×


«Տարվա երգ 2023»-ի կարմիր գորգը, կուլիսային անցուդարձը եւ «Արմենիա TV»-ի 25-ամյակը

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին հայ արտիստները․ ավանդական դարձած «Տարվա երգ» երաժշտական մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց Երեւանում եւ հոբելյանական էր՝ «նվիրված Արմենիա TV»-ի 25-ամյակին։


Մրցանակ ստացան տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվությամբ աչքի ընկած եւ YouTube-ում ամենաշատ դիտումներ գրանցած կատարողները։ Նրանք նախ անցան կարմիր գորգով, որից հետ սկսվեցին կուլիսային շփումները, ելույթներն ու շնորհավորանքները։ BRAVO.am-ը զրուցել է արտիստների հետ եւ լուսանկարել երեկոյի հետաքրքիր դրվագները։


Երաժշտությունն «Արմենիա»-ի եթերի կարեւոր բաղադրիչներից մեկն է, եւ հեռուստաընկերության PR ղեկավար Հայկուհի Ասատրյանն առանձնացրեց այն նախագծերը, որոնք երգարվեստում ճանապարհ են հարթել տաղանդավոր շատ երիտասարդների համար:


«Բացառիկ իրավունքով 4 եթերաշրջան իրականացվել է «The Voice» միջազգային նախագծի հայկական տարբերակը՝ «Հայաստանի ձայնը»։ «Հայ երգիչ», «Մենք մերոնցով», «I Like It»՝ նախագծերը շատ են, եւ այսօր բեմում մեր հեռուստաընկերության ընկերներն են, նրանցից շատերը եղել են նախագծերի անմիջական մասնակիցները»,- նշեց Ասատրյանը:


«Մաղթում եմ՝ ինչպես առաջին անգամ բերեցին «The Voice»-ը, այնպես էլ նորերը բերեն։ Իսկ թե շոուն ո՞վ ա անում, գիտեք», - կատակով նշեց երգչուհի Սոնան, որը վերոնշյալ նախագծի ժյուրիի կազմում է եղել։


Երեկոն վարելու գործը վստահված էր Նազենի Հովհաննիսյանին, Իվետա Մուկուչյանին, Ներսես Ավետիսյանին եւ Գարիկ Պապոյանին։ Նրանք բեմից կիսվեցին Արցախին վերաբերող իրենց մտահոգություններով եւ հույզերով, նաեւ անդրադարձան ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին. չէ՞ որ բեմում նրա ընկերներն էին, իսկ դահլիճում՝ նրան սիրող հանդիսատեսը։


ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը խոստովանեց՝ ուրախ է, որ այս անգամ մրցանակաբաշխությանը հայաստանյան հանդիսատեսի առջեւ ելույթ ունեցան, Աբրահամ Ռուսսոն էլ էր երջանիկ, որ Հայաստան այցելելու եւս մեկ առիթ է ստեղծվել:


Միհրան Ծառուկյանին նույնպես ոգեւորել է «Տարվա երգ»-ի՝ Հայաստանում անցկացվելու փաստը, նա կնոջ՝ Արփի Գաբրիելյանի հետ զուգերգ կատարեց: «Հավատացեք՝ արտիստների համար շատ կարեւոր է, որ հայրենիքում զանգվածային համերգներ կազմակերպվեն։ Հուսամ՝ սա սկիզբն է»,- ասաց երգիչը:


«Տարվա երգ» մրցանակը ստացան եւ երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաեւ Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Արամեն, Սարոն, Ներսիկ, Արաբո Իսպիրյանները, Իվետա Մուկուչյանը, Արա Մարտիրոսյանը, 3.33-ը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Գարիկը եւ Սոնան, Էրիկը, Գոռ Սուջյանը, Տաթեւ Ասատրյանը, Արամ MP3-ն եւ այլք։


Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն էին Թաթա Սիմոնյանը, Աբրահամ Ռուսսոն եւ Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW