×


Մոնիկա Բելուչիի նոր դերը «Մաֆիոզ մայրիկներ»-ում ու տարիքի առավելությունը

Մինչ բոլորը քննարկում են Մոնիկա Բելուչիի ու ռեժիսոր Թիմ Բարթոնի սիրավեպը, դերասանուհին պատրաստվում է նոր ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունենալու ապրիլի 14-ին: Այն կոչվում է «Մաֆիոզ մայրիկները» (Mafia Mamma), գլխավոր դերերում են Բելուչին եւ Թոնի Քոլլեթը: Ռեժիսորը «Մթնշաղ» սերիալը նկարահանած Քեթրին Հարդվիկն է:



Կատակերգությունը պատում է անվստահ ամերիկուհի Քրիստինի (Քոլլեթ) մասին, որը պապիկի մահից հետո նրա մաֆիայի կայսրության ժառանգորդն է դառնում: Նա ԱՄՆ-ում է թողնում իր բազմաթիվ խնդիրներն ու հուղարկավորությանը մասնակցելու համար մեկնում Իտալիա, որտեղ էլ ծանոթանում է հանգուցյալի անօրինական գործերով զբաղվող Բյանկայի (Բելուչի) հետ: Քրիստինն ընկղմվում է իրեն անծանոթ աշխարհի մեջ ու փորձում խնդիրները յուրովի լուծել:

«Տարիքի հետ ֆիզիկապես փոխվում ես, ինչը հնարավորություն է տալիս նոր դերեր փորձել: Հասուն կին դառնալը որոշակի առումով զվարճալի է, քանի որ քեզ լրիվ այլ կերպ ես փորձում: Սիրում եմ զարմանալ, նման բան տեղի ունեցավ, երբ ինձ դեր առաջարկեցին «Մաֆիոզ մայրիկները» ֆիլմում, հետաքրքիր էր նման կերպար մարմնավորել»,- խոստովանել է Բելուչին:


Ֆիլմի ռեժիսորն էլ պատմել է, որ կանայք մեր օրերում վերցնում են սեփական կյանքի պատասխանատվությունն ու անում ամեն ինչ, որ հասնեն նպատակին:

«Նրանք կարողանում են պաշտպանել իրենց, պայքարել տղամարդկանց ու համակարգի դեմ, որոնք մշտապես նրանց որեւէ բան են պարտադրում: Հույս ունեմ, որ կշարունակենք ներկայացնել ուժեղ կանանց պատմությունները: Ուրախ եմ որպես ռեժիսոր նման ֆիլմի ստեղծման մասնակիցը դառնալ»,- ասել է Հարդվիկը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին