BRAVO.am-ի բացահայտումների շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել են Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի հետ, որը վերջերս «Լավագույն դերասան» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի է արժանացել:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Բացարձակ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Անբացատրելի ամաչկոտ եմ։ Սարսափում եմ բեմ բարձրանալ, միանգամից անկեղծացա:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Մոցարտի «Ռեքվիեմը», Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» եւ Վան Գոգի կտավները։
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Հաճախ դերասաններին նույնականացնում են մարմնավորած կերպարի հետ, ու այդ պատճառով հայտնվում ես մի իրավիճակում, որն անհեթեթության ժանրից է։
- Դերասանների ամենամեծ վախերը:
- Երեւի, խոսքերը մոռանալն ու մուտքից ուշանալը։ Անձամբ ես ամենաշատը վախենում եմ բեմ դուրս գալ (ծիծաղում է,-հեղ.):
Տիգրան Գաբոյանը
- Գյումրու թատրոնը Ձեզ համար` 3 բառով:
- Քավարան, դրախտ, երանություն:
- Նոր կերպար ստանալու ամենահաճելի պահերը:
- Հաճելի մարդու հետ նոր ծանոթության նման մի զգացողություն է, որին ուսումնասիրելուց, խորքերը թափանցելուց հետո աստիճանաբար դարձնում ես քո համախոհը, բարեկամը, ընկերն ու հարազատը՝ տալով քո արյունը եւ վերջապես քո հոգին։
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն բեմում:
- Պայքարողի, հաղթանակի ձգտողի եւ ազատության հասած մարդու զգացումներ։
- Ներկայացում, որը կցանկանայիք կրկնել ու նորից վերադառնալ այդ օրը:
- Այդպիսի ներկայացումներն ու կերպարները մի քանիսն են, բայց առանձնացնեմ Կոստան Զարյանի «Արա աստվածը»՝ Հրաչյա Ղազարյանի բեմադրությամբ։ Վերերկրային ներկայացում էր. անբացատրելի ու ոչ սովորական զգացումներ եմ ունեցել խաղալու ընթացքում։
Տիգրան Գաբոյանը
- Ամենաազդեցիկ եւ թատրոնում մեծ փոփոխություններ արած մարդիկ:
- Կոնստանտին Ստանիսլավսկի, Էդվարդ Գորդոն Քրեյգ, Եվգենի Վախթանգով, Բերտոլդ Բրեխտ: Թատերական բնագավառը զարգացրած ու հարստացրած մարդիկ շատ են:
- Ներկայացումներ, որ միշտ անհամբերությամբ եք սպասում, թե երբ եք խաղալու:
- Անկեղծ ասած՝ բոլոր ներկայացումներն էլ շատ եմ սիրում, բայց կառանձնացնեմ մի քանիսը՝ «Արշիլ Գորկի», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», «Մաուգլի», «Ինկած բերդի իշխանուհին»։
- Խաղընկերներ, որոնցից սովորել եք կամ սովորում եք։
- Առանց ավելորդ համեստության ասեմ՝ բոլորից եմ սովորում։ Սովորում եմ, թե ինչպես պետք է անել, թե ինչպես չի կարելի անել։ Անչափ պարտավորեցնող է նաեւ, որ խաղում ես քո ուսուցիչների հետ, ովքեր քեզ սովորեցրել են բեմում խոսել, քայլել, շնչել... Նրանցից են Սուսաննա Բաղդասարյանը, Անահիտ Քոչարյանը, Սամվել Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու այլք: Վերջերս հնարավորություն ունեցա բեմ բարձրանալ տաղանդավորագույն դերասանուհու հետ, որից իսկապես շատերը պետք է սովորեն՝ Նարինե Գրիգորյանի։
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը։
- Բնությանն ու հարաբերություններին նայում ես մի այնպիսի դիտանկյունից, որն անտեսանելի է մեծամասնության համար։ Եվ երբ այն վերարտադրում ես արվեստի լեզվով, հաճելի զարմանք, հաճույք եւ խորհելու առիթ ես տալիս մարդկանց։
Տիգրան Գաբոյանը եւ Նարինե Գրիգորյանը
- Ժամանակակից հայ թատրոնը՝ մի քանի բառով:
- Այսօր թատրոնն առհասարակ որոնումների շրջանում է, փնտրտուքների մեջ։ Թատրոնի մարդիկ ուզում են գտնել 21-րդ դարի թատրոնի ձեւերը։ Վերջին շրջանում նկատում ենք, որ շատացել են փորձարարական ներկայացումները։ Մեկ նախադասությամբ ասած՝ նորի որոնման ճանապարհին է։
- Ինչպե՞ս է Ձեզ փոխել ու նորովի բացահայտել հայրությունը:
- Պատասխանատվության մի ահռելի չափաբաժին զգացի ներսումս, երբ առաջին անգամ տեսա իմ ստեղծածին՝ սեփական երեխային: Տաթեւիս ծնունդից հետո վերարժեւորեցի սեր բառի իմաստը, որը մինչ այդ այլ կերպ էի ընկալում։ Այդ պահից հասկացա, որ սերը զոհաբերություն է հանուն քո ստեղծածի։ Իսկ երբ առաջին անգամ ասաց՝ «հայրիկ», պարզապես խելագարվեցի, չէ՞ որ մենք Աստծուն ենք այդպես դիմում՝ Հայր մեր։ Ուրեմն՝ պետք է աստվածային սեր ունենաս քո ներսում, որ այդ կոչումը պատվով տանես։
- Ծնող լինելու ամենահաճելի ու դժվար կողմը:
- Երեխան, որ անհամբերությամբ սպասում է քեզ, տեսնելու պահին երկու ձեռքով ամուր գրկում ու համարում իր հարազատը, նեցուկն ու հենարանը, ինձ համար կատարյալ երջանկություն է, երանելի մի զգացողություն, որը անհնար է համեմատել այլ մի բանի հետ։ Դժվար է այս զգացողությունները զսպել ու սառը դատողությամբ դաստիարակել այդ ազնվագույն էակին, որ չկորցնի իր անաղարտությունն ու անհատականությունը, բայց եւ զարգանա նախ որպես մարդ՝ խորքային իմաստով, ապա կիրթ քաղաքացի։ Մենք այսօր, առավել քան երբեւէ, ունենք կիրթ քաղաքացիների կարիք, որ զարգացնեն ու շենացնեն մեր հայրենիքը։ Դժվար է հատկապես մեր օրերում արթնացնել երեխայի գիտակցությունը։
Տիգրան Գաբոյանը՝ դստեր հետ
- Երեխաներից սովորած կարեւոր հատկություններ։
- Անկեղծություն, ազնվություն եւ սիրելու ունակություն։ Ինձ հաճախ թվում է, որ երեխաներն ավելի լավ սիրել գիտեն, քան՝ մեծերը։
- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:
- Հավատն Աստծո եւ իմ ուժերի հանդեպ: Եթե Աստված կամեցել է, որ լույս աշխարհ գամ, ապա պետք է հավատալ, որ առաքելություն ունես այս աշխարհում՝ յուրաքանչյուրն իր հնարավորություններով, իսկ դրանք շատ մեծ են։ Պարզապես պետք է հավատալ ուժերիդ ու Աստծո տվածին։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Ես էլ չգիտեմ, երեւի, պետք է իրենց հարցնել։
- Արվեստագետ, որի հետ դեմ չէիք լինի զրուցել:
- Մեծագույն հաճույքով կզրուցեի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ:
- Իսկ ի՞նչ հարց կուզեիք նրան տալ:
- Հարցեր շատ կան մեծ գիտակին տալու եւ նրանից շատ բաներ սովորելու համար։
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Գարնանը՝ թարմ կանաչի, աշնանը՝ արեւի տակ չորացած ծղոտի հոտը, որոնց վրա սիրում էի պառկել ու երազել, երբ գյուղ էինք գնում։ Նաեւ նոր թխած լավաշի բույրը։
Տիգրան Գաբոյանը
- Գյումրիի թաքնված ու Ձեզ համար հարազատ տեղերը:
- Գյումրու ամեն մի անկյուն ինձ համար թանկ է ու հարազատ, անփոխարինելի։ Եթե որեւէ մեկն առանձնացնեմ, մյուսները կնեղանան։ Գյումրին անմեկնելի սեր է։
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:
- Կուզեի ոսկերիչ լինել եւ տիրապետել բոլոր նրբություններին։
- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:
- Եկեղեցի, գրադարան, թատրոն։
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Շուրջ 30 տարի առաջ ինձ տարան թատրոն՝ դիտելու «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը։ Դա իմ գիտակցական կյանքի սկիզբն ազդարարող օր էր։ Հրաշալի ներկայացում, որի ավարտից հետո ներսումս ինչ-որ բան փոխվեց։ Հաջորդող օրերին միտքս անդադար ինձ տանում էր այդ խորհրդավոր աշխարհը։ Արթմնի երազներում ես այդ ամրոցում էի՝ Վասիլ իշխանի հագուստով․․․ 13 տարեկանում ես երազում էի ոչ թե հեծանիվ ունենալու, այլ միայն բեմ բարձրանալու եւ իշխան Վասիլ լինելու մասին։ Եվ ահա, 30 տարի անց մանկությանս երազանքը իրականություն դարձավ։ Նախորդ տարի, երբ տեսա դերաբաշխման հրամանը, սիրտս սկսեց այլ կերպ խփել։ Այո, երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Այդ պահին ես դարձա 13 տարեկան, ով առաջին անգամ թատրոն մտավ՝ գերվելով այս մոգական աշխարհի հմայքներով։
Տիգրան Գաբոյանը
-Ի՞նչն է հիմա Ձեզ պակասում:
- Խաղաղությունը։ Դրսի աշխարհը խաթարել է ներսիս խաղաղությունը։
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Եթե Աստծուն, ապա յուրաքանչյուր բացվող օրվա եւ այն ամենի, ինչ նա է տալիս ինձ. ոչ թե իմ խնդրածների, այլ՝ իր տվածի։ Իսկ եթե մարդկանց՝ նրա համար, որ այնքան լավն են, որ իրենց միջոցով Աստված ցույց է տվել ինձ իր սերը։ Իմ կյանքում կան այդպիսի մարդիկ։
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Շատ եմ ցանկանում մեքենա վարել, բայց վախենում եմ (ծիծաղում է,-հեղ.)։ Շատ քիչ բաներ կան, որոնցից վախենում եմ, իսկ դրանք այնքան անհեթեթ բաներ են, որ չեմ ասի։
- Ի՞նչ կուզեիք ասել փոքր Տիգրանին եւ ինչպե՞ս կդիմեիք:
- Այն, ինչ հիմա ասում եմ իմ երեխաներին՝ մի վախեցիր սխալվելուց եւ մի հուսահատվիր։ Երազանքդ դարձրու նպատակ եւ ջանա հասնել դրա իրականացմանը։ Կյանքը գեղեցիկ է իր բոլոր դրսեւորումներով։ Չդադարես պայքարել եւ ճշմարտությանը ծառայել։ Դժվարությունը հաղթահարում են միայն կամային հատկություն ունեցողները, դարձիր նրանցից մեկը՝ չոտնահարելով այլոց արժանապատվությունը։ Հիշիր՝ դու կարող ես։
- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Անելիքների մասին չեմ սիրում խոսել, իսկ արածներն ու ձեռքբերումները տեսանելի են։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: