Բրիտանացի հանրահայտ երգիչ Քրեյգ Դեյվիդը երեկ իր TS5 շոուի մասնակիցը դարձրեց երեւանյան հանդիսատեսին: Համերգը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Հայա» փառատոնի շրջանակում։
Նա, որպես հմուտ դիջեյ, ներկաներին ճամփորդել տվեց ժամանակի միջով։ Երեւի թե բոլորս էլ վիդեոկրիչի վրա հեռուստացույցից մեկ անգամ ձայնագրած կլինենք նրա երգերից ամենասիրելին․ Դեյվիդը դա հիշեցնել տվեց։ Երգերն արագությամբ էին հաջորդում իրար, բայց այդ հանգամանքը չէր խանգարում զուգահեռ փորփրել հիշողությանդ դարակները։
Ընդամենը մեկ հայերեն արտահայտություն, եւ հանդիսատեսը տարվեց նրանով՝ «Մերսի շա՜տ, Երեւան»։
Քրեյգ Դեյվիդն իր ելույթը սկսեց Fugees-ի Killing Me Softly երգով, անցավ Re-Rewind-ին, որի ընթացքում չէր մոռանում հիշեցնել, որ սիրում է հանդիսատեսին, եւ սահուն անցում արեց Fill Me In երգին։
«Ուզում եմ մեզ վերադարձնել 2000-ականներ: Ովքեր ինձ տարեկից են, հաստատ կհիշեն այս երգը: Այն մեզ լավ հիշողություններ կպարգեւի»,- Քրեյգ Դեյվդի այս խոսքերից հետո հանդիսատեսը ձայնարկություններով ողջունեց Rise & Fall երգը։
«Հայա»-ի շրջանակում Երեւանում հանդես են եկել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը, Հաուսերը: Քրեյգ Դեյվիդի համերգը բացեցին DJ Smoke-ը, D' Litte-ը եւ LEAH-ը:
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: