Ալեքսանդրոս Ցոպոզիդիսին հայ հանդիսատեսը սկսեց նկատել եւ սիրել հատկապես նրա՝ Երեւանում նկարահանված տեսահոլովակից հետո: Վերջերս երգիչը ելույթ ունեցավ Մարզահամերգային համալիրում՝ կատարելով նաեւ հայերեն «Շիրխանի» երգը, եւ ստացավ «Տարվա երգ» մրցանակը: BRAVO.am-ը զրուցել է Ալեքսանդրոսի հետ, պարզել հաճախ Հայաստան գալու պատճառն ու առաջիկա ծրագրերը։
«Հայաստանում տաղանդավոր արտիստներ շատ կան, նրանցից որոշների հետ ընկերություն եմ անում։ Ինձ հաճելի է այստեղ լինել, քանի որ շատ սիրում եմ հայերին, երկիրը: Առանց առիթի էլ ինձ այստեղ դիմավորում ու ճանապարհում են հիանալի։ Հայերն ու հույները եղբայրական ազգեր են», - նշեց երգիչը։
Խոսելով «Ginete» երգի քավեր տարբերակի տեսահոլովակը Երեւանում նկարահանելու մասին՝ Ցոպոզիդիսն ասաց․ «Որոշեցի ցույց տալ այս գեղեցիկ քաղաքը: Ես 1/4-ով հայ եմ. հայրական կողմից տատիկս հայ է, նա ծննդով Վրաստանից է՝ Բադասյանների ընտանիքից, այնպես որ, Հայաստանն իմ արյան մեջ է։ Տատիկիցս է եկել սերն ու հարգանքը հայի հանդեպ: Նա ինձ ծանոթացրել է մեր հայ բարեկամների հետ, որոնք այնքան ջերմ են: Մանկուց հիշում եմ «Ամա՛ն, Սաշկա ջան» արտահայտությունը, ու չսիրել հնարավոր չէ»։
Երգիչն անկեղծացավ, որ իր նպատակներից մեկը հնարավորինս շուտ այստեղ համերգային ծրագրով հանդես գալն է. «Թե՛ ընկերներս, թ՛ե երկրպագուներն ինձ հանդիպելիս հարցնում են այդ մասին, եւ հիմա արդեն ինքս էլ շատ եմ ուզում, հուսամ՝ մոտ ապագայում կիրականանա»։
Աշխատանքի բերումով Ցոպոզիդիսն այժմ շատ ժամանակ է անցկացնում Ռուսաստանում, բայց ապրում է Կիպրոսում արդեն 25 տարի, այնտեղ էլ ունի հայ դասընկեր, որի հետ մանկության հետաքրքիր օրեր են անցկացրել, շատ են խոսել ու լսել Հայաստանի մասին, բայց երկիրն իր համար դեռ բացահայտված չէ:
«Հայաստան այցերս միայն համերգներով չեն պայմանավորված։ Որոշել եմ ուսումնասիրել երկիրը։ Ամռանն ընտանիքիս հետ գալու պլաններ ունեմ, որպեսզի տեսնենք հայկական վանքերը, հունական եկեղեցին եւ գեղեցիկ բոլոր վայրերը»,- ասաց նա։
Ցոպոզիդիսի խոսքով՝ լավ ու հետաքրքիր առաջարկների դեպքում սիրով նաեւ զուգերգ կկատարի հայ արտիստների հետ, իսկ հայերեն մի շարք բառեր ներառել է իր բառապաշար ու օգտագործում է, օրինակ՝ «շատ լավ», «ինչ լինում է, թող լինի»։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ երգչի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: