BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ մեր զրուցակիցը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանն է:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Լրատվական ալիքի համար քաղաքական նյութեր եմ կարդացել (ծիծաղում է,-հեղ.): Այդ շրջանը համընկավ Իրանի նախագահական ընտրությունների հետ, ու ամեն նորությունն ինձ համար բեմական խոսքի հետաքրքիր վարժանք էր: Փոքր ժամանակ մասնակցել եմ գեղեցկության մրցույթի ու առաջին անգամ լսել «կարեւորը հաղթանակը չէ, այլ՝ մասնակցությունը» արտահայտությունը (ծիծաղում է,-հեղ.): Շատ եմ սիրում սեղանի թենիս խաղալ։
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Իվան Կրամսկոյի «Անծանոթուհին» նկարը, որն անհիշելի ժամանակներից ուղեկցում է ինձ: Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան, Կիմ Կի Դուկի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ եւ նորից գարուն» ֆիլմը:
- Հետաքրքիր փաստ, վերջերս եք իմացել։
- Իմացել եմ, որ Գյումրու հին ու հայտնի խանութներից մեկը հայրիկիս տատիկին է եղել, մինչեւ հիմա նույն տեղում է եւ նրա անունով էլ կոչվում է:
- 3 պատճառ, թե ինչու է թատրոնը հարազատ Ձեզ:
- Երկար մտածում էի այս հարցի շուրջ ու հասկացա, որ պատճառներ չկան։
- Նոր ներկայացում ստեղծելու ամենահաճելի ու դժվար պահերը:
- Նոր ներկայացման մասին լուրն արդեն իսկ հաճելի է, ցանկալի սպասում է: Բայց հենց սկսվում է սեղանի շուրջ աշխատանքը, ինձ թվում է՝ պատահական եմ հայտնվել այդտեղ: Նույն զգացողությունն եմ ունենում առաջին փորձերի ժամանակ, երբ կերպարի հետ հավասար սովորում եմ քայլել։ Իսկ մնացած ընթացքը՝ սկսած զգեստի չափսերը տալուց, բանավեճերից մինչեւ առաջին անգամ դեկորները տեսնելը, հաճելի են:
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Մի անգամ իմ ներկայությամբ քննարկում էին մեր ընթացիկ ներկայացումներից մեկն ու իմ կերպարը, ավելի շատ՝ նրան մարմնավորող դերասանուհուն, առանց իմանալու, որ ես եմ։ Սա հիմնականում թատրոնի դերասանների հետ կպատահի:
- Դերասանների ամենամեծ վախերը:
- Իմ ամենամեծ վախը ներկայացումից ուշանալն է, նույնիսկ երբեմն պրեմիերաներին մոտ օրերին նման երազներ եմ տեսնում (ծիծաղում է,-հեղ.):
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:
- Բեմում ունենում եմ հոգեվիճակների անսահման անցումներ ու փոփոխություններ, որոնք հիմնականում կերպարինն են։ Իսկ իմ հոգեվիճակի թագուհին հուզմունքն է, որը մնում է կուլիսներում: Իսկապես մինչեւ հիմա չեմ հասկանում այդ կախարդական անցումը կուլիսից բեմ. մեկ քայլ, ու վերջ:
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է Գյումրու թատրոնը հարազատ Ձեզ:
- Կրկնեմ՝ հարազատ լինելու զգացողությունն անպատճառ է:
- Ինչո՞վ է այն տարբերվում աշխարհի մնացած բոլոր թատրոններից:
- Տարբերվում է նրանով, որ ես այստեղ եմ. որպես սրամտություն դիտարկեք, ոչ թե մեծամտություն:
- Դերասան, որից դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:
- Իրենց մասնագիտական խորհուրդներով միշտ իմ կողքին է մեր թատրոնի ավագ ու միջին սերունդը: Սիրում եմ լսել նրանց, նաեւ խորհուրդներ եւ կարծիքներ եմ հարցնում երիտասարդներից, որոնց տեսակետը երբեմն շատ է առանձնանում ու հետաքրքիր է։ Կառանձնացնեմ Տիգրան Գաբոյանին, Նառա Սանթոյանին, Արսեն Սաղաթելյանին, Արսեն Միքայելյանին եւ Սարգիս Ղարիբյանին:
- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա կամ օգնել Ձեզ նորովի բացահայտել, ու ինչպե՞ս են դա արել:
- Տարիքով ամենամեծ ու ամենափոքր իմ կերպարները կառանձնացնեմ՝ Մանչուկին ու Պիաֆին, որոնք ինձ այլ դիտանկյուն են տվել իմ կյանքը արժեւորելու եւ համակարգելու համար:
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:
- Արվեստն ինքնին գեղեցկություն է, քանի որ իր մեջ ներառում է անսահման ազատություն մտքի, երեւակայության ու զգացողությունների, իսկ գեղեցիկը ծնվում է ազատությունից։
- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:
- Կառանձնացնեմ նորաբաց Աշտարակի դրամատիկական, Համազգային եւ Երեւանի տիկնիկային թատրոնները։ Ռեժիսորներից են Նարինե Գրիգորյանը, Արտուշ Միքայելյանը, Լյուդվիգ Հարությունյանը։
- Ձեր ուսուցիչները, որոնցից կյանքի ու մասնագիտական կարեւոր խորհուրդներ եք ստացել:
- Վարպետս՝ Հրաչյա Գասպարյանը, որի արվեստանոցում սովորելու տարիները բեկումնային էին անձիս ձեւավորման հարցում։ Բայց եւ կարծում եմ, որ ինձ հանդիպող մարդիկ, առանց դրա մասին իմանալու, իմ կյանքի ուսուցիչներ են։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Եթե անկեղծ, այդ հարցը տվեցի ընկերներիս, գործընկերներիս ու լսեցի հետեւյալ բառերը՝ գիժ, աննորմալ, խառնվածքով, խելագար, խարիզմատիկ, հումորով (ծիծաղում է,-հեղ.): Իսկ նրանցից մեկը պատասխանեց, որ կհարցնի՝ «Ի՞նչ գործ ունեք Ջեմմայի հետ» (ծիծաղում է,-հեղ.):
- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:
- Հուսահատության պահերին ստիպում եմ ինձ ժպտալ, իսկ հետո այդ հուսահատ ժպիտն ինձ զվարճացնում է եւ դառնում իրական եւ ուրախ։
- 5 իր, առանց որի Ձեր կյանքը չեք պատկերացնում:
- Տեսակով կապվող չեմ ու կարող եմ հեշտությամբ ազատվել յուրաքանչյուր իրից, հագուստից, նյութից: Բայց թվեմ մի քանիսը՝ ավտոմեքենա, արեւային ակնոց ու հաստ գուլպա՝ տարվա բոլոր եղանակներն, սուրճ՝ առավոտյան, եւ մկրատ՝ պայուսակում. ունիվերսալ գործիք է:
- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:
- Ես ամենաշատը հավատում եմ ինձ, իմ ներքին ձայնին, իմ բիոմեխանիկային, բայց դեռ չեմ սովորել հենվել դրանց վրա: Հուսամ՝ 2025-ն ինձ կսովորեցնի։ Եվ հավատում եմ, որ բարին կհաղթի չարին (ժպտում է,-հեղ.):
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Իմ ոճն ունի 1 կանոն՝ հարմարավետություն։ Երբեմն հիշում եմ շրջապատող մարդկանց մասին եւ փորձում այնպես անել, որ իմ հարմարավետությունը նրանց աչքին տհաճ չլինի: Դե, որովհետեւ նրանք ինձ ավելի շատ են տեսնում, քան՝ ես: Երբեմն էլ նրանց աչքերի համար անակնկալներ եմ մատուցում՝ դուրս գալով իմ հարմարավետության գոտուց:
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Ֆուքսիա երանգի յուրաքանչյուր հագուստ ինձ վանում է:
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Մոլորակի վրա ամենալավ տեղն ինձ բաժին հասած մարմինն է:
- Կապանում եւ Գյումրիում ամենասիրելի անկյունները:
- Կապանում սիրում եմ մայրական տունը, Գյումրիում՝ իմ տունը: Կավելացնեմ նաեւ Երեւանում հայրական տունը:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Հիմա կարող է շատ տհաճ հնչել, բայց առաջ շենքերում աղբատար խողովակներ կային եւ ամռանը մի «յուրահատուկ» բույրով էին բուրում: Հիմա հենց զգում եմ այդ հոտը, հիշում եմ բոլոր մանկական խաղերն ու բակի ընկերներիս, նաեւ շաքարավազով թեյի հոտն է ինձ մանկություն տանում եւ «Մագնոլիա» օծանելիքը, որը տատիկիս զարդասեղանի վրա էր։
- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:
- Կառանձնացնեմ 2 վայր՝ Կապանի հիվանդանոցի բակը, որտեղ վերջնականապես որոշեցի թատերական ընդունվելու մասին, եւ Գորիսի Կոռնիձոր գյուղը, որտեղ որոշեցի Կապանից տեղափոխվել Գյումրի:
- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել:
- Փարաջանովի հետ անկեղծ կզրուցեի:
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրն է արվել, երբ Գյումրու դրամատիկականը 6 մրցանակ ստացավ, եւ Լյուդվիգ Հարությունյանն իր ելույթի ժամանակ բեմից հնչեցրեց իմ անունը: Այդ պահին անսահման ուրախ ու շնորհակալ էի:
- Իսկ հեռախոսով արած վերջին կադրը, որը դեմ չէիք լինի կիսել մեր ընթերցողների հետ:
- Լիլիթն է՝ մեր թատրոնի երիտասարդ ու շնորհաշատ դերասանուհին:
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:
- Հայկը, ով մեկ տարեկան է, Արամ Կարախանյանը, որի հանդեպ մեծ ակնածանք ունեմ, բայց բախտ վիճակվեց ծանոթանալ 2024-ին:
- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Pongo-ի «Bruxos» երգը, որը դարձել է իմ ուրախ պահերի սաունդթրեքը, իսկ տխրելու համար «Անուշ» օպերայից «Ամպի տակից ջուր է գալիս» հատվածը:
- Ինչի՞ց եք հրաժարվել 2024-ին կամ պատրաստվում եք հրաժարվել այս տարի:
- 2024-ին հրաժարվել եմ 2024-ից (ծիծաղում է,-հեղ.):
- 3 ոգեշնչող հանգամանք:
- Ոգեշնչում գտնում եմ նոր ծանոթություններից, տարածքներից, համերից:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:
- Ձեր հարցն ինձ հիշեցրեց, որ վաղուց ցանկանում էի աճպարարական հնարքների տիրապետել: Հուսամ՝ չեմ մոռանա դրա մասին:
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Միշտ ցանկացել եմ սափրել գլուխս, բայց վախեցել եմ:
- Ի՞նչ է հիմա Ձեզ պակասում:
- Ինձ հիմա ու միշտ պակասել է ժամանակը. այն այնքան արագ է սահում։
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Իմ կյանքում հայտնվող մարդկանց համար անսահման շնորհակալ եմ:
- Ի՞նչ կար 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք հասցրել կյանքի կոչել:
- 2024-ից որոշել էի, որ ինստագրամյան էջս պետք է միշտ ակտիվ պահեմ ու բլոգանման բան ունենամ: Հուսամ՝ այս տարի կանեմ:
- Ինչի՞շնորհիվ ամենաշատը կհիշվի նախորդ տարին:
- Սիրո տարի էր եւ հենց այդ սերն էլ կհիշվի:
- Այս տարվա համար մաղթանք՝ ինքներդ Ձեզ ու բոլորիս:
- Բոլորիս մաղթում եմ մարմնի եւ մտքի ներդաշնակություն: Դրա բացակայությունը մարդկանց չար է դարձնում:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից, Գուրգեն Գինոսյանի, Գյումրու թատրոնի, Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: