Հիշո՞ւմ եք՝ ինչպիսին էր դերասան, հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը 10 կամ 15 տարի առաջ: BRAVO.am-ը բացել է իր մեծ արխիվը եւ առանձնացրել հետաքրքիր կադրերն ու դրվագները: Շատ լուսանկարներ ու մեջբերումներ հուշեր կարթնացնեն ու նաեւ կտեսնեք՝ ինչպես են փոխվել արտիստները վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում:
2009 թվականը՝ «32 ատամով»
Վաչեն առաջին անգամ մեր ֆոտոօբյեկտիվում հայտնվել է 16 տարի առաջ՝ «32 ատամ» սթենդ ափ շոուի՝ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած նկարահանումներին: Այդ ժամանակ «Երեսուներկու փրոդաքշն»-ի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը հայտարարեց, որ «Շանթ»-ից տեղափոխվում են «Արմենիա»:
Արմուշը եւ Վաչե Թովմասյանը
2012 թվական
«Ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում»
BRAVO.am-ը 13 տարի առաջ ներկայացրել է Թովմասյանի դոսյեն՝ առաջին դեմքից, որն այսօր առավել հետաքրքիր է վերընթերցել.
Ծննդյանս տարեթիվը եւ ամսաթիվը՝ 1986 թվական, հուլիսի 15
Համաստեղությունս՝ խեցգետին
Բոյս` 1.86սմ
Աչքերիս գույնը` չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել
Արյանս խումբը` 1-ին դրական
Կրոնական հայացքներս` քրիստոնյա
Քաղաքական հայացքներս` քրիստոնյա
Սիրում եմ` ծով
Չեմ սիրում` չծով
Մի քիչ իմ մասին. ծնվել եւ մեծացել եմ Երեւանում՝ Հարավ-Արեւմտյան Բ-2 թաղամասում: Փոքր ժամանակ այդ թաղամասի ազդեցությունն իմ մտածելակերպի, ապրելակերպի վրա մեծ էր:
Լուսանկարը՝ անձնական արխիվ Վաչե Թովմասյանը
Դպրոցական տարիներին ստիպողաբար էի սովորում, կարդում, բայց գերազանցիկ եմ եղել: Ժամանակի հետ ինքս սիրեցի գիրքը:
Մայրս մեզ սովորեցրեց սիրել թատրոնը, բարձրակարգ երաժշտությունը, ընթերցանությունը: Տարիները եւ մորս համառությունն ու նվիրվածությունն իմ եւ եղբորս կայանալու հարցում հսկայական ազդեցություն ունեցան:
Ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Եղել եմ մեր համալսարանի Ուրախների եւ հնարամիտների ակումբի անդամ:
«32 ատամ»-ի կազմում եմ եղել հիմնադրման օրվանից: Որոշ ժամանակ անց մեր խումբը երկու մասի կիսվեց. ես ընտրեցի «Վիտամին ակումբը»: Զարմանալի էր եւ միեւնույն ժամանակ ուրախալի, որ այն ավելի մեծ հաջողություն ունեցավ:
Արամ Mp3-ն եւ Վաչե Թովմասյանը
Թվում է, թե հումոր անելը հեշտ է, բայց դա սխալ տպավորություն է: Հումորը եւ թեմաները պետք է հասու լինեն բոլորին, բայց մենք՝ ընկերներով, ունենք նաեւ մեր առանձին հումորը, որն արդեն սահմաններն անցել է եւ հասել ինչ-որ այլ հարթության:
Եթե չլինեի հումորիստ, ապա կլինեի հումորով գործարար: Ցանկություն ունեմ թատրոնում հանդես գալ, ավելի լուրջ դերեր խաղալ: Ես ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում, անգամ երաժշտության մեջ ավելի գերադասում եմ ջազ, սոուլ ոճերը:
Եթե հիմա սկսեմ փնտրել երկրորդ կեսիս, մինչեւ 30-ամյակս գոնե մեկ երեխա արդեն կունենամ:
«Կորած-մոլորված»-ի Բլդոն
2012 թվականի նոյեմբերին երեւանյան մեծ էկրան բարձրացավ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած-մոլորվածը Հայաստանում» (Lost & Found in Armenia) ֆիլմը: Ռոմանտիկ կատակերգությունում Միքայել Պողոսյանի, Հրանտ Թոխատյանի, հոլիվուդյան դերասաններ Անժելա Սարաֆյանի, Ջեյմի Քենեդիի հետ նկարահանվել է նաեւ Վաչե Թովմասյանը:
Վաչե Թովմասյանը եւ Ալլա Սահակյանը՝ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի նկարահանումներին
Նա մարմնավորել է գյուղապետի տղայի ընկերոջ՝ Բլդոյի կերպարը. «Շատ եմ եղել տարբեր ֆիլմերի նկարահանման պրոցեսներում, բայց սա առանձնանում էր պրոֆեսիոնալ թիմով. լրջորեն էին վերաբերվում գործին: Շատ բան կարելի էր տեղում սովորել: Հաճելի էր նրանց հետ աշխատելը, հատկապես՝ ֆիլմի սցենարի սուպերվայզեր Մերլինի հետ, որը, ցավոք, վերջերս մահացավ: Շատ լավ կին էր, շատ էր հավանել հայերին եւ ինքն էլ էր ուզում հայերեն տառերով դաջվածք անել»:
Վաչե Թովմասյանը եւ Արմուշը՝ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի պրեմիերային
2013 թվական
Ռետրո հարսանիքը
Վաչե Թովմասյանը 12 տարի առաջ ընտանիք կազմեց: Նրա եւ լրագրող Գայանե Մանուկյանի պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Վաչե Թովմասյանը
Քանի որ ծանոթացել էին Միացյալ Նահանգներում, հարսանիքի թեման 1920-30-ականների Չիկագոն էր` վինտաժային աքսեսուարներով: Խնջույքի հյուրերին էլ առաջարկել են հագուկապի հարցում պահպանել ռետրո ոճը:
Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը
Նրանք թեեւ վաղուց ամուսնալուծվել են, պահպանում են դրական հարաբերություններ: Այդ մասին են վկայում Գայանեի ոգեւորությունն ու հրապարակային շնորհավորանքները՝ նախկին ամուսնու հաջողությունների եւ ձեռքբերումների առթիվ:
2014 թվական
Ստորեւ ներկայացված կադրը մեր լուսանկարիչը ֆիքսել է 11 տարի առաջ՝ Արամ Mp3-ի ակումբային մենահամերգի ժամանակ: Համերգային երեկոն բացել է Վաչե Թովմասյանը՝ ռուսական «Руки Вверх» խմբի «Ալյոշկա» երգով:
2015 թվական
Սիրուց՝ ատելություն
Տասը տարի է անցել այն պահից, երբ «Ա-ԹիՎի»-ի եթերում հայտնվեց «Քարե դարդ» սիթքոմը: Նախագծի պրոդյուսերը Վաչե Թովմասյանն էր: Նա նաեւ մարմնավորում էր գլխավոր հերոս Մոսոյին: Սիթքոմի մասին բացասական կարծիքները շատ էին: Այդ մասին մեզ հետ զրույցում խոստովանել է նաեւ Վաչեն. «Շատ տարբեր կարծիքներ եմ լսել, մարդիկ կային՝ ատում էին ու արգելում իրենց երեխաներին նայել, մարդիկ էլ կային՝ գժվում էին»:
«Քարե դարդ»-ի մտահղացումը Սարգիս Մնոյանինն էր, սցենարի համահեղինակներն էին «վիտամինցիներ» Վանը եւ Գրիգը, ռեժիսորը՝ Վարդան Հակոբյանը:
Անատի Սաքանյանը, Վաչե Թովմասյանը եւ Աննա Մանուչարյանը՝ «Քարե դարդ» սիթքոմի շնորհանդեսին
Մինչ թերթում էինք արխիվը, հետաքրքիր դրվագ նկատեցինք. պարզվում է՝ նույն շրջանում Արման Բաբաջանյանը ներկայացրել է «Արամմա» կատակերգությունը, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվել. «Ես տեսել եմ սիթքոմը, չեմ համեմատի, որովհետեւ միայն հանդերձներն են նման։ Մենք նկարահանել ենք Լաստիվերում՝ բնության մեջ, ոչ թե տաղավարում՝ պատերի արանքում, նկարել ենք ամռանը՝ մինչեւ սիթքոմը։ Վաչեն ու Արմուշը նկարահանվում են սիթքոմում, բայց այդ մասին մենք չենք խոսել, ճիշտն ասած՝ նրանց հետ խոսելու ցանկություն էլ չունեմ»։
2017 թվական
Միայի ծնունդը
2012 թվականին, ինչպես վերեւում արդեն պատմել ենք, Վաչե Թովմասյանը հույս էր հայտնել, որ մինչեւ 30-ամյակը հայր դարձած կլինի: Նրա ցանկությունը կատարվել է ընդամենը մեկ տարի ուշացմամբ. 2017-ը դերասանի համար նշանավորվել է առաջնեկի ծննդով: Հունվարի 25-ին լույս աշխարհ եկած աղջնակին ծնողները Միա անունն են տվել:
«Փոքրիկին արդեն տեսել ու գրկել եմ։ Շատ երջանիկ եմ, ուղղակի չքնաղ է»,-BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել էր նա:
Լուսանկարը՝ անձնական արխիվ Վաչե Թովմասյանը՝ Միայի հետ
Նոր սիթքոմի եւ սխալները չկրկնելու մասին
2017-ի աշնանը մեկնարկեց «Ոսկե դպրոց» սիթքոմի ցուցադրությունը: Պրոդյուսերը, սցենարի համահեղինակն ու գլխավոր դերակատարը Վաչե Թովմասյանն էր:
Լալա Մնացականյանը եւ Վաչե Թովմասյանը
Խոսելով նախորդ՝ «Քարե դարդ» սիթքոմի քննադատությունների ու քննարկումների մասին՝ նա շեշտել էր, որ փորձել են շտկել սխալները. «Ամեն նոր նախագծի հետ ձգտում ենք աճել, ավելի փորձառու ենք դառնում: Այժմ մեր փորձառությունը թույլ է տալիս նախորդ սխալները չկրկնել»:
2019 թվականի տրամադրությունը
6 տարի առաջ Վաչե Թովմասյանին ու Գայանե Մանուկյանին առաջարկեցինք լուսանկարվել իրենց դստեր հետ սիրո տոներին պատրաստվող Երեւանում: Դերասանը հարցազրույցի ժամանակ խոստովանեց, որ միշտ երազել է աղջիկ երեխայի մասին:
Վաչե Թովմասյանը եւ Գայանե Մանուկյանը՝ Միայի հետ
Պատասխանելով հարցին, թե ինչ է հարկավոր լավ տրամադրության համար, Թովմասյանը նշել էր. «Լավ տրամադրության համար կարեւոր է, որ այն չփչացնեն: Տրամադրությունը շատ կարեւոր է, մանավանդ իմ գործում: Հենց հիմա երկու նախագծի սցենար եմ գրում: Չկա ավելի դժվար բան, քան մտածել, թե դիմացինին ինչը կծիծաղեցնի»:
Վաչե Թովմասյանը՝ դստեր հետ
Եղբայրները
2019-ին անդրադարձ եղավ նրան, որ Վաչե Թովմասյանը եւ դերասան Վահան Թովմասյանը հարազատ եղբայրներ են: Հետաքրքիր էր՝ ինչ հարաբերություններ ունեն նրանք աշխատանքում եւ դրանից դուրս:
«Հայտնի խոսք կա՝ «Բարեկամի հետ պետք չէ աշխատել», բայց մեր դեպքում դա հարյուր տոկոսով հերքվում է: Ես ու եղբայրս թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում միասնական ենք: Մենք որքան նման, այնքան էլ տարբեր մարդիկ ենք, թեեւ ընդհանրություններ ունենք թե՛ արտաքնապես, թե՛ բնավորության գծերով»,- պատմել էր Վահան Թովմասյանը:
Վահան եւ Վաչե Թովմասյանները
Արդեն դեկտեմբերին Վաչե Թովմասյանը հանդես եկավ «Դե, հիմա էդ ա» սթենդ ափ շոուով: Պրեմիերային ներկա էին շոուբիզնեսյան բազմաթիվ դեմքեր: «Հասկանալով, որ կարոտել եմ բեմը, այդ ադրենալինը, որը զգում եմ ելույթ ունենալիս, ամառվանից սկսեցի աշխատել սցենարի վրա, որպեսզի կարողանամ լավագույնս ներկայանալ»,-հետնաբեմում խոստովանել էր նա:
Վաչե Թովմասյանը
Վաչեի եւ Գայանեի ամուսնալուծության մասին լուրերը լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել 2019-ի տարեվերջին:
2024 թվական
«Ավելի երջանիկ չէի կարող լինել»
Նախորդ տարի մայիսին ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը, դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»:
Վաչե Թովմասյանը պրեմիերայից հետո Ինստագրամում կիսվել է իր ապրումներով. «Ֆիլմը Կաննի կինոփառատոնում 10 րոպե ծափահարությունների արժանացավ: Ավելի երջանիկ չէի կարող լինել: Շնորհավորում եմ, Շոն Բեյքեր: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար: Շնորհակալ եմ ամենահիասքանչ թիմին»:
2025 թվականը՝ «Օսկար»-ով
Այս հրապարակման համար ավելի հոլիվուդյան վերջաբանի մասին չէինք էլ կարող երազել:): Օրեր առաջ տեղի ունեցած «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությունը հայերի համար առանձնահատուկ էր, քանի որ աստղերի շարքում շողշողում էին հայկական երկու դեմք՝ Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը: Ու նրանց կերտած Թորոսի եւ Գառնիկի կերպարներով «Անորա» ֆիլմը 5 անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ՝ այդ թվում նվաճելով «Լավագույն ֆիլմ» տիտղոսը:
Վաչե Թովմասյանը եւ Կարեն Կարագուլյանը
Այսպիսի ոգեւորությամբ է խոսել Վաչե Թովմասյանի մասին Կարեն Կարագուլյանը մեզ հետ հարցազրույցում. «Ֆիլմում նաեւ հայերեն ենք խոսում, ընդ որում՝ զրույցների մեծ մասը Վաչեի հետ իմպրովիզ ենք արել: Վաչեի հետ ծրագրեր ունենք մեր ուժերով էլ որեւէ բան ստեղծել: «Անորա»-ի շնորհիվ ամենամեծ ձեռքբերումներիցս մեկն էլ այն է, որ Վաչեն հայտնվեց իմ կյանքում»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: