×


Հայարփի Զուռնաչյան. «Ալկոհոլ առաջին անգամ փորձել եմ 28 տարեկանում»

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հայարփի Զուռնաչյանի հետ ենք այս անգամ զրուցել BRAVO.am-ի «Բացահայտում» շարքի համար, որն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Քչերը գիտեն՝ երբեք Coca-Cola չեմ խմել ու համը չգիտեմ էլ։ Ընդհանրապես գազավորված ըմպելիքներ չեմ խմում։ Երկրորդը՝ շատ եմ սիրում պոկեր խաղալ ու բավական լավ է ստացվում։ Եվ վերջինը՝ նվագում եմ թավջութակ, ինչի մասին եւս քչերը գիտեն։

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Ինձ վրա հատկապես ազդել են Գաբրիելա Կարիզոյի եւ Ֆրենկ Չարտերի «Նայելով Թոմին» ներկայացումը, Ռիմաս Տումինասի «Քեռի Վանյա»-ն, Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժ կուռքը» բալետը:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- Ալկոհոլ առաջին անգամ սկսել եմ օգտագործել 28 տարեկանում. հիմա հենց այդքան եմ։ Իմացել եմ, որ ալկոհոլն ինձ շատ դուր է գալիս, փոշմանել եմ, որ մինչ այս ընդհանրապես չէի օգտագործում։

Հայարփի Զուռնաչյանը


- Հայկական թատրոնը՝ մի քանի բառով: Ի՞նչ է նրան պակասում:

- Հայկական թատրոնն ունի բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները, որպեսզի կարողանա կանգնել աշխարհի լավագույն թատրոնների կողքին։ Բայց մեզ մոտ հաճախ անձնական ամբիցիաների պատճառով մոռանում են, որ մեր գործն արվեստ ներկայացնելն ու ստեղծելն է, այլ ոչ թե միմյանց ինչ-որ մի բան ապացուցելը: Եթե լուրջ ու առողջ մրցակցություն լինի, ավելի մեծ բաների կհասնենք։

- Նոր կերպար ստանալու ամենահաճելի պահերը:

- Նոր կերպար ստանալն առհասարակ շատ հաճելի է, իսկ ամենայուրահատուկն այն է, որ հասկանում ես՝ հիմա նոր մարդ կարող ես լինել։ Միանգամից սկսում եմ մտածել, թե նա ինչպիսին կլինի, ոնց կխաղաս. ամենահուզիչ եւ հաճելի պահերից է։ Այն, ինչ կյանքում մեզ թույլ տալ չենք կարող, բեմում անում ենք՝ անընդհատ փոփոխվելով։

Հայարփի Զուռնաչյանը


- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Դրանք սկսվում են, երբ դեռ սեղանի շուրջ ընթերցում ենք պիեսը, ու ավելի են բարդանում միզանսցեններով ու ներկայացումն ավարտին հասցնելիս։ Փորձում ես այնպես անել, որ մի կերպարդ մյուսից տարբերվի։ Պրպտումների ու մտածելու փուլն է, որպեսզի ինչ-որ հետաքրքիր բան անես ու գտնես այն մի յուրահատկությունը, որով այդ դերդ պիտի առանձնանա։ Եթե անգամ մեկն ես գտնում, արդեն իսկ առավելություն է եւ օգնում է քեզ չկրկնել, ինչը մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է։

- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:

- Հուզմունք, ադրենալինի բարձրացում եւ պատասխանատվության զգացում։

- Ներկայացումներ, որ միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ եք խաղալու:

- «Գարդենիան» է, «Սպանդի աստվածն» ու «Ֆարյատեւի ֆանտազիաները»:

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Արվեստը շատ գեղեցիկ կողմեր ունի, երեւի, ամենասիրուն ու լավ բանն է, որ կա աշխարհում։ Ինչպե՞ս հնարավոր կլիներ ապրել առանց երաժշտության, պարի, նկարչության, այդ ամենն արդեն իսկ գեղեցիկ են: Ուրախ եմ, որ հենց այս մասնագիտությունն եմ ընտրել, որովհետեւ մեզ այնքան լայն հնարավորություններ է ընձեռում արտահայտել այս կյանքում ապրած էմոցիաները։ Իսկ այդ հուզական դաշտի մոտ 90 տոկոսը մեզ հենց արվեստն է տալիս։

Հայարփի Զուռնաչյանը, «Գարդենիա» ներկայացում


- Ինչպիսի՞ն է Ռուսական թատրոնն ու ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

- Շատ եմ սիրում մեր թատրոնն ու ուրախ եմ, որ աշխատում եմ հենց ռուսական դրամատիկականում։ Ամենամեծ յուրահատկությունն ու առանձնահատկությունն այն է, որ ներկայացումների լեզուն ռուսերենն է, եւ կարծում եմ՝ մեր թատրոնը դեռ շատ զարգանալու տեղ ունի։ Հավատում եմ, որ ավելի լավ բեմադրություններ կունենանք։

- Խաղընկերներ, որոնցից սովորել եք եւ սովորում եք։

- Շնորհակալ եմ իմ ավագ գործընկերներին, որովհետեւ թատրոն գալուս առաջին իսկ օրվանից միայն ջերմություն ու լավ վերաբերմունք եմ ստացել։ Չի եղել դեպք, որ որեւէ հարցով դիմեմ մեկին, չփորձեն օգտակար լինել։ Իհարկե, շատ բան կարելի է սովորել նրանցից. անուններ չեմ տա ու չեմ առանձնացնի։ Իրենք անձնապես էլ գիտեն, թե որքան են ինձ օգնում ու աջակցում, ինչի համար նրանց սիրում եմ եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել եմ։ Երբ հարցազրույցը կարդան, կհասկանան, որ հենց այդ մարդկանցից մեկն են։

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Մի քիչ դժվար է պատասխանել, բայց կարծում եմ՝ առաջինը կասեն, որ լավ էներգիա փոխանցող եմ, ուրախ եւ անմիջական։ Առհասարակ, միշտ փորձում եմ մարդկանց դրական ու լավ էմոցիաներ տալ։

Հայարփի Զուռնաչյանը եւ Մկրտիչ Արզումանյանը



- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Հիմա կդժվարանամ ասել, որովհետեւ հենց զգալու պահին ես հասկանում, որ մանկություն գնացիր։ Բայց երբ մաման կողքիս է ու յուրաքանչյուր բան, որ անում է, օրինակ՝ ուտելիք պատրաստում, ինձ նորից երեխա է դարձնում, ու վերադառնում եմ մանկություն։ Երբ նա կողքիս է, նորից երեխա եմ, ու մանկության բույրը հենց մամաս է։

- Հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Կուզեի հանդիպել «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին ու հարցնել. «Ի՞նչ կցանկանայիք, որ լսենք, ո՞րն է Ձեր ամենասիրելի երգը»։

- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Իմ կյանքի որոշիչ վայրերն արվեստի ուսումնարանն ու թատերական ինստիտուտն են, որտեղ սովորել եմ ու ավարտել։

- Երեւանի թաքնված ու Ձեզ հարազատ տեղերը:

- Երեւի, ուրիշների համար թաքնված է, իսկ ինձ համար՝ ոչ. իմ սիրելի գրիմանոցն է, մի քանի վայրեր էլ կան, որտեղ ինձ լավ եմ զգում, դրանից մեկը յուրահատուկ սրճարան է։

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Արվել է ծննդյանս տարեդարձին, այն պահն է, երբ ընկերներով շրջապատված եմ։


- Ձեր ոճի մի քանի կանոն:

- Բարձրակրունկ կոշիկները միայն երեկոների համար չեն։

- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

- Իմ զգեստապահարանում չի կարող լինել հագուստ, որն ինձ չի սազում, եւ բաներ, որ տանել չեմ կարողանում՝ փումփուլներով հողաթափեր, բարձր ներբանով սպորտային  մարզակոշիկներ, կենդանական պրինտով լասինաներ։

- Իսկ որի՞ց չափից շատ կա:

- Կոշիկներն են գերակշռում, որովհետեւ դրանց հանդեպ շատ մեծ թուլություն ունեմ եւ չեմ կարողանում անտարբեր անցնել, հատկապես՝ բարձրակրունկների կողքով։

- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Հիմնականում տխուր երգեր եմ սիրում, բայց հազիվ երկուսը կընտրեմ տխրելու առիթի համար՝ Ժակ Բրելի «Ne Me Quitte Pas»-ը եւ Աննա Գերմանի «Նրբությունը»։ Ուրախներից կնշեմ «Քուին»-ի «Don't Stop Me Now»-ն, «Լա-Լա Լենդ» ֆիլմի սաունդթրեքներից «Another Day of Sun»-ը։

Հայարփի Զուռնաչյանը


- 3 բառով նկարագրեք, թե ի՞նչ է ընկերությունը:

- Ընկերությունն իմ կյանքում ամենակարեւոր բաներից մեկն է, այն հավատարմությունն է, վստահությունն ու ազնվությունը։

- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ ընտանիքիս անդամներն են ու կյանքիս ամենամեծ ձեռքբերումներից՝ ընկերներս։

- 3 ոգեշնչող հանգամանք:

- Երաժշտություն, ճամփորդություն, մարդիկ։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:

- Միշտ ուզել եմ ձիավարություն սովորել ու լավ տիրապետել։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Ուզել եմ շատ բարձր տեղից օդապարիկով ցատկել ու ոնց որ թե շատ մոտ եմ անհրաժեշտ համարձակությանը, որ դիմեմ այդ քայլին։

- Ի՞նչն է հիմա Ձեզ պակասում:

- Մի քիչ պակասում է ոգեշնչումն ու ոգեւորությունը, բայց համոզված եմ՝ ինչ-որ պահի կգա։ Մասնագիտական առումով ծանր տարի էր ու մի քիչ սպառվել եմ, բայց հանգստից հետո կվերականգնվեմ ու կգտնեմ այն։

Հայարփի Զուռնաչյանը


- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ամենաշատը շնորհակալ եմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ, իմ մեջ ոչինչ չեմ ուզում փոխել։ Շատ շնորհակալ եմ նաեւ ընտանիքիս ու ընկերներիս համար, առհասարակ, որ ծնվել եմ։ Կյանքը հիասքանչ է։

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- 2024-ը դեռ չի ավարտվել, այնպես որ, կարծում եմ՝ դեռ շատ լավ բաներ են ինձ սպասվում։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հայարփի Զուռնաչյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW