×


Բացահայտում ենք Բաբկեն Չոբանյանին. «Կամաց-կամաց լսել եմ սովորել ու դա իմ ամենամեծ ձեռքբերումներից է»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք թատրոնի ու կինոյի դերասան Բաբկեն Չոբանյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Փակ մարդ եմ ու չեմ սիրում անձնական կյանքիս մասին խոսել։ Իրականում ինձ համոզելը շատ հեշտ է, եթե կարողանում են տաղանդավոր կերպով անել, խելքիս պիտի նստի, բայց երբ պնդում են՝ փակվում եմ։ Փոքր ժամանակ գիտեի, թե ով ինձնից մի քանի տարով մեծ է, ժամանակավոր է, հենց մեծանամ, իրենց կանցնեմ կամ կհավասարվեմ։ Հետո ամոթ էի զգում ու մտածում, թե ինչ դամբուլ եմ եղել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ժամանակի հետ այնքան բան է ուրիշ դառնում, որ ոչինչ չանես ու միայն այդ փոփոխությունները վերլուծես, կյանքիդ լուրջ մասը կանցնի:

- Իսկ ի՞նչ է ժամանակն ու նրա ընթացքը Ձեզ համար:

- Միայն երեխաներն են համարում, որ ժամանակն անվերջ է: Տարիների հետ ավելի խնամքով ես սկսում վերաբերվել ժամանակին ու մտածում այն ճիշտ օգտագործելու մասին: Կարեւոր է այդ սահմանափակությունը զգալուց հետո խուճապի մեջ չընկնել ու կյանքդ ավելի կազմակերպված դարձնել՝ ժամանակի հետ ճիշտ վարվել: Հաճախ միայն սեփական ժամանակն ենք գնահատում, բայց դա անարժեք է, երբ ուրիշների ժամանակի հետ հաշվի չես նստում։

- Շատ փիլիսոփայական նախաբան ունեցանք (ծիծաղում ենք,-հեղ.)։ Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Բախի «Չարչարանքներ՝ ըստ Մաթեւոսի» ստեղծագործությունն ինձ ցնցել է, լսելիս մինչեւ հոգուս խորքը թափանցում է, ու առաջին անգամվա պես նույն հույզերն եմ ապրում։ Ինձ համար այն ավելին է, քան արվեստ, մարմնիս բոլոր բջիջներով եմ զգում ու ինձ ուրիշ տեղ է տանում, իսկ հենց վերնագիրն եմ հիշում՝ լրիվ այլ զգացողություններ ունենում։ Այվազովսկու ծովանկարչությունն է պարզապես ցնցում, ամեն անգամ նայելիս պատկառանքի զգացում է համակում եւ չեմ կարողանում հասկանալ, թե այդ ինչ վարպետություն է, ինչ խորք ու թափ, շնորհ, որ Աստված այդպես շռայլորեն տվել է։ Քանդակագործությունից էլ շատ գործեր կան, որ էլի պատկառանք են առաջացնում՝ Միքելանջելոյի «Դավիթը», ակնածանքով է լցնում նաեւ Վերածննդի դարաշրջանում մարդու մարմնի կատարյալ պատկերումը:

Բաբկեն Չոբանյանը


- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- Իմացել էի, որ պատերազմի ժամանակ զոհվել եմ (քմծիծաղ է տալիս,-հեղ.)։ Մի անգամ էլ, կարծես, ուրիշի հետ էի ամուսնացել, դրանից բացի, այլ պատմությունների մեջ չեմ ընկել. խնամքով թաքցրել են, կամ էլ ինձ չի հասել։

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ։

- Բեմում տեքստն անսպասելի կարող է ուղեղիցդ ջնջվել, կամ մուտքից առաջ այնքան հուզվես, որ սիրտդ վատանա: Տաքությունով, շատ հիվանդ մտնես բեմ ու ֆանտաստիկ խաղաս, բայց ներկայացման վերջում էլի վատանաս։ Դա թատրոնի հմայքն ու կախարդանքն է, եւ մի գաղտնիքի մասին է հուշում՝ եթե ինչ-որ բանով տարվում ես, օրգանիզմդ ամբողջությամբ համակվում է այն իրագործելու ցանկությամբ։ Իսկ եթե գործդ նաեւ սիրով ես անում, բացասականի՝ հիվանդության, վատ մտքերի ու տրամադրության համար տեղ չի մնում։ Միայն նման ամբողջական կլանման դեպքերում կարող ես մոռանալ ատամի ցավի մասին, ջերմությունդ իջնի, անհանգստացնող որեւէ բան չզգաս ու երջանկության ժամեր ապրես։ Դա մեզ հուշում է, թե միտքը որքան ուժեղ է եւ նրա շնորհիվ կարելի է բուժվել, չհիվանդանալ, միշտ երջանկության եւ երանության զգացողություն ունենալ։ Դրա համար աննպատակ մարդիկ դժբախտ կյանքով են ապրում, սկսում են բողոքել, քննադատել, դժգոհել։ Հատկապես տարիքով մարդիկ հենց աշխատանքից դուրս են գալիս, հիվանդանում ու մահանում են, բայց մինչեւ 85-90 տարեկանը կարող են աշխատել ու երջանիկ լինել: Հենց անպետքության զգացումն ու պարապությունը գալիս է, քայքայվում են։

- Նոր աշխատանք սկսելու ամենահաճելի կողմը։

- Այնքան պատասխանատվությամբ եմ վերաբերվում նոր գործին, այն ինձ խեղդում է ու չեմ կարողանում հաճույքին տրվել: Միայն վերջում եմ կարողանում վայելել, եթե, իհարկե, լավ է ստացվում: Տառապանքի նման մի բանի է վերածվում, բայց որքան սիրով ես անում, այնքան այդ չարչարանքը չես գիտակցում ու միշտ պատրաստ ես էներգիա ծախսել։ Ես էներգիա քիչ ունեմ. տարիների հետ ավելի շուտ է սպառվում, ընկերներ ունեմ՝ կարող ենք օրն իրար հետ անցկացնել, ես երեկոյան մեռած եմ լինում, իսկ նրանց մոտ դեռ երկու օրվա էներգիա լինի (ծիծաղում ենք,-հեղ.)։ Բայց երբ սիրելի գործով եմ զբաղվում, չի սպառվում: Լավ է, որ գիտակցում եմ էներգիայի դեֆիցիտի մասին, նշանակում է՝ ըստ էության պիտի օգտագործեմ ու ամեն ախմախ բանի վրա չծախսեմ (ծիծաղում ենք,-հեղ.)։

- Սեփական կերպարներից, որ յուրահատուկ կերպով են ազդել Ձեզ վրա:

- Արամ Թովմասյանը՝ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ, որը տարիներ առաջ խաղացել եմ Գյումրու թատրոնում։ Խոսքը ոչ միայն կերպարի մասին է, նաեւ ներկայացման, այդ փուլի եւ աշխատանքային շրջանի: Այդ փորձառությունն իմ դերասանական կյանքում շատ ուրիշ հանգրվան էր: Այդ գործից հետո ինձ համար շատ բաներ փոխվեցին, սրբագրվեցին ու ներսումս նոր հորիզոններ բացվեցին: Շատ հետաքրքիր դեր էր, որը մեծ հետք է թողել իմ հոգում։ Բայց բոլոր կերպարներս էլ հիշատակության արժանի են, ոչ մեկին մատների արանքով չեմ վերաբերվել, արել եմ այն, ինչ այդ պահին ընդունակ եմ եղել ու կարողացել եմ, մինչեւ վերջ եմ աշխատել։ Դրա համար էլ հենց զգացի, որ էլ այդպես շարունակելու ուժ չունեմ, որոշեցի՝ չպիտի անեմ. խաղամ ուշ-ուշ, բայց իսկապես այն, ինչն ինձ կձգի:


- Դերասանի ծախսած էներգիան ու ամեն անգամ նույն դերը խաղալու գաղտնիքը:

- Մինչեւ խաղալն ես շատ ծախսում, բայց չես էլ հասկանում, թե այն որտեղից ես ստանում: Պատահել է՝ մահացած գնացել եմ փորձի, բայց կեսից զգացել, թե որքան շատ բան կարող եմ անել: Դերը խաղալիս նույնը չես անում. հենց հասկացար, որ այդպես է, ուրեմն՝ ամեն ինչ վերջացել է: Ամեն անգամ նորից ես ձգտում այդ խորխորատների մեջ թափանցել ու այդ կյանքով ապրել, ուրիշ բան փորձել, ճաշակել, բացահայտել, այլ տեսանկյունից նայել: Անդադար ընթացք է՝ շատ հաճելի, պատասխանատու ու միշտ եռուն, եւ հենց դադարում է այդպիսին լինել, դառնում է կրկնություն, ու պարզապես մատերդ ես ծալում, թե քանի անգամ դեռ տառապելով պիտի խաղաս: Երբ ընթացքը վայելում ես, միշտ զրոյից ես սկսում, ու ամեն ինչ տեղի է ունենում հենց այդ պահին՝ առաջին անգամ ես լսում բոլոր դրվագները, պատասխանում, հուզվում, զայրանում, դավաճանում, հրճվում, մեռնում:  

- Հոգեվիճակներ, որ միայն թատրոնում են լինում։

- Հուզմունք եւ հաճույք, իսկ վերջում սպառված գնում ես տուն։ Մարդն ինչո՞ւ է ձգտում անընդհատ հաճույք ստանալ, մեր գործն էլ հենց հաճույքի ձգտելու հոգեվիճակն է։ Առհասարակ, մի քիչ էլ սթրեսային մասնագիտություն է, օրերիդ քանակը կարճանում, կամ էլ երկարում է, բայց հաստատ սովորական մարդու կյանքի պես չի անցնում:

- Ամենաազդեցիկ ձայնով մարդիկ Ձեզ համար՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։

- Որեւէ ձայն ինձ վրա տպավորություն չի թողնում, եթե այդ ձայնի տերը հետաքրքիր չէ, տեսակ, ինտելեկտ ու ասելիք չունի։ Ձայնն ինքնին ի՞նչ է, սա էլ է ձայն (հարվածում է փայտե սեղանին,-հեղ.), այն պարզապես միջոց է, էական է՝ ով է ձայնի տերն ու ինչ կա դրա մեջ։ Կայացած բոլոր մարդկանց ու արվեստագետների ձայներն ինձ համար կարեւոր են, քանի որ նրանցից սովորելու բան կա։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել նկարիչների խոսքը, որովհետեւ նրանք լուռ վարպետներ են, գույնով են քեզ հետ շփվում: Միշտ ուզել եմ իմանալ, թե մարդկանց եւ աշխարհի հետ ինչպես են խոսել: Կամաց-կամաց եմ լսել սովորել ու դա իմ ամենամեծ ձեռքբերումներից է:

Բաբկեն Չոբանյանը


- Ի՞նչ կամ ո՞ւմ եք Դուք լսում։

- Ժամերով կարող եմ լսել փորձառու, իրենց ոլորտում կայացած, աշխարհն ու կյանքեր փոխած մարդկանց։ Աստծո խոսքն եմ լսում ու շատ մեծ դատարկություն փորձում լցնել, որ մինչ այդ կյանքի ճշմարտությունը որոնելիս այլ պատրանքներով եմ ապրել։ Աստծո խոսք ասելիս նկատի ունեմ հենց մաքուր ու առանց կրոնական ենթաշերտի, չնայած՝ բաժանելը դժվար է, բայց երբ քեզ որոշ ժամանակ նվիրում ես դրան, կարողանում ես եկեղեցականության կեղեւը պոկել ու տեսնել մաքուր հավատը, որը քո եւ Աստծո միջեւ միակ ճշմարիտ կապն է։ Այ, դա լսելիս լցվում եմ։

- Խաղընկերներ, որոնցից սովորել եք կամ սովորում եք։

- Գոնե հիմա այնպիսի շրջան է, որ ստիպված չեմ ինչ-որ թիմում հայտնվել, կարողանում եմ ընտրել, ու դա մեծամտություն չէ: Այդպիսի հիանալի պայմաններ ստեղծվեցին իմ վերջին աշխատանքի՝ «Art փսիխոզ»-ի ժամանակ, էլ ե՞րբ է լինում, որ խաղընկերներդ ու ռեժիսորը հենց ընկերներդ են, պիեսը հետաքրքիր է, պրոդյուսերն էլ քեզ հարազատ մարդ է: Ոչ մի հարցում կասկածելու, նեղվելու, մտահոգվելու առիթ չունես, մնում է գլուխդ կախ աշխատես, էլ ի՞նչ ես ուզում։ Իմ բոլոր գործընկերներից եմ սովորում, կապ չունի նրանց տեսակն ու տաղանդի չափը, չնայած՝ չգիտեմ տաղանդն ինչպես են չափում, բոլորն էլ շնորհ ունեն: Միշտ էլ սովորելու բան ունեմ, այլ բան է, որ կյանքի որոշ հատվածում ավելի քաղցով ես կարողանում վերցնել, մյուսում՝ խմբագրումներ են լինում, հետաքրքրության շրջանակը բյուրեղանում է, ու մնում են եզակիներ, որոնցից սկսում ես սնվել: Օրինակ՝ հոլիվուդյան աղմուկ հանած բոլոր ֆիլմերը փորձում եմ նայել, որովհետեւ ամեն անգամ հիանում եմ դերասանների վարպետությամբ, ինչքան ճիշտ են զգում, որքան իսկական ու ուրիշ են։ Չեմ կարողանա ասել, թե որ ֆիլմից ինչ եմ սովորել, բայց այն անցնում է ենթագիտակցությանդ մեջ ու գուցե դրանից էլ անդին՝ քեզ խմբագրելով դարձում մի քիչ ուրիշ։ Եթե որեւէ մեկից սովորելու ոչինչ չկա ու իր արածներն ինձ հետաքրքիր չեն, պարզապես չեմ նայում:


- Ձեզ հիացրած ու հիմա էլ ոգեշնչող դերասանները:

- Էնթոնի Հոփքինսին եմ շատ սիրում, Ալ Պաչինոյին, Դասթին Հոֆմանին, Բրեդ Փիթն է ինձ համար հետաքրքիր, ԴիԿապրիոյի վարպետությամբ եմ ամեն անգամ հիանում: Նատալի Փորտմանին եմ շատ սիրում, Սոֆի Մարսոյին, Մերիլ Սթրիփին: Կանանց դեպքում այնքան եմ հիանում`hամ նրանց գեղեցկությունն եմ սիրում, համ էլ՝ տաղանդը, որ անունները մոռանում եմ (ծիծաղում ենք,- գեղ.)։ Գել ու գազան են, իսկական վարպետներ։ Հիացմունքի եւ սովորելու առարկա միշտ կա, դու պիտի փնտրես։ Ու նրանք երբեք շատ չեն լինում, հակառակը՝ քիչ են։

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը։

- Որ գեղեցիկի հետ գործ ունես ու կամա, թե ակամա փորձում ես ինքդ կեղտոտվելուց եւ տգեղությունից զերծ մնալ: Գեղեցկության կրողն ես դառնում ու էլ դժվար կարողանաս ոչ գեղեցկություն տարածել կամ ոչ գեղեցիկի կողմը նայել։ Երկար ժամանակ գեղեցկությունն ինձ համար ընկալվում էր արտաքին իմաստով, բայց երբ հասկանում ես ներսի գեղեցկությունը, մնացածը անցնում է որերորդ պլան։ Փոքր ժամանակ զարմանում էի, երբ լսում էի՝ տգեղ կին չկա. «Քոռ են այս մարդիկ, ո՞նց չկան», հետո ես հասկանում՝ ինչ գեղեցկություն նկատի ունեին: Ինչպես է մարգարիտը ոստրեի մեջ լինում, այդպես էլ մարդու իրական գեղեցկությունն է պատյանի մեջ, տեսնելու համար պիտի այդ խորքերը թափանցես: Դրա համար արվեստի շնորհիվ փորձում ես քո մասով աշխարհը մի քիչ գեղեցիկ դարձնել ու թույլ չտալ, որ գեղեցիկն արատավորվի։  

Բաբկեն Չոբանյանը


-Աշխատանք, որն ընդլայնել է Ձեր հնարավորությունների սահմանները։

- Այնքան բարդ հարց տվեցիք, ես իմ հնարավորությունների սահմանները չգիտեմ էլ, որ հասկանամ ընդլայնվել են, բա ինչպե՞ս իմանամ (երկար լռություն,-հեղ.)։ Այվազովսկու կտավների առաջ կխոնարհվեմ, այդ թափն ինձ ամեն անգամ նույն ուժով գերում է, ինչպես Բախի գործի դեպքում է: Դեռ մտածում եմ, որ ժամանակ անցնի, ավելի մեծ ուժով կցնցեն։

- Տղաների հայր լինելու ամենահաճելի կողմը:

- Երբ կարողանում ես իրենց աննկատ օգնել, ու համարում են՝ իրենց ուզածին ինքնուրույն են հասնել: Ինձ համար շատ էական է, որ սեփական խնդիրները լուծելու եւ իրենց հարցերը տալու առաջին օբյեկտը լինեմ, դրանց պատասխաններն ուրիշ տեղ չփնտրեն: Ուզում եմ, որ հանձին ինձ՝ տեսնեն ընկերոջ, որը միշտ պատրաստ է լսել, ու որին կարող են դիմել ցանկացած հարցով: Տղաների համար փորձում եմ ապավեն լինել ու հենարանի զգացողություն տալ, որ անօգնական չզգան կամ անեն սխալներ, որոնցից կարող էին խուսափել։

- Երեխաներից սովորած կարեւոր հատկություններ։

- Երկուսն էլ այնքան տարբեր են, ծայրահեղորեն տարբեր։ Երբ մի օր նրանց աչքերում տեսա անվերապահ հավատ ու սեր, վախեցա այդ հայացքից, հասկացա՝ դրան արժանի չեմ ու չեմ կարող այդ բեռի տակից դուրս գալ, ի՞նչ պիտի անեմ, որ այդ ամենին համապատասխանեմ։ Բայց այդ տեսակ ու ավելի շատ հավատ պահանջվում է բոլորիցս Աստծո հանդեպ, անկեղծ։ Տղաներից սովորեցի նաեւ խոստումներս կատարել եւ ավելի շատ խոսքիս տերը լինել: Որեւէ բան խոստանալուց առաջ երկար մտածում եմ, որովհետեւ չանելը մահվան հավասար մի բան է. ամոթից գետինը կմտնեմ: Սարսափելի բան է, երբ հենարան ու հեղինակություն ես նրանց համար եւ հանկարծ հուսախաբ ես անում, բայց դրանից, միեւնույն է, չեն նեղանում, շատ-շատ՝ լացեն, ինչն ինձ ավելի շատ է քանդում:  

Բաբկեն Չոբանյանը


- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:

- Միայն Աստված է, ուրիշ հանգրվան չկա, ամեն ինչ սուտ է։ Աստված բոլորիս իր նմանությամբ ստեղծեց, բայց ինչքան բոլորս հեռացանք դրանից, ինչքան կենտրոնանում ենք մեր էգոյի վրա, այդքան խնդիրներ են առաջանում։ Ամենամեծ մեղքը հպարտությունն է, մեր բոլոր խնդիրներն ու չարիքները դրանից են:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Ես էլ կուզեի լսել (ծիծաղում է,-հեղ.): Ինչ բերաններին գա, կարող են ասել (ծիծաղում ենք,-հեղ.):

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Վա՜յ, ծխելուց եմ ուզում հրաժարվել, բայց չի ստացվում, փորձում եմ հրաժարվել վատ մտքեր ունենալուց եւ դատելուց, թեեւ այդ ճանապարհին եմ, բայց ոչ մեկը դեռ չեմ հաջողել: Սկսելը լավ է, բայց շարունակել է պետք:

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:

- Շատ կուզեի նկարել ու նվագել իմանալ: Գոնե ստացվեր կիթառ կամ ջութակ նվագել, բայց այդ առումով անտաղանդի մեկն եմ, երկու նոտա ցույց են տալիս դաշնամուրի վրա, երրորդը չեմ հիշում: Տուն եմ նկարում, կյանքիս կեսը գնում է, բա նկարիչներն այդ հսկա պատկերները ո՞նց են ստանում, այդ ի՞նչ վարպետություն է: Միշտ մտածել եմ, որ նկարիչները դեմքով ուրիշ պիտի լինեն, բայց նայում եմ՝ ինձ պես մարդիկ են, բա ո՞նց են այդպես ստեղծագործում, որ ես չեմ կարողանում: Դա, միանշանակ, աստվածային շնորհ է, որի առաջ խոնարհվում եմ: Այլապես որտեղից այդ ամենը, այս ձայնն ինձ ո՞վ է տվել, ես ինչ-որ բան արե՞լ եմ այն ունենալու համար, իրավունք էլ չունեմ դրանով հպարտանալու: Հակառակը՝ պիտի մտածեմ, թե ինչո՞ւ է այն ինձ տրված ու ի՞նչ պիտի անեմ՝ հայհոյե՞մ, թե՞ մարդկանց դեպի այդ ձայնը տվողը ճանապարհ ցույց տամ:

- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Դե, ծննդավայրս է՝ Գյումրին, որտեղ իմ սկիզբն ու արմատներն են, իսկ Երեւանն իմ երիտասարդության ու նոր կյանքիս սկիզբն է: Երրորդը դեռ չկա:

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Այս կադրում լրիվ ես եմ՝ հոգնած, հանձնված, խաղաղ: Ներդաշնակություն էլ կա ներսումս:

Բաբկեն Չոբանյանը


- Ի՞նչ է հիմա Ձեզ պակասում:

- Կամքի ուժ եւ լավատեսություն:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ամեն ինչի համար եմ շնորհակալ՝ կյանքի, իմ մասնագիտության, ընտանիքիս՝ ծնողներիս, կնոջս, երեխաներիս:  

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Պետք է հիշեմ, հաստատ կլինեն նման բաներ: Հետաքրքիր հարց է, բայց անգամ չեմ մտածել նման բաներ մասին: Ի՞նչ էիր ուզում անել, դե, ասա, հիշիր (մտածում է,-հեղ.): Երեւի, այնքան վստահ եմ՝ չեմ անի, որ չկան էլ:

- Ի՞նչ կուզեիք ասել փոքր Բաբկենին եւ ինչպե՞ս կդիմեիք:

- Տղա ջան (ծիծաղում ենք,-հեղ.), ավելի լավատես եղիր, քիչ տրտնջա, մի հանձնվիր, եթե  ինչ-որ բան սիրում ես, համարձակ ու անվերապահորեն գնա դրա հետեւից: Շատ բան կասեի, մի քանի ժամ կխոսեի հետը:

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Տղաս ամռանը բանակից գա, դիմավորեմ, ուրիշ ոչինչ աչքիս չի երեւում, ոչ մի բան կարեւոր չէ:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Bravo.am-ի եւ Բաբկեն Չոբանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW