BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ մեր զրուցակիցը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, հաղորդավար Մանե Մխոյանն է:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Ինտրովերտ եմ, մինչդեռ ինձ քիչ ճանաչող մարդիկ հակառակն են մտածում: Երկրորդը ձեռքբերովի հատկություն է՝ կարողանում եմ լսելուն կամ խոսելուն զուգահեռ հետեւել շուրջբոլորը տեղի ունեցող շարժին ու մարդկանց, ուշադրությունս 360 աստիճան է պտտվում, ու շատ տարօրինակ դետալներ եմ նկատում: Շատերը գիտեն, որ կենդանասեր եմ, բայց քչերին է հայտնի, որ որդեգրած պանդա ունեմ։
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Բարդ հարց է, որովհետեւ թվել միայն 3-ը շատ դժվար է։ Դա կախված է նաեւ իրավիճակից, այդ շրջանից, տրամադրությունից ու հույզերից: Վերջերս շատ եմ տպավորվել Միքելանջելոյի աշխատանքներից՝ Դավիթից ու մյուս քանդակներից, ինձ նաեւ ճարտարապետական կառույցները կարող են անդադար ոգեշնչել. լավագույն նմուշներից մեկը Փարիզի Աստվածամոր տաճարն է։ Եվ որպեսզի միայն 3 գործ չառաձնացնեմ, կնշեմ բնությունն ու նրա ստեղծած մարդուն, որը կարող է արարել եւ այնպիսի բան ստանալ, որը կմնա պատմության ու ժամանակի մեջ:
Մանե Մխոյանը
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։
- Ավելի շատ տարօրինակ է։ Էքստրեմալ ժամանցն ու սպորտաձեւերն ինձ համար միշտ անհետաքրքիր են եղել, բայց վերջերս հասկացա, որ այդ ամենն ինձ դուր է գալիս: Սկսեցի փորձարկել հնարավոր ու անհնարին ամեն բան՝ այդ ընթացքում հաղթահարելով նաեւ վախերս:
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:
- Շատ դժվար է թվարկել, բայց կարծում եմ՝ ամենակարեւորը թատրոնի օգնությամբ, միջոցով ու նրա հետ կարող ես բացահայտել ինքդ քեզ։
- Հայկական թատրոնը՝ մի քանի բառով: Ի՞նչ է նրան պակասում:
- Ինձ համար շատ ուրախալի է, որ ե՛ւ ավագ սերունդը, ե՛ւ երիտասարդները չեն վախենում թատրոնում նորարարություններից եւ փորձարկումներից՝ այսկերպ նաեւ արտասահմանյան հարթակներում ցույց տալով, որ հայկական թատրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Դրա վառ ապացույցը մեր գործընկերների շնորհիվ Հայաստան եկած մրցանակներն են: Շատ կարեւոր է նաեւ, որ վերջին տարիներին մեզ մոտ ավելանում է թատերական փառատոնների թիվը: Որպես հանդիսատես ու մասնագետ հնարավորություն ունենք փորձի փոխանակում ունենալ այլ երկրներից ժամանակ հյուրերի հետ եւ նրանց պատմել հայկական թատրոնի մասին:
- Նոր ներկայացման մեջ ներգրավված լինելու ամենահաճելի ու դժվար պահերը:
- Ամենահաճելի պահերը շատ են՝ սեղանի շուրջ աշխատանքը, առաջին անգամ բեմում հայտնվելը, ներկայացումից առաջ տեխնիկական վերջին փորձը: Բայց ամենահաճելին այն է, երբ ներկայացումների ընթացքում հասկանում ես, որ գտել ես կերպարիդ ամենայուրահատուկ դետալները՝ ձայնը, բնավորության որեւէ գիծ, քայլվածքը: Նոր ներկայացում սկսելիս ամեն բան էլ դժվար է, բայց պետք չէ հանձնվել։ Ամենակարեւորը՝ ռեժիսորն ու դերասանը շարունակեն հավատալ միմյանց եւ գնալ մեկ ուղղությամբ:
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Ամենաանհնար թվացող դեպքերը տեղի են ունենում ամենաբարդ տեսարանների ընթացքում, չգիտեմ՝ ինչու է այդպես ստացվում (ծիծաղում է,-հեղ.): Հաճախ տեխնիկական ու հոգեբանական բարդ տեսարանների ժամանակ խոչընդոտներ են լինում հագուստի, ռեկվիզիտի, ձայնի, լույսի կամ որեւէ դեկորի հետ կապված։ Երբեմն էլ շատ էմոցիոնալ հանդիսատեսն է արձագանքում՝ պաշտպանելով կերպարին կամ դահլիճից իր վերաբերմունքն արտահայտելով։
- Դերասանների ամենամեծ վախերը:
- Այդ վախը զգում եմ ամեն նոր ներկայացման առաջարկ ստանալուց հետո՝ կստացվի՞, թե՞ ոչ: Ինչպես առաջին անգամ թատրոնում դեր ստանալուց եւ կերպարը մարմնավորելուց էի այդ աշխատանքին մոտենում շատ մեծ հուզմունքով, ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ, այդպես էլ ամեն հաջորդ անգամ է լինում: Բայց միշտ փորձում եմ նշաձողը մի քիչ բարձրացնել ու նաեւ ինքս ինձ բացահայտել թատրոնում:
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:
- Առաջինը հուզմունքն է, որը միշտ կա բոլոր ներկայացումներից առաջ, ու մինչեւ իմ տեսարանին բեմում չեմ հայտնվում, չի անցնում: Երկրորդն ադրենալինն է, որը ներկայացման ընթացքում է ավելանում ու ամեն հաջորդ տեսարանին չափաբաժինը շատանում է: Վերջինը ներկայացման ավարտին հաջորդող ծափահարություններն ու հանդիսատեսի էներգիան են, որոնք բավականացնում են մինչեւ հաջորդ ներկայացումը, երբ նորից պետք է հուզվել, ադրենալին ստանալ եւ վայելել այդ ընթացքը:
- Դերասան, որից դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:
- Այն երջանիկներից եմ, որ կադրում ու բեմում աշխատել եմ մեծանուն արտիստների հետ: Միշտ պատրաստ եմ ու շարունակում եմ անդադար լսել եւ սովորել ոչ միայն ավագ սերնդից, այլեւ՝ բոլորից: Լսել շատ եմ սիրում, իսկ հիմա լսում եմ նաեւ լրագրող ուսանողներիս, որոնք իրենց խորհուրդներով տարբեր իրավիճակներում օգնում են։
- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա:
- Իմ բոլոր կերպարներին առանձնահատուկ եմ սիրում, որովհետեւ հուրախություն ինձ՝ մեկը մյուսից շատ տարբեր են եւ հնարավորություն են տվել հանդիսատեսի առաջ ու ռեժիսորների համար ամեն անգամ նոր գույնով ճանաչելի դառնալ։ Բայց կերպարները, որոնք օգնել են ինձ բացահայտվել, երկուսն են՝ Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ներկայացման Էլիզը եւ Ռաֆայել Ասատրյանի բեմադրած «Երկնագույն շան աչքեր»-ի աղջիկը։
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:
- Արվեստը չդադարող ոգեշնչման շրջափուլ է ինձ համար, որովհետեւ արվեստի շնորհիվ էներգիա ես կուտակում, քո տված էներգիայի օգնությամբ գուցե ինչ-որ մեկի համար ես դառնում ոգեշնչման աղբյուր, որն էլ շարունակում է այդ շղթան՝ դառնալով եւս մեկ օղակ արվեստի շրջափուլում:
Մանե Մխոյանը
- Ձեր ամենասիրելի 3 թատրոններն ու ռեժիսորները:
- Իհարկե, այս եռյակից դուրս պիտի դասեմ իմ ամենասիրելիներին՝ Երեւանի եւ Գյումրու դրամատիկական թատրոնները։ Եռյակ առանձնացնելը շատ բարդ է՝ շատ եմ սիրում Կամերայինն ու Համազգայինը: Անչափ սիրում եմ մեր մարզային թատրոնները, որովհետեւ շատ բարդ ու պատասխանատու աշխատանք ենք ստանձնել՝ ստեղծել ներկայացումներ, ունենալ հագեցած խաղացանկ, ինչը շատ բարդ է ու միեւնույն ժամանակ էլ՝ կարեւոր։ Կառանձնացնեմ Աշտարակի դրամատիկական թատրոնը, այն կարծես ամենաերիտասարդն է, բայց ստեղծագործական թիմը հստակ քայլերով առաջ է շարժվում։
Ռեժիսորներին եւս բարդ է առանձնացնել. կան ներկայացումներ, որոնցում մեզ արդեն ծանոթ ռեժիսորներին բացահայտում ենք նոր գույնով, տեսանկյունից ու ձեռագրով: Կամ արդեն ճանաչված ու սիրվածների կողքին տեսնում ենք երիտասարդների, որոնք իրենց դեբյուտային աշխատանքներով հանդիսատեսի ու նաեւ գործընկերների համար դառնում են բացահայտում: Լավ ներկայացումներից հետո մեծ ցանկություն է առաջանում նրանց հետ աշխատել:
- Ձեր ուսուցիչները, որոնցից կյանքի մասին ու մասնագիտական կարեւոր խորհուրդներ եք ստացել:
- Յուրքանչյուրն իր խորհրդով մեծ դեր է ունեցել իմ մասնագիտական ու անձնական աճի հարցում, բայց իմ ամենակարեւոր ուսուցիչներն ընկերներս են, որովհետեւ նրանց հետեւելով շատ բան եմ սովորում։ Բախտի բերմամբ ընկերներիցս շատերն ինձնից տարիքով եւ մասնագիտական գործունեությամբ ավելի հասուն են:
- Հեռուստատեսության չերեւացող ու Ձեզ համար գրավիչ որակները:
- Հեռուստատեսությունն էլ մի այլ անհավանական գեղեցիկ աշխարհ է, իսկ ուղիղ եթերը հաճախ նմանեցնում եմ ներկայացմանը՝ ունես հստակ ժամանակ եւ քո պատկերացումը, թե ինչ պետք է տեղի ունենա, ինչ կերպարով ես ներկայանալու, ինչ տեքստ ես ասելու, բայց թե ինչպես, դա քո խնդիրն է, եւ ունես միայն մեկ հնարավորություն։ Ամեն հաջորդ ներկայացումը նոր հնարավորություն է, ու թե ինչպես ենք դրան պատրաստվում, մի քանի բառով եւ նախադասությամբ նկարագրելը բարդ է, որովհետեւ կադրից դուրս միշտ աշխատում է շատ մեծ թիմ: Այդ մարդիկ հաճախ չեն երեւում ու նրանց մասին չենք պատմում, բայց առանց նրանց ամեն բան անհնար կլինի:
- Առավոտյան եթերներից մի քանիսը, որոնք անմոռանալի են դարձել Ձեզ համար:
- «Առավոտ լուսո»-ի ամեն եթեր նախորդից տարբեր է, որովհետեւ ամեն օր նոր տեղեկություններով ենք փորձում ներկայանալ: Ինձ համար ամենասիրելի հատվածը հարցազրույցներն են, որովհետեւ երբեմն այնպիսի մարդկանց ենք մեզ համար բացահայտում, որոնք շատ կարեւոր ու հայանպաստ գործունեություն են ծավալում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։ Հատկապես մեր եթերը ոգեւորված ենք ավարտում, երբ խոսում ենք երիտասարդների մասին, որոնք շատ լուրջ նվաճումներ են ունեցել, բայց միեւնույն է՝ վերադարձել են Հայաստան ու արարում են նրա համար:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Չգիտեմ՝ ինչ կասեն, բայց հույս ունեմ, որ այդ զրույցը կսկսվի այսպես. «Վա՜յ, մեր Մանեն» (ծիծաղում է,-հեղ.): Ժպիտով դա ասելուց հետո ինչ կպատմեն՝ չգիտեմ, բայց հույս ունեմ՝ լավ բաներով կկիսվեն։
- Առանձնահատկություններ, որոնք հատուկ են կենդանասերներին:
- Ինչքան շարունակում եմ ուսումնասիրել, փորձել ճանաչել ու էլ ավելի շատ սիրել կենդանիներին, այդ ընթացում բացահայտում եմ, որ յուրաքանչյուր կենդանի ունի հստակ բնավորություն, միտք եւ հոգի: Կենդանիներն այնքան սիրուն են մտածում ու գործում, որ միշտ կարելի է նրանցից օրինակ վերցնել:
- Իսկ հատկանիշներ, որ հատուկ են հիմնականում կենդանիներին ու լավ կլիներ՝ մարդիկ էլ սովորեին:
- Որոշ կենդանիներ, իրենց տեսակով պայմանավորված, այնպիսի բնազդներ ունեն, որոնք կուզեի՝ մենք էլ սովորեինք ու ռեֆլեքսի նման մերը դարձնեինք: Եվ խոսքը միայն ընտանի կենդանիների մասին չէ՝ շների հավատարմության կամ կատուների էներգիայի, այլ նաեւ՝ վայրի կենդանիների: Օրինակ՝ գայլերը հեքիաթներում, չգիտես՝ ինչու, միշտ չար կերպարներով են ներկայացված, բայց իրական անտառում ամենաբարդ իրավիճակներում տեր են կանգնում իրենց ոհմակին։ Բոլոր կենդանիները, թռչունները, սողունները մի ընդհանրություն ունեն՝ կրել պատասխանատվություն իրենց երամի, ոհմակի, պարսի նկատմամբ, դա սերն ու հոգատարությունն է։ Երանի մենք էլ այդ ամենը սովորեինք ու այդ պատասխանատվությունը կրեինք մեր մարդկանց համար:
- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:
- Ամենամեծ հավատս երկնքում է՝ Աստված, որը միշտ լուսավոր ապագայի հույս է ինձ համար: Ամենաբարդ իրավիճակներում առաջին բանը, որ անում եմ՝ երկնքին նայելն է, դիմանալու ու առաջ շարվելու ուժ խնդրելը:
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Կրում եմ այն հագուստն ու աքսեսուարները, որոնք ինձ դուր են գալիս եւ համապատասխանում են այդ պահի տրամադրությանս։ Ունեմ սահմաններ, որոնք չեմ հատում, որովհետեւ դրանցից այն կողմ ինձ ոչ հարազատ եւ իմ աչքին տհաճ կերպարն է։ Բայց շատ հաշտ եմ բոլոր նրանց հետ, ովքեր կրում են այդպիսի զգեստներ։
Մանե Մխոյանը
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Նրանք, որոնք ինձ օտար են եւ իմ բնավորությունը չունեն՝ անկախ նրանից նորաձեւության վերջին թրենդներից են, թե ամենասիրելի բրենդների արտադրանք: Եթե ինձ հարազատ չդառնան, չեն հայտնվի իմ զգեստապահարանում։
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Տունն է, բայց ոչ թե որպես կառույց, շենք կամ բնակարան, այլ որտեղ հարազատ, սիրելի ու կարեւոր մարդիկ են, եւ կապ չունի՝ որտեղ կլինի՝ օվկիանոսի ափին, թե լեռան գագաթին: Օդում, ջրում, թե ցամաքում կարեւորը մարդիկ են:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Դրսում տարածվող փայտե վառարանի ծխի հոտն է, որը հայտնվում է ձմռան գալուն պես ու հենց փաթիլների հետ է լինում։ Դա ինձ իրական մանկական հեքիաթ է տանում, որտեղ կար սահնակ, ընկերներս, ձյունառատ փողոցները, որոնց վրա կարելի էր անդադար սահել ու ձնագնդի խաղալ: Չգիտեմ էլ՝ ինչու, այս պահին հենց դա հիշեցի:
- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:
- Հարցերն իսկապես շատ բարդ են (ծիծաղում է,-հեղ.): Յուրաքանչյուր նոր երկիր, քաղաք, համայնք, շրջան, տուն բացահայտելով՝ բացահայտում ես նաեւ ինքդ քեզ։ Ամեն նոր տեղ քեզ մի նոր բան է տալիս, բայց իմ կյանքի ամենակարեւոր վայրերից մեկը, բնականաբար, թատրոնն է, որն ինձ համար շատ բան փոխեց ու շատ գեղեցիկ սկիզբ տվեց՝ դառնալով կյանքիս անբաժան մասը։ Օվկիանոսն էլ իր ալիքներով եւ մայրամուտով լավագույն վայրերից մեկն է, որտեղ կարելի է ժամերով նստել, վայելել ու շատ էներգիա ստանալ։ Ու, իհարկե, երբեք չեմ դադարի հոգնել այն տեսարանից, երբ հայտնվում ես երկնքի ու երկնքի մեջտեղում (ծիծաղում է,-հեղ.): Երբ ինքնաթիռի թեւը հայտնվում է երկու ամպերի մեջտեղում, որտեղ էլի շատ գաղտնիքներ կան ու պետք է հետեւել ամեն դետալին:
Մանե Մխոյանը
- Մեր մեծերից ո՞ւմ հետ կուզեիք զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:
- Ժամանակի մեքենա ունենալն ամենաանհավանական թվացող երազանքներից մեկն է: Դա կօգներ ոչ միայն ժամանակի մեջ անցյալ կամ ապագա գնալ, այլ հանդիպել մարդկանց եւ հասկանալ, թե ինչպես ու ինչու կառուցեցին իրենց ճանապարհը: Մեր մեծերի հետ այդ զրույցները կարեւոր կլինեին, քանի որ նրանց օրինակը շատերիս համար մեր ապագան կառուցելու նոր տեսլական ու մոտիվացիա են: Ուրախությամբ կպատմեի, որ հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնք կարող են մեզ ոգեշնչել ու հավատ ներշնչել ապագայի հանդեպ:
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Լավ կադրերի առումով էլ տարին շատ հագեցած է եղել, կառանձնացնեմ օվկիանոսի ափին փոկերի այս տեսարանը:
- Վերջին մեկ տարում ամենաշատ տպավորած 3 մարդիկ:
- Ոչ միայն չեմ կարող, այլ նաեւ արդար չի լինի միայն 3 հոգու նշել, որովհետեւ ողջ անցած տարին էր տպավորիչ, շատ հագեցած իր դեպքերով ու դեմքերով: Այնքան մարդու եմ բացահայտել, այնքան նոր տեսակներ գտել ու հիացել նրանցով: Եվ միեւնույն է՝ ամենավերջում հասկանում ես, թե մարդն իր բնավորությամբ ինչքան յուրահատուկ ու կարեւոր է, դրա համար կասեմ, որ 2024 թվականն ամենատպավորիչ տարիներից մեկն էր։
- 3 կարեւոր նպատակ կամ երազանք, որ այս տարի կփորձենք իրագործել:
- Նպատակների մասին աշխատում եմ չբարձրաձայնել ու միայն իրականություն դառնալուց հետո խոսել, իսկ երազանքներս շատ են։ Միակ բանը, որից երբեւէ չեմ հրաժարվի՝ երազելն է։ Երազելն ու այդ երազանքներին հավատալն օգնում է ամենաանհավանական եւ ամենաբարդ իրավիճակներում:
- Ոգեշնչող 3 հանգամանք:
- Իհարկե, ոգեշնչում է արձագանքն իմ կատարած աշխատանքին, երբ լսում եմ հանդիսատեսի ու հեռուստադիտողի, ավագ գործընկերների կարծիքը: Նաեւ ինձ ոգեշնչում են ընտանիքիս անդամները, ընկերներս՝ իրենց կատարած աշխատանքով, նվաճումներով ու ձեռքբերումներով, որովհետեւ նրանց օրինակով նաեւ մոտիվացվում եմ։ Ու ամենակարեւորն՝ ինձ ոգեշնչում է բնությունը, նրա լռությունն ու ներդաշնակությունը:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:
- Յուրաքանչյուր ոլորտ, որն ինձ երբեւէ հետաքրքրում է, միշտ փորձում եմ, եթե ստացվում է, հոբբի է դառնում, եթե՝ ոչ, պարզապես բաց եմ թողնում այդ միտքը: Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ժեստերի լեզվի մասնագետը մի քանի բառ ու բառակապակցություն ցույց տվեց, կրկնեցի, ինչից հետո ինձ գովեց։ Ինչ-որ պահի մտածեցի, որ կարելի է սովորել ժեստերի լեզուն։
Մանե Մխոյանը
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Նախորդ տարվանից սկսել եմ տարատեսակ վախեր հաղթահարել, օրինակ՝ ատրակցիոններից, զիփլայնով թռիչից եւ այլն։ Եվ այս տարվա համար փոքրիկ չգրված պլաններ ունեմ՝ սովորել դահուկներով սահել եւ թռչել պարապլանով:
- Ի՞նչ է հիմա Ձեզ պակասում:
- Օրվա ժամերը, որովհետեւ երբեմն հասկանում ես, որ 24 ժամը քիչ է, որպեսզի կարողանաս իրականացնել բոլոր երազանքներդ եւ այդ վազքի ընթացքում ունենաս նաեւ ազատ ժամանակ, որը կտրամադրես քեզ ու քո սիրելի մարդկանց:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- 2023-ի Ամանորն ինձ համար շատ մոտիվացնող էր, որովհետեւ տարին ավարտվեց ու հաջորդը սկսվեց Չինաստանում: Այդ Ամանորի գիշերն ինքս ինձ խոստացա, որ կփորձեմ ավելի հաճախ ճամփորդել։ Եվ ես շատ շնորհակալ եմ 2024-ին, որ կարողացա աշխատանքային եւ անձնական նպատակներով շատ ճամփորդել, բացահայտել տարբեր երկրներ ու մարդկանց: Հույս ունեմ, որ 2025-ին էլ թռիչքների ու վայրէջքների թիվն իմ կյանքում կավելանա։
- Ի՞նչ կար 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք հասցրել կյանքի կոչել:
- 2024-ն, ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար շատ յուրահատուկ տարի էր՝ իր տված հնարավորություններով, փորձություններով, նոր նշաձողերով, չքնաղ օրերով եւ, իհարկե, բարդ փուլերով: Բայց ես շատ ուրախ եմ, որ այդ ամենի ընթացում որեւէ բանից չեմ հրաժարվել ու կարծում եմ՝ նույնը կանեմ նաեւ 2025-ին:
Մանե Մխոյանը
- Ինչի՞շնորհիվ ամենաշատը կհիշվի 2024 թվականը:
- 2024-ը հիշվելու է իր 365 շատ տարբեր, հագեցած ու բովանդակալից օրերով, որոնց համար անսահման շնորհակալ եմ:
- 2025-ի համար մաղթանք՝ ինքներդ Ձեզ ու բոլորիս:
- Ոչ միայն 2025-ի, այլ բոլոր տարիների ու բոլոր մարդկանց, ինձ էլ՝ այդ թվում, ցանկանում եմ գտնել ու պահպանել հոգու, սրտի ու մտքի խաղաղությունը, առանց դրա անհնհար է, իսկ դրա հետ՝ հնարավոր ամեն բան:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: