Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի կինը՝ երաժիշտ Նելլի Սարգսյանը, երկար տարիներ է` Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրենն է: BRAVO.am-ի հետ բացառիկ հարցազրույցում նա պատմել է մեծ մարդու, հայի, լոռեցու եւ դերասանի մասին: Զրուցել ենք Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
- Սկսենք Սոս Սարգսյանի ծննդավայր Լոռիից, ինչպիսի՞ն էր նրա ազդեցությունը ձեր կյանքում:
- Լոռեցիների նկատմամբ նրա սերը նաեւ ինձ է փոխանցվել։ Մեծ քրոջս ամուսինն էլ Լոռիից է, նա եւ Սոսը միմյանց այնպես էին համակրում, բացի այդ էլ, խելագարի պես սիրում էին իրենց բնությունն ու աշխարհը։ Սովորել եմ իր աչքերով նայել Լոռվա գեղեցկությանը, սարերին, անտառներին, կլիմայի եւ մարդկանց փափկությանը։ Լոռեցիները շատ են տարբերվում՝ ավելի մեղմ են, խոր ու հետաքրքիր: Երբեք չեմ մոռանա Ստեփանավանում հանգստանալիս մեր հարեւաններից մեկի թեյ խմելու հրավերը: Երբ այցելեցինք, մեզ միայն ամուսինը դիմավորեց, բայց տանը կնոջ ձեռք էր զգացվում: Նա եկավ երկար բացակայությունից հետո, ներողություն խնդրեց, գնաց շորերը փոխելու ու հետը մի հաստափոր տետր բերեց՝ ասելով. «Սոս Արտաշեսովիչ, անհարմար եմ զգում, բայց Ձեզ ցույց չտալ չեմ կարող»։ Բանաստեղծություններ էին. մի ամբողջ օր հողի հետ աշխատում էր, կովերին կթում, իսկ ուշ երեկոյան ռոմանտիկ ու հետաքրքիր տողեր գրում։ Շատ զարմանալի բան է, ուրիշ ոչ մի տեղ կենցաղի համադրությունն այդքան ճիշտ զգացող եւ նրբանկատ մարդկանց չեմ տեսել:
Նելլի Սարգսյանը
- Ինչպե՞ս էր լոռեցի լինելն արտահայտվում Սոս Սարգսյանի բնավորության մեջ։
- Մեղմ մարդ էր, նրբանկատ եւ ներող, բայց սկզբունքային էր եւ կարող էր նաեւ կոշտ լինել: Չէր սիրում որեւէ մեկին նկատողություն անել, նույնիսկ՝ իր երեխաներին ու ինձ, թեեւ չեմ կարծում, որ անսխալական եմ եղել, ասում էր. «Չէ՞ որ արդեն այդ սխալն արվել է, իսկ կարծիքիս մասին իմ վերաբերմունքից կիմանան»։ Արվեստում ու կյանքում ամեն հարցի շուրջ իր յուրահատուկ ու հետաքրքիր տեսակետն ուներ։ Երբ ամբողջ Երեւանն ու Հայաստանն ըմբոստացել էին Առնո Բաբաջանյանի արձանի պատճառով, քարկոծում էին Դավիթ Բեջանյանին, մի օր վեր կացավ ու ասաց. «Գնամ նայեմ ու գամ»։ Վերադարձավ եւ այսպես խոսեց. «Ինքնատիպ ու հետաքրքիր արձան է, շատ ավելի առաջադեմ, քան մեր ժողովուրդը կարող է ընդունել, բայց իրենք հետո կհասկանան այն»։ Այդպես էլ եղավ (ծիծաղում է, -հեղ.): Եվ նա քչերից էր, որ արտահայտվեց ու գովեց արձանը։
- Հեշտությամբ էր լեզու գտնում երիտասարդների հետ. չէր քննադատում ու հավատում էր նրանց ուժերին, ինչն էլ արդյունք էր տալիս։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
- Շատ էր սիրում երիտասարդներին ու միշտ հավատում նրանց։ Իմաստուն մարդ էր, հասնելով այս տարիքին՝ ես էլ հասկանում եմ, որ երիտասարդությունը մի նոր ուժ եւ ալիք է բերում, մի այլ թարմություն եւ հետաքրքիր մտածելակերպ, ինչը պետք է գնահատել։ Երիտասարդությունն ավելի առաջադեմ է ոչ միայն այն պատճառով, որ կարողանում է գաջեթներից օգտվել, այլ ինքնատիպ է ու համարձակ։ Սոս Սարգսյանն էլ այդ ամենը գնահատում էր։
- Իր հիմնադրած Համազգային թատրոնում դերասանների մեծ մասը հենց իր կուրսի ուսանողները դարձան, որոնց վստահեց ու բերեց թատրոն:
- Սկզբնական կազմը հավաքվել էր Սունդուկյանի անվան թատրոնից, որտեղ ժամանակին ինքն էլ աշխատել է։ Նրանք 90-ականներին առանց աշխատանքի էին մնացել ու համախմբվեցին Արտաշեսովիչի շուրջը, դժվար մարդիկ էին, բայց շատ շնորհքով։ Որքան բարդ մարդ էր Կարեն Ջանիբեկյանը, նույնքան էլ տաղանդավոր էր. երբ բեմ էր բարձրանում, լցնում էր այն։ Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը, Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանն էին նաեւ նրա հետ։ Բայց հետո սերնդափոխություն եղավ ու երիտասարդներ եկան, վերցրեց իր ավարտած ողջ կուրսը, որոնք հիմա մեր թատերական աշխարհում կարկառուն դեմքեր են՝ Արման Նավասարդյան, Տաթեւ Ղազարյան, Վարշամ Գեւորգյան, Նարինե Գրիգորյան։ Դավիթ Հակոբյանն առաջին կազմում էլ կար, հիմա էլ շարունակում է մնալ թատրոնում։
- Ինչպիսի՞ն էր ծանր 90-ականներին նոր թատրոնի ստեղծումն ու ի՞նչն էր իրենց գործն այդքան սիրող մարդկանց հավատ ներշնչում ապագայի հանդեպ։
- Սոս Սարգսյանը կարողանում էր ստեղծել այն մթնոլորտը, որտեղ բոլորն իրենց ընտանիքի պես էին զգում ու հարազատ դառնում։ Հաճախ ներկայացումներից կամ փորձերից հետո տուն չէին գնում՝ զրուցում էին, միասին ճաշում ու հաճույքով ժամանակ անցկացնում։ Այդ հավաքույթների առնչությամբ իրեն ասում էի. «Ինչո՞ւ չես միջամտում», քանի որ տղամարդիկ տուն չէին գնում ու նրանց կանայք դժգոհում էին (ծիծաղում ենք, -հեղ.)։ Պատասխանում էր. «Պետք է հանգիստ թողնել, որ ընկերանան, պիտի հարազատանան։ Իսկ այդ ինտրիգները միշտ էլ բոլոր թատրոններում եղել են ու պետք է լինեն, եթե չկան, ուրեմն՝ թատրոն չէ»։ Իհարկե, դժվարություններ էլ կային. ներկայացման ժամանակ կարող էին լույսը կտրել, բայց բոլորս պատրաստ էինք դրան՝ մոմերով էինք գնում թատրոն, վառում էինք, ու շարունակում էին խաղալ։
- Հայտնի պատմություն կա, որ Սոս Սարգսյանին որքան էլ փորձել եք համոզել ոտաբոբիկ բեմ չբարձրանալ, հրաժարվել է:
- Թոքերի բորբոքումից նոր էր լավացել, ու համոզում էի հողաթափեր հագնել, ախր, պարտադիր չէր ոտաբոբիկ լինել բեմում. բոլորս Գրողների միության ցուրտ դահլիճում մուշտակներով էինք: «Ո՞նց կարելի է, մահացող մարդն ինչպե՞ս կարող է հողաթափերով լինել, նրան պետք է մոտեցնել ամենաբնական վիճակին»,- ասաց: Այդպիսի նվիրվածություն եւ ռեալիստական թատրոնի նման պատկերացում ուներ:
- Ո՞նց անցավ Համազգայինի առաջին ներկայացումն ու դերասաններն ինչպե՞ս կարողացան իրենց խանդավառությունը փոխանցել հանդիսատեսին:
- «Սանիտայի թաղապետ»-ի ավարտից հետո դահլիճը շուրջ 20 րոպե հոտնկայս ծափահարում էր: Հունվարի կեսերն էին, ու խեղճերը գրեթե կիսամերկ կանգնած մրսում էին (ծիծաղում է, -հեղ.)։ Իհարկե, Սարգսյանին անմիջապես վերարկու հագցրին, ոտքերին էլ՝ կոշիկներ: Այդ ծափերից շատ էի հուզվել ու անդադար արտասվում էի: Համախմբվածություն կար մարդկանց մեջ, չնայած որ 1992-ի ամենածանր ու մութ շրջանն էր, պատերազմ էր, կիսասով վիճակում էինք ու կարտոֆիլից բացի, ոչինչ չէինք ուտում: Բայց մարդիկ, միեւնույն է, գալիս էին ներկայացումները դիտելու։
Ազատ երեկոներին թատրոնի անձնակազմը մեր տանն էր լինում: Այն ժամանակ Մաշտոցի պողոտայի բարձրահարկ շենքի 2 սենյականոց բնակարանում էինք ապրում, եւ այդ 35 քառակուսի մետր սենյակներում պատերի երկայնքով 5 կուբամետր փայտ էինք տեղավորել, ինչ-որ մեկն էլ մեզ Իջեւանից վառարան էր նվեր ուղարկել: Պատկերացրեք՝ փայտերի վրա լվացք էինք փռում, վառարանում կարտոֆիլ եփում ու թթվի հետ ուտում, եւ մեզ լրիվ երջանիկ էինք զգում, քանի որ շրջապատված էինք ամենահարազատ ու բարի մարդկանցով: Այդ ամենի կենտրոնում Սոս Սարգսյանն էր, որն իր էներգիայով կարողանում էր բոլորին միավորել: Ժամերով հայկական պոեզիա էինք լսում, ես էլ ռուսական գրականություն էի դեմ տալիս, եւ նա հաճույքով իր համար բացահայտեց Վիսոցկուն, Օկուջավային եւ մյուսներին։ Հետաքրքիր ու երջանիկ ժամանակներ էին։
- Իսկ մեր մեծերից ո՞ւմ էր սիրում, կարեւորում ու կարդում։
- Առաջին հերթին՝ Թումանյանին. համարում էր՝ եթե նա մեծ ազգի ներկայացուցիչ լիներ, իր հայտնիությամբ Պուշկին կդառնար: Շատ-շատ էր գնահատում Չարենցին, Սեւակին, Համո Սահյանին, Ռազմիկ Դավոյանին. իր կիրքն էին։ Ընկերություն էր անում Հրանտ Մաթեւոսյանի հետ ու նրան մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը համարում: Թեեւ Մաթեւոսյանին տարբեր լեզուներով թարգմանել են, բայց նրա դեպքում էլ էր կարծում՝ եթե մեծ երկրից լիներ, ավելի շատ կճանաչեին ու կգնահատեին:
- Բայց մի՞թե նույնը չի կարելի ասել Սոս Սարգսյանի մասին. իր նշած գործոնների դեպքում բոլորովին այլ ճանաչում կունենար աշխարհում:
- Իհարկե: Չեմ կարծում, որ նա Ժան Գաբենից ինչ-որ մի բանով տարբերվում է. նույն տիպի ու ասելիքի դերասաններ են։ Իր ներքին ուժով, իմաստնությամբ ու խարիզմայով հավասարազոր էր մեծ վարպետներին, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում։ 90-ականներին բազմաթիվ զանգեր եղան Ռուսաստանից՝ Օլեգ Եֆրեմովը եւ Միխայիլ Ուլյանովը նրան հրավիրում էին իրենց թատրոններ ու ասում. «Սոս, ի՞նչ ես այդտեղ անում, հասկանո՞ւմ ես, որ այդպես չի կարելի, այստեղ ամեն ինչ կունենաս ու, ի վերջո, կփրկվես որպես դերասան»։ 60 տարեկան էլ չկար, երբ այդ ամենը սկսվեց, կինո ու թատրոն չկար, իսկ նա մեծ ներուժ ուներ իր ներսում: Հրավիրում էին Սիբիր՝ ֆիլմաշարի նկարահանումների։ Պատասխանեց. «Չհասկացա, ես հայ մարդ եմ, հայ դերասան, ի՞նչ գործ ունեմ Սիբիրում, երբ իմ ազգի ճակատագիրն է որոշվում»։
Արցախյան շարժումն էր, ու չէր կարող այդ ամենից անմասն մնալ: Նրա մեջ հայրենասիրությունը գերակայում էր. առաջին հերթին հայրենիքի ու պետականության մասին էր մտածում եւ հրաժարվեց բոլոր առաջարկներից՝ չնայած մեզ համար դա ֆինանսական մեծ օգնություն կլիներ: Շատ դեպքերում ըմբոստանում էի ու ասում, որ մեր հարեւանները «լեւի լույս» ունեն (ծիծաղում ենք, -հեղ.), ասում էր. «Ի՞նչ «լեւի լույս», ես պետք է ապրեմ այնպես, ինչպես մնացածը»։ Այդպես էին ապրում նաեւ Վիկտոր Համբարձումյանը, Սիլվա Կապուտիկյանը, Ռազմիկ Դավոյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը: Նրանք չէին համարում, որ մի արտակարգ երեւույթներ են ազգի համար: Չգիտեմ, թե հիմա մարդիկ ինչպես են նմանատիպ զգացողություններ ունենում ու համարում, որ մեծ նվեր են մեր երկրի եւ ազգի համար: Իսկապես մեծերի դեպքում նման բան չեմ տեսել:
- Ինչո՞վ է պայմանավորված արժեհամակարգի այսպիսի փոփոխությունը:
- Արժեքներն իսկապես ուրիշ էին։ Մեր ազգի վրա ամեն կերպ աշխատեցին, որ այդ ամենը կորցնենք: Տգիտության պայմաններում վեհ գաղափարներ ծնվել չեն կարող: Տգիտությունը սարսափելի բան է:
- Եթե Սոս Սարգսյանը տեսներ այս իրականությունը, ի՞նչ կզգար։
- Նա Արցախի հայաթափման ու կորստի օրը կարող էր գժվել։ Հիմա եմ հասկանում Կոմիտասի վիճակը, թե ինչ էր ապրել ու ինչ օրի հասել: Այդպես մեծ մարդու տառապանքը, ապրումներն ու անդառնալիության ցավն են արտահայտվել: Կանգնեցի նկարի մոտ ու ասացի. «Սոս, ինչ լավ է, որ դու չկաս»: Պատկերացնո՞ւմ եք, որ իմ բերանից նման բան կարող էր դուրս գալ։ Երջանիկ է, որ չտեսավ այս արհավիրքը, չնայած՝ ասում են, որ մի ուրիշ աշխարհ կա: Ուզում եմ հավատալ դրան, այդպես հեշտ է, բացի այդ էլ, հույս կա, որ նորից կհանդիպենք:
- Իր պակասն ու բացակայությունն ինչպե՞ս է արտահայտվում։
- Ամեն ինչում է իր պակասը զգացվում. լիքը մարդ էր: Աշխատող մարդ եմ, սովոր եմ առավոտյան շուտ արթնանալ ու գնալ գործի, իսկ մեզ մոտ ամեն երեկո բազմաթիվ մարդիկ էին հավաքվում ու մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը մնում: Ինձ ասում էր. «Աղջի ջան, ինչի՞ չես գնում քնելու» (Սարգսյանի պես է խոսում,-հեղ.), պատասխանում էի. «Բա, այս հետաքրքիր զրույցներն ու խոսակցությունները ո՞նց թողնեմ»: Չէի կարողանում նրանցից պոկվել: Այդ ամենի պակասն այսօր շատ եմ զգում: Նարդի էին խաղում ու այդ ընթացքում այնպիսի բաներից խոսում, որ խոհանոցից ականջ էի դնում, ձեռքերս թաց գալիս կանգնում ու լսում էի:
- Ովքե՞ր էին իր մտերիմներն ու ձեր տան մշտական հյուրերը:
- Հովիկ Հախվերդյանն ու Ռուբեն Հովսեփյանն ընտանիքի անդամի պես էին ու ամեն օր մեր տանն էին: Որ հանկարծ մի կես ժամ ուշանում էին, ասում էր. «Զանգ տուր, տես՝ էդ շաշերն ի՞նչ էղան» (նորից Սարգսյանի պես է խոսում,-հեղ.)։
- Գիտեմ, որ ընկերները նրա կյանքում մեծ տեղ ունեին, Սոֆիկ Սարգսյանը պատմել է, որ հաճախ էր հիշում Մհեր Մկրտչյանին եւ Խորեն Աբրահամյանին, որոնց անչափ կարոտում էր:
- Ֆրունզի եւ Խորիկի հետ հոգեւոր կապ ուներ, չնայած՝ այնպես չէ, որ ամեն օր հանդիպում էին: Ռուբիկի ու Հովիկի դեպքում եղբայրություն էր, ընտանիքներով էլ մտերիմ էինք: Իսկ Ֆրունզի ու Խորիկի հետ ճանապարհ էին անցել, նկարահանվել, երկար կյանք ապրել ու արկածներ ունեցել, որոնց մասին հնարավոր չէր մոռանալ: Սոսը շատ էր գնահատում Ֆրունզին ու Խորիկին, իհարկե, խնդիրներ էլ են ունեցել, դե, արվեստագետներ են ու մեծ անհատներ, բայց այդ ամենը կարողացել են հաղթահարել։ Երկուսի վերջին ներկայացումներին էլ ներկա ենք եղել։ Եվ նրանք էլ Սոսի առաջին հանդիսատեսն էին, միմյանց մասին գնահատականները շատ կարեւոր էին իրենց համար: Անկեղծ էին իրար հետ, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ընկերներ էին: Նրանց մեջ խորամանկ բաներ չեմ տեսել, հաճոյախոսելու կարիք էլ չի եղել, ամեն մեկը մյուսին ասում էր. «Մեծ ու համաշխարհային կարգի դերասան ես»։
- Ինչպե՞ս էր այդքան տաղանդը համատեղվում մեկ մարդու մեջ՝ Սարգսյանը դերասան էր, բեմադրիչ, հրապարակախոս, ելույթներ էր ունենում, դասախոսում, բայց ամենակարեւորը՝ մեծ հայ էր:
- Ինչին կպնում էր՝ տաղանդավոր էր անում (ծիծաղում ենք, -հեղ.)։ Շատ շնորհքով էր գրում, հետաքրքիր ձեռագիր ու մտքեր ուներ, մատուցման ձեւն էլ տարբերվում էր: «Պատառոտված ժամանակ»-ից հետո Սեւակ Արեւշատյանը զանգահարեց ու ասաց. «Սոս, եթե դերասան չդառնայիր, մեծ գրող կլինեիր»: Ամեն թուփն ու ծառը սիրում էր. կարող էր ժամերով հիանալ Տերյան փողոցի գեղեցիկ ծառերով: Ցավում եմ, որ անցած տարի այդ գեղեցիկ ու ֆանտաստիկ ծառը կտրեցին, իսկ մենք ժամերով պատշգամբից նայում ու հիանում էինք դրա հզորությամբ: Ո՞նց էր կարելի դա կտրել, եւ սուտ է, որ հիվանդ էր. բունը լրիվ առողջ էր։ Մի դրվագ եմ հիշում՝ բազմահարկ շենքում էինք ապրում, որտեղ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ մինչեւ 9-րդ հարկը ջուր էին բարձրացնում, որը թափվում էր ու շենքի դիմաց սառույց դառնում: Մի օր տուն վերադառնալիս տեսա՝ ամառանոցից մեծ բահ էր բերել տվել ու ինքն էր կոտրում սառույցը: Բակի երիտասարդ տղաներն ամաչեցին ու իրենք մաքրեցին:
- Դուք Սոս Սարգսյանի հետ Սունդուկյանի անվան թատրոնում եք ծանոթացել, որտեղ նա խաղում էր, ինչպիսի՞ն է եղել առաջին հանդիպումը:
- Առաջին անգամ հանդիպել ենք 1988 թվականի դեկտեմբերի 1-ին, այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Միշտ եմ շատ սիրել թատրոնը, հարեւանուհիս իր քրոջ դուստրն էր, ու միասին գնացել էինք «Խաչմերուկ» ներկայացումը դիտելու, հետո էլ մոտեցանք շնորհավորելու: Հետագայում Դրամատիկականում էլ ենք հանդիպել, մեր ընդհանուր ծանոթ Անտոն Քոչինյանի տանն էլ: Հետաքրքիր էր, որ հենց ինձ դիմում էր, չգիտեմ՝ ինչու, միշտ ռուսերենի էր անցնում (ծիծաղում ենք, -հեղ.)։
Նելլի եւ Սոս Սարգսյանները
- Իսկ Սոս Սարգսյանին որպես դերասանի երբվանի՞ց եք հիշում ու ո՞ր գործով է Ձեզ տպավորել:
- Իր բոլոր ֆիլմերն էլ դիտել էի, իսկ 1986-ին ճանապարհորդությունս համընկել էր Կիեւում իր «Ջոն արքա» ներկայացման հետ: Տեսա՝ ինչպես ուկրաինացի հանդիսատեսը թատրոնից մինչեւ հյուրանոց նրան ձեռքերի վրա տարավ, հպարտ էի, որ հայ դերասանին այդպես են վերաբերվում։ Իհարկե, երկրպագում էի, բայց չէի պատկերացնում, որ ճակատագիրը մեզ կծանոթացնի։ Նա իմ կյանքում շատ մեծ դեր խաղաց. ռուսական դպրոց եմ ավարտել ու միշտ հիացել Պուշկինով, Լերմոնտովով, Բրոդսկիով, իրենց գրականությամբ, բայց Սոս Սարգսյանի շնորհիվ ծանոթացա ու բացահայտեցի մեր հեղինակներին: Չնայած, որ հայրս էլ կիրթ մարդ էր ու մեզ փորձում էր ծանոթացնել հայկական գրականությանն ու թատրոնին: Մեր ընտանիքում ընդունված էր միասին թատրոն գնալը: Այդպես «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Մադամ Սանժեն» ենք դիտել։ Սոսի Յագոն ենք տեսել «Օթելլո»-ում, նրա «Մացակ ապերը»:
- Միասի՞ն էիք կարդում, թե՞ նա էր Ձեզ համար ընթերցում:
- Ինքն էր կարդում: Մութ տարիների երեկոները նրա շնորհիվ շատ հետաքրքիր ու հագեցած, արվեստով, գրականությամբ ու իրենով լի անցկացրինք ոչ միայն ես, այլ նաեւ մեր երեխաներն ու քույրերս։ Զարմանալի էր՝ երբ մտնում էր որեւէ տարածք, իրենով էր անում։ Հատուկ չէր անում, բայց իր խարիզման այնքան շատ էր, որ պարալիզացվում էիր։ Սկզբում մարդիկ քարանում էին, բայց հետո իր ջերմությամբ կարողանում էր շահել նրանց, ու բացվում էին։ Առաջին տպավորությամբ խիստ էր թվում, բայց իրականում անչափ բարի, նրբանկատ ու հումորով էր: Երբ անեկդոտները սկսում էր դերերով պատմել, մի հեքիաթ էր։ Հասկանում էի, որ այդ երեկոներն էլ երբեք չեն կրկնվելու, ձայնագրիչ էի հայթայթել ու փորձեցի օգտագործել, այնպես բարկացավ ինձ վրա. «Ես ո՛չ Սիլվա Կապուտիկյանն եմ, ո՛չ էլ դու Նանեն ես»։ Կապուտիկյանը հենց բարեւում էր, ձայնագրիչը միացնում էին։ Պահանջեց. «Այդ ձայնագրիչն այլեւս քո ձեռքին չտեսնեմ», ու քանի որ օրինապաշտ եմ, համաձայնեցի (ծիծաղում ենք, -հեղ.): Բայց պետք է անելու ձեւերը գտնեի: Հիմա եմ այդպես ասում, իսկ այն ժամանակ չէի համարձակվի թաքուն ձայնագրել, բայց այնքան պատմություններ գիտեր, որոնք հետաքրքիր կլիներ լսել։
Էլ չեմ ասում, թե հայերեն լեզվի ինչպիսի զգացողություն ուներ, թեեւ ավարտել էր Ստեփանավանի ռուսական դպրոցը, Հովիկ Հախվերդյանի ասած՝ «մալականի դպրոցը», բայց ինչպե՜ս էր զգում լեզուն։ Միշտ ասում էր՝ նախանձում է իր իմացած հայերենից շատ ավելիին տիրապետողներին, ինչպիսիք էին Ռուբեն Հովսեփյանն ու Ռազմիկ Դավոյանը: Այնպիսի խոսքեր էին օգտագործում, որ հիմա չես լսի: Հաճախ Հովիկի հետ բառախաղ էին անում, ասում էր. «Եթե քեզ այդքան գովում ես, որ հայերեն գիտես, ասա՝ այս խոսքն ինչ է նշանակում, արմատները որտեղի՞ց են»: Ու սկսվում էր, դե, արի գործդ մի թող ու ականջներդ կախած մի լսիր։ Երանելի ժամանակներ էին։ Երբ Կիմ Բակշին, որի հետ Մատենադարանի մասին ֆիլմ էին նկարահանում, գալիս էր Հայաստան, համարյա ամեն օր մեր տանն էր լինում: Հախվերդյանի հետ երեքով այնպես էին խոսում, թվում էր՝ Արգիշտի թագավորին անձամբ են տեսել ու ներկա եղել թագուհու կամ մյուսների հետ խոսակցությանը, այդքան խոր գիտելիքներ ունեին։ Երբեք չէինք համարում, որ շատ արտառոց բան են անում, փոխարենն ունեին ամեն օր մի նոր տեղեկություն ձեռք բերելու անհրաժեշտություն, դրա համար էլ այդքան հետաքրքիր անձնավորություններ էին։ Գիտելիքների մեծ պաշար ունեին հայոց պատմության ու լեզվի մասին։
- Որտեղի՞ց ու ինչպե՞ս էր այդ ամենը կուտակվել Սարգսյանի մեջ:
- Շատ աշխատասեր էր: Իր սեղանին երբեք ձեռք չէի տալիս, քանի որ միշտ թղթեր կային: Որեւէ անծանոթ խոսք լսելիս միշտ գրի էր առնում, անպայման այն բառարանում նայում, հետո օգտագործում ու իրենը դարձնում: Կարող էր 24 ժամ կարդալ ու անդադար գրքերի մեջ լինել։ Իր մահից հետո թերթերի վրա գրված բազմաթիվ մտքեր եմ գտել, թեեւ առանց այն էլ ձեռագիրը վատն էր, բայց հիվանդության պատճառով անտանելի էր դարձել: Այդ ամենը պահել եմ, որովհետեւ կարող են հետագայում պետք գալ:
- Հնարավոր է՝ առանձին թանգարան ունենա, որտեղ էլ կցուցադրեք:
- Նրա իրերից շատ բան եմ տվել Արվեստի եւ գրականության թանգարանին: Ինքն էլ կանչել էր ու իր արխիվի հիմնական մասը՝ իրեր, նկարներ, գրքեր ու գրառումներ, հանձնել: Տանն իր բոլոր մրցանակներով ցուցափեղկ ունեմ, նաեւ Սերգեյ Առաքելյանի հետ «Նահապետը» գիրքն ենք հրատարակել, որտեղ ընդգրկված են նրա ողջ կյանքն ու դերերը: Մոտ 3 տարի մեծ աշխատանք ենք տարել, քովիդից հետո Սերգեյը վատառողջ էր, ու ես եմ վերջին մասերը խմբագրել:
- Որպես վարպետի տարեդարձի խոսք կամ մաղթանք՝ ի՞նչ կուզեք ասել:
- Մեր երկրի մասին իրեն ոչ մի լավ բան չեմ կարող ասել, ինչի համար ցավում եմ։ Իսկ որպես տարեդարձի խոսք՝ երջանիկ եմ, որ եղել եմ իր կյանքում, նա էլ՝ իմ կյանքում։ Ինձ մի նոր աշխարհ է բերել ու աչքերս նորովի բացել։ Հայրենասեր մարդ եմ եղել, բայց նրա շնորհիվ ամեն ինչ մի ուրիշ երանգ է ստացել: Ափսոսում եմ, որ գոնե 95-ամյակին չհասցրինք թատրոնը բացել, բայց լավ է, որ շենքը կա ու շուտով պատրաստ կլինի: Միասին 26 տարի ենք ապրել, որոնք իմ երջանիկ տարիներն են: Հիմա մեծ կարոտ կա. մահին հաջորդած տարիներին չէի կարողանում իր ֆիլմերը նայել, սիրտս պայթում էր ու հուզվում էի: Կինոմիությունում ինչ-որ հոբելյան էր, հանկարծ ցուցադրեցին «Խնձորի այգին»... Հիմա ավելի շատ կարոտս հագեցնելու համար եմ նայում, հեռուստատեսությամբ հանդիպելիս որերորդ անգամ էլ լինի, չեմ անջատում (ծիծաղում ենք, -հեղ.)։ «Մոսֆիլմ»-ի «Աշնանային տերեւների բլյուզ» ֆիլմի ռեժիսորն ու օպերատորը եկել էին իրեն հյուրանոցից տանելու ու ասացին. «Ձեր հայերն այնքան հիմար են, այդպիսի մարդուն կարելի՞ է չնկարել, տեսախցիկը նրա դեմքը սիրում է»։ Երբեք այդ խոսքերը չեմ մոռանա։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում մեծությունը չի գնահատվում։
- Կարծում եմ՝ Սոս Սարգսյանն այն մեծերից է, ով ժողովրդական սիրո ու մեծարման պակաս չի զգացել։
- Ժողովրդի կողմից իսկապես գնահատված է եղել ու մեծ սեր ստացել, բայց վերջին 30 տարվա ընթացքում ո՞ր ֆիլմերում նկարահանվեց։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով ասաց. «Նա երջանիկ դերասան է», իսկ ես պատասխանեցի. «Որ ասում եք՝ երջանիկ է, 30 տարվա ընթացքում ի՞նչ խաղաց»։ Եթե իր թատրոնը չստեղծեր, կմնար այն նույն վիճակում, որում հայտնվեց Խորեն Աբրահամյանը։ Իսկ ժողովրդի սիրո պակաս չզգաց, որովհետեւ մեզնից մեկն էր իր կենցաղով ու մոտեցումներով, իր սկզբունքներով ու ապրելակերպով։ Ոչ մի արտառոց բան երբեք չի ունեցել ու չի էլ ձգտել, ամեն մի նոր կոստյում առնելը մեծ պատմություն էր։ «Ոչ մի պակաս բան չունեմ»,- կասեր (ծիծաղում ենք, -հեղ.)։
Սոս եւ Նելլի Սարգսյանները
- Գիտեմ, որ անգամ սեփական կոշիկներն է հանել եւ ուրիշին տվել:
- Վա՜յ, մեկ էլ հարցնում էի. «Կաշվե պլաշդ ո՞ւր է», «Թավշյա վերարկուդ ո՞ւր է, «Ա, շատ եմ իմանում»,- լինում էր պատասխանը: Արտերկրից բազմաթիվ հրավերներ է ստացել, եւ միայն Երվանդ Ղազանչյանին է հաջողվել նրան համոզել մեկնել ԱՄՆ: Երկար տարիներ մեքենա եմ վարել, ու միասին շատ էինք ճամփորդում Հայաստանով մեկ, անչափ սիրում էր մեր երկիրը, բնությունից ու մարդկանցից չէր հագենում: Վարորդ ունեինք, բայց միասին ուղեւորություններն էր սիրում: Ճանապարհին, սովորաբար, կանգնում էր ու զրուցում մարդկանց հետ, կապ չուներ՝ վաճառվող ապրանքի կարիքն ունեինք, թե՝ ոչ, գնում էր նույնիսկ, եթե տանը դրանից շատ կար: Առնելուն պես ասում էր. «Եզժայ» (ծիծաղում ենք, -հեղ.), զարմացած նայում էի. «Ախր, 20 հազար ես տվել», «Մեկ ա՝ եզժայ»,- ֆոկուս էր անում ու մանրն էլ չէր վերցնում։ Դա իր մարդ ու հայ տեսակի մասին է խոսում։ Միշտ Խորիկն էր կատակով հարցնում. «Այ տղա, ինչի՞ են քեզ ավելի շատ սիրում, քեզնից ավելի գեղեցիկ տղամարդ եմ, ավելի շնորհքով մարդ»: Պատասխանում էր. «Որովհետեւ, Խորիկ ջան, ես սեւ ակնոց չեմ դնում ու հեռուստատեսությունում նստում, իրենց պես եմ»։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/ եւ արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: