Նախորդ տարվա ապրիլին արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթ Միդլթոնը նշեցին իրենց ամուսնության 13-ամյակը: Մինչդեռ հանդիպել ու սիրել են միմյանց շատ ավելի վաղ՝ դեռ ուսանողական տարիներից: Միդլթոնն ամուսնության առաջարկության է սպասել 9 տարի: Հիմա նրանք 3 երեխա ունեն, միասին տարբեր դժվարությունների, այդ թվում՝ հիվանդության միջով են անցել ու, չնայած ասեկոսեներին, շարունակում են ամուր ընտանիք լինել:
Պատահականությունները պատահական չեն
Քեյթ Միդլթոնը ծնվել է բնավ ոչ արիստոկրատական ընտանիքում: Ծնողները ծանոթացել են երկնքում՝ մայրը բորտուղեկցորդ էր, հայրը՝ օդաչու: Քերոլն ու Մայքլը հետագայում հիմնել են սեփական Party Pieces ընկերությունը, որի շնորհիվ միլիոնատեր են դարձել: Նրանք կարողացել են լավ կյանք ու կրթություն ապահովել իրենց 3 երեխաների համար: Շատերը նշում են, որ հենց Քեթրինն է երազել դստերն ամուսնացնել թագաժառանգի հետ:
Քեյթը մեկ ուսումնական տարի բաց է թողել, որպեսզի Ուիլյամի հետ սովորի: Դեռ դպրոցական տարիներից Միդլթոնը մտադիր էր ընդունվել Էդինբուրգի հեղինակավոր համալսարան, բայց, երբ հայտնի դարձավ, որ Ուիլյամն ուսումը շարունակելու է շոտլանդական Սենթ Էնդրյուսում, Քեթրինը շեղվեց իր նախնական պլանավորած ուղուց:
Մեկ տարի նա հանգստանում ու ճանապարհորդում էր, ինչից հետո սկսեց Ուիլյամի հետ նույն հաստատությունում սովորել: Հենց դրա համար էլ ոմանք մինչեւ հիմա պնդում են, որ նրանց ամուսնությունը բնավ էլ սիրո վրա չի հիմնված եղել:
Ծանոթությունը
Առաջին կուրսեցի Քեթրինին համալսարանում ամենագեղեցիկ աղջիկներից մեկն էին համարում, իսկ գարնանը նա այդ կարգավիճակը պաշտոնապես հաստատեց: Թափանցիկ զգեստով մասնակցեց համալսարանական բարեգործական ցուցադրությանն ու հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, եւ Ուիլյամն էլ բացառություն չէր:
«Քեյթը շատ կրքոտ է»,- այդ ցուցադրությունից հետո ընկերոջն ասել էր նա:
Դրանից հետո սկսեցին հանդիպել եւ նույնիսկ միասին ապրել: Նրանք ընկերների հետ տուն էին վարձակալում, որտեղ էլ անցկացնում էին ուսանողական տարիները:
Մամուլում սկսեցին գրել Ուիլյամի եւ Քեյթի հարաբերությունների մասին, իսկ արքայազնը չէր շտապում հաստատել սիրավեպը: Միդթլոնն այդ պահից ի վեր բրիտանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, որոնք նրա կյանքն իսկական դժոխքի վերածեցին:
Սիրավեպի մեկնարկը
2003 թվականին պապարացիները նրանց միասին Ալպերում հանգստանալիս նկատեցին, լրագրողներին նաեւ հայտնի էր դարձել, որ սկսել են երկուսով ապրել: Հաջորդ տարի զույգի հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չէր՝ Քեթյն ամռանն ընկերների հետ մեկնեց Ֆրանսիա եւ ուղեւորության ընթացքում չէր կարողանում թաքցնել վատ տրամադրությունը:
Միդլթոնը բավական իմաստուն գտնվեց եւ Ուիլյամին ամեն ինչ ծանրութեթեւ անելու ժամանակ տվեց: Համալսարանի վերջին տարվա հանգստյան օրերին մեկնում էր ծնողների մոտ եւ Ուիլյամին միայնակ թողնում: Արդեն Սուրբ Ծնունդին հայտնի դարձավ, որ այդ մարտավարությունն իր պտուղները տալիս է՝ սիրահարները վերամիավորվեցին:
Նրանց հարաբերությունները բուռն կերպով էին զարգանում եւ բոլորը հասկանում էին, որ դա ավելին է, քան պարզապես ուսանողական սիրավեպ: 2006-ին արքայական ընտանիքը Քեյթին հրավիրեց սուրբծննդյան ընթրիքի: Բրիտանիայում բոլորն ամուսնության առաջարկության էին սպասում, սակայն Ուիլյամը չէր շտապում: Նա վախենում էր, որ պապարացիները կհարձակվեն Քեթրինի վրա, ինչպես ժամանակին եղել էր նրա մոր՝ արքայադուստր Դիանայի հետ: Սիրելիի համար թիկնապահներ վարձեց, սակայն այդ քայլն ավելի սրեց իրավիճակն ու նոր խոսակցությունների առիթ տվեց:
Բրիտանացիները կատակում էին Քեյթի անհասկանալի կարգավիճակի մասին, իսկ Ուիլյամին ժամանակ առ ժամանակ գիշերային ակումբներում տարբեր կանանց հետ նկատում: 2007-ին Քեյթին այդ ամենը հոգնեցրեց ու նա բաժանվեց Ուիլյամից: Արքայազնը հասկացավ, որ չի կարողանում ապրել առանց Քեյթի, բայց չէր շտապում ամուսնանալ հետը:
Դրանից քիչ ժամանակ անց որոշեց օդաչու դառնալ եւ մեկնեց սովորելու, որպեսզի հետագայում աշխատի բրիտանական փրկարարաորոնողական ավիացիայում: Քեթրինին շարունակում էին ավելի շատ ծաղրել, եւ վերջապես 2010-ի աշնանը Ուիլյամը համարձակվեց նրան տալ ամենակարեւոր հարցը: Քեթրինը տվեց իր համաձայնությունը եւ ստացավ արքայադուստր Դիանայի մատանին: Բուքինգեմյան պալատն էլ հայտնեց մոտալուտ հարսանիքի մասին:
Հարյուրամյակի հարսանիքը
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ամուսիններ դարձան 2011 թվականի ապրիլի 29-ին: Հեքիաթային արարողությունը կայացավ Վեսթմինստերյան աբբայությունում, Քեյթի հարսանեկան զգեստի հեղինակը Alexander McQueen բրենդից Սառա Բերթոնն էր: Զգեստը գնահատվում էր 400 հազ. դոլար ու ամենաթանկերից մեկն է համարվում: Հարսանիքն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց աշխարհով մեկ ու այդ գեղեցիկ արարողության ականատեսը դարձան միլիոնավոր մարդիկ: Արարողությանը 2000 հյուրեր էին ներկա, որոնց թվում էին քաղաքական գործիչներ, սպորտի եւ շոու-բիզնեսի աստղեր:
Հարսանիքից հետո նորապսակներն իրենց առաջին ուղեւորությունը որպես թագավորական ընտանիքի անդամներ կատարեցին դեպի Կանադա:
Նրանց կյանքում նոր փուլ սկսվեց՝ 10 տարի անց Քեթրինի տանջանքները վերջապես ավարտվեցին ու նա դարձավ Քեմբրիջի դքսուհի, իսկ հիմա արդեն Ուելսի արքայադստեր տիտղոսն է կրում:
ԶԼՄ-ներում հաճախակի են լուրեր հայտնվում, թե նրանց հարաբերություններն այլեւս այն չեն ու շուտով կհայտնեն մոտալուտ բաժանման մասին: Ուիլյամին էլ նորանոր սիրավեպեր են վերագրում: Մինչդեռ նրանք շարունակում են միասին հայտնվել հանրային միջոցառումների ժամանակ ու երջանիկ երեւալ:
Երեխաները
Քեմբրիջի դքսուհին իր առաջին հղիության մասին հայտարարեց 2012 թվական։ Մինչ նա սպասում էր առաջնեկին, նորաձեւության ամսագրերը քննարկում էին Քեյթի հագուստը, իսկ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք ընդունում փոքրիկի սեռի վերաբերյալ: 2013 թվականի հուլիսի 22-ին ծնվեց արքայազն Ջորջը: Փոքրիկի ծնունդը ողջ Մեծ Բրիտանիան էր քննարկում, իսկ Քեյթը երեխային ունենալուց ժամեր անց ծննդատան դռների մոտ արդեն լուսանկարվում էր ամսագրերի համար:
2015 թվականի մայիսին ծնվեց արքայադուստր Շարլոտը, բոլորը միաբերան պնդում են, որ նա Ուիլյամի տատիկի՝ Եղիսաբեթ II-ի կրկնօրինակն է:
Իսկ վերջին երեխային զույգն ունեցավ 2018 թվականի ապրիլին եւ նրան Լուի անվանեց: Չնայած իր պատանի տարիքին, նա արդեն հասցրել է մեմերի հերոս դառնալ ու սիրվել բրիտանացիների կողմից:
Հիվանդությունը
2024-ը բավական ծանր էր արքայական ընտանիքի համար: Մարտին Ուելսի արքայադուստրը տեսաուղերձով հանդես եկավ ու հայտնեց, որ քաղցկեղ ունի եւ եւ քիմիաթերապիա է անցնում:
Միդլթոնը պատմեց, որ նորությունը շոկային է եղել իրենց ընտանիքի համար ու մի քանի ծանր ամիս են անցկացրել արքայազն Ուիլյամի հետ։
«Ժամանակ պետք եղավ, որպեսզի ամեն ինչ բացատրենք Ջորջին, Շարլոտին ու Լուիին եւ համոզենք, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի։ Ուիլյամի աջակցությունը մխիթարանքի եւ վստահության հիանալի աղբյուր է, ինչպես նաեւ շատերիդ սերը, աջակցությունն ու բարությունը»,- նշեց նա։
Հունվարին Միդլթոնը որովայնի վիրահատության էր ենթարկվել, որը բարեհաջող էր անցել, սակայն դրան հաջորդած թեստերի արդյունքում պարզ էր դարձել, որ քաղցկեղ ունի։
Հայտարարությունից հետո ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ իրենց աջակցությունն ու սերը հայտնեցին Միդլթոնին։ Վերջերս էլ բուժումից հետո նա առաջին անգամ հանրային միջոցառման մասնակցեց: Ամուսնու հետ հանդիպեց քաղցկեղով հիվանդ 16-ամյա Լիզ Հատոնի հետ ու այդ մասին պատմեց Ինստագրամում: Թեեւ բժիշկների կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն, նա շարունակում է պայքարել ու զբաղվել սիրելի գործով:
«Շատ հաճելի էր Վինձորում հանդիպել Լիզի հետ: Նա տաղանդավոր երիտասարդ լուսանկարիչ է, որի կրեատիվությունն ու տաղանդը ոգեշնչում են երկուսիս էլ»,- գրել է Քեյթը:
42-ամյա Միդլթոնը քիմիաթերապիան ավարտել է սեպտեմբերին ու արդեն անցել իր թագավորական պարտականությունների կատարմանը: Նշվում է, որ նա կաշխատի կրճատված գրաֆիկով ու մինչեւ տարեվերջ մի քանի միջոցառման կմասնակցի:
Համընդհանուր սերն ու ոճը
Ուելսի դքսուհուն հաջողվեց ինչպես եւ Ուիլյամի մայրիկին՝ Լեդի Դիին հանրության սիրելին դառնալ: Նրա հագուստը, շարժուձեւը, գործունեությունն ու ամեն քայլը մանրամասն ուսումնասիրվում է մինչ օրս: Անգամ Մեգան Մարքլի դժգոհություններից հետո, թե իբր Քեյթն իրեն չի աջակցել, նա շարունակում է շատերի սիրելին մնալ:
Յուրաքանչյուր հանրային միջոցառումից հետո Ուիլյամի եւ Քեյթի հագուստները մանրազննին վերլուծում են: Հատկապես տպավորվել է 2023 թվականին Լոնդոնում կայացած BAFTA մրցանակաբաշխությունում նրանց համատեղ հայտնվելը:
Շատ մասնագետների կարծիքով՝ Քեյթի ոճն անթերի է: Դեռ ուսանողական տարիներից էր առանձնանում մյուսներից: Անկախ նրանից, թե նրա կյանքում ինչ է տեղի ունենում, կարողանում է տարբերվող լինել: Նրա ոճի հիմնական սկզբունքներն են էլեգանտությունն ու կանացիությունը: Ընդ որում՝ հիմնական շեշտը դնում է բրիտանական նորաձեւության վրա ու ընտրում տեղացի դիզայներների հագուստները: Նաեւ ժամանակակից թրենդներին է հետեւում, բայց հավատարիմ մնում սեփական ոճին:
Դքսուհին հայտնի է նաեւ նրանով, որ միեւնույն զգեստը կրում է մի քանի անգամ, ինչի համար վաղուց արժանացել է բրիտանացիների հարգանքին: Օրինակ՝ արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքին կրել է McQueen-ի նույն զգեստը, որով մինչ այդ 3 անգամ արդեն հայտնվել էր հանրության առաջ:
Միդլթոնը սիրում է վառ գույներ, որոնց թվում են կարմիրը, վարդագույնը, կանաչը, նարնջագույնը: Տարբեր գույների նկատմամբ սերը նրան փոխանցվել է Եղիսաբեթ թագուհուց, որը, ինչպես գիտենք, սիրում էր համադրել միեւնույն վառ երանգների հագուստ ու պայուսակներ:
Ինչպես թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այնպես էլ Միդլթոնի զգեստապահարանում յուրահատուկ տեղ են զբաղեցնում դասական գլխարկները, որոնք հանրային միջոցառումների բաղկացուցիչ մասն են: Իսկ ահա կոշիկները արքայադստեր առանձնակի թուլությունն են, եւ միեւնույն զույգը սիրում է կրել տարբեր առիթների ժամանակ:
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: