×


«Մեդալի հակառակ կողմ»-ի դերասանական կազմը. առաջինը թիմին միացել է Խորեն Լեւոնյանը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումներն ընթացքի մեջ են: Ռեժիսոր Աննա Հարությունյանը BRAVO.am-ին պատմել է, որ դերասանների ընտրությունը մանրակրկիտ է կատարվել:

«Ստեղծագործական թիմից բացի, շատ կարեւոր էր դերասանական ուժեղ կազմ ունենալ, քանի որ սցենարում պատահական դերեր ու դրվագներ չկան: Ներգրավված դերասանների մասնագիտական ու մարդկային որակներին հանդիսատեսը վաղուց է ծանոթ: Ինձ համար էլ որպես նախագծի հեղինակի՝ այսպիսի կազմն ամուր թիկունք է»,- խոստովանել է Հարությունյանը:


Նազիկ Ավդալյանին մարմնավորում է հենց Աննա Հարությունյանը, դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լեւոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արուսիկ Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը:

Ավելի վաղ Հարությունյանը լուսանկար էր հրապարակել Լեւոնյանի հետ ու գրել. «Խորիկին սիրում են բոլորը: Մարդ, որը երբեւիցե չկորցրեց իր նկարագիրը, այս դժվար ժամանակներում հավատարիմ մնաց իր գործին եւ կոչմանը: Խորիկն առաջինն էր, ով միացավ ֆիլմին՝ անսահման ուժ ու հավատ փոխանցելով ինձ հետագա պայքարի համար»:


Ֆիլմին նվիրված տեսանյութում դերասանը նշել է, որ պետք է անդրադառնալ այն մարդկանց, ովքեր Հայաստանի հիմնը հնչեցնում են տարբեր երկրներում. «Նրանք մեր ձայնը լսելի են դարձնում ամենուր, ժամանակն է, որ նրանց կենդանության օրոք նրանց մեծարենք»:



Բաբկեն Չոբանյան էլ ընդգծել է, որ ֆիլմի ամենակարեւոր ուղերձը պայքարելն ու չհանձնվելն է. «Այդ ամենն այսօր մեր ժողովրդին, պետությանն ու ազգին շատ է պակասում, ինչի համար էլ ֆիլմի գոյությունը շատ եմ կարեւորում: Բացի նրանից, որ շատ երիտասարդներ ու երեխաներ կոգեւորվեն եւ իրենց ճանապարհը կընտրեն, մենք էլ կհիշենք, որ պայքարող ժողովուրդ ենք եւ հաջողում է նա, ով երբեք չի հանձնվում»:

Դավիթ Հակոբյանն էլ համարում է, որ հաղթում են այն մարդիկ ու ժողովուրդները, որոնք կարողանում են ոտքի կանգնել, վերագտնել իրենց ու անդադար ձգտել դեպի լույսը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին