Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում վերջին անգամ ընկերներիս հետ 4 տարի առաջ էի եղել, մեծ հաճույքով դիտել էինք «Երեք խոզուկներն» ու անմոռանալի տպավորություններ ստացել:
Այս անգամ թատրոն ինձ BRAVO.am-ի «Ներսից» շարքը բերեց, երեխաների հետ դիտեցի «Անճոռնի բադիկը», հասկացա, թե որքան կարեւոր է փոքր տարիքից կապված լինել թատրոնի հետ, եղա կուլիսներում ու հետեւեցի ներկայացման ստեղծման չերեւացող կողմին։
Արհեստանոցը
Թատրոնի տնօրեն եւ ռեժիսոր Արմենուհի Մանուկյանի հետ նախ ուսումնասիրեցինք2-րդ հարկը, որտեղ արդեն վերանորոգված դահլիճ ունեն եւ պատրաստվում են բեմադրություն անել:
Ապա շրջեցինք հարկով մեկ ու բացեցինք բոլոր փակ դռները: Եղանք արհեստանոցում, որտեղ նկարիչ, քանդակագործ Կարեն Թովմասյանի շնորհիվ ստեղծվում են տիկնիկները: Սենյակում այդ պահին ներառականության մասին պատմող նոր՝ «Լուսնից ընկած նապին» ներկայացման աղվեսն էր միայն։
Աշխատանքները նոր են սկսվել, ու Թովմասյանը դեռ էսքիզներն է անում: Նա խոստովանեց, որ տիկնիկ ստեղծելը բավական երկար ու ժամանակատար ընթացք է՝ մոտ մեկ ամիս է պահանջվում։ Աշխատանքները պրեմիերայից 3-4 ամիս առաջ են սկսվում: «Լուսնից ընկած նապի»-ի համար աղվեսից բացի, եւս 5 նոր կերպար էլ կլինի: Երեւակայության թռիչքն է որոշում, թե ինչպիսի կերպար կստացվի. Թովմասյանը, սովորաբար, մարդկանցից ու կենդանիներից է ոգեշնչվում:
«Թատրոնի տիկնիկի յուրահատկությունն այն է, որ ամբողջը ձեռքի աշխատանք է եւ օգտագործվող նյութերն են տարբերվում: Իմ պատրաստածներից ամենաշատը սիրում եմ «Գտնված երազ»-ի ծերուկին. շատ հարազատ է ինձ, իսկ աղջիկներս հավանում են անճոռնի բադիկին»:
Տիկնիկագործները
Ապա մտնում ենք դիմացի սենյակ, որտեղ եւս ակտիվ աշխատանքային ընթացք է՝ տիկնիկագործներն աղվեսի հագուստի համար կտորից ծաղիկներ են կտրում:
Տիկնիկագործ, արտաքին ձեւավորող Քնարիկ Նազարեթյանը պատմում է, որ երեխաների հանդեպ սերն է նրան 38 տարի առաջ բերել թատրոն: Փորձում են ամեն տիկնիկի միջոցով երեխաներին սեր ու կարեւոր արժեքներ փոխանցել:
«Լավ տիկնիկը նպաստում է երեխայի ճիշտ դաստիարակությանը: Այս տարիների ընթացքում հարյուրավոր տիկնիկներ եմ պատրաստել. արտաքին ձեւավորումն եմ անում՝ հագուստը, աչքերը, ոտքերը, ձեռքերը։ Փորձում ենք այնպիսի տիկնիկներ ստանալ, որ երեխաների մեջ մաքրություն եւ ազնվություն կարթնացնեն։ Փոքրիկները մեր թատրոնը շատ են սիրում ու հաճույքով են գալիս։ Ինքս էլ շատ եմ սիրում մեր ներկայացումները, բովանդակությամբ ու ասելիքով տարբերվում են»։
Տիկնիկագործ Նարինե Գյոդակյանը 23 տարի է՝ թատրոնում է, եւ սիրահարված է իր աշխատանքին: Խոստովանում է, որ ամեն կերպար ինքն է թելադրում, թե ինչպիսին պետք է ստացվի, դրա համար էլ անհրաժեշտ է նախ նրան հարմարվել։
«Ամենաշատը սիրում եմ, երբ վերջնական արդյունքը ուզածիդ պես է լինում. մեր կարեւոր առաքելությունը սերունդ դաստիարակելն է: Պիտի շատ ձգտենք ու փորձենք, որ ստացվի: Իսկ իմ սիրելի տիկնիկը հենց այս աղվեսն է, ինչքա՜ն սիրուն է, նրա պես շատ կերպարներ կան, որոնց վրա երկար ենք չարչարվում ու, սովորաբար հենց դրանց հետ էլ ամենաշատն ենք կապվում»:
Գյոդակյանը նաեւ մասնագիտական մի քանի գաղտնիք է բացահայտում՝ եթե փորձեն սովորական տիկնիկ ստեղծել, անշունչ կստացվեն, եւ դերասանները դրանց հետ աշխատել չեն կարողանա: Նրանց հետ պարբերաբար քննարկումներ են ունենում, հաշվի առնում շտկումները, որպեսզի հետո դերասանները կարողանան բեմի վրա տիկնիկներին նոր կյանք հաղորդել:
Տիկնիկների «կեցավայրը»
Թատրոնում նրանց համար հատկացված 2 սենյակ կա. պահոցում երկար տարիների ընթացքում կուտակված ու նաեւ շատ հին տիկնիկներն են, որոնց մեծ մասն արդեն գործածությունից դուրս են։
«Նույնիսկ թատրոնի առաջին տիկնիկներից կան, շատ ենք ուզում թանգարան ունենալ եւ դրանք ցուցադրել։ Հայաստանի առաջին ու ամենահին պետական տիկնիկային թատրոնն ենք եւ շատ արժեքավոր իրեր ունենք, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք նոր սերունդներին»:
Իսկ առաջին հարկում խաղարկային տիկնիկներն են, որոնք մշտապես օգտագործվում են: Մանուկյանը մոտենում է տիկնիկներից մի քանիսին, ցույց տալիս իր սիրելիներն ու նորից վերադարձնում տեղերը։
Դերասանները
Ուղեւորվում ենք հետնաբեմ, քանի որ շուտով պետք է սկսվի «Անճոռնի բադիկը»: Դերասանները հերթով մոտենում եւ ստուգում են սեղանին դրված տիկնիկները, որպեսզի ներկայացման ընթացքում բացթողումներ չլինեն։
Ժորա Պետոյանը հենց անճոռնի բադիկին է ներկայացնելու. երբ համոզվում է՝ նրա հետ ամեն ինչ կարգին է, պատմում է նաեւ իր աշխատանքի մասին։
«Տիկնիկի հետ կապված անակնկալներ բեմում չեն եղել, բայց «Վա՜յ, Հուռի, վա՜յ» ներկայացման պրեմիերային լարված էի ու պատահաբար բեմի մեջ ընկա։ Լավ է՝ հասցրի դեկորից բռնվել ու ինձ պահել, այլապես ամբողջը քանդվելու էր, բոլորը մտածեցին՝ հատուկ արեցի: Թեեւ ոտքս վնասեցի, բայց կարեւորն այն էր, որ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ»։
Պետոյանը պատմում է, որ տիկնիկային թատրոնում ամեն ինչն է սիրում, մանավանդ՝ երեխաների հետ աշխատելը, ինչը հեշտ է ու բարդ միաժամանակ։ Սովորել է թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում եւ մտքով անգամ չի էլ անցել, որ մի օր կարող է հայտնվել այստեղ։
«Կյանքիս ընթացքում տիկնիկային թատրոնում մեկ անգամ էի եղել: Բանակից զորացրվելուց հետո ընկերներս հրավիրում էին միանալ իրենց, բայց ընդդիմանում էի՝ ցանկանում էի Երեւանում աշխատել, մինչեւ որ մի օր վերջապես եկա։ Առաջին ներկայացումս 2016 թվականին «Եդեմական ծաղիկն» էր, ապա մի կարճ ժամանակով դուրս եկա թատրոնից, բայց Գյումրի վերադառնալուն պես նորից սկսեցի աշխատել»։
Խոստովանում է, որ տիկնիկային թատրոնում խաղալն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, նախ ֆիզիկական ծանրաբեռնվածությանն է պետք դիմանալ։ Ձեռքերն անընդհատ վեր պահելն ու տիկնիկին շունչ հաղորդելը բավական էներգատար է։ Ինքն արդեն 8 տարի է՝ Տիկնիկայինում է, բայց դեռ շատ սովորելու բան ունի։ Առաջիկայում Պետոյանը բեմադրելու է Քիփլինգի «Ռիկի Տիկի Տավի»-ն եւ անհամբերությամբ է սպասում վերջնական արդյունքին։
Ներկայացումներն ու ասելիքը
Տիկնիկայինի տնօրենի կարծիքով՝ թատրոնը պետք է կարողանա գրավել երեխաներին ու տարբերվել իր ասելիքով։ Հանգիստ է այն առումով, որ անկախ ամեն ինչից, թատրոնը դեռ չի կորցրել իր մոգականությունն ու հետաքրքիր էներգետիկան:
«Աշխատում եմ իմ ներկայացումներում տարբեր ենթաշերտեր դնել, որպեսզի ցանկացած տարիքի հանդիսատես սովորելու բան ունենա։ «Սուտլիկ որսկանը» ներկայացմանը ժամանակակից շունչ տվեցինք՝ Ժորա Պետոյանին ձուլեցինք տիկնիկների հետ եւ բավական հետաքրքիր ստացվեց։ Շատ ներկայացումներ ունենք, որ հանդիսականը մեկ անգամ դիտելով չի բավարարվում, այդպիսին է նաեւ Անի Մարգարյանի «Անճոռնի բադիկը». յուրահատուկ ձգողականություն եւ հստակ ասելիք ունի»։
«Վայ, Հուռի, վա՜յ» ներկայացումը նոր ձեւաչափով են արել՝ տարբեր ժանրերը ձուլել են իրար ու հնարավորություն տվել բեմում լինել ե՛ւ դերասաններին, ե՛ւ տիկնիկներին։ Երեխաների ամենասիրելի ներկայացումներից է «Գտնված երազը», երբեմն այնքան ուշադիր են հետեւում, որ թվում է՝ դահլիճում ոչ ոք չկա: Նման հանդիսատեսի շնորհիվ են համոզվում, որ ճիշտ են աշխատում։
«Շատ է ոգեւորում, հասկանում ենք, որ սխալվելու իրավունք չունենք. բարակ ծիլի հետ ենք աշխատում, ու թեթեւ քամի լինելու դեպքում, կկոտրվի։ Ինչպես դպրոցի եւ մանկապարտեզի, այնպես էլ տիկնիկային թատրոնի դերն է կարեւոր, փորձում ենք կյանքում եղած մոլախոտերից ազատել, որպեսզի լավ ծաղկեն, արմատներ ունենան եւ օգնեն երկրի կայացմանը»։
«Չոփչոփիկ» ներկայացման համար ծնողներն առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում։ Այն երեխաները, որոնք դժվարությամբ են եղունգ կտրում, չեն սիրում լվացվել կամ սանրվել, դիտելուց հետո փոխվում են, նման տասնյակ դեպքեր են եղել, որոնցից հետո ծնողները խնդրում են նմանատիպ ներկայացումներ էլի բեմադրել:
«Սիրում եմ, թե ինչպես են դերասանները երեխաների հետ հենց ներկայացման ժամանակ շփվում ու արձագանքում նրանց հարցերին. «Ոսկե ճուտիկն» էինք խաղում, երբ փոքրիկներից մեկն ասաց. «Գայլուկ, գայլուկ, սպասիր, գնամ զուգարան ու գամ», եւ հետեւեց պատասխանը. «Գնա, ես քեզ կսպասեմ»»։
Հիմա մեծահասակների համար են բեմադրություն անում. այն կցուցադրվի 2-րդ հարկի վերանորոգված դահլիճում։ «Ինչպես դառնալ մարդ» ներկայացմամբ Մանուկյանը փորձելու է համամարդկային թեմա արծարծել։
«Սատանայի եւ քահանայի զրույցի միջոցով խոսելու ենք մարդկային փոխհարաբերությունների մասին: Այն Լեոնիդ Անդրեեւի «Բարության կանոններ» պատմվածքի հիման վրա է, նախատեսում ենք տարեվերջին հանձնել։ Դերասանների համար մի քիչ անսովոր է լինելու միայն մեծահասակների համար խաղալ»։
Վերջին տարիներին որոշել են, որ ներկայացման ավարտին դերասանները տիկնիկների հետ դուրս գան խոնարհման։ Ոմանք մտավախություն ունեին, որ դա կկոտրի երեխաների հավատը տիկնիկների նկատմամբ, բայց ոչինչ էլ չփոխվեց: Ներկայացման ավարտից հետո նրանք նորից ցանկանում են տեսնել իրենց սիրելի տիկնիկներին ու գրկել նրանց։ Ցանկության դեպքում նաեւ երեխաների համար շրջայց են կազմակերպում ու ծանոթացնում թատրոնին, մեր այցի ընթացքում էլ նրանք պտտվում էին շենքում։
Վերանորոգված հատվածները
Երկար տարիներ տիկնիկային թատրոնը շատ վատ վիճակում է գտնվել, 2018 թվականին որոշեցին սեփական ուժերով որոշակի շինարարություն իրականացնել, անձնակազմին միացան նաեւ քաղաքում ապրող սրտացավ մարդիկ։
«Հատկապես ահավոր վիճակում էին սանհանգույցները. երբ երեխաները մտնում էին, աչքերս փակում էի, որ չտեսնեմ։ Խարխուլ վիճակում էր դերասանների սենյակը, չունեինք հարդասենյակ ու փորձերն էլ վատ պայմաններում էին ընթանում: Համայնքապետարանի օգնությամբ էլ բեմն էսթետիկ վիճակի բերեցինք։ Անընդհատ բարձրաձայնել ենք, որ թատրոնը խնդիր ունի, դիմել քաղաքապետարանի մշակույթի բաժին, արդյունքում 2-րդ հարկն ամբողջությամբ վերանորոգվեց»։
Մյուս տարի կվերանորոգեն նաեւ ճեմասրահը, հատակն արդեն փոխել են, մնում են պատերն ու առաստաղը, իսկ դահլիճում կլուծեն նստարանների թեքության խնդիրը՝ երեխաները միմյանց խանգարում են տեսնել բեմը։ Մտածում էին նաեւ աթոռները փոխել, սակայն դրանք հիշողություն ունեն, դրա համար պարզապես կթարմացնեն։
«Տարիքով մարդիկ են գալիս ու հիշում, թե որտեղ են նստել եւ ներկայացում նայել փոքր տարիքում։ Փշաքաղվում եմ, որ թատրոնը մինչեւ հիմա նրանց հիշողություններում է, դրա համար չուզեցինք որեւէ բան փոխել»։
Թատրոնը տեխնիկական վերազինման, հատկապես նոր լույսերի կարիք ունի, քանի որ տիկնիկայինում առանց դրանց ոչինչ հնարավոր չէ ստանալ՝ այն հիմնված է լույսի կախարդանքի վրա. «Մի փոքրիկ շորի կտորի վրա տարբեր տեղերից ճիշտ լույս ես գցում, ու իսկական հրաշք է տեղի ունենում»։
Աշխատողները
Տիկնիկային թատրոնը 36 աշխատող ունի, որոնցից 15-ը դերասաններն են։ Վերջին շրջանում դերասանների փորձում են ներգրավել թատերական ինստիտուտից, բայց նրանք նախ 3-ամսյա փորձաշրջան են անցնում եւ հմտանում տիկնիկավարության գործում: Արթուր Զաքարյանն, օրինակ, վերջերս է միացել թատրոնի թիմին ու նոր ներկայացման մեջ թութակին է ներկայացնելու:
«Ոտքից մինչեւ գլխի ծայրի մկաններն աշխատում են, իրեն էլ ասել եմ, որ պետք է կարողանա ասելիքն ու ամբողջ էներգիան տիկնիկին փոխանցել, ինչն այնքան էլ հեշտ չէ»։
Մանուկյանը նշում է, որ թատրոնում մթնոլորտը ստեղծագործական է, բոլորը պրոֆեսիոնալ են, անհրաժեշտության դեպքում օգնում են իրար ու սովորում միմյանցից։ Բնականաբար, խնդիրներ էլ ունեն, բայց ընտանիքի պես են դրանք հաղթահարում, քանի որ գիտեն իրենց կարեւոր առաքելության մասին։
«2020 թվականի պատերազմի ժամանակ մտավախությունս շատ մեծ էր, որ չենք կարողանա ստեղծագործել, նաեւ մեր ներսի ուժն էր թուլացել, բայց հասկացանք, որ իրավունք չունենք հանձնվելու։ Ներկայացումներից մեկին, որում մեծ թվով դերասաններ են ներգրավված, ընդամենը մեկ ընտանիք էր եկել, առաջարկեցին այն չեղարկել, բայց հրաժարվեցի։ Եթե անգամ մեկ ընտանիքի կարողանանք ոգեշնչել, մեր առաքելությունը կատարած կլինենք: Չեք պատկերացնի՝ ինչքան հուզված հեռացան։ Ու երբ գոնե մեկ երեխայի վրա ազդեցություն ենք ունենում, նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ենք»։
Տնօրենն ու բեմադրիչը
Արմենուհի Մանուկյանը տիկնիկային թատրոնի տնօրեն է դարձել 2018 թվականին, մինչ այդ բեմադրող ռեժիսոր էր։ Սկզբում երկու պարտականությունները համատեղելն այնքան էլ հեշտ չի եղել:
«Օրվա մեջ մոտ 50-60 անգամ ամբողջ շենքով պտտվում եմ, էլ չեմ ասում բակի հատվածը: Ավելի մերվեցի թատրոնի պատերի, ամեն ծակ ու ճյուղի հետ. էներգիան ճիշտ բաշխելու առումով դա օգտակար եղավ»:
Ամոթով է խոստովանում, որ մինչ աշխատանքի անցնելը Տիկնիկայինում ներկայացում չի նայել, պարզապես նրա մանկությունը համընկել է երկրաշարժի ծանր տարիների հետ։ Փոխարենն ինքն է սիրել խավար լույսի ստվերներով խաղալ՝ չպատկերացնելով, որ մի օր դա իր աշխատանքի մասն է կազմելու։ Իսկ առաջին անգամ Տիկնիկայինում ուսանողական տարիներին իր ընկերների բեմադրությունն է նայել:
«Նույնիսկ չսիրելով եմ մտել թատրոն, ինչը հիմա զվարճալի է թվում։ Իմ կուրսի ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը խորհուրդ էր տալիս որեւէ տեղ չգնալ, համարում էր՝ իմ տեղը բեմն է։ Բայց ուզեցի տեսնել, թե այստեղ ինչով են զբաղվում: Հանձնարարեցին Հովհաննես Թումանյանի գործի հիման վրա «Ճերմակ օձը» բեմադրել։ Բավական լավ ստացվեց, թատրոնի անձնակազմն ինձ շատ ոգեւորեց ու գովեց: Ինքս էլ սկսեցի սիրել թատրոնն ու հասկացա, որ այն անծայրածիր հեքիաթ է՝ մտքիդ ծայրով անցածը կարող ես կյանքի կոչել»։
Չի ընդունում, երբ ներկայացումը բնորոշում են «սիրուն» բառով. այն պետք է հստակ գաղափար ունենա ու կարողանա ազդել մարդկանց վրա, առանց ներշնչանքի հանդիսատեսը չպիտի հեռանա թատրոնից։
«Ժամանցի վայր չէ: Մեր հսկիչներին էլ զգուշացրել եմ, որ երեխաներին չթողնեն ուտելիքով ներս մտնել։ Թատրոն պիտի գան ոչ թե մարմինը սնելու, այլ՝ հոգին ու միտքը։ Հիմքը տիկնիկայինով է դրվում, ու պիտի սովորեցնենք, որ ներկայացմանն ուշ մտնել չի կարելի»։
Վերջում, ինչպես բոլոր զրուցակիցներիցս, ճշտում եմ, թե որն է թատրոնում սիրելի վայրը. «Հատկապես բեմն եմ սիրում, այնտեղ ամեն ինչ մոռանում եմ: Ստեղծագործելը հրաշալի է, ասես անէանում ես, նաեւ տիկնիկների սենյակն է շատ ջերմացնում»։
Լուսանկարները եւ տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: