Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Ռաֆֆի Գալստյանն առաջին անգամ նկարահանվում է սերիալում: Նա աշխատանքների ընթացքի ու նախագծի մասին մանրամասներ է պատմել BRAVO.am-ին:
«Եթե ես կրկին պարեմ» նախնական անվանմամբ սերիալում Գալստյանից բացի, նկարահանվել են Էլեն Սաֆարյանը, Արման Ղազարյանը, Յուլիա Ֆինկը եւ ուրիշներ: Վերջիններս Գալստյանի մարմնավորած կերպարի՝ Արմենի ծնողներն են: Ռեժիսորը Հայկ Վարդանյանն է:
«Սկզբում որոշել էին միայն դերասանների ներգրավել, սակայն հետո ինձ էլ հրավիրեցին, եւ քանի որ թեման հետաքրքրեց, համաձայնեցի: Սերիալը բալետի արտիստի մասին է, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ոտքերը, հիասթափվել կյանքից ու չի ցանկանում ապրել: Իրեն խնամող աշխատողների հետ լեզու չի գտնում, բոլորին վռնդում է, ափսեներ ջարդում, իրեն վատ պահում»,- պատմել է Գալստյանը:
Րաֆֆին պատմել է, որ կերպարի կյանքում փոփոխություն է տեղի ունենում, երբ հայտնվում է Էլեն Սաֆարյանի մարմնավորած կերպարը՝ Անաիսը. «Նոր աշխատակիցը կարողանում է Արմենին ստիպել փոխել պահվածքը, համոզում է այլ կերպ նայել իրավիճակին: Անաիսը շատ բնական ու վառ կերպար է՝ տարբեր գույների հագուստ է սիրում, հաճույք ստանում իր աշխատանքից»:
Посмотреть эту публикацию в Instagram
Բալետի արտիստն ընդգծել է, որ Էլեն Սաֆարյանի հետ մինչ համատեղ աշխատանքը ծանոթ չեն եղել եւ հանդիպել են միայն նկարահանման առաջին օրը: Գալստյանի խոսքով՝ քասթինգը 2 ամիս է տեւել ու Անաիսի դերի համար հայտնի դերասանուհիներ են իրեն ուժերը փորձել, Էլենը հաստատվել է միայն վերջում: Իսկ ահա Արմենի համար դիտարկել են միայն Գալստյանի թեկնածությունը:
«Էլենի հետ հաճելի ու հեշտ է աշխատել. կարողանում է հետաքրքիր գույներ փոխանցել: Ինձ համար ամեն ինչ նոր է ու ընթացքում եմ ծանոթանում կինոաշխարհին. պատկերացումներդ ու իրականությունը լրիվ այլ են: Հետաքրքիր ու խայտաբղետ աշխարհ է, ընթացքում էլ սովորում եմ դերասանի վարպետությունը»,-ավելացրել է Գալստյանը:
Նրա համար ամենաբարդը նկարահանումներն Օպերայի եւ բալետի թատրոնում աշխատանքի հետ համատեղելն է: Հագեցած ու խիտ գրաֆիկով են աշխատում, երբեմն նկարահանումները սկսում առավոտյան ժամը 8:00-ին եւ ավարտում գիշերը ժամը 2:00-ին՝ այդ ընթացում հազիվ հասցնելով գոնե 1 ժամ հանգստանալ:
«Ուրախ եմ, որ այս սերիալի մի մասն եմ կազմում: Շատ մեկնաբանություններ կան, թե այն նման է «Ես մինչ քեզ» ֆիլմին, չեմ ժխտի, զուգահեռներ կան նաեւ «1+1»-ի հետ, բայց սա հայկական տարբերակ է՝ նոր մեկնաբանությամբ: Ֆիլմը հետաքրքիր զարգացումներ, անսպասելի նորություններ ու հումորներ ունի»,- ասել է Րաֆֆին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: