BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք երաժիշտ Վիգեն Հովսեփյանի հետ:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- 16 տարեկանից աշխատել եմ շինարարության ոլորտում եւ մասնագիտացել էլեկտրականության, ջրամատակարարման, օդափոխության, ջեռուցման մոնտաժի եւ սպասարկման աշխատանքներում: Փոքր տարիքից նկարել եմ, ու հարազատներս մտածում էին, որ ապագաս պետք է կապված լինի նկարչության հետ: Փոքրուց երաժշտությունից բացի, ամեն ինչ փորձել եմ՝ ֆուտբոլ, նկարչություն, կարատե, լող, պար:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- «Սագրադա Ֆամիլիա»-ն ինձ համար արվեստի գործ է: Երբ Բարսելոնայում էի բնակվում, ամեն օրս սկսվում էր «Սագրադա»-ով, երբեք չէի հոգնում այս տաճարին նայելուց ու ամեն անգամ մի նոր դետալ էի գտնում: Դալիի աշխատանքները՝ չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը. երբ մտնում ես նրա տուն-թանգարան ու նայում ահռելի պատկերավոր առաստաղներին, խորհրդավոր նկարներին, դուրս գալուց հետո մեջդ, վստահաբար, մի բան արդեն փոխված է լինում: Եվ կնշեմ Կոմիտասի «Պատարագը»:
Վիգեն Հովսեփյանը
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:
- Չկա նման բան. մարդիկ իրենց տարօրինակությունները չեն նկատում, դա պետք է հարազատներիս եւ ընկերներիս հարցնել:
- Երաժշտություն ստեղծելու ամենասիրելի կողմերը:
- Ամեն կողմն է սիրելի:
- Իսկ ամենադժվարնե՞րը:
- Դժվար է, երբ մուսա չկա:
- Ձեր կատարմամբ 3 ամենասիրելի երգերը:
- «Կանչում եմ՝ արի, արի», «Զուլո», «Դրդո»:
- 3 պատճառ, թե ինչու է հայկական երաժշտությունն այդքան հոգեհարազատ Ձեզ:
- Երեք պատճառի կարիք չկա. հայկական երաժշտությունը տիեզերքում ամենագեղեցիկն է եւ այն չսիրել անհնար է:
- Մի քանի բնութագիր, որ հատուկ է գրեթե բոլոր երգիչներին:
- Զգացմունքային են, կյանքով լի, այլ իրականությունում են ապրում: Այս որակները նաեւ երաժիշտներին են վերաբերում:
Վիգեն Հովսեփյանը
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն բեմում:
- Արտիստը բեմում աննկարագրելի էներգիա է ստանում: Մի պահ կտրվում ենք իրականությունից: Բեմը թմրամիջոց է:
- Բազմաթիվ գործիքների վրա եք կարողանում նվագել, երբեւէ հաշվե՞լ եք, թե քանիսն ու որո՞նք են դրանք:
- Նվագում եմ՝ ինչի վրա հնարավորություն է լինում, ունեմ շատ գործիքներ, բայց ուզում եմ ունենալ էլ ավելի շատ: Սիրում եմ փորձել, գտնել, իհարկե, բոլորից ավելի լավ ստացվում են կիթառն ու հարվածային գործիքները, բայց ամեն դեպքում՝ ոչ պրոֆեսիոնալ:
- Ժամանակակից հայ երաժշտությունը՝ մի քանի բառով:
- Ժամանակակից հայ երաժշտությունը շատ լավ վիճակում է. երբ սառն ենք դատում, կարող էր շատ ավելի վատ լինել: Մեր ամենաթանկ կորուստներին այնքան հեշտ համակերպվեցինք ու արդարացրինք ամեն բան, որ այն, ինչ այսօր կա, դեռ շատ էլ է:
- Արվեստագետ, որի հետ դեմ չէինք լինի զրուցել:
- Արվեստի մարդկանց հետ դեմ չէի լինի զրուցել, չկա հստակ անձ:
Վիգեն Հովսեփյանը
- Իսկ ի՞նչ հարց կտայիք նրան:
- Ով էլ լիներ՝ մենք իրար հաստատ շատ հարցեր կտայինք:
- 3 բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի երգ:
- Սեր, կյանք, հոգի:
- 3 վայր, որտեղ երգելն ամենահուզիչն է եղել Ձեզ համար:
- Կրեմլում (2014թ.), եկեղեցում, Ծիծեռնակաբերդում, որտեղ այդպես էլ չերգեցի, բայց հասցրի հուզմունքից այլայլվել:
- Իրավիճակներ, որ կարող են պատահել միայն երաժիշտների տանը:
- Լոգասենյակում գրեթե միշտ կենդանի երաժշտություն է (ծիծաղում է,-հեղ.):
- Որակներ, որ Ձեր մեջ նկատել եք հայր դառնալուց հետո:
- Որակներս չեն փոխվել, բայց ինչպես բոլոր տղամարդկանց դեպքում է՝ պատասխանատվության զգացումն է ավելացել:
Վիգեն Հովսեփյանը
-Իսկ ի՞նչ եք սովորում Ձեր որդիներից:
- Անսահման սիրել:
- Բարսելոնայում 3 ամենասիրելի վայրերը:
- «Սագրադա ֆամիլիա»-ն, Տիբիդաբոն, ծովը:
- Իսկ Երեւանո՞ւմ:
- Ստուդիաս:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:
- Գրաֆիկ դիզայն կուզեի սովորել:
- Նշեք Ձեր բնավորության գծերից 3-ական, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնցից կուզեիք հրաժարվել:
- Իմ բնավորության լավ եւ վատ կողմերը ես չէ, որ պետք է ասեմ: Բոլոր մարդիկ համերաշխ ապրում են իրենց բնավորության հետ: Ինձ համար անընդունելի է, երբ ասում են՝ բնավորությանս այդ գիծը չեմ սիրում: Եթե չես սիրում, ուրեմն՝ փոխիր:
- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Չկան:
Վիգեն Հովսեփյանը
- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:
- Մեքենաս վաճառել եմ:
- Այս տարվա լավագույն պահը:
- Երբ ծնողներս մի քանի օրով Երեւանում էին:
- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:
- Ազգային արժանապատվությունը:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Այն ամենի, ինչ ունեմ եւ ունենալու եմ:
Վիգեն Հովսեփյանը
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Չկան այդպիսի բան:
- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Անելիքներս չեմ պլանավորում, անսահման են, իսկ նման դեպքերում անիմաստ է հաշվել, թե ինչ եմ արել:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: