×


«Դանին մեկ կյանք լույս ու սեր է բերել». Հովհաննես Ղազարյանի ու Էվելինա Շահիրյանի համալրված ընտանիքը

Bravo.am-ը ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի ու Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանի ընտանիքի ձեւավորման բոլոր փուլերին ականատես է եղել: Ծանոթացել ենք, երբ դեռ նոր էին նշանվել, ապա ներկա ենք եղել հարսանիքին, իսկ օրեր առաջ հանդիպել ենք նրանց որդու՝ Դանիելի հետ:

- Ձեզ հետ մեր առաջին զրույցը 2023-ին էր, երկու տարի անց ինչպե՞ս է փոխվել ձեր ընտանիքն ու ի՞նչ կարեւոր ձեռքբերումներ ունեցել:


Էվելինա. - Այն ժամանակ դեռ ամուսնացած չէինք, ստեղծեցինք մեր ընտանիքը, ինչը մեր կյանքի կարեւորագույն քայլերից մեկն էր։ Մի այսպիսի դաժան պահ կա, ամուսնանալուց առաջ բոլորն ասում են. «Շուտով կենցաղը կշատանա, կյանքդ կփոխվի ու անհետաքրքիր կդառնա»։ Բայց մի բան հաստատ գիտեմ, երբ սիրելով ես ամուսնանում, ոչինչ էլ չի կարող խանգարել ձեզ: Պետք չէ ամուսնությանն այդքան կենցաղային մոտեցում ունենալ եւ նորաստեղծ զույգերին վախեցնել։ Ընտանիքը նաեւ սիրուն էմոցիաներն են, ապրումները, միասին դժվարությունները հաղթահարելը։ Անկախ խնդիրներից, որոնք միշտ էլ լինում են, երբեք չպետք է թույլ տաք, որ սերը պակասի։ Կարեւոր է, թե որքան խելացի եք վարվում եւ թույլ տալիս, որ դժվարությունները ձեզ խանգարեն։ Իսկ այս ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը, բնականաբար, Դանին է։ Նրա ծնունդից հետո էլ նմանատիպ խոսակցությունների պակաս չկար. «Վայ, գիշերները չես քնի, երեխայի հետ ինչ տեղ գնալ, ինչ աշխատել, ամեն ինչ վերջացավ։ Կալանավորվում ես»։ Որքան էլ տրամադրվես, միեւնույն է՝ երբեք էլ պատրաստ չես լինում երեխա ունենալ, ու երբ հղի կնոջը սկսում են նման կերպ տրամադրել, միանշանակ, վախեցնում են: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես ու ոնց խնամել իր փոքրիկին, եւ բնավ էլ պետք չէ սեփական կարծիքները փաթաթել ու հղիներին գցել մտածմունքների մեջ։

- Հովհաննես, Դուք ի՞նչ կասեք 1,5 տարվա ընտանեկան կյանքից հետո։

Հովհաննես. - Համոզվել եմ մի բանում՝ պետք չէ ուրիշների կենսափորձը որպես օրինակ վերցնել։ Մադկանց կեսը սիրելով է ամուսնացել, մյուսը՝ ոչ այդքան, բնականաբար, ամեն ընտանիքի մոդելը տարբեր է։ Ինքս սեփական փորձից ելնելով՝ ոչ մեկի երբեք խորհուրդ չեմ տա։ Նույն պատկերն է նաեւ կենցաղային հարցերի դեպքում՝ մեկի համար պարտադիր է, որ լվացքից հետո բոլոր շորերն արդուկած լինեն, մյուսի համար՝ ընդհանրապես կարեւոր չէ։ Նման թեմաներով կռվելն ինձ համար ծիծաղելի է, երբ մեզ մոտ են երբեմն կենցաղային հարցերով վեճեր առաջանում, Էվելինային ասում եմ. «Մենք այդ ամեն ինչից շատ ավելի բարձր ենք»։ Մեր ամենամեծ կռիվն աղբը թափելուն է վերաբերել (ծիծաղում ենք,-հեղ.)։

- Երկուսդ էլ տարբեր սովորություններով ու արժեհամակարգերով ընտանիքներից եք, երբ ամուսնացաք ու սեփականը ստեղծեցիք, ի՞նչ բերեցիք հետներդ ու ինչպիսի՞ն ցանկացաք, որ լինի սեփական ընտանիքի մոդելը։  

Հովհաննես. - Ես կասեմ, իսկ եթե Էվելիան չհամաձայնվի ինձ հետ, թող լրացնի։ Ինձ թվում է՝ երկուսս էլ մեր ընտանիքներում եղած թերություններից դասեր ենք քաղել ու փորձել դրանք չանել։

Էվելինա. - Իմ ընտանիքում թերություններ չեն եղել (ծիծաղում ենք,-հեղ.)։


Հովհաննես. - Տես, այնպիսի բան ասացիր, հեռախոսդ ընկավ (ծիծաղում ենք,-հեղ.):

Էվելինա. - Բնականաբար, մեր ընտանիքներից էլ սովորել ենք, բայց ամենակարեւորն այն է, որ փորձում ենք ստեղծել մերն ու ամեն հարցի յուրովի ենք մոտենում։ Իմ ու Հովհաննեսի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ցանկացած որոշում կայացնելուց առաջ միասին առողջ քննարկում ենք ունենում ու համատեղ գալիս լուծմանը։

- Արդեն մի քանի ամիս է Ձեր ընտանիքում կա Դանիելը, ե՞րբ լիովին գիտակցեցիք, որ ծնողներ եք։

Երկուսը միասին։ - Մինչեւ հիմա էլ դեռ չենք գիտակցել (ծիծաղում ենք,-հեղ.):

Հովհաննես. - Ինչպես է լինում, երբ որեւէ տեղ սիրուն երեխա ես տեսնում ու սիրում, նույն ձեւ էլ Դանիին եմ սիրում, ուղղակի գիտեմ, որ նրա համար ես եմ պատասխանատու ու պետք է հագուստ, տակդիր եւ սնունդ առնեմ։ Երբ նայում եմ Դանիի աչքերի մեջ, դեռ չեմ կարողանում հասկանալ, որ մենք ենք նրան ստեղծել ու ես եմ նրա պապան։ Վերջերս ընկերոջս հետ էինք խոսում, հարցրի. «Ինչի՞ց է, որ հիմա բոլոր երեխաները սիրուն են»։ Ինձ սխալ չհասկանաք, նկատի չունեմ՝ երեխաները տգեղ են լինում, բայց հիմա անբնական գեղեցիկ են, պատասխանեց. «Որովհետեւ հիմա մարդկանց մեծ մասը սիրելով է ամուսնանում»։

Էվելինա. - Իրականում շատ հետաքրքիր զգացողություն է։ Աշխարհում գոյություն չունի ավելի մեծ սեր, որ հիմա զգում եմ Դանիի հանդեպ։ Ամեն առավոտ արթնանալուց հետո նրա ժպիտը տեսնելն անբացատրելի ու աննկարագրելի է, բայց որ ասում եմ. «Արի մամայի մոտ» ու հասկանում՝ ես եմ մաման, այդ պահը դեռ լիովին չեմ գիտակցում (ծիծաղում ենք,-հեղ.):

- Բայց մայրիկների  դեպքում մի քիչ ուրիշ է լինում՝ 9 ամիս միասին ենք լինում ու արդեն իսկ յուրահատուկ կապ ունենում։  

Էվելինա. - Մենք Դանիի հետ մի ամբողջություն ենք, ոչ թե առանձին մարդիկ, հետագայում նա, իհարկե, ինքնուրույն տղամարդ է դառնալու։ Երբ նրանից հեռու եմ, ու տանը Դանիի փորն է ցավում կամ լացում է, թատրոնից զգում եմ այդ ամենը։ Հետաքրքիր ու անբացատրելի կապ է, երբ մի ժամ նրան չեմ տեսնում, արդեն խելագարվում եմ, ուզում եմ աշխատանքս շուտ ավարտել, գնալ տուն ու նրան գրկել։ Նա իմ մարդուկն է, թեեւ դեռ լիովին չեմ գիտակցում, որ իմ տղան է։
 
- Հովհաննես, Դուք ի՞նչ կապվածություն եք զգում։ Քիչ առաջ պատմեցիք, որ երբ երկար շրջան նկարահանումներով էիք զբաղված ու չէիք հասցնում Դանիի հետ շատ ժամանակ անցկացնել, նեղացել էր Ձեզնից։

- Երբ նկարահանումների ժամանակ Դանիին հիշում եմ, ուզում եմ շուտ ավարտել ու վերադառնալ տուն, շատ եմ կարոտում նրան։ Դրա համար էլ աշխատանքի գնալիս անջատում եմ ինձ, քանի որ նկարահանման հրապարակում նման մտքերը կխանգարեն, կսկսեմ արագ նկարել ու անորակ կստացվի։ Ինձ համար ընտանիքն էլ, կարիերան էլ շատ կարեւոր են ու մեկը մյուսից կախված։ Եթե առողջ ընտանիք չունես եւ հոգեպես բավարարված չես, քո կարիերան չի կարող լավ ընթացք ունենալ։ Մյուս կողմից էլ, եթե չի ստացվում կարիերադ կառուցել, ընտանիքդ ֆինանսական խնդիրներ կունենա։

- Էվելինա, երեխայի ծնվելուց հետո մի քանի ամիս անց արդեն վերադարձել եք աշխատանքի, ինչպե՞ս եք Դուք կարողանում կենտրոնանալ անելիքի վրա։

Էվելինա. - Դանին 2 ամսական էր, երբ գնացի թատրոն, 4 չկար՝ արդեն նկարահանվում էի։ Սկզբում շատ դժվար էր, բայց, եթե ունես մեկին, ում վստահում ես ու երեխային թողնում մոտը, կարող ես հանգիստ վերադառնալ աշխատանքիդ։ Մեր մասնագիտությունն ինքն է պահանջում, որ շուտ սկսես աշխատել։ Սկզբնական շրջանում ուշք ու միտքս տանն էր, բայց կամաց-կամաց սովորեցի, Դանին էլ հարմարվեց առանց ինձ մնալուն։ Հիշում եմ, երբ նոր էի թողնում նրան, ժամ էի պահում, որ հանկարծ ամեն տասը րոպեն մեկ չզանգեմ ու հարցնեմ, թե ինչպես է։ Թեեւ ասածս բոլորին չեմ վերագրում, բայց ինձ համար սխալ է, որ կինը տարիներով տանն է անցկացնում, չի ունենում իր սիրած գործով զբաղվելու ժամանակ ու դրա արդյունքում ամբողջությամբ երջանիկ չի լինում։ Դրա համար էլ ինձ համար կարեւոր էր սիրելի աշխատանքին անցնելը, որպեսզի ավելի թարմ ու լավ լիցքերով վերադառնամ Դանիի մոտ։

-Հենց սկզբից Դուք առանձին եք ապրել ու ամեն ինչ ինքնուրույն արել, բայց, միեւնույն է, ոչ մեկ ամենասկզբից պատրաստ չէ երեխայի խնամքով զբաղվել։ Ինչպե՞ս սկսեցիք ինքնուրույն գլուխ հանել։

Էվելինա. - Հնարավորինս սկսում ես ուսումնասիրել խնամքի հետ կապված մանրուքները, հիմա այն դարում ենք ապրում, որ ինֆորմացիայի պակաս չկա։ Բայց բարդություն էլ կա՝ ինֆորմացիայի աղբյուրները շատ-շատ են ու իրար հակասող, սակայն ամեն մամա ինտուիտիվ գիտի, թե իր երեխային ինչ է պետք, ինչը կօգնի նրան։ Ավելի լավ, քան մայրն է երեխային զգում ու հասկանում, ոչ ոք չի կարող։ Ինձ մոտ մի քիչ տարօրինակ է, այն դեպքերում, երբ ուրիշները կարող են խառնվել, շատ ինքնավստահ եմ ու սթափ եմ դատում, բայց հանկարծակի էլ անչափ խառնվում։ Իհարկե, մտերիմներից էլ  խորհուրդներ ու կարծիքներ եմ հարցնում, մի քանի բժիշկների հետ կապ հաստատում ցանկացած խնդրի հարցում։


Հովհաննես. - Երեխան կարող է վատ երազ տեսնել ու վեր թռչել, իսկ Էվելինան մտածի՝ շունչը կտրվում է ու զանգի բժշկի։

- Հովհաննես, օգնո՞ւմ եք երեխայի խնամքի հետ կապված հարցերում:

Հովհաննես. - Ինչքան էլ քունս տանի, եթե առավոտյան նկարահանման չեմ, վատ եմ զգում, որ ես քնեմ, իսկ Էվելինան զբաղվի երեխայի խնամքով։ Սկզբում մեր բախտն այնքան բերեց, որ նախագծեր չունեի ու 3 ամիս տանն էի։ Մինչեւ գիշերը ժամը 5-6-ը արթուն էի մնում, որ Էվելինան մի քիչ քներ, իսկ հետո նա էր երեխայով զբաղվում, ես էի հանգստանում:  

Էվելինա. - Կարելի՞ է ես պատասխանեմ այս հարցին։ Հովոն շատ լավ է զբաղվում Դանիի խնամքով, ինձ հաճախ է փոխարինում, երբ ներկայացման եմ կամ գնում եմ գեղեցկության սրահ։ Երեխային հանգիստ թողնում եմ նրա մոտ, շատ հոգատար, լավ ու ուշադիր պապա է։  

- Ինչպե՞ս է  Ձեր առօրյան ու ռեժիմը հարմարեցվել փոքրիկին ու ինչպիսի՞ պահանջներ ունի Դանին։

Հովհաննես. - Շատ խելոք երեխա է ու լացում է միայն այն դեպքում, երբ փորն է ցավում կամ ինչ-որ բանի կարիք ունի։ Աստծուց շատ շնորհակալ եմ, որ ինքն է իմ երեխան, որովհետեւ շատ լավն է։ Նա ոչ մի առումով չի ծանրացնել մեր առօրյան, միակ տարբերությունն այն է, որ արդեն բավական ժամանակ է միասին չենք կարողանում  ֆիլմեր դիտել։

Էվելինա. – Իսկապես, մեր բախտը բերել է, որովհետեւ Դանին շատ խելոք երեխա է։ Սկզբում տեղեր չէինք գնում, բայց արդեն մեծացել է ու ավելի հանգիստ դարձել, գիշերներն էլ քնում է։ Սկսել ենք Հովոյի հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել, գնալ համերգների, սրճարան, ընկերների հետ հանդիպել։ Բնականաբար, առաջ մինչեւ գիշերը ժամը երկուսն էլ կարող էինք զվարճանալ, բայց նորմալ է, որ հիմա ծնողներն ենք ու տանը մեր փոքրիկի հետ պետք է լինենք։ Այն ուրախությունն ու տոնը, որ Դանին է մեզ պարգեւում, հաստատ ոչ մի հավաքի հետ չես փոխարինի։

Հովհաննես. - Ոչ մի փաբում խմելու հետ չես փոխարինի իր մի ժպտացող հայացքը, կարող է սենտիմենտալ թվալ, բայց անկեղծ այդպես է։ Ավելի հավես բան է, քան նույնիսկ ճամփորդելը (ծիծաղում ենք,-հեղ.):

Էվելինա. - Ոչ մի հավաքույթից էլ չենք հրաժարվել, արդեն իրեն էլ ենք հետներս տանում, եթե աղմկոտ տեղ չէ ու կկարողանա քունը վայելել։ Դանին մեզ ոչ մի բանից չի զրկել, եթե ինչ-որ բաներ չի ավելացրել։

- Իսկ ի՞նչ է նա բերել Ձեր կյանք ու ի՞նչ եք միասին բացահայտում:

Էվելինա. - Լիքը լույս, սեր, կյանք է բերել, ավելի պատասխանատու ենք դարձել։ Ամեն հարցի սկսել եմ ավելի թեթեւ մոտենալ, շատ եմ խաղաղվել եւ էմոցիոնալ դաշտս ներդաշնակ է դարձել։ Դա միմիայն Դանիի շնորհիվ է։  

Հովհաննես. - Ընտանիքին նոր հետաքրքրություն ու սեր է բերել։

Էվելինա. - Մեր կյանքը շատ հետաքրքիր է եղել, բայց հիմա եմ հասկանում, թե առանց նրա ինչքան ձանձրալի կլիներ։ Միշտ երազել եմ երիտասարդ մամա լինել, ինչն էլ իրականություն է դարձել (ծիծաղում ենք,-հեղ.):

-Ինչպե՞ս ստացվեց, որ Դանին ծնվեց հենց Հովհաննեսի տարեդարձի օրը։

Էվելինա. - Արդեն հղիության 39-րդ շաբաթն էր, ու հոկտեմբերի 3-ին բժշկի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց, որ պետք է կեսարյան հատումով ունենամ երեխային։ Միշտ զգում էի, որ Հովոյի տարեդարձին պիտի ծնվի, ու երբ բժիշկն ասաց՝ օր որոշենք, միանգամից հարցրի. «Կարո՞ղ եմ վաղը գալ» (ծիծաղում ենք,-հեղ.): Այդպես էլ Դանին ծնվեց պապայի տարեդարձի օրը։


Հովհաննես. - Ու բոլորը միանգամից պապայի ծնունդի մասին մոռացան, արդեն իրեն էին շնորհավորում (ծիծաղում ենք,-հեղ.):

Էվելինա. - Այնքան վստահ եմ, որ բնավորությամբ Հովոյին է նման լինելու, ինչի համար անչափ ուրախ եմ: Մեկ ամսեկան դեռ չկար, ասացի. «Հովո, ոնց որ դու լինես բնավորությամբ» (ծիծաղում ենք,-հեղ.): Իր պապայի տղան է։

Հովհաննես. - Շատ անշառ երեխա եմ եղել։ Թեեւ արտաքինով ինձ նման չի, բայց շատերն են հայացքի առումով ընդհանրություններ նկատում։

Էվելինա. - Երկուսս էլ սեւուկ ենք, բայց շեկ ու կապուտաչյա տղա ենք ունեցել։ Հայրիկս ու հորաքույրս էլ բաց աչքերով ու մազերով են, հավանականությունը, որ մեզնից կապուտաչյա երեխա կծնվի, 10 տոկոս էր: Այնպես որ՝ գեներն արյուն չեն դառնում։

- Հիմա ամեն մեկդ ի՞նչ զբաղվածություն ունեք ու ինչի՞ վրա եք կենտրոնացած:

Էվելինա. - Մի երկու շաբաթ առաջ ավարտեցինք մեր «Թեք Startup» սիթքոմը, մեկ տարի հեռուստատեսային նախագծերի դադար էի ունեցել ու շատ էի կարոտել նկարահանումերը։ Հավեսով եմ նկարահանվել ու շատ հավանել իմ կերպարը։ Դրամատիկական թատրոնում էլ արդեն հիմնական զբաղվածություն ունեմ, շուտով նոր ներկայացում կունենանք։


Հովհաննես. - Ես էլ «Թեք Startup» նկարեցի ու դադարից հետո Էվելինայի հետ նորից միասին աշխատեցինք, մեր համատեղ 3-րդ նախագիծն էր։ Այնպես չէ, որ նա պարտադիր պետք է լինի իմ աշխատանքներում, հակառակը՝ ուզում եմ, որ մյուս ռեժիսորների հետ ավելի շատ համագործակցի։ Հիմա Գրիգի հետ նկարում ենք հումորային «Առաջին ակումբը», եւս մեկ հաղորդում էլ ունեմ՝ «Հիշաչար երեկո»-ն: Մի քանի հետաքրքիր նախագծեր էլ կան, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW