×


«Լոնդոն բլյուզ» ներկայացումը

«Գոյը»՝ ներսից. շնչող բեմը, Սունդուկյանի հետ ընդհանուր պատն ու հոգիներին դիպչելու շնորհը

Այսօր բազմաթիվ արվեստագետներ եւ թատերասերներ իրենց զորակցությունն են հայտնում «Գոյ» թատրոնին, որը ԿԳՄՍ նախարարության նախագծով լուծարման եզրին է: «Գոյը» Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորելու այս լուրերից առաջ ենք եղել այնտեղ ու անդրադարձել BRAVO.am-ի «Ներսից» շարքի համար:

«Գոյը» Սունդուկյանի հարեւանությամբ է գտնվում իր հիմնադրման օրվանից՝ 1988 թվականից: Թատրոն մտնելու համար նախ պետք է ոլորապտույտ աստիճաններով բարձրանալ, իսկ որ ճիշտ տեղում եք, կհասկանաք «Գոյ»-ի առաջին ներկայացումների պաստառներից: Մեզ հենց այդ հատվածում դիմավորեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:


Խորեն Աբրահամյանի հրավերով են 4 ռեժիսորներ եւ նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը Կամերայինից եկել եւ հիմնել նոր թատրոն՝ սկսելով ստեղծագործել իրենց հոգեհարազատ ու տարբերվող ոճում: Ամեն ինչ սկսվել է Արսեն Աբրահամյանի «Խեղկատակների դպրոց»-ից, ապա Արմեն Մազմանյանն արել է «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս» ներկայացումը, Իոնեսկոյի «Ռնգեղջյուր»-ն ու Բեքեթի «Գոդոյին սպասելիս»-ը Սահակյանն է բեմադրել, իսկ Սամսոն Ստեփանյանը Վիլյամ Սարոյանի «Օպերա-օպերա» մի քանի էջանոց գործը վերածել է 1,5 ժամանոց գեղեցիկ ներկայացման:


Փոքր տարածքը

Սկզբում Սունդուկյանի թատրոնով են անձնակազմն ու հանդիսատեսը հասնելիս եղել «Գոյ», ինչը բավական անհարմար էր:

«Սունդուկյանի հետ ընդհանուր պատ ունենք, նախկինում մյուս կողմից իրենց փորձասենյակն էր, իսկ հիմա՝ զգեստապահարանը: Սա վարձակալած տարածք է, մեզնից բացի ստուդիաներ էլ կան, եւ երբ երեխաները պարի փորձերի են գալիս, իսկական գժանոց է լինում»:

Սահակյանի հետ մտնում ենք թատրոնի տարածք, որը բավական փոքր է ու ամեն մետրը  խնայողաբար է օգտագործվում՝ ոչ մի ազատ անկյուն կամ հատված չկա, դեկորներ են պահում, հագուստներ կամ էլ այլ անհրաժեշտ իրեր: Անգամ հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերի ներքեւում են դեկորներ տեղադրել: Սահակյանն ասում է, որ ուրիշ տարբերակ չունեն ու տարածքն ունիվերսալ են օգտագործում: Մինչ մենք շրջում էինք թատրոնում, բեմում «Անասնաֆերմա»-ի դեկորներն էին տեղադրում:

«Ամեն ինչն այս փոքրիկ տարածքում է, որտեղ մի կերպ ենք տեղավորում՝ հանդերձանքը պահելու սենյակ ունենք, հարդասենյակներ ու ռեկվիզիտի համար տարածք: Մեզ  միացնում ու բաժանում է Սունդուկյանի պատը: Ինքներդ նայեք՝ պայմանների տարբերությունը միանգամից երեւում է»:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը


Նոր թատրոնը

80-ականների վերջերին թատերական կյանքն ավելի ծավալուն ու մեծ էր, կարեւոր ներկայացումների տոմսեր ճարելը՝ չափազանց դժվար: Հասարակական քննարկումներ էին լինում, որոնցում մարդիկ իրենց կարծիքն էին հայտնում ու լսում հեղինակավոր արվեստագետներին: 1988 թվականին «Գոյ» թատրոնի բացվելն էլ մեծ իրադարձություն էր թատերական կյանքում, լուրն արագ տարածվեց ամբողջ քաղաքում:

«Ժամանակի ընթացքում նպատակ դրվեց փոխել մարդկանց՝ ինչքան բութ, այնքան լավ: Ի՞նչ մտածել, ի՞նչ կարդալ, ի՞նչ մասնակցել քաղաքի կյանքին, սերիալները բերեցին դրան, ինձ սպանում է, որ մորուքը, դաջվածքն ու պատռած ջինսն են հիմա նշաձող դարձել, ամեն ինչ մանրացել է: Իսկ այն ժամանակ թատրոն բացելն իսկապես շատ դժվար էր, մենք երկար ժամանակ թատերական ֆոնդին էինք պատկանում: Շատ լավ կազմ էր հավաքվել ու բոլորը ձգտում էին աշխատել: Մեր ընտրած գրականությունը բոլորի համար թանկ էր: Այն ժամանակ հայտնի ու ճանաչում ունեցող շատ դերասաններ ուզում էին գոնե համատեղությամբ աշխատել մեզ մոտ: Հիմա պետական կարգավիճակ ունենք եւ ընդամենը 30 հաստիք, բոլորը համալրված են ու չենք կարող մրցույթ հայտարարել եւ նոր դերասան ընդունել: Անիմաստ է խոսել պետական մարմինների հետ՝ չքանդեն, չեն էլ ավելացնի: Ենթավարձակալ ենք Սունդուկյանում, չեմ կարծում՝ որեւէ մեկի մտքով կանցնի մեզ համար նոր շենք կառուցել»:


4 հաստիք կրճատվել է մի քանի տարի առաջ, երբ մշակույթի նախարարն Արմեն Ամիրյանն էր: Դրա համար անհրաժեշտության դեպքում դրսից են հրավիրում դերասաններ, այդպես «Գոյ»-ում խաղացել են Ռաֆայել Գրիգորյանը, Լեւոն Հարությունյանը, Արա Սարգսյանն ու ուրիշներ:

Թատրոն-լաբորատորիան ու հին հանդիսատեսը

«Գոյն» իսկզբանե ներկայացել է որպես լաբորատորիա, որպեսզի կարողանա իր մեջ ներառել թատերական նորագույն ձեւերն ու ռեժիսորներին հետաքրքրող գրականությունը:

«Մի պարտադիր պայման կար, որ բեմադրենք լավ գրականություն՝ Խորհրդային տարիներին մի երկար ժամանակաշրջան եղավ, որ տեղյակ չէինք արգելված գրքերից: Ինքնահրատարակված տարբերակներն էինք ձեռք բերում ու կարդում: Շատ դժվար էինք գտնում արտասահմանյան գրականություն, մակուլատուրայի կետերում էինք եղածը փորփրում ու որեւէ արժեքավոր բան գտնում: Բարեբախտաբար, ԵՊՀ հրատարակչությունը 2 հատորով գիրք լույս ընծայեց, որում մեր ուզած գրականությունը կար: Այն իր մեջ ներառում էր 20-րդ դարի արտասահմանյան ժամանակակից դրամատուրգիան: Հազար ու հետաքրքիր բան կար, որից հայ հասարակությունը տեղյակ չէր»:


Սահակյանը ցավով է նշում, որ հանդիսատեսի մակարդակն ու հետաքրքրությունները շատ են փոխվել: Ու մի այսպիսի օրինակ է բերում՝ նախկինում հանդիսատեսը երբեք չէր փորձում Սունդուկյանի թատրոն ծառայողական մուտքից մտնել, եթե, իհարկե,  դերասաններին չէր սպասում, որպեսզի նրանց ծափահարի: Բոլորն էլ գիտեին, որ իրենց համար նախատեսված մուտքն այգու կողմից է:  

«Մինչդեռ հիմա նախ գնում են ծառայողական մուտքի մոտ, ապա գալիս «Գոյ» եւ անգամ գրածը չեն կարդում, նոր գտնում իսկականը: Այն ժամանակվա պահանջարկն ուրիշ էր»:

«Գոյ» էլ մարդիկ գնում էին տարբերվող ու նոր գրականությանը ծանոթանալու պահանջով: Սահակյանը կարծում է, որ հանդիսատեսը պետք է կարողանա Շիրվանզադեից բացի, այլ գործեր էլ մարսել ու հասկանալ, որ աշխարհում տարբեր գրական ուղղություններ ու փիլիսոփայություն գոյություն ունեն:  

Ստիպված դադարները

Սովորաբար միաժամանակ մի քանի ներկայացման վրա աշխատել չի ստացվում՝ նորից տեղի սղության պատճառով: Ընթերցանության համար առանձին սենյակ ունեն, իսկ բեմի վրա աշխատանքները զուգահեռ անել չեն կարող: Դրա համար մյուս ներկայացումները մոտ 2 ամիս սպասում են, որպեսզի ռեժիսորներից մեկն ավարտին հասցնի իր բեմադրությունը:


«Պայմաններն իրենք են թելադրում՝ ինչ անել, հիմա ուզում ենք հենց ընթերցանությունից անցնենք բեմ, մյուս ներկայացման սեղանի շուրջ աշխատանքները սկսենք, որպեսզի շատ դադարներ չլինեն, բայց դա էլ գումարի հետ է կապված: Ամեն ներկայացում իր պահանջներն ունի ու բեմը լրիվ փոխվում է»:

Սահակյանը նշում է, որ ժամանակին «Գոյը» լուսային ու ձայնային տեսակետից ամենահագեցած թատրոններից է եղել, բայց դրանից հետո ոչինչ չի փոխվել եւ նոր տեխնիկա ձեռք չի բերվել:

«Պայմաններից ելնելով՝ մեզնից մոգոնում ենք ինչ կարող ենք: Ուրիշ ձեւ չես էլ կարող մտածել, եղածի շրջանակում ես աշխատում ու ստիպված հետաքրքիր լուծումներ գտնում: Երեւակայությունը լավ բան է, բայց այն սահմանափակվում է այս տարածքով»:

Ձեռքբերումները

Սահակյանը վստահորեն ասում է, որ գոհ է 35 տարիների ընթացքում իրենց ծավալած գործունեությունից՝ բնավ չեն ամաչում որեւէ ներկայացման համար: Դրանցով փորձել են օգնել մարդկանց զարգանալ, համարձակ մտքեր են փոխանցել ու ծանոթացրել աշխարհում առկա գրական ուղղություններին:


«Բազմաթիվ թատրոններում եմ աշխատել՝ Սունդուկյանում, Պարոնյանում, Գյումրիում, Օպերայում, Ստանիսլավսկիում, «Փոս»-ում, որտեղ բեմն իսկապես փոքրիկ էր, բայց այնտեղ տեսել եմ այնպիսի ներկայացումներ, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա: Եթե ասելու բան կա, պարզապես աթոռ կարող ես դնել, բայց կհուզես ողջ դահլիճին: Կարեւորն այն է, թե ոնց ես աշխատեցնում հոգիդ ու այն համագործակցության մեջ դնում դիմացինի հոգու հետ»:

Պատմում է «6 պերսոնաժ» ներկայացման մասին, որի ավարտին ամեն ինչ փլվում է, բեմը քանդվում, վերեւից ավազ է թափվում եւ լամպը՝ պայթում: Այդ ներկայացումը հյուրախաղերի ժամանակ ցուցադրել են Բոսնիա եւ Հերցեգովինայի Զենիցա քաղաքում, ու երբ ներկայացման ավարտին եկել են խոնարհման, դահլիճում մարդ չի եղել, այդ տեսարանից հետո բոլորը փախել են՝ կարծելով երկրաշարժ է: Իսկ Հայաստանում մարդիկ ավելի համարձակ են եղել ու մինչեւ վերջ նայել են:

Յուրահատուկ վայրը

Սահակյանի համար «Գոյ»-ում ամենասիրելի վայրը բեմն է ու դահլիճը, որտեղ էլ երեւում է աշխատանքի արդյունքը: Նրա կարծիքով՝ բեմը յուրահատուկ հատկություն ունի եւ ինչպես բոլոր կենդանի արարածները՝ շնչում է:

«Այն բանական է, կարող է քեզ բարձրացնել, կայացնել կամ տապալել, եթե իրեն չսիրես: Նա պատրաստակամ է, բայց շատ բաներ կան, որ իրեն արժանի չեն, ու նպաստում է, որ դրանք չկայանան: Արվեստի չափանիշներով եմ խոսում, ոչ թե այն մասին, որ դահլիճներ են լցվում, դրանք տարբեր բաներ են: Եթե բեմը ձեր սերը չի զգում, չի էլ օգնում, որ հաջողության հասնեք: Գործիդ մեջ առավելագույնս լիարժեք պիտի լինես, նախ տիրապետես գործիդ եւ ինքդ քեզ չխաբես, որ մեկ ներկայացում էլ արեցի»:


Հիմնականում իր բեմադրած ներկայացումները հավանում է («Ռնգեղջյուր», «Գոդոյին սպասելիս»), բայց կան նաեւ այնպիսիք, որոնց ավելի սովորական է վերաբերվում՝ ամեն ինչ կախված է բեմադրության ասելիքից: Ուրախանում է, որ 2022-ին «Լոնդոն բլյուզ»-ն է արել, բայց Բեքեթի գործերն ավելի շատ է սիրում:

Ներքին մթնոլորտը

«Գոյ»-ում աշխատում են Սահակյանի սերնդի 5 ներկայացուցիչներ ու Արմեն Մազմանյանի ուսանողները, որոնք շատ նվիրված են իրենց գործին: Ռեժիսորի խոսքով՝ իրար հետ լավ չլինելու որեւէ պատճառ չունեն, չեն փորփրում ու ներքին մթնոլորտը խարխլում, իսկ ով համարձակվի նման բանել անել, շարունակություն չի ունենա:

«Սա թատրոն է առանց ինտրիգի: Կուլիսներն ուղղակի կուլ են տալիս մարդկանց, դա իմանալով՝ աշխատում ենք մեզ մոտ չներթափանցի: Այդ ամենից փախել ենք, ինքս տարբեր թատրոններում աշխատել եմ ու տեսել այդ երեւույթի հետեւանքները, բայց այդ ամենից հեռու եմ մնացել ու բազմաթիվ ընկերներ ձեռք բերել: Թատրոնում միշտ էլ նախանձ ու իրար վրա սարքել կա, չգիտեմ էլ դրդապատճառները, որովհետեւ այդ ամենն ինձ հետաքրքիր չէ»:


Ապա հիշում է Դոստոեւսկու գործերից մեկը՝ «Ծիծաղելի մարդու երազը», որում գլխավոր հերոսն իր կյանքի ամենավատ, զզվելի ու ցուրտ օրն է ունենում, բոլորն իր վրա ծիծաղում են, եւ երեկոյան որոշում է ինքնասպան լինել: Նման բան երազում է անում ու մահից հետո ընկնում դրախտի պես մի վայր, որտեղ կատարյալ մարդիկ են, բոլորն իրար սիրում են ու իրեն էլ լավ ընդունում: Բայց այդ մարդիկ նրանից վարակվում են, ու որոշ ժամանակ անց այդ աշխարհն էլ հայտնվում է ցեխի մեջ, եղանակը փոխվում է ու ամեն ինչ փչանում: Սահակյանը բացատրում է, որ վարակն ամեն տեղ էլ կարող է թափանցել, բայց դա առաջին հերթին մեզնից է կախված՝ կկարողանա՞նք կանխարգելել, թե՞ ոչ:

Ռեժիսորները

«Գոյ»-ում 3 ռեժիսոր կա՝ Սամսոն Ստեփանյանը, Արթուր Սահակյանն ու երիտասարդ սերնդից Սարգիս Արզումանյանը («Անասնաֆերմա», «Օտարը»):

Թատրոնում Արմեն Մազմանյանի ձեռագիրն էլ մեծապես զգացվում է իր ուսանողների շնորհիվ, Սահակյանն ասում է, որ նրանցից ունիվերսալ մասնագետներ է պատրաստել:

«Նա բոլորին փոխանցել է թատրոնի նկատմամբ հիվանդությունը, սերը, մասնագիտությանը ծառայելու գաղափարն ու ասել. «Այս գործում երբեք կուշտ չես լինի, տես՝ ինչ ես անում: Բայց այս մասնագիտությունը լավագույններից մեկն է աշխարհում»: Նրա ուսանողներն ամեն ինչ արագ են ընկալում ու կարողանում աշխատել տարբեր ռեժիսորների հետ»:  

Ամեն ներկայացումից առաջ փորձում են հասկանալ, թե ինչ մթնոլորտում են աշխատելու եւ հոգեբանական ինչ տարրեր ու դադարներ օգտագործելու: Կան օրեր, որ պարտադիր նայում են հանդիսատեսի աչքերին, կամ հակառակը՝ նստածներին փորձում չնկատել:

«Դա ձեզ վրա էլ է ազդում, ամեն անգամ բեմ դուրս գալիս մարդկանց հոգու հետ ենք աշխատում: Ցանկացած ներկայացումից հետո քրտնում ես ու էներգիա տալիս: Բեմը կենդանի է ու քեզ հետ շնչում է, կինոյում լավագույն դուբլն ընտրում ես, ու վերջ, այստեղ ամեն երեկո պետք է անհրաժեշտ ապրումներն ունենաս: Կարեւոր չէ, թե դերասանը ոնց է հասել թատրոն, խցանման մեջ է ընկել, քաղցած է կամ այլ խնդիր ունի, բեմում այդ ամենը մի կողմ է դնում»:

Պատմում է իրենց դերասանուհիներից մեկի մասին, որը հարազատին կորցնելուց հետո բեմ է բարձրացել ու խաղացել՝ ցույց տալով, որ դրանում է իսկական պրոֆեսիոնալիզմը: Թատրոնը նաեւ օգնում է սեփական ցավը վերապրել եւ վիշտը վանել, ծառայել մարդկանց ու քո իմացածով կիսվել նրանց հետ: Դրանում է Սահակյանի կարծիքով թատրոնի ամենամեծ յուրահատկությունը՝ թատրոնում ծառայում են, ոչ թե աշխատում:

Հանդիսատեսի պահանջը

«Գոյ» թատրոնում չեն փորձում բավարարել հանդիսատեսի պահանջները, իրենք են դրանք ձեւավորում: Սահակյանը համարում է, որ զիջելու դեպքում սերիալում կհայտնվեն: Իրենց թատրոնը տան պես հոգեհարազատ ու ջերմ են դարձրել, որ մարդիկ իրենց լավ զգան այնտեղ: Ժամանակի ընթացքում անգամ դեմքով են սովորել տարբերել սեփական հանդիսատեսին:


«Մեզ համար արդեն խաղ է դարձել, որ մուտքի մոտ կանգնում ենք ու գուշակում, թե հանդիսատեսից ովքեր են մեզ մոտ գալիս: Եվ 90 տոկոսի դեպքում չենք սխալվում: Մանավանդ սթենդ-ափերի վարձակալության օրերին հստակ գիտենք, որ դրանք նայելու համար են եկել, պետք էլ չի, որ գան մեր ներկայացումներին: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր դահլիճն էլ սկսել է լցվել: Բեքեթը Փարիզում էլ դահլիճ չի ապահովում, Իոնեսկոն ինքն էլ ասում էր, որ հաճախ խաղում էին մեկ հանդիսատեսի համար, մի անգամ նույնիսկ մարդ չի եղել դահլիճում: Իոնեսկոյի գործն իր իսկ բեմադրությամբ միայն կինը պետք է գար նայելու, նա էլ ատամի ցավի պատճառով բացակայել է: Ֆելինին երբեք դահլիճ չի լցնում, զուգահեռ չեմ տանում, բայց նման խնդիր ամեն տեղ է լինում»:

Սահակյանը շնորհակալ է բոլոր մարդկանց, որոնք իրենց ներկայացումների կարիքն ունեն:

«Յալանչիություն չենք ուզում անել, փորձում ենք գոնե մասնագիտության մեջ լինել հնարավորինս ազնիվ ու պահանջկոտ ինքներս մեր նկատմամբ: Մեր կյանքի լավագույն տարիներն այստեղ ենք անցկացնում, գարնան սկզբին թատրոն ենք մտնում ու դուրս գալիս ամռանը՝ ծաղկունքն ու մյուս գեղեցկությունները չենք էլ նկատում: Այստեղ ամեն անկյունում մեր հազարավոր մասնիկներն են»:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW