×


Վաչե Երիցյան. Ավիացիայում քննություններ եմ հանձնել եւ օդաչու եմ դառնալու

BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Գոյ» թատրոնի եւ կինոյի դերասան Վաչե Երիցյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Դաշնամուր նվագել գիտեմ, ավիացիայում քննություններ եմ հանձնել եւ օդաչու եմ դառնալու, մեկ էլ երբեմն գնում եմ որսորդության:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Հենց հիմա մտքիս եկածներն եմ ասում՝ Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադներում» կտավը, Միքելանջելոյի «Պիետան» եւ Կոմիտասի բոլոր ստեղծագործությունները, որոնցից կառանձնացնեմ մեկը՝ «Կռունկը»:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- 30 տարեկանում էլ դեռ շարունակում եմ բոյովանալ (ծիծաղում ենք,-հեղ.):

Վաչե Երիցյանը


- 3 պատճառ, թե ինչու է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

- Թատրոնը չի ինձ հարազատ, ես եմ թատրոնին հարազատ: Թատրոնը վայր է, որը ձգում է՝ կա՛մ կքաշվես, կա՛մ չես քաշվի: Ինքս քաշվել եմ ու այնտեղ մեծացել:

- Հայկական թատրոնը՝ մի քանի բառով: Ի՞նչ է նրան պակասում:

- Հայկական թատրոնը դրսում երբեմն հաջողություններ է գրանցում, բայց շատ դանդաղ է առաջ գնում: Ամեն ինչ անում է, որ ժամանակի հետ քայլի, բայց հենց շտապելու պատճառով էլ հետ է ընկնում: Թատրոնին ոչինչ չի պակասում, բացի թատերական գործիչների միմյանց նկատմամբ սիրուց:  

- Նոր ներկայացում ստեղծելու ամենահաճելի պահերը:

- Սիրում եմ սեղանի շուրջ աշխատանքները, բայց նաեւ նոր-նոր ինչ-որ բան բստրելը, ռեժիսորի հետ ճանապարհներ գտնելն ու կերպարային գիծը տեսնելը, երբ սկսում ես հասկանալ, որ քանդակդ ստացվում է:

- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Դրանք նաեւ ամենադժվարներն են (ծիծաղում է,-հեղ.):

- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:

- Հուզմունք, վախ եւ, իհարկե, եթե լավ է ստացվում, փառավորվում ես:

Վաչե Երիցյանը


- Ռեժիսորներ, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Հենրիկ Մալյան, Ֆեդերիկո Ֆելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Միլոշ Ֆորման, Սթիվեն Սփիլբերգ:

- «Գոյ»-ի ներկայացումները, որոնց միշտ անհամբերությամբ եք սպասում:

- «Դեպի վերջը», «Լոնդոն բլյուզը», որում ես էլ եմ ներգրավված, «Էքվուսը»: Որ թատրոնը բացվի, ինչ ասեք, կխաղանք:

- Դերասան, որից դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:

- «Գոյ»-ի իմ գործընկերներից, եւ ոչ միայն: Ավագ ընկեր Դավիթ Հակոբյանի հետ եմ խոսում տարբեր դերերից, վերջերս նաեւ Նիկոլայ Ծատուրյանի հետ եմ շատ զրուցում: Քիչ են այն մարդիկ, որոնցից կարծիք չեմ հարցնի, այսինքն՝ իրենց չեմ էլ ճանաչում:

- Ինչի՞ն կամ ո՞ւմ սիրո խոստովանություն կանեք ու ի՞նչ կասեք:

-Բոինգ 737 ինքնաթիռին (ծիծաղում ենք,-հեղ.), կասեմ՝ «Ես հասա քեզ»:

Վաչե Երիցյանը


- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա կամ օգնել Ձեզ նորովի բացահայտել, ու ինչպե՞ս են դա արել:

- Իմ խաղացած բոլոր կերպարները: «Ես եմ» ֆիլմն առաջինն էր ինձ համար. զինվորի դերում էի: Այն ու Էդգար Բաղդասարյանի «Հատուկ բաժինը» ճանապարհ բացեցին դեպի հեռուստաֆիլմերի աշխարհ: Իսկ թատրոնում «Գարեգին Նժդեհ» ներկայացումը, որն Արմեն Մազմանյանն էր բեմադրել: Այն բոլորիս հղկեց որպես թատրոնի դերասաններ:

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:

- Վա՜յ, երբ արվեստով ես զբաղվում, դրանից գեղեցիկ բան էլ չկա: Երբ նկարիչը, քանդակագործը, դերասանը սկսում է մտածել իր գործի մասին, այդ ընթացքը ոչ ոք չի տեսնում: Թող ներեն ինձ բոլորը, բայց մոտավորապես Աստված ես դառնում ու նոր բան ստեղծում: Եվ պետք է այնպես անես, որ ստեղծածդ մոլորակի վրա մնա, եւ բոլորը տեսնեն, ինչպես Բաստիլի գրավումը պատկերող նկարը:

- Ինչպիսի՞ն է «Գոյ» թատրոնն ու ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

- Փորձարարական թատրոն է, ամեն ներկայացման ժամանակ այնպիսի ուղղություն է փորձում, որը դեռ չի եղել: Ստեղծվել է 1988 թվականին՝ շատ հետաքրքիր ձեւով՝  հավակնոտ, հետաքրքիր ու խելառ ռեժիսորներ Արմեն Մազմանյանի, Արթուր Սահակյանի, Սամսոն Ստեփանյանի ու Արսեն Աբրահամյանի կողմից: Պրոֆեսիոնալներով հավաքվել են ու որոշել, որ այդ տարածքը պետք է տալ նրանց, որովհետեւ այնտեղ հետաքրքիր մտածողություն կա ու շատ լավ գործեր կարող են ծնվել: Ու այդպես էլ եղել է՝ գործեր ու մարդիկ են ծնվել եւ կայացել, նաեւ՝ ես: Բոլոր մարդիկ եւ նույնիսկ նրանք, ովքեր մեզ այսօր լավ չեն վերաբերվում, կփաստեն, որ «Գոյ» թատրոնը տուն է, որտեղ ոչ թե ապրում կամ քնում են, այլ՝ արարում:


- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ։

- Տեքստերը մոռանալուց մինչեւ մեքենաների տակ ընկնելը (ծիծաղում է,-հեղ.): Ինքս էլ դերասան եմ ու ինձ հետ նման բան պատահել է: Մաշտոցի պողոտայով քայլելիս  կերպարի քայլվածքն եմ փորձել ու հետո հասկացել, որ Օպերայից մինչեւ Պուշկինի խաչմերուկ լրիվ թեք եմ քայլել: Մտածել եմ՝ ո՞նց այսքանն անցա, ի՜նչ ամոթ էր, նորից ուղղվել եմ ու շարունակել (ծիծաղում ենք,-հեղ.): Մտքերով այնքան էի տարվել, որ չեմ էլ նկատել՝ արդյոք շուրջս մարդիկ են եղել:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Բոլորն ասում են, որ բարի էներգիա ունեմ, հետաքրքիր եմ եւ պայծառ: Նաեւ ասել են, որ ինձ տեսնելիս սկսում են ժպտալ, ինչի համար միայն ուրախ եմ: Աշխատում եմ միշտ այդպիսին լինել:

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Լավաշի ու նոր թխած հացի բույրը: Այն տարիներին խնդիրները շատ էին, ու մայրս տանն էր հաց թխում, այդ հացով ձվածեղն անմահական էր: Կան այդպիսի հոտեր, որ ինձ տանում են դեպի մանկություն ու դեպի մեր տուն:

- Ամենավառ հիշողությունը, որ ունեք մանուկ տարիքից:

- Երբ գալիս էի Երեւան (ծիծաղում է,-հեղ.), վա՜յ, ինձ համար տոն էր. արդեն 2 օր առաջ պատրաստվում էի, թե ինչպես եմ գալու ու տեսնելու ամեն ինչ: Երեւանի համար խելքս իմը չէր: Հետ գնալը, բնականաբար, չէի սիրում, բայց վերադառնալուց հետո հիշում էի, որ մեկ է՝ էլի եմ գնալու, որովհետեւ այնտեղ հորաքույրներ, մորաքույրներ եւ քեռիներ ունեմ:

Վաչե Երիցյանը


- Ինքներդ Ձեզ ո՞ր տարիքից եք մտաբերում ու ինչպիսի՞ն էիք այդ ժամանակ:

- Այնքան շուտվանից եմ ինձ հիշում, երեւի 2 տարեկանից, հիշում եմ սայլակիս գույնն ու ինձ մեջը պառկած: Առանձին դրվագներ էլ լավ եմ հիշում:

- Իսկ տարիների հետ Ձեր ո՞ր որակներն եք կարողացել պահել ու որո՞նք եք, ցավոք, կորցրել, ինչի համար ափսոսում եք:

- Չմեծամտանալը մանկությունից եմ բերել. այն ժամանակ գիտեի, որ վատ բան է, բայց պատկերացում չունեի, թե ինչպես են օգտագործում ու հետն ինչ անում: Այս որակը հետս տարել եմ պատանեկություն, հետո՝ երիտասարդություն, փորձում եմ չմեծամտանալ, քանի որ դա 2 օրում մարդուն կսպանի: Չեմ կարծում, որ ինչ-որ բան կորցրել եմ, աշխատում եմ եղածները պահել, ցավում եմ, որ նորերը ձեռք չեմ բերել:

- Հրազդանում Ձեր ամենասիրելի անկյունները:

- Հենց հիմա էլ Հրազդանում եմ: Դե, մեր տարածքն ու մեր բակը, որը քաղաքի կենտրոնում է գտնվում, իսկ մի 2 ոտք այն կողմ իմ սիրելի գյուղն է՝ Մաքրավանը: Դպրոցս այնտեղ էր, ու գյուղի բոլոր վայրերը եւ դասընկերներիս տները մինչեւ հիմա էլ հիշում եմ: Եկեղեցին ֆանտաստիկ էներգետիկա ունի, իսկ սարից այն կողմ Ծաղկաձորն է: Դասերից փախչում էինք ու այդ ճանապարհով գնում այնտեղ (ծիծաղում ենք,-հեղ.):

Վաչե Երիցյանը


- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Շատ կապված եմ Արցախի հետ: Ինձ համար այն որոշիչ է եղել եւ մինչեւ հիմա էլ չեմ հասկացել, թե այդ ինչ տարածք է, որ մարդուն ստիպում է մտածել: Այնտեղի լռությունն ու աղմուկն ուրիշ են: Մյուսը Փարիզն է, որը շատ եմ սիրում, եւ այն Երեւանի պես ինձ սիրեց եւ ընդունեց: Եթե այնտեղի ընկերներս կարդան այս զրույցը, կփաստեն, որ 3-րդ  օրվանից քաղաքի մասին ամեն ինչի գիտեի ու տեղյակ էի, թե մետրոյի որ գիծն ուր է հասնում: Նույնիսկ իրենք այդքան բան չգիտեին ու նշեցին, որ մերվել եմ Փարիզի հետ: Վերջինն Արենիի վանքը կասեմ, որ շատ նման է Նորավանքին եւ յուրահատուկ էներգետիկա ունի: Երկուսն էլ Մոմիկն է կառուցել: Թեեւ որոշիչ չի եղել իմ կյանքում, բայց այն շատ եմ հավանում:

- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Շատ կուզեի զրուցել Հենրիկ Մալյանի, Վարդան Աճեմյանի, Հովհաննես Թումանյանի հետ: Վերջնիս անունն ասում եմ ու մարմնովս դող է անցնում: Գարեգին Նժդեհին ու Կոմիտասին հարցեր չէի տա, կուզեի տեսնել, թե ինչպիսի մարդ են, փոխարենը շատ հարցեր ունեմ Թումանյանին: Իր գրած բառերով կասեմ. «Այսպես մինչեւ ե՞րբ» (ծիծաղում ենք,-հեղ.): Կհարցնեի նաեւ՝ այդ ո՞նց եք գրում, ինչպե՞ս է այդպիսին լինելը, գիտե՞ք, որ հանճար եք, զգո՞ւմ եք՝ ինչ եք անում, թե՞ ինքնաբերաբար է ստացվում: Կուզեի իմանալ՝ մեծերը վատ ու լավ ինչ սովորություններ ունեն: Թանգարանները դրա համար են, որ իրենց շունչը մի քիչ զգանք, անգամ նրանց կարի մեքենայից ենք կարողանում մի քիչ իրենց էներգիան ստանալ, ինչն էլ է մեզ բավարար, բա պատկերացրեք՝ հետները շփվեինք:

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Նկարներին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, բայց կառանձնացնեմ Սրբուկի հետ ինքնաթիռի ղեկին կադրը: Քանի որ դա մի քիչ էլ իմ աշխարհն եմ համարում ու Ամստերդամ թռչելիս փորձեցի նրա մոտ ինձ լավ զգալ ու բացատրել, թե ինչ ինքնաթիռով ենք մեկնելու: Երկու սիրելիներիս հետ էի (ծիծաղում ենք,-հեղ.):


- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ:

- (Ծիծաղում է,-հեղ.), ջրաչափիս նկարը, բայց չեմ հրապարակի, քանի որ խիստ գաղտնի է:

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Ամեն օր եմ տպավորվում, բայց ո՞ւմ հետ եմ նոր ծանոթացել: Կնշեմ ընկերոջս հորը, որն իր հարսանիքին այնպես էր պարում, որ անգամ փորձառուներն այդպես չեն կարող:  Մինչեւ հիմա ընկերոջս ու կնոջս հետ հիշում ենք նրան: Վայ, հա՜, մյուսն էլ հիշեցի՝ Ջիվան Ավետիսյանի հետ նոր ֆիլմ պիտի նկարենք՝ «20 20-ի հրեշտակները», եւ գնացել էինք հիվանդանոց, որ վիրահատություններ նայենք ու գործից տեղյակ լինենք: Վարորդի դերում եմ, բայց պատերազմի ժամանակ նրանք էլ են օգնել փրկել մարդկանց: Եվ հենց այդ կլինիկայի գլխավոր բժիշկ Տոնոյանն էլ ինձ շատ է տպավորել: Մի հոգու էլ ասեմ՝ շատ մոտ ընկերոջս կնոջ հայրը: Բառերով բացատրելու չի, թե ոնց է տպավորել. պետք է նրան հանդիպեք ու տեսնեք՝ ինչպիսի մարդ-ուրախություն է:

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Երբեմն նկատում եմ, որ սկսում եմ ալարել, դա լավ բան չէ, կուզեի երբեք ու ոչ մի վայրկյան չծուլանալ: Եվ կուզեի ձեռք բերել հակառակը՝ չալարելը (ծիծաղում է,-հեղ.):

- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Եղունգներս կրծելու վատ սովորություն ունեի, բայց արդեն հրաժարվել եմ:


- 3 ոգեշնչող հանգամանք:

- Սիրելի մարդիկ, երկիրը, որտեղ ապրում եմ, ու որպես արտիստի՝ այն բոլոր գործերը, որոնք սիրում եմ ու չեմ սիրում, բայց իրենք կան երկիր մոլորակի վրա եւ հետք են թողել:

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:

- Կուզեի քանդակել: Արհեստներից վատ չեմ, օրինակ՝ տան գործերից: Կուզեի փայտի հետ շատ աշխատել եւ հյուսն լինել, թեեւ ընկերոջս՝ դերասաններից մեկին, օգնել եմ փայտով գործ անել:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Փորձել եմ երաժշտություն գրել, բայց չի ստացվել, իսկ նկարել չեմ էլ փորձել, որովհետեւ հաստատ չի ստացվի:


- Ի՞նչ է հիմա Ձեզ պակասում:

- Ամեն ինչ էլ կա, բայց կուզեի մի շատ հետաքրքիր ֆիլմում նկարվել: Հիմա կասեք՝ բա ո՞րն է դա, այնպիսի ֆիլմ, որում ես դեռ չեմ եղել: Կան այնպիսի ռեժիսորներ, որոնք հենց Հայաստանում նման աշխատանքներ են անում, հույս ունեմ՝ մի օր դրանցում լինել: Էդգար Բաղդասարյանն այնպիսի Չե Գեւարա ու Ֆիդել Կաստրո է ստացել, որ իմ ամենասիրելին է: Ու դա եղել է Հայաստանում ու արել է մեր ռեժիսորը, պետք է նրան սիրենք, հարգենք, գնահատենք ու գովենք: Մեզ պակասում է իրար պարզապես շնորհավորելը: Կարող ես անգամ նշել, որ գործը վատն էր, բայց դա այնպես անես, որ հաջորդը լավ ստացվի:  

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ամեն ինչին տարբեր բաների համար եմ շնորհակալ. աթոռին շնորհակալ եմ, որ կարողանում եմ նստել իր վրա (ծիծաղում ենք,-հեղ.), մորս ու հորս՝ բոլոր օրերիս համար: Ամեն մեկին ասելու ու շնորհակալ լինելու յուրովի բան կա: Ինձ շնորհակալ եմ, որ դեռ չեմ փչացել ու ինձնից դեռ որեւէ բան եմ ներկայացնում:

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Կուզեի եւս մեկ անգամ գնալ ճամփորդության ու նոր եւ հետաքրքիր բաներ տեսնել: Իսկ 2025-ն ուզում եմ անպայման բեղուն տարի լինի ինձ համար, նաեւ նոր մասնագիտությանս սկիզբը կլինի՝ առաջին թռիչքս նախատեսված է սեպտեմբերին: Դեռ կարճ թռիչքներ կունենամ, որոնց թվում են Երեւան-Մոսկվան կամ Երեւան-Հռոմը, իսկ երկարները, որոնց թվում են ուղեւորությունները դեպի Սիդնեյ կամ Նյու Յորք, թույլ կտան իրականացնել 5-6 տարի հետո:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից ու BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW