Հայաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սոցիալական ցանցերի իր էջերում դիմել է միջազգային հանրությանն ու խնդրել օգնել Արցախի բնակչությանը։
«Ձեզնից շատերը գիտեն՝ ես հայ եմ: Վերջին 3 տարիների ընթացքում իմ ազգը մղձավանջային օրեր է ապրում, քանի որ 3 տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախում, որի բնակչությունը կազմում են 120 հազար հայեր։ Միջազգայնորեն այդ երկիրը հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղ, բայց ես այն Արցախ եմ կոչելու, ինչպես մենք ենք այն անվանում։
3 տարի առաջ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի տարածքի մեծ մասը, տանջել է, սպանել ու գլխատել բազմաթիվ հայերի։ Նրանք ավիրել են հին հայկական եկեղեցիներն ու հուշարձանները։
3 տարի է՝ իմ ազգն ապրում է դավաճանված լինելու զգացողությամբ՝ իր կառավարության կողմից, այսպես կոչված դաշնակիցների եւ միջազգային հանրության։ Միակ բանը, որ արել է միջազգային հանրությունը՝ մեդիա հարթակներում անհանգստություն արտահայտելն է, ինչը հավասարազոր է ոչինչ չանելուն։
Երկու օր առաջ Ադրբեջանը նոր ահաբեկչական հարձակում է սկսել Արցախի մնացած տարածքի վրա՝ ռմբակոծելով քաղաքներ եւ գյուղեր, սպանելով շատ մարդկանց, վիրավորելով հարյուրավորների:
Առավոտյան Արցախի կառավարությունը ստիպված էր կապիտուլյացիայի համաձայնել... Այս ամենի մասին խոսելիս շատ մեծ ցավ եմ ապրում, դեռ չեմ կարողանում հավատալ, որ այն տեղի է ունենում, չեմ կարողանում գիտակցել, որ թույլ ենք տվել հասնել այս կետին։ Կուզեի արթնանալ ու հասկանալ, որ այս ամենը պարզապես մղձավանջ էր, բայց սա է իրականությունը։
Ամենասարսափելին այն է, որ 120 հազար հայ թողնված է Ադրբեջանի կառավարությանը, որովհետեւ Ադրբեջանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ակնհայտ ատելություն է տածում հայերի նկատմամբ։
Արցախը Հայաստանի պատմական տարածքն է՝ բազմաթիվ պատմական տաճարներով, որոնք եւս ավիրվելու են։ Ասեմ, որ Արցախի որոշ եկեղեցիներ շատ ավելի հին են, քան Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, ահա այդքան հին ու արժեքավոր են դրանք մարդկության պատմության համար։ Այդ ամենը կորցնելը ողբերգություն է լինելու ոչ միայն հայության, այլ՝ ամբողջ մարդկության համար։
Միջազգային հանրությանը խնդրում եմ իսկական օգնություն ցուցաբերել եւ գործողությունների դիմել։
Այս տեսանյութը դիտող ամեն մեկին խնդրում եմ բարձրաձայնել խնդրի մասին. զանգահարեք ձեր կառավարության ներկայացուցչություններին, ստիպեք նրանց գործել։ Կիսվեք Արցախի ապագայի վերաբերյալ ձեր մտահոգություններով: Մի լռեք, լռությունը ամենամեծ հանցանքն է, որ հիմա կարող ենք մեզ թույլ տալ։
Աջակցեք 120 հազար կանանց, երեխաների, տղամարդկանց, ծերերի, որոնք հուսահատորեն ձեր օգնության կարիքն ունեն»,- իր տեսաուղերձում ասել է Հախնազարյանը:
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: