×


Ավելորդ լարվածություն չկա, պատասխանատվության զգացում կա․ Հայկ Հեքեքյանը՝ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի մասին

Նորվեգիայում օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը, որը հաղթող է ճանաչվել հայաստանյան մրցույթի ժամանակ։ Մեկնումից առաջ երաժիշտը հանդիպել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ՝ կարծիքներով փոխանակվելու եւ արդեն ընկեր դարձած երաժիշտների մաղթանքները լսելու։ Bravo.am-ը եւս ներկա է եղել այդ հանդիպմանը, զրուցել Հայկի հետ բարդ երաժշտական գործիքի ընտրության, երկիր ներկայացնելու պատասխանատվության եւ այլ թեմաների շուրջ։

Դասական երաժշտության միջավայրը՝ մանկուց

Ես ծնվել եմ երաժշտական ընտանիքում եւ արդեն երկու տարեկանից երգել եմ հայրիկիս՝ Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում։ Շատ փոքր տարիքից ամբողջ առօրյաս լցված էր դասական երաժշտությամբ, քանի որ մայրս նույնպես դասական երաժիշտ է, տանը մենք ունեինք բազմաթիվ ձայնագրություններ, որոնք խտասալիկով միացնում էին, ես լսում էի եւ հենց հոբոյի հնչյուններ։ Ես դեռ չգիտեի, թե ինչ գործիք է դա։ Մինչեւ հոբոյ նվագել եմ նաեւ դաշնամուր եւ շվի։ Կարծեմ 8 տարեկանի էի, երբ հայրս ասաց, որ ուզում է նվագեմ հոբոյ, ես համաձայնեցի, քանի որ միշտ նոր փորձառություններին եւ հնարավորություններին կողմ եմ։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն էլ օգնեց լավ կրթություն ստանալու հարցում։


Հոբոյը՝ բարդագույն երաժշական գործիք

Հոբոյը Գինեսի գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարդ երաժշտական գործիքներից մեկը, հենց առաջին անգամ տեսա, հասկացա բարդությունը, մի փոքր շփոթվեցի, բայց հետո ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ։ Իմ սիրելի ուսուցիչ Հարություն Շախկյանի հետ շատ փորձությունների միջով անցանք, տեխնիկական հարցեր կային մատների դիրքի մասով, բայց մենք աշխատեցինք եւ ես հասա ճիշտ ձեւին։ Երաժիշտների մոտ կա տարածված սովորույթ, որ, եթե սկզբում շվի են նվագել, ապա հետո հոբոյ են շարունակում, բայց ես հիմա բացարձակ համաձայն չեմ դրա հետ, քանի որ փաստացի շատ էր խանգարում։ Հոբոյն առանձնանում է իր հնչողությամբ եւ նվագելու տեխնիկայով։ Բարդ գործիք է, բայց, ըստ իս, աշխարհի ամենաբնական ու բնության տված գործիքներից է, քանի որ այն փայտից է, իսկ նրա ձայնոցը (ինչպես Կոմիտասն է անվանել) փոխվում է կլիմայական փոփոխություններից։ Այն հարկավոր է նախապես դնել ջրի մեջ, ինչպես դուդուկի դեպքում, իսկ ջուրը ամենաապրող բանն է։ Այս գործիքն ունի տրամադրություն, ես ամեն օր փորձում եմ հարմարվել նրա հետ, այն աշխարհի ամենախոսուն գործիքներից մեկն է։


Ներկայիս երիտասարդությունը եւ դասականը երաժշտությունը

Լսելու առումով դասականը երիտասարդների շրջանում գուցե շատ տարածված չէ, բայց հենց պատանիների մեջ ունենք լավ երաժիշտներ, կարող եմ ասել՝ շատերն են սիրում դասականը, ինչպես նաեւ հենց այս մրցույթից հետո շատերը կցանկանան տիրապետել երաժշտական գործիքի, չէ՞ որ սա նոր հնարավորություն եւ հետաքրքրություն է։ Ինքս նաեւ ջազ եմ շատ սիրում լսել, բայց տարբեր հաղորդումների եւ համերգների շրջանակում ես ներկայացրել եմ հենց դասականը եւ հատկապես հոբոյը։ Եթե ունենամ հնարավորություն, ապա կուզեմ այնպես անել, որ այն մեծ տարածում գտնի։


«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը՝ նոր հնարավորություն ու մարտահրավեր․ պատասխանատվությունը մեծ է

Դե, քանի որ ես շրջապատված եմ երաժիշտներով, ընկերներս եւս այս ոլորտում են՝ մրցույթի մասին տեղեկությունը շատ արագ հասավ ինձ։ Սկզբում հաճելիորեն զարմացա, որ կա դասական Եվրատեսիլ, իմացա՝ առաջին տարին չէ, որ մասնակցում ենք, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, շատ հետաքրքիր կանցնի ամբողջ գործընթացը, շփումները, նոր ընկերներ գտնելը եւ տարբեր նվագախմբերի հետ աշխատելը։ Հայաստանյան մրցույթի մասնակիցներից շատերին ճանաչում էի, ոմանց հետ արդեն հիմա լավ ընկերներ ենք, նրանցից դրական մաղթանքներ լսեցի։ Շատ հետաքրքիր շրջան է հիմա իմ կյանքում, ես մեծ փորձ ունեցա, ժյուրիի կարծիքները եւս կարեւոր էին։ Երբ իմացա՝ ես եմ ներկայացնելու Հայաստանը, ուրախությանը զուգահեռ շատ մեծ պատասխանատվություն եկավ։ Հասկացա, որ գալու է ավելի կարեւոր փուլ, երբ ես իմ այսքան տարիների  անցածս տանելու եմ եւ շատ լավ ներկայանամ, քանի որ մի ամբողջ երկրի պատվիրակ եմ։ Շնորհակալ եմ ինձ վստահելու համար։


Մրցույթին տրամադրվածությունը եւ սպասումները

Ներկայանալու եմ Լյուդվիգ Ավգուստ Լեբրենի հոբոյի Ռե մինոր կոնցերտով,  որով ես հանդես եկա այստեղ եզրափակչին, ու որոշեցինք այդ գործով ներկայանամ, քանի որ շատ դուր էր եկել թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին։ Այն համապատասխանում է մրցույթի չափանիշներին, բացի այդ՝ իմ ամենասիրելի կոնցերնտերից է, ամբողջովին յուրացրել եմ եւ շատ հարմար եմ ինձ զգում, որ հենց դա եմ ներկայացնելու։ Գլխավոր սպասումս լավ ելույթ ունենալն է, չէ՞ որ ես այստեղ ոչ միայն իմ ու այլ մեծ թիմի աշխատանք եմ ներկայացնում, այլեւ մարդկանց, որոնք իմ կողքին են։  Շատ լավ եմ տրամադրված, լավ խոսքեր եմ լսում, կարեւոր խորհուրդներ, ավելորդ լարվածություն չկա, բայց պատասխանատվոթյան մեծ զգացում կա։

Արմինե Բրսոյան
Լուսանկարները՝ Հայկ Հեքեքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW