×


«Որդիս ֆուտբոլ շատ է սիրում». Հենրիխ Մխիթարյանի կյանքի կարեւոր մարդիկ եւ ընթերցասիրությունը

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի հետ չեմպիոն հռչակվելուց հետո իր հանգիստն է վայելում Հայաստանում: Երեկոյան նա ներկա է եղել Newmag-ի գրքի եւ արվեստի ամառային փառատոնին, պատմել, թե ինչ գրքեր է նախընտրում կարդալ, նաեւ հետաքրքիր տեղեկություններով է կիսվել երեխաների մասին:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հայր դառնալուց հետո իր կյանքը շատ է փոխվել ու կրկնակի իմաստավորվել: Առիթը բաց չի թողնում ժամանակը որդու եւ դստեր հետ անցկացնելու համար:


«Ձգտում եմ ամեն ինչ անել, որ երեխաներս իրենց լավ զգան ու ոչնչի կարիք չունենան: Հնարավորինս շատ ժամանակ եմ անցկացնում հետները, ամեն օր մեծ բավականություն եմ ստանում, նոր բաներ սովորեցնում ու ինքս էլ սովորում»,- ասել է նա:

Մխիթարյանը խոստովանել է, որ 4-ամյա Համլետը ֆուտբոլ շատ է սիրում, ամբողջ օրը գնդակով տանը կամ բակում խաղում է. «Ինքը կընտրի իր ճանապարհը: Եթե ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, կողքին կլինեմ ու կօգնեմ»:


Ֆուտբոլիստը նաեւ անկեղծացել է, որ իր կյանքի կարեւոր մարդիկ կնոջից ու երեխաներից բացի, մայրը, քույրն ու քեռու ընտանիքն են: Հենց նրանցից է ուժ եւ էներգիա ստանում. «Երբ կողքիդ նման մարդիկ կան, ամեն ինչի էլ ունակ ես դառնում, ամենաուժեղն ու ամենակարողը լինում»:

Գրքի փառատոնի ընթացքում Մխիթարյանը չէր կարող չխոսել նաեւ իր ընթերցասիրությունից: Խոստովանել է, որ նույն գրքերը տարբեր տարիքում վերընթերցելուց հետո բոլորովին այլ տպավորություններ է ստանում:


«Նշանակում է՝ նույն մարդը չեմ մնում, զարգանում եմ ու նաեւ ընկալումներս են փոխվում: Վերջերս կարդացած գրքերից են Դեւիդ Բեքհեմի եւ Զլատան Իբրահիմովիչի ինքնակենսագրականները, ինչպես նաեւ գիրք եմ նվեր ստացել Արցախի պատերազմի մասին: Շատ ուրախ եմ, որ գնահատում են ընթերցասիրությունս ու ինձ հաճախ են գիրք նվիրում»,- ավելացրել է նա:


Իսկ կազմակերպիչներից Մխիթարյանը նվեր է ստացել Շառլ Ազնավուրի երկերի ժողովածուն:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW