×


Արշո Հարությունյան. «Շատ կուզեի Նարեկացու աղոթքն իր ձայնով լսել ու զգալ ազդեցությունը»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք թատրոնի ու կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Նյարդայնանում եմ բնավորությանս պատճառով, իրականում այն չեմ սիրում, քանի որ չափազանց կոմպլիմենտար եմ ու դիմացինին մեծարող, ինչը հաճախ հակառակ ազդեցություն է ունենում։ Մարդուն փորձում ես քո վերաբերմունքով գնահատել, իսկ նա այդ ամենը որպես թուլություն է ընկալում ու համարում, որ քեզնից որեւէ բան չես ներկայացնում։ Պրեմիերաներից առաջ սպազմ եմ ունենում ու տագնապ. վերջին ֆիլմից առաջ պրոդյուսերին զանգահարել եմ ու ասել, որ չեմ գալու։ Երբ իմ արած գործի առիթով մարդիկ են հավաքվում, պարտավորեցնող է՝ բա որ չհավանեն, չէ՞ որ իրենց գործերը թողել են ու եկել։ Նման պահերին ինձ մոտ  ֆանտոմային ցավ է սկսվում. այն գոյություն չունի, չգիտեմ էլ, թե որտեղից եմ զգում։ Չեմ սիրում, երբ իմ կենացն են խմում, կարող է վայրկյաններ տեւել, բայց այդ ընթացքում դժոխային ֆիզիկական ու հոգեկան ցավ եմ զգում, քրտնում, ջերմությունս է բարձրանում։

- Արվեստի գործեր, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Այնքան շատ բան է ազդել ինձ վրա, բայց ամենաշատը՝ երնջակյանական դրամատուրգիան, առհասարակ, Արա Երնջակյանն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել՝ որպես գիտնական, դրամատուրգ, ռեժիսոր ու մտածող մարդ։ Նա իր ժամանակից առաջ է ամեն ինչ զգում, եթե նայեք նրա ներկայացումներն ու կարդաք գործերը, կտեսնեք, որ դեռ 2006-ից սկսած կանխատեսել էր այն ամենն, ինչ մեզ հետ կատարվեց։ Նույնիսկ արցունքներն աչքերիս խնդրել եմ՝ էլ չգրի, որպեսզի մեր ճակատագրի մասին այդքան շուտ չիմանանք։ Ֆանտաստիկ հոտառության ունի ու ճանաչում է մարդու հոգեբանությունը։ Նաեւ կնշեմ Շառլ Ազնավուրին՝ որպես պոետ, երգիչ ու ընդհանրապես անչափ հետաքրքիր եւ բարի մարդ, որն իր փոքրիկ ու փխրուն մարմնի մեջ այդքան իմաստնություն, հոգատարություն ուներ աշխարհի եւ հարազատների նկատմամբ։


- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:

- (Ծիծաղում է,-հեղ.), «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» ֆիլմը մոնտաժելիս մի հատված կար, որում Լուիզա Ներսիսյանի հեռախոսային խոսակցությունից միտք էր պակասում։ Հաճախ որպեսզի այդ տեղը բաց չթողնեմ, ինքս եմ ձայնագրվում, որ հետագայում շտկենք: «Լսում ես, Մանուկ, ես քեզ սպանելու եմ» նախադասությունն էր, որն իմ ձայնով տեղադրվեց, ու շարունակեցինք աշխատանքը։ Պրեմիերայից հետո մի օր մոնտաժի ռեժիսորն ասաց. «Գիտես, չէ՞, ինչ ենք բաց թողել. ֆիլմում այդ հատվածը մնացել է քո ձայնով» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Անսպասելի խայտառակություն էր, բայց եւ հետաքրքիր։

- Ամուսիններով ռեժիսորներ լինելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Ճաշակի առումով շատ համակարծիք ենք, թեեւ մեր աշխատաոճերն ու նախընտրությունները տարբեր են, բայց թատրոնի ու կինոյի ընկալման իմաստով ընդհանուր են։ Համատեղ սիրելի ֆիլմերից բացի, Լուսինեն ունի նաեւ իր աղջկական ֆիլմերը՝ «Սեքսը մեծ քաղաքում» շարքից, կանացի պատմություններ, 16-17-րդ դարի մադամների մասին, դրանցում ուրիշ նրբագեղություն եւ էսթետիկա կա, բայց տղամարդիկ նման բաներն ընկալելու առումով ավելի պրիմիտիվ են։ Լուսինեն ավելի շատ է կարդում, իսկ ես միայն այն, ինչ պետք է։ Իսկ դժվարն այն է, որ ինչքան էլ համախոհներ ենք ու ստեղծագործական նյութի հետ կապված ներդաշնակ ենք, մեկ էլ կտեսնես՝ ծայրահեղ տարբերություններ են ի հայտ գալիս ու բախումներ առաջանում, որոնք լուրջ վեճերի են վերածվում։ Վերջում ամեն մեկս մեր հերթին զիջում ենք ու ընդհանուր հայտարարի գալիս, ինչը գործն ավելի հետաքրքիր է դարձնում:


- Իրավիճակներ, որ կարող են պատահել միայն թատրոնում աշխատող մարդկանց տանը:

- Մեր դեպքում մի քիչ տարօրինակ է, պատկերացրեք` միասին ենք թե՛ թատրոնում, ու թե՛ տանը։ Աշխատանքի վայրում կարող ենք կենցաղային հարցեր քննարկել, որոշել հանգստի մեկնելու վայրը կամ էլ վերանորոգումը, իսկ տանը խոսենք թատրոնից ու ներկայացումներից, հետո մեզ միանա Երնջակյանը, եւ բուռն քննարկումներ ունենանք, ապա թուղթ ու գրչով, սցենարներով աշխատանքային մթնոլորտ տիրի: Ու դա կարող է տեւել մինչեւ գիշերվա ուշ ժամը։ Այնպես որ, մեր դեպքում ամեն ինչ իրար է խառնված, չգիտենք, թե որտեղ է սկսվում թատրոնը, որտեղ՝ տունը։ Թատրոնը մեզ համար աշխատանքի վայր չէ, մեր կյանքի անբաժան մասն ու կենսակերպն է:

- Նոր բեմադրություն սկսելու ամենահաճելի պահերը:

- Ես ու Լուսինեն քիչ ենք բեմադրություններ անում, որովհետեւ երկար ենք մտածում, թե արդյոք արժե սկսել: Նախ գտնում ենք բոլոր այն խնդիրները, թե ինչու պետք չէ անել, ապա մոռանում ենք դրանց մասին ու նորից սկսում։ Փնտրտուքը երկար է տեւում ու, սովորաբար, այն գործերը, որոնց մասին երազում ենք, կարեւոր են ու թանկ, միշտ կողքի դարակում են դրված, որովհետեւ հիմա ուրիշ բաներով ենք զբաղված։ Ես փորձերն եմ ավելի շատ սիրում, որտեղ ծնվում է ամեն ինչ, բացահայտումներ են լինում, բուռն էմոցիաներ արտահայտվում։ Իհարկե, անհամեմատելի է հանդիսատեսի զգացած «հենց հիմա ու այստեղ»-ի հետ, բայց ինքս փորձերի ընթացքն եմ առավելագույնս վայելում։

- Դերասանի աշխատանքը թողնելու ու այն երբեմն կարոտելու պատճառները:

- Հավես ու քաղցր հիշողություններ ունեմ, բայց չեմ կարոտում, նորից խաղալու ցանկություն չունեմ, հենց ունենամ, կանեմ։ Գծած սահմաններ չունեմ, որ էլ երբեք չեմ զբաղվի, պարզապես այս պահին բեմադրելն եմ ավելի շատ սիրում։ Նորմալ է, որ մարդը զգայական, աշխարհընկալման ու գիտակցական առումով էվոլյուցիա է ապրում։ Տարիքը կարեւոր է ու մարդուն մետամորֆոզի է ենթարկում, բայց կարեւոր է զբաղվել նրանով, ինչը հաճույք է պարգեւում, հասկանաս, թե ինչի համար ես անում։


- Հոգեվիճակներ, որ ունենում եք միայն թատրոնում:

- Երբեմն թատրոնում խաղաղվում եմ այնպես, որ նույնիսկ տանը չի լինում։ Թատրոնում կարող եմ սարսափելի կատաղել ու հիստերիաների մեջ ընկնել, նման պոռթկումներ որեւէ այլ տեղում չեմ ունենում։ Այստեղ հարազատների մթնոլորտում ես, թերություններդ բոլորը գիտեն, քեզ ընկալում են այնպիսին, ինչպիսին կաս, ստելու եւ կեղծելու պատճառ չունես, դրա համար էլ պոռթկումներն անբռնազբոս են։

- Ձեր ներկայացումներից, որոնց միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ են լինելու:

- Երեւի «Կեսարի խրախճանքը»: Այն ճակատագրական նշանակություն է ունեցել՝ վերադարձել էի 44-օրյա պատերազմից, ու ինձ համար փրկության պես էր։ Մտա պադվալ՝ մեր բեմն այդպես եմ անվանում, ու բոլոր բացասական զգացմունքներս, որոնք խանգարում էին ապրել, իսկ այդ իրականության մեջ արդեն անհնարին էր ապրել, ներկայացումը սպունգի պես վերցրեց։ Բայց դա չի նշանակում, որ դեպրեսիվ է ստացվել։ Կատաղած նյարդով եմ արել ու այն ինձ համար ուրիշ մասնիկ է, որին սպասում եմ, եւ սրտիս բաբախն ու տագնապն ավելի շատ են լինում, քան մյուսների դեպքում։

- Ի՞նչ կա Կամերայինում, որ ուրիշ ոչ մի թատրոն չունի:

- Այլ թատրոնի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այստեղ սիրո մթնոլորտն է ուրիշ՝ այն իսկական է, մեզ մոտ դրսեւորման ձեւն է տարբերվում։ Կամերային թատրոնում այն շատ անկեղծ է, ինչը գալիս է Երնջակյանից. աշխարհի, կյանքի ու ինքդ քո հանդեպ իրոնիկ վերաբերմունք կա, քանի որ մերը հեղինակային թատրոն է, ու նման բան հաստատ ուրիշ ոչ մի տեղ չկա։


- Ռեժիսորի 3 առավելություն, որոնք չունի դերասանը:

- Հանկարծ դերասան գործընկերներս չնեղվեն, բայց ինձ հնարավոր չէ գովասանքներով համոզել, սիրաշահել կամ զանազան փաստարկներով մտափոխել, որ այլ կերպ բեմադրեմ, իսկ դերասաններին համոզում են։ Դե, դերասանի մեջ փառասիրություն ու ինքնասիրահարվածություն կա, սրանք որպես բացասական կողմեր չեմ նշում. եթե այդ հատկությունները չունենա ու չմտածի՝ դերն ամենալավն է խաղում, ոչինչ չի ստացվի։ Երեւի, նաեւ դա էր պատճառը, որ չշարունակեցի դերասան մնալ։ Ռեժիսորը պետք է կարողանա ստեղծել այն մթնոլորտը, որը դերասանի պատկերացումների եւ գիտակցության մեջ կատարյալ է, բայց միաժամանակ տպավորություն ունենա, թե դրան ինքնուրույն հասավ։ Երբեմն «դիկտատուրան» սաստկանում է, իսկ ռեժիսորի գործում առանց դրա լինել չի կարող, որպեսզի կարգապահությունից եւ նյութից չշեղվենք, եւ ամեն դերասան իր զգացածով չտանի։ Կարեւոր է կարողանալ այնպես անել, որ դերասանը կերպարի մեջ իր հաճույքը վայելի, համահեղինակ լինելու բերկրանքից չզրկես, բայց ամբողջ ընթացքում նրան նուրբ ուղղորդես։

- Դերասաններ, որոնց հետ աշխատելու ընթացքում նաեւ սովորել եք կամ սովորում եք:

- Բոլորից եմ սովորում, ոչ միայն՝ դերասաններից, ընդհանրապես կարողանում եմ տարբեր բնավորություններից վերցնել, ինչն իմ մասնագիտության համար կարեւոր է։ Պարտավոր եմ ուսումնասիրել մարդուն, նրա կյանքը, հարաբերություններն ու հոգեվիճակները, իմանամ ուրախության եւ հրճվանքի տարբերությունը, հասկանամ, թե  տագնապը, վախն ու սարսափն իրարից ինչով են տարբերվում։ Միշտ եմ փորձում սովորել ինձ հանդիպած մարդկանցից, կնշեմ վերջին ներկայացումը, որի շնորհիվ նոր բացահայտումներ արեցի։ Իմ հարազատ ընկերների՝ Արամ Կարախանյանի, Բաբկեն Չոբանյանի ու Միկա Վաթինյանի հետ էինք աշխատում, թվում էր՝ մի ամբողջ կյանք իրար գիտենք, բայց միշտ էլ կա ավելին իմանալու ու իրարից սովորելու, նոր էմոցիաներով լցվելու, նոր բան զգալու, իմացածի մեջ այլ երանգներ հայտնաբերելու տեղ։ Դրա համար այդ աշխատանքն ինձ համար թանկ ու կարեւոր էր։


- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Անկեղծությունը: Նախ ինքդ քեզ հետ պետք է անկեղծ լինես ու հասկանաս, թե ինչու ես ուզում ստեղծագործել: Պետք է այդ իրավասությունն ունենաս, այլապես շատ վտանգավոր կարող է լինել: Գործ ունես մարդկանց էմոցիաների, հիշողության ու զգացմունքների հետ, դահլիճում 700 մարդ հավաքելն ու նրանց համար որեւէ բան ցուցադրելը շատ պատասխանատու է, կարող ես սթրես առաջացնել կամ հույսը կոտրել: Թատրոնը սարսափելի ծանր գործ է:

- Ի՞նչն եք ամենաշատը սիրում ֆիլմերի նկարահանումների ժամանակ:

- Թատրոնում քեզ կարող ես իմպրովիզներ ու փորձարկումներ թույլ տալ ու անգամ 10-րդ ներկայացման մեջ փոփոխություն անել, ֆիլմն այդ հնարավորությունը չունի։ Թատրոնը քեզ հետ մնում է, ապրում ու մեծանում, երեք ամիս հետո կարող ես այն ժամանակին համահունչ դարձնել։ Իսկ ֆիլմ ստեղծելիս սիրում եմ ադրենալինը, որը հատկապես շատ է լինում զանգվածային տեսարան նկարելիս, երբ նոր դուբլի եւ սխալվելու հնարավորություն չունես: Բացի այդ էլ սառնասիրտ լինելն ու հենց հիմա ճակատամարտի մեջ լինելը լրիվ ուրիշ է։ Փառք Աստծո, երկու տեղում էլ ինձ շատ լավ եմ զգում եւ աշխատանքս գիտակցված է:

- Կինոաշխատանք, որն օգնել է ընդլայնել Ձեր հնարավորությունների սահմանները:

- Միշտ կարեւորն ու առաջին պլանում գաղափարն է՝ լինի կինոյում, թե թատրոնում: Չզարմանաք ու չծիծաղեք, թեեւ սերիալներ քիչ եմ նայում, բայց կյանքիս որոշ ժամանակ տրամադրում եմ դրանց: «Գահերի խաղը» ծայրից ծայր, երեւի, 5 անգամ նայել եմ՝ պատկերարցրեք, թե որքան ժամանակ եմ իմ կյանքից ծախսել, բայց չեմ զղջացել ու մեծ հաճույքով եմ նայել: Որքան նրբություններով ու մանրամասներով է ստեղծված այդ աշխարհը՝ գետերը, դրանցում եղած ձկների տեսակները, եղանակը, ամեն կերպարի ու իր ցեղի նախապատմությունը: Ջորջ Մարտինը ֆանտաստիկ մոլորակ է ստեղծել՝ շատ ճշմարտանման ու մեր կյանքին մոտ, դաժանություն, սեր, խարդավանք՝ ամեն ինչ կա։ Ասեմ ավելին՝ այն շատ առումով դասագիրք է սցենարիստների, ռեժիսորների ու դերասանների համար։ Հարյուրավոր զանգվածային տեսարաններ կան, ու ոչ մեկում դերասանները վատ չեն խաղում, բա չարժե՞ նայել ու սովորել:  


- Արվեստագետ, որի հետ դեմ չէինք լինի զրուցել:

- Նարեկացու հետ զրուցելուց բացի, շատ կուզեի նաեւ նրա ձայնը, աղոթքն ու մտքի փիլիսոփայությունը լսել: Նրա այդքան ուժ տվող խոսքը լսել եմ տարբեր արտիստների՝ Սոս Սարգսյանի ու Բաբկեն Չոբանյանի կատարմամբ ու երաժշտական ձեւավորումներով, բայց կուզեի հենց նրա ձայնով վայելել ու տեսնել՝ նույն ազդեցությունը կունենա:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Կամերայինի Արշոն։

- Որակներ, որ Ձեր մեջ նկատել եք հայր դառնալուց հետո:

- Մինչեւ հայր դառնալը չէի հասկանում, որ այդքան շատ եմ մուլտեր սիրում։ Վաղուց եմ հայր՝ արդեն մոտ 25 տարի կլինի, ու շարունակում եմ դիտել: Տարբեր տարիքներում տարբեր երեխաներիս հետ նայել եմ ու ուսումնասիրել, թե նրանք ինչպես են արձագանքում: Սկսել եմ ավելի մանկական պատմություններ նայել։

- Իսկ ի՞նչ եք սովորում Ձեր երեխաներից։

- Անկեղծ զարմանալ, խաբել. ամեն ինչ կարելի է սովորել երեխաներից:

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Կարողանալ երաժշտություն գրել, կոմպոզիտորների հետ հեշտ եմ աշխատում, բայց այն երաժշտությունը, որ պատկերացնում եմ, կուզեի ինքս գրել։


- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Գարնան սկզբում մի հոտ կա՝ ծաղկած ծառերի ու կանաչ խոտի, որն ինձ միշտ տանում է մանկություն։

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Միքայել Վաթինյան, Բաբկեն Չոբանյան եւ Արամ Կարախանյան. ամեն օր տպավորվել եմ իրենցով։

- Գյումրիի թաքնված ու Ձեզ համար հարազատ տեղերը:

- Մեր դպրոցի կողքին երաժշտական ուսումնարանի քանդված շենքը, որի 4-րդ հարկում սենյակ ունեի։ Աստիճաններ էլ չկային, բայց երկաթներից բռնված բարձրանում էինք, որ մեզ ոչ մեկը չգտնի։ Այնտեղ իմ բոլոր պատանեկան գաղտնիքներն են՝ սկսած թաքուն ծխելուց, խուլիգանություններից ու հետաքրքիր ֆիլմեր դիտելուց։ Հիմա այդ շենքը քանդել են ու տեղը բանկ կառուցել։

- Ինչի՞ց եք հրաժարվել 2023-ին կամ պատրաստվում եք հրաժարվել 2024-ին:

- Նախորդ տարի ավելի համբերատար եմ դարձել, նույնիսկ զարմացել եմ, որ այդքան համբերատար եմ, բայց 2024-ի համար որոշել եմ այդքան համբերատար չլինել։

- Նախորդ տարվա լավագույն պահի կադրը:

- Հպարտություն ու տագնապ եմ զգում՝ որդիս զինվոր է:


- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Շնորհակալ եմ, որ ճակատագիրը շռայլ է գտնվել իմ հանդեպ, ու ինձ շրջապատում են հարազատ ընտրյալներ՝ Լուսինե Երնջակյանը, իմ երեխաները, ընկերներս ու բոլոր այն մարդիկ, ովքեր հայտնվել են իմ կյանքում։ Միշտ իմ կողքին եղել են շատ շնորհքով, ժամանակի մեջ հետք թողած ու կյանքի դինամիկ էվոլյուցիային մասնակցած մարդիկ, նրանց շրջապատում գտնվելը ուժ, նոր էներգիա ու միշտ համարձակ լինելու շանս է տալիս։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Միշտ ուզում եմ լավ բաներ անել, բայց վախենում եմ։

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում:

- Միկա Վաթինյանի հետ պայմանավորվել ենք նոր ներկայացման վրա աշխատել,  կարծում եմ՝ լավ ու փախած բան ենք մտածել, որի մասին շատ ենք խոսել ու ափսոս կլինի չանել։ Դրա համար էլ համառ կգտնվեմ, որ կյանքի կոչենք։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արշո Հարությունյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW