքան էի ամաչում, երեւի, մի շաբաթ, համարյա մի ամիս չէի խոսում (ծիծաղում ենք,-հեղ.):
- Բա ո՞նց ստացվեց, որ բոլորին սովորեցիր ու լեզուդ բացվեց:
Առնո. Ես էլ չգիտեմ, մի օր եկա ու էլ չամաչեցի:
Տաթեւ. Արդեն սիրեցիր մեզ, տեսար, թե քեզ ինչքան ենք սիրում, չէ՞:
- Մինչ այս ներկայացումում խաղացած կայի՞ր ու ո՞նց էիր հասցնում դասերիդ հետ:
Առնո. Չէ, առաջին անգամ է, բայց շատ սիրեցի ամեն ինչ: Մի քիչ չէի հասցնում դպրոցում, բայց դասղեկս ներեց ինձ (ծիծաղում ենք,-հեղ.): Նայեց ներկայացումն ու դուրը շատ եկավ:
- Խոսենք ամեն մեկիդ կերպարի մասին, ինչո՞վ են ձեզ գրավում ու նրանց շնորհիվ նորովի ի՞նչ իմացաք ձեր մասին:
Սերգեյ. Դեռ պապիկ չէի խաղացել, ես էլ Դագլասի պես մանկություն եմ ունեցել ու հենց իմ պապիկին էի մարմնավորում: Նա ամեն ինչ խաղ էր սարքում, միշտ ժամանակ էր գտնում մեզ հետ լինելու, արդեն 80 տարեկան էր, բայց պահմտոցի էր խաղում հետներս:
«Խատուտիկի գինի» ներկայացումը՝ Համազգային թատրոնում
Տաթեւ. Ինչ լավ պապիկ ես ունեցել:
Սերգեյ. Թաքնվում էր մառանում, հենց ուզում էինք մտնել, վախենալու ձայներ էր հանում, որ չգտնենք: Գարնանն իրեն օգնում էի այգին փորել ու գտնում էինք զայրույթի պահին քեռիների այգի նետած նարդու զառերը կամ էլ քարերը:
- Նարինե, իսկ չե՞ք մտածել ներկայացման մեջ դեր ունենալու մասին:
Նարեկ. Չի կարա խաղա (կատակում է,-հեղ.):
Տաթեւ. Էլ տեղ չկար, Հաս ջան, բոլորը բաժանել էր:
Նարինե. Չէ, նախ ներկայացման մեջ հիմնականում երեխաներ են ու ծերեր: Մի քիչ երիտասարդ են Լեո եւ Լինա Աուֆմանները, եւ Ալլա Սահակյանը շատ համապատասխան էր այդ դերին: Տաթեւը «Եվ նորից գարուն»-ում իրեն այլ կողմից դրսեւորեց, «Փափլիկ»-ում էրոտիկ կողմը ցույց տվեցինք, հիմա էլ ուզեցինք, որ տատիկ լինի, թե չէ կարող էի իր մամային (Արեւ Սանթրոսյան,-հեղ.) բերել, մտքովս նման բան էլ է անցել: Տաթեւն իսկական վարպետ է, ամեն ինչ էլ կարողանում է խաղալ:
Տաթեւ. Բայց ես ներկայացման մեջ հենց մամայիս եմ խաղում (ծիծաղում ենք,-հեղ.):
Նարինե Գրիգորյանը եւ Տաթեւ Ղազարյանը
Նարինե. Հա՞, ես էլ «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացման մեջ տատիկիս եմ խաղում: Սերգեյը լրիվ այդ պապն է, որ մեզ տանում է սար, ամեն ծառի, թփի, չոլի մասին այնպես հիացած է պատմում: Առնոյին տեսնելուն պես հասկացել եմ, որ Թոմն է, նախ ինքը տեղով մեկ արդեն խատուտիկ է, հետո մի քիչ Նարեկի մանկությունն է հիշեցնում: Բայց ամենավախենալուն այն էր, որ փորձ չուներ եւ չէր խոսում հետս (ծիծաղում ենք,-հեղ.): Որ նրան շատ սիրեցինք, մեկ էլ ինքն իրենով ծաղկեց, օրեցօր ոնց է խաղում, փայլուն է:
Տաթեւ. Երբ փորձին դերակատարներից որեւէ մեկը չի գալիս, ինքն է օգնում. բոլորիս տեքստերն անգիր գիտի:
Նարինե. Զգացողությանս շատ եմ հավատում, ու Առնոն արդարացրեց իրեն: Իսկ Նարեկն իմ ամեն ուզածը՝ մարմնի առումով, խոսքի, սպանվելու, ինքնասպան լինելու, լիարժեք իրականացնում է:
- Տաթեւ, իսկ ինչպե՞ս էր մայրիկին խաղալը:
- Մի քիչ հեռվից սկսեմ, մի անգամ Նարինեն ասաց, որ «Խատուտիկի գինի»-ն է բեմադրելու, եւ բոլորիս հանձնարարեց գիրքը կարդալ, դեռ դերաբաշխում չէր էլ արել: Բայց մինչ այդ ոտքի վրա սկսեց պատմել, թե իր գլխում ներկայացումն ինչպես է պատկերացնում, ինքը լացում էր, փոխանցում մեզ: Հենց այդ նույն օրը Նարեկի հետ մտանք գրախանութ ու գիրքն առանք, բայց այն ավելի քիչ տպավորեց, քան Նարինեի պատմելը: Իսկ մայրիկս հենց իմ խաղացած տատիկն է՝ շատ սիրառատ թոռների հետ, համեղ կերակուրներ պատրաստող, բայց երբեմն Ֆեյսբուքում ինչ-որ բան է գտնում ու փորձում, մենք այդ օրերին ասում ենք. «Ես կուշտ եմ»: Քույրս միշտ խնդրում է. «Փորձարկումներ մի արա, քո դասական ճաշատեսակներն ավելի համեղ են»: Մայրիկս ներկայացումը նայել է ու արտասվել, նա էլ իմ կերպարում իր մայրիկին է տեսել:
Նարեկ Բաղդասարյանը եւ Տաթեւ Ղազարյանը
- Եվ, Նարեկ, գլխավոր տղան, որն ամբողջ ներկայացման ընթացքում կա բոլոր տեսարաններում:
Նարեկ. Ինձ առանձին կերպար չեմ դիտարկում՝ բոլորն ասես հենց ես լինեմ: Իրականում խատուտիկի գինին եմ, որի միջոցով էլ հանդիսատեսը նայում է մնացածներին: Երեւի, մի քիչ այդ համերը փոխանցողն եմ:
Տաթեւ. Ինչ խելոք ես խոսում (ծիծաղում ենք,-հեղ.):
Նարինե. Ճիշտ ես ասում:
Նարեկ. Այն գինին եմ, որի միջոցով նայում են ձմեռնաշունչ օրվան ու ձյունը հալվում է: Զարմանում եմ՝ ոնց է կարողացել Բրեդբերին բառերով գրել այդ ամենը, ինքս զգում եմ, բայց չեմ կարողանում ոչ մի կերպ արտահայտել: Կարդալիս սարսռում ես, վախենալու է թվում, թե ոնց է այդ ամենը զգացել: Բավական շատ եմ կարդում, որովհետեւ գրքերը նաեւ ձայնագրում եմ, բայց երբեք նման տեսակ գրականության չէի հանդիպել:
Նարինե Գրիգորյանը
Նարինե. Ամեն անգամ ընթերցելու ընթացքում արտասվում էինք, պոետականության գեղեցկությունից էր: Տեքստային ներկայացումներ չեմ սիրում, չհաշված «Գոմեշը», սա իմ ամենատեքստաշատ գործն է: Բայց որ խոսքը պոետիկ է, թռիչք է տալիս:
- Քանի որ թռիչքը նշեցիք, անդրադառնանք բատուտներին, որոնք ներկայացման կարեւոր մասերից են: Առնոն ու Նարեկն են դրանց մասնագետները:
Նարեկ. Բատուտի վրա ավելի շատ կուզեի աշխատել, բայց բեմի բարձրությունը թույլ չի տալիս: Այն յուրահատուկ զգացողություն է փոխանցում ինձ, այդ թռիչքն օգնում է իսկապես հասկանալ, որ ողջ եմ:
Տաթեւ. «Ես ողջ եմ»-ի տեսարանի ժամանակ բոլորս կուլիսներում փշաքաղվում ենք: Ամեն անգամ նայում եմ Սերգեյին ու տեսնում նրա արցունքակալած աչքերը:
Առնո Սարգսյանը
Առնո. 3-րդ ներկայացման ժամանակ բատուտի վրա չեմ թռվռացել, աթոռս դրած չէր ու բոյս չհասավ, որ բարձրանամ (ծիծաղում ենք,-հեղ.), բայց փորձերի ժամանակ շատ եմ ցատկոտել:
Նարինե. Փորձերի ժամանակ Եվան (դուստրն է, որը ներկայացման մեջ էլ խաղում է,-հեղ.) դասընկերներին էլ էր բերում՝ խաղահրապարակ էր դարձել (ծիծաղում ենք,-հեղ.): Երբ «Ես ողջ եմ»-ի տեսարանում Նարեկին բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի հետ պատկերացրինք օդում, իսկ շուրջը շարժվող մոլորակներն էին, հասկացանք, որ բատուտ է պետք: Նկատել էինք, որ տղաները մանկությունը ավտոտնակների տանքիների վրա են անցկացնում, ու Ռիեդո-Հովհաննիսյանը որոշեց բեմը կանաչ տանիքների քաղաքի վերածել:
Նարեկ. Տանիքը խորհրդանշական է ընտրված, որովհետեւ այնտեղից ամբողջ աշխարհն է երեւում:
Նարեկ Բաղդասարյանը
- Առնո, իսկ ո՞ր տեսարանն ես ամենաշատը սիրում ներկայացման մեջ:
Տաթեւ. Ինձ կուլիսներում ասել ես, կհիշե՞ս: Ասացիր. «Ամենաշատն այս պահն եմ սիրում»:
Առնո. Գնդապետ Ֆրիլիի՞:
Տաթեւ. Խոնարհման գալու (ծիծաղում ենք,-հեղ.):
Առնո. Դա տեսարան չի, բայց ամենաշատն եմ սիրում:
- Իսկ քո առաջին ներկայացումից առաջ ի՞նչ էր հետդ կատարվում, շա՞տ էիր անհանգիստ:
Առնո. Վախեցած էի, ոտքերս դողում էին: Այն տեսարանում, որ վազելու պահին պետք է կտրուկ կանգնեինք ու քարանայինք, զգում էի՝ հիմա կընկնեմ: Այդ օրը մամայի ու պապայի հետ չէի տեսնվել, տատիկիս տանն էի մնացել, առավոտ ուշ արթնացա, որովհետեւ գիշերը ֆուտբոլ էի նայել, հանգիստ հաց կերա ու ժամը 3-ին եկա թատրոն:
Նարինե Գրիգորյանը եւ Տաթեւ Ղազարյանը
Նարեկ. Ճիշտ է, պետք է ներկայացման օրն օտարացած լինել (ծիծաղում ենք,-հեղ.):
Տաթեւ. Փորձերի օրերին էլ պահանջվածից մի 2 ժամ շուտ էր գալիս:
- Այսօր էլ զրույցին ամենապարտաճանաչն էր եկել՝ բոլորից շուտ, ու ինձ հետ մյուսներին սպասեց:
Առնո. Եկա, նստեցի, մինչեւ բոլորը հավաքվեցին, երբ տեսա, թե որքան շատ հանդիսատես կա ու նրանց ձայներն էլ լսեցի, սարսափելի էր (ծիծաղում ենք,-հեղ.):
Սերգեյ. Վերջին տեսարաններից մեկի ժամանակ պետք է արտասվելով հայտնի. «Դագլասը հիվանդ է», եկել է կողքիս կանգնել ու ասում է. «Հիմա պետք է հուզվեմ, բայց լացս չի գալիս» (պատմում է Առնոյի ձայնով,-հեղ.): Քիչ անցավ, նորից եկավ. «Արդեն լացս գալիս է, գնամ» (ծիծաղում ենք,-հեղ.):
- Իսկ ձեր ամենասիրած տեսարանները որո՞նք ենք:
Տաթեւ. Լեո Աուֆմանի ընտանիքի հատվածն է, երբ երջանկության մեքենան փորձարկում են ու հասկանում, թե որն է իրական երջանկությունը: Ամբողջ ներկայացումը նայում ենք ու վայելում: Բայց դե, բոլորիս համար առաջին տեղում «Ես ողջ եմ» հատվածն է:
Սերգեյ Թովմասյանը
Սերգեյ. Գլխարկը գցում եմ դեմքիս ու հուզվում:
Նարեկ. Ես շատ եմ սիրում գնդապետ Ֆրիլիի մահը, միշտ հուզվում եմ:
Նարինե. Ես բոլորն եմ սիրում, անկեղծ, հոգով հանդիսատես եմ: Խորեն Աբրահամյանն ասում էր, եթե 5 րոպեն մեկ ընձուղտ չանցնի, հետաքրքրությունը կորցնում ես: Ինձ համար 5 րոպեն մեկ այդ ընձուղտը կա: Գիտեմ, որ հայ հանդիսատեսի համար դժվար է երկար ներկայացում նայել, առաջին օրը 2 ժամ 50 րոպե է տեւել, հետո 20 րոպեով կրճատեցինք՝ այնքան լիքն է ինֆորմացիայով, շարժումով, խոսքով, դերասանական փայլուն խաղով:
Տաթեւ Ղազարյանը եւ Նարեկ Բաղդասարյանը
- Համազգայինի ամենաբազմամարդ ներկայացումներից է՝ 19 դերասան կա, բոլորին չէինք կարող այսօր հավաքել, բայց կուզեմ նրանց եւս հիշենք:
Առնո. Ես Գնդապետ Ֆրիլիին (Դավիթ Հակոբյան,-հեղ.) կուզեմ հիշել, մեկ էլ տատիկին, բայց նա այստեղ է:
Տաթեւ. Պրեմիերայի օրը շատ ծաղիկներ էր ստացել ու ասաց. «Տատիկիս եմ ուզում նվիրել», պատասխանեցի. «Ապրես, ճիշտ ես անում» ու գնացի իմ գործերով, մեկ էլ բերեց ինձ տվեց: Դու մի ասա, ներկայացման տատիկին էր ուզում նվիրել:
Առնո. Ինձ դեռ գնդապետի պես այդքան մեծ չեմ պատկերացնում, բայց կուզեմ դերասան լինել: Որ սխալ եմ անում, նենց եմ վախենում, որ կհասկանան, մի քանի նման դեպք է եղել, բայց ամենավատն այն էր, որ գոռացի. «Հայրիկ, մայրիկ, տատիկ»:
Նարինե. Ծեծելու եմ, տատը մեռել էր, ինքը կանչում էր. «Տատիկ, Դագլասը ողջ է» (ծիծաղում ենք,-հեղ.):
Սերգեյ. Բոլորի հետ էլ խաղացել եմ ու բացահայտելու բան չկար: Ինձ համար շատ լավն է հենց այս երեխան, երբ եկավ, շատ փակ էր: Մյուսները չասացին, բայց մտածում էինք ամեն դեպքում նրան փոխարինող ունենալ, եթե այդպես էլ չխոսեր: Նարինեն միակն էր, որ կտրականապես դեմ էր, երեւի, նրա մեջ տեսել էր արեւային մի քաղաք: Եվ ինձ համար շատ սիրելի է Միքայելյան Անդրանիկը՝ Դուգլասի ընկեր Ջոն Հաֆը, եւ Ալլան լրիվ ուրիշ ձեւով ներկայացավ, նրան նայելիս շատ եմ հուզվում, հիանալի է խաղում:
«Խատուտիկի գինի» ներկայացումը՝ Համազգային թատրոնում
Նարինե. Կառանձնացնեմ տիկին Բենթլիին (Կարինե Ջանջուղազյան,-հեղ.), որովհետեւ վիպակում էլ նրա հատվածն ամենաազդեցիկներից մեկն է: Ինչո՞ւ ներկայացման մեջ պահեցի հայկական գորգերը, որովհետեւ մի ազգ ենք, որը միշտ հպարտանում է անցյալով ու փոշիացած սնդուկներով: Բայց եթե ներկայում չկաս, չես էլ կարող անցյալդ ապացուցել, այ, հիմա ո՞վ ես, դա շատ կարեւոր է: Թատրոնն էլ այդ խնդիրն ունի՝ 21-րդ դարում մեկ էլ 20-րդ դարասկզբի թատրոն են խաղում: Վերջերս շատ կորուստներ ենք տեսել, Դագլասի պես ստեղծագործում ես, երջանիկ ես, բացահայտում ես, որ ողջ ես, ու հանկարծ իրական կորուստներ են լինում՝ տատիկն ու գնդապետ Ֆրիլին չկան, այդ 16 զինվորներն իսկապես վառվում են, իրական է Արցախի շրջափակումը, դրանք այնքան ցավոտ իրականություններ են:
- «Խատուտիկի գինի»-ն արել եք, որ մեզ ապրեցնի՞ ու օգնի շարունակե՞լ կյանքի պայքարը:
Նարինե. Հա, մեզ համար էլ խթան է, որ այդքան իրական մահերի կողքին պիտի ապրենք: Շրջափակումից հետո դժվար էր ոտքի կանգնել, բայց այդ ապրեցնող բանը պիտի գտնես, քանի որ կողքինդ ուզում է վերանաս: Եվ ինչպես Բուկովսկին էր ասում. «Ես երգելու եմ, ինչ էլ լինի»: Դագլասին Ջոնասը հենց այդ երգելու մասին է հիշեցնում, որ քամի կա, Ալպերի օդը կա, Աստված այդքան բան է ստեղծել, քանի կաս՝ ապրիր:
Տաթեւ. Ես էլ եմ համաձայն, որ բոլոր դերակատարները լավն են: Դավիթ Հակոբյանով ամեն օր ենք բոլորս հիանում, թե ինչպես է գործին նվիրվում, 40 րոպե գետնին պառկած մնում է մինչեւ տեսարանն ավարտվում է, մեծ պրոֆեսիոնալ է, տաղանդի մասին մենք չէ, որ պիտի ասենք: Մեզ համար բացառիկ օրինակ է:
Սերգեյ. Մեջքի ցավով մնում է գետնին:
Առնո Սարգսյանը եւ Սերգեյ Թովմասյանը
Տաթեւ. Կուզմեմ մեր երիտասարդների մասին էլ խոսել, ովքեր երջանիկ ու ուրախ եկան միայն ներկայացման մեջ պարելու՝ Սաքոն (Սարգիս Ռոստոմյան), Հարութը (Հարություն Սարգսյան), Ժաննան Վելիցյան, Միլենա Ղազարյանը, որը նաեւ դեր ունի, նա էլ նոր էր փոքրիկ ունեցել: Ապրեն բոլորը:
Նարեկ. Շատ եմ սիրում Անդրանիկին, նախ որովհետեւ ներկայացման մեջ ընկերս է, բացի այդ էլ նա շատ պարզ մարդ է, ու մեր կապը միանգամից է ստացվում: Կուզեի նաեւ երիտասարդներին առանձնացնել, մեծ ձգտում ունեն ու դա շատ կարեւոր է:
- Ի՞նչ արձագանքներ ու կարծիքներ են եղել, որոնք գուցե մտածելու առիթ են տվել:
Առնո. Կուզեմ երկար խաղանք այս ներկայացումը: Մեր ծանոթներից չէին հասկացել իմաստը, գիտեին, թե Դագը մահացած է ու իր կյանքն է հիշում: Բայց ես իրենց բացատրեցի, թե իրականում ինչպես է:
Նարինե. Ինչ հավես բան են մտածել:
Նարեկ. Կոնցեպտուալ տեսանկյունից բավական հետաքրքիր է:
Տաթեւ. Գիտեմ, որ ներկայացումը երկար կյանք է ունենալու ու բոլոր տարիքի մարդիկ են այն սիրելու՝ երեխաներից մինչեւ տարեցները: Դեռ 3 ներկայացում ենք խաղացել, բայց բավական լավ կարծիքներ ենք ստացել արվեստագետներից ու հանդիսատեսից:
«Խատուտիկի գինի» ներկայացումը՝ Համազգային թատրոնում
Նարինե. Ասում են՝ Համազգայինի հերթական ֆուրորն է, ինչից ուրախացել եմ, որովհետեւ առաջին օրերին շատ դժբախտ էի. որոշ բաներ չէին ստացվել: Աստիճանաբար ամեն ինչ տեղն է ընկնում, շատ մեծ կտավ եմ վերցրել՝ Համազգայինի 3 սերունդ է խաղում, ինչքան ծխի սարք, բարձրախոս, լույս ունենք, օգտագործել ենք, ինչ լուծումներ ասեք, գտել, ուտելիքից անդադար ծուխ է դուրս գալիս, գինին՝ լույս արձակում, ֆանտաստիկ ռեալիզմ ենք վերնագրել: Գուցե, այս տարիքում այդքան դեպքերից հետո փիլիսոփա եմ դարձել, բայց ինձ թվում է, որ պիտի շատ ավելի լայն մտածենք: Մարդը պիտի նստի ու խորհի կյանքի մասին եւ վերաիմաստավորի այն:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/ եւ Համազգային թատրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: