Դերասանուհի, Երեւանի ավագանու անդամ Տաթեւ Հովակիմյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել ու նշել, որ ինքը նույնպես կողմ է քվեարկել տրանսպորտի թանկացմանը եւ ներկայացրել է իր փաստարկները:
Նա արդեն 1 տարի է՝ ավագանու անդամ է ու, ինչպես գրել է, ցանկանում է քաղաքը լավագույնը դարձնել: Կարծում է, որ դա ոչ միայն մշակութային կյանքով է արվում, այլ նաեւ «նման որոշումներով»:
«Իմ ընտանիքն էլ շատ դժվար է համակերպվում փոփոխություններին՝ այո... Բայց ես գիտեմ, թե ինչքան բան է արվում ամեն օր՝ տրասպորտային համակարգն ավելի լավը դարձնելու համար եւ, այո, պատրաստ եմ վճարել: Նախկինում դեմ եմ եղել գազելների համար վճարել 150 դրամ, բայց երբ հիմա համակարգը լավագույնը դարձնելու համար ներդրվում են ահռելի միջոցներ, ինչի՞ն դեմ գնամ»,- հայտնել է նա:
Քաղաքացիներն իրենց մեկնաբանություններով հակադարձել են Հովակիմյանին ու նշել բոլոր այն խնդիրները, որոնց ամեն օր առնչվում են: Տրանսպորտային միջոցների ներմուծումը, նրանց կարծիքով, դեռ չի խոսում համակարգը բարելավելու մասին եւ ուղեվարձի թանկացումն արդարացված կլիներ միայն այն դեպքում, եթե աշխատավարձերը բարձրանային: Նրանցից ոմանք դերասանուհուն հարցրել են, թե երբ է վերջին անգամ օգտվել հանրային տրանսպորտից եւ առաջարկել են սեփական մաշկի վրա զգալ խնդիրները:
Մեկնաբանությունն է գրել նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որը նույնպես համաձայն չէ Հովակիմյանի հետ:
«Տրանսպորտի թույլատրելի գինը պետք է լինի 150 դրամ եւ ոչ ավելի: Եթե, իրենց ասելով, դա չի հոգում բարեփոխված տրանսպորտային միջոցների ծախսերը, թող քաղաքապետի եւ իրեն ենթակա մարմինների աշխատավարձից կրճատեն ու ներդրում անեն տրանսպորտի կարգավորման համար: Ինչ վերաբերում Telcell սարքերին, ապա դրանք նորմալ չեն գործում, նաեւ նման վճարման եղանակը նախատեսված չէ ճխտված ավտոբուսների համար: Ամեն ինչ մաքսիմալ անհարմար է դարձել: Ասում եմ՝ որպես քաղաքացի, ով շաբաթական 3-4 անգամ օգտվում է տրանսպորտից»,- ընդգծել է Ռոզի Ավետիսովան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: