×


Հայտնի սաունդթրեքերից մինչեւ պրեմիերա. Էնիո Մորիկոնեի գործերը՝ որդու ղեկավարությամբ եւ հայ-իտալացի երաժիշտների կատարմամբ

Հայկական եւ իտալական մշակույթների միաձուլում երաժշտական բացառիկ ծրագրի շրջանակում. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ «Մորիկոնեն ղեկավարում է Մորիկոնեին» խորագրով համերգն էր: Օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային գործերը հնչեցին նրա որդու՝ դիրիժոր Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Հանդիսատեսին անակնկալ էր սպասվում համաշխարհային պրեմիերայի տեսքով. սյուիտը, ինչպես պարզվեց, անվանի կոմպոզիտորը ստեղծել էր հայկական երաժշտությունից ոգեշնչված։ Անդրեա Մորիկոնեն ելույթից առաջ խոստովանել է՝ հայրը մեծապես հետաքրքրված է եղել Հայաստանով ու հայկական երաժշտությամբ։

Բեմում միմյանց հետ հանդես էին գալիս Roma Sinfonietta նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը:


«Շնորհակալ եմ նման ջերմ ընդունելության համար։ Հրաշալի է, որ նվագախմբի հետ այստեղ ենք։ Տեխնիկապես շատ հագեցած ու բարդ համերգ է, բայց պատկերացնում եմ՝ ինչ հրաշալի ունկնդիրներ են մեզ սպասելու։ Անկեղծ ասած՝ առանձնահատուկ հույզեր ունեմ այստեղ եւ առաջին անգամ է իմ կյանքում, երբ համերգը սկսում եմ երգչախմբով։ Մտածեցի՝ եթե այդպես եմ ուզում, ուրեմն պիտի անեմ (ժպտում է,- հեղ․)։ Շնորհակալություն հայ երաժիշտներին, որոնց հետ աշխատանքն ուղղակի փայլուն ստացվեց»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեա Մորիկոնեն։


Դիրիժորն անկեղծացավ՝ շատ հպարտ է այս համերգը ղեկավարելու առիթով, հատկապես որ իր հայրիկի գործերն են ներկայացնելու: Խոստովանում է՝ թեեւ երկար տարիներ է՝ նվագախմբի անդամների հետ աշխատում է, ընկերներ են դարձել, բայց ամեն օր նոր բան են սովորում միմյանցից, ու ամեն փորձը կարծես առաջին անգամը լինի․ «Մենք ստեղծում ենք մի արժեք, որի գեղեցկությունը հավիտենական է, անփոփոխ, ոչ մեկին չի պատկանում, վերացական հավերժության մեջ է: Այս պրոֆեսիոնալների նվիրվածությունն առանձնահատուկ շեշտադրում է պահանջում։ Նրանք Իտալիայի հպարտությունն են, քանի որ անհավանական հաջողություններ են գրանցում նաեւ միջազգային բեմերում։ Եվ որքան հրաշալի է, որ այս անգամ նվագելու ենք հայ երաժիշտների հետ»։


«Roma Sinfonietta» նվագախումբն իր ստեղծման օրվանից հանդես է գալիս երաժշտական տարբեր ժանրերում ու ոճերում՝ սիմֆոնիկ երաժշտությունից, օպերայից եւ ջազից մինչեւ կինո եւ էթնիկ երաժշտություն: Սակայն նվագախմբի գործունեության ամենակարեւոր մասն է կազմում Էնիո Մորիկոնեի սաունդթրեքերի մեկնաբանումը. նրա հետ նվագախումբը համագործակցել է 1995 թվականից սկսած եւ համերգներ ունեցել աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր բեմերում: Դե, իսկ Մորիկոնեն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հատկապես ֆիլմերի համար սաունդթրեքեր գրելով. իր գործունեության ընթացքում աշխատել է այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սերջիո Լեոնեն, Բեռնարդո Բերտոլուչին, Պիեռ Պաոլո Պազոլինին, Դարիո Արջենտոն, Սալվատորե Սամպերին եւ այլք։


Դիրիժորն իր խոսքում նաեւ հույս հայտնեց, որ այս համերգը սկիզբ կլինի հայ-իտալական համագործակցության, եւ բացառիկ այս առաջին փորձը կունենա իր շարունակությունը․«Վստահ եմ՝ մենք կկարողանանք նաեւ հայկական երաժշտությունը լավագույնս ներկայացնել աշխարհին մեր երաժիշտների օգնությամբ»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW