×


Տաթեւիկ Մելքոնյան. «Հրաժարվել եմ ինձ ու իմ համբերությունը չարաշահող մարդկանցից»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Մելքոնյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Թուլություն ունեմ կատուների հանդեպ, բայց չեմ կարող պահել՝ ալերգիա ունեմ: Գիտեմ, թե մահանալուց առաջ ինչ են զգում. ինձ խեղդվելուց փրկել են: Շատ եմ սիրում դեղձ, բայց ինքնուրույն չեմ կարող ուտել. փշաքաղվում եմ կճեպից:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Ուիլյամ Բուգրոյի «Դանթեն եւ Վերգիլիոսը դժոխքում» կտավը, Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը, Լյուդվիգ վան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան:

- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

- Որովհետեւ ես ճիշտ տեղում եմ ու ճիշտ ընտրություն եմ կատարել: Թատրոնը կտրված է իրականությունից: Թատրոնը համարձակների տեղ է:

- Ձեր մասնակցությամբ 3 ամենասիրելի ներկայացումները:

- Ցվետաեւայի «Երկնագույն երկրագունդը», որում Ցվետաեւայի դերում եմ, Հակոբջանյանի «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» եւ Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիան»:

Դրվագը՝ «Գարդենիա» ներկայացումից


- Տիկնիկային թատրոնում խաղալու 3 առանձնահատկությունները:

- Դերասանը կյանք է տալիս անշունչ առարկային եւ համոզում է հանդիսատեսին, որ նա կենդանի է՝ զգում է, խոսում: Հանդիսատեսը յուրահատուկ է. երեխաները ներկայացման ընթացքում մեկնաբանում են, քննարկում, նույնիսկ կարող են հարց տալ: Տիկնիկային թատրոնի դերասանը միշտ երկրորդ պլանում է, առաջինում տիկնիկն է:

- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Հիմնականում ամենադժվար կողմերն էլ դառնում են ամենահաճելին, երբ այդ դժվարությունները հաղթահարում ես:

- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Պաոլո Սորրենտինո, Ֆեդերիկո Ֆելինի, Ֆիլիպ Ժանտի:

- 3 վայր, որտեղ հանդես գալն ամենահուզիչն է եղել Ձեզ համար:

- Մոսկվայում Չեխովյան փառատոնին «Ես այստեղ եմ» ներկայացումով ելույթ ունենալը, Տաշքենդում՝ ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի 4-րդ միջազգային երիտասարդական փառատոնին «Գարդենիա»-ով, Սանկտ Պետերբուրգի «Ծիածան» 13-րդ միջազգային փառատոնին էլ՝ «Անպարկեշտ Թոմի մեկնաբանություններ»-ով:

Տաթեւիկ Մելքոնյանը


- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:

- Ռոբերտ Ուիլսոնի, Ֆիլիպ Ժանտիի, Գաբրիելա Կարիզոյի եւ Ֆրանկ Շարտիեի թատրոնները:

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Նրբություններ գտնելը:

- Ինչո՞վ են իրարից տարբերվում դերասանուհի ու ռեժիսոր Տաթեւիկ Մելքոնյանները:

- Դերասանուհի Տաթեւիկ Մելքոնյանին այլեւս քիչ բան է զարմացնում, իսկ ռեժիսոր Տաթեւիկ Մելքոնյանը որոնումների մեջ է:

- Մայրիկ լինելու ամենահաճելի կողմերը:

- Անվերապահորեն փոխադարձ սերը:

- Իսկ մի քիչ հոգնեցնողները:

-Դասերն անելը:

- Ձեր տղայի հետ ամենասիրելի զբաղմունքը:

- Զրուցելը:

Տաթեւիկ Մելքոնյանը


- Ի՞նչ եք սովորել Ձեր որդուց:

- Ամեն օր եմ սովորում: Վերջինը հեռախոսի հետ կապված լայֆհաք էր:

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Մեքենա վարել սովորել:

- Ձեր ծննդավայր Վանաձորում 3 ամենաասիրելի վայրերը:

- Դիմաց թաղամասը, որտեղ մենք ապրում էինք. մանկությունս այդտեղ է անցել: Լճերը, որտեղ հաճախ ենք քայլել, եւ հանրախանութը, որտեղից ծնողներս լավ գնումներ են արել ինձ համար:  

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Ոչինչ չէի ավելացնի կամ պակասեցնի:

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Լյուդվիգ Հարությունյանն ու Գյումրիի թատրոնի ողջ անձնակազմը:

Տաթեւիկ Մելքոնյանը


- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Դու իրականում ուրիշ ես:

- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ինձ ու իմ համբերությունը չարաշահող մարդկանցից:

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:

- Հետաքրքիր առաջարկներ եմ ստացել, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել:

- Կարճ սանրվածք ունենալու ամենահաճելի կողմերը:

- Մեքենայի պատուհանը բացելիս չեմ նյարդայնանում (ծիծաղում է,-հեղ.):

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Կառանձնացնեմ «Թատրոն տանիքում»-ում իմ ներկայացման՝ «Օրերի փրփուր»-ի ավարտին արված լուսանկարը, որում իմ սիրելի դերասաններն են:

Դրվագը՝ «Օրերի փրփուրը» ներկայացումից


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Ոչինչ:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Յուրաքանչյուր պահի համար:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Մոտոցիկլետ վարել:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 20 տարեկանում:

- Երբեմն հետեւել խորհուրդներին:

- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Կյանքը հիասքանչ է:

Տաթեւիկ Մելքոնյանը


- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Հիմնականում բեմադրությունների հետ են կապված՝ «Օրերի փրփուրն» արդեն հանձնել ենք, աշխատում եմ Գյումրիի թատրոնում Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակի» վրա:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարներն՝ անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW