Պատանի հանդիսատեսի եւ «Շունչ» թատրոնների բեմադրիչ, դերասանուհի Շուշան Ղազարյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակիցն է:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Չափից շատ համարձակ եմ, տանել չեմ կարողանում անարդարությունը, ունեմ վախ փակ տարածությունից:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Շատ տարիներ առաջ տպավորել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը», Մարկ Զախարովի «Յունոնա եւ Ավոս» ռոք օպերան եւ Ֆրենկ Դարաբոնտի «Կանաչ մղոն» ֆիլմը։
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։
- Դժվարանում եմ պատասխանել: Իմ անվան շուրջ հաճախ են տարօրինակ պատմություններ պտտվում (ծիծաղում է,-հեղ.): Երբ սկսում եմ շփվել գործընկերներիս հետ, որոնց հետ միայն մասամբ ենք ծանոթ, միշտ ասում են. «Վա՜յ, քո մասին այնպիսի վախենալու բաներ էի լսել: Փաստորեն բամբասանք էր»: Թող խոսեն, էլի (ծիծաղում է,-հեղ.):
- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:
- Ժամերով կարող եմ խոսել երեխաներիս մասին՝ հաճախ մոռանալով, որ դիմացինին այդքան էլ հետաքրքիր կարող է չլինել (ծիծաղում է,-հեղ.): Որեւէ լավ ներկայացման կամ ֆիլմի մասին կարող եմ խոսել մեծ ոգեւորությամբ ու ստիպել, որ անպայման նայեն։ Քրոջս՝ Տաթեւ Ղազարյանի մասին էլ կխոսեմ ժամերով, նույնիսկ անծանոթ մարդկանց մոտ (ծիծաղում է,-հեղ.):
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:
- Ինչ ինձ հիշում եմ, թատրոնում եմ: Մայրս էլ, հայրս էլ աշխատել են թատրոնում եւ մանկությունս անցել է կուլիսներում։ Թատրոնում զգում եմ՝ ինչպես իմ տանը: Թատրոնը միակ տեղն է, որտեղ ազատ եմ, անկաշկանդ ու անկեղծ:
- Ինչո՞ւմ է ռեժիսորի առաքելությունը, իսկ Ձե՞րը:
- Ստեղծագործողի ու ռեժիսորի առաքելությունն է բեմադրել ներկայացումներ, որոնք կկպչեն հանդիսատեսի հոգուն։ Իսկ իմ առաքելությունը՝ ապրել ազնիվ, լինել պիտանի այնտեղ, որտեղ պետք եմ:
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում ռեժիսորի հետ:
- Երեւի, միայն ռեժիսորներն են կարողանում միաժամանակ շփվել դերասանների, կոմպոզիտորի, բեմանկարչի, լուսավորողի, ձայնային օպերատորի հետ (ծիծաղում է,-հեղ.):
- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարեն, դերասանուհիներից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել:
- Ջեյն Ֆոնդան։ Հանճարեղ դերասանուհի է ու իր էներգետիկայով, ժեստերով ու միմիկաներով շատ նման է ինձ։ Դե, իսկ հետագայում նաեւ աղջիկս՝ Լիլի Գալստյանը, կարող է խաղալ. նա պատրաստվում է դերասանուհի դառնալ։ Իմ նմանակն է տեսքով, ձայնով, էներգիայով:
- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը:
- Շատ սիրում եմ փորձերի խառն ընթացքը, երբ պրպտումների մեջ են բոլորը։ Խառը ու խելառ մտքեր են արտահայտում, հաճախ հասնում է վեճի, բայց շատ հավես է (ծիծաղում է,-հեղ.):
- Ինչպե՞ս եք բեմադրելու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:
- Մասնագիտությամբ դերասանուհի եմ, ով զբաղվում է նաեւ ռեժիսուրայով։ Բեմադրություններ անելու շնորհիվ հասկացա, որ կարողանում եմ բեմում դերասանների մեծ խումբ կառավարել, չէի կարծում՝ այդքան դժվար է: Ու նաեւ հստակ հասկացել եմ, որ ռեժիսորը պիտի լինի նաեւ լավ դերասան, դա պարտադիր պայման է:
- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:
- Միանշանակ կատարսիսը։ Դա է թատրոնի առաքելությունը:
- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:
- Պատանի հանդիսատեսի թատրոնը, իմ թատրոնը, որտեղ ստեղծագործում եմ գրեթե 30 տարի, Մոսկվայի «Լենկոմ»-ը, որն իր ուրույն ձեռագրով ու էսթետիկայով միշտ երազանք է եղել ինձ համար, Համազգային թատրոնը՝ միշտ որակով ու ճաշակով։ Ռեժիսորներից Մարկ Զախարովին կառանձնացնեմ։ Շատ եմ սիրում նրա էսթետիկան ու երեւակայությունը, սիրում եմ Արմեն Խանդիկյանին՝ իր ձեռագրով եւ դասականն ու ժամանակակիցը միքսելու մեծ վարպետությամբ: Կնշեմ նաեւ Կիրիլ Սերեբրեննիկովին` իր ավանգարդիզմով, սյուրռեալիզմով եւ անսահման համարձակ որոշումներով:
- Բեմադրիչի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:
- Մնում եմ այն համոզման, որ լավ ներկայացման կարեւորագույն գրավականը դերասանն է։ Շատ եմ կարեւորում դերասանի հետ աշխատանքը, նաեւ առանցքային է բեմում պահպանել չափի զգացողությունը եւ ճաշակը։ Դրանց միությունը միշտ որակ է ապահովում:
- Իսկ ժամանակակից միտումներն ինչպե՞ս են փոխել թատրոնը:
- Ժամանակի հետ քայլելը, իհարկե, անհրաժեշտ է, հատկապես՝ արվեստում։ Բայց եւ այնպես ժամանակակիցը պիտի լինի հասկանալի: Այսօր շատ դեպքերում «ժամանակակից թրենդային լուծումներից» շատերը ոչինչ չեն հասկանում, այդ թվում՝ հաճախ նաեւ ես (ծիծաղում է,-հեղ.):
- Սիրելի դերասան, որի հետ կուզեիք աշխատել:
- Չզարմանաք, բայց շատ կուզեի աշխատել քրոջս հետ, ով դերասանի համար շատ գունեղ ներկապնակ ունի։ Նաեւ կուզեի աշխատել Էդրիեն Բրոուդի եւ Կոնստանտին Խաբենսկու հետ։ Երեքն էլ իմ սիրելիներից են (ծիծաղում է,-հեղ.):
- Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։
- Թերեւս չեմ կարողանում մտաբերել մի բան, որի մասին ուզել եմ խոսել ու չեմ խոսել: Գուցե, սիրո մասին կուզեի ազնիվ խոսել:
- Մայրիկ լինելու ամենահաճելի կողմերը:
- Հետեւել, թե ինչպես են մեծանում երեխաներդ, հպարտանալ եւ ուրախանալ իրենցով։ Դա մեծ օրհնություն է:
- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:
- Պատասխանել անվերջանալի հարցերին (ծիծաղում է,-հեղ.), հատկապես, երբ աշխատանքից հոգնած գալիս ես տուն:
- Ի՞նչ եք սովորել Ձեր երեխաներից:
- Երեխաներիցս սովորել եմ սիրել անպայման ու անսահման։ Այս հարցին պատասխանելիս աղջիկս հարցնում է. «Մամա, ինչի մինչեւ մեզ չե՞ս սիրել ոչ մեկին»: Իհարկե, սիրել եմ, բայց ոչ անպայման ու անսահման:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Միշտ եւ բոլորի դեպքում առաջին հայացքից թողնում եմ կոպիտ, գոռոզ ու մեծամիտ մարդու տպավորություն, ինչն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը (ծիծաղում է,-հեղ.): Այնպես որ, եթե հարցնեք իմ մասին, կլսեք, որ դաժան է, խիստ, մեկ-մեկ էլ հրեշ են ասում (ծիծաղում է,-հեղ.):
- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:
- Միշտ ասում եմ. «Սա էլ կանցնի, վեր կաց ու առաջ շարժվիր»:
- 5 իր, առանց որի Ձեր կյանքը չեք պատկերացնում:
- Ձեռքերիս քսուքը, ծխախոտը, հովհարը, սուրճը եւ օծանելիքն իմ անբաժան մասնիկներն են: Եթե դրանցից մեկը հետս չի լինում, տխրում եմ:
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Կանոններ չունեմ, բայց պարտադիր պայման է լինել խնամված եւ կանացի։
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Չեմ սիրում ճչացող հագուստ, երբեք չեմ կրի կաշվից կորսետ եւ մարմինը ծակծկող կտորից հագուստ։
- Երեւանում ամենասիրելի անկյունները:
- Երեւանը շատ եմ սիրում։ Բոլոր փողոցներն անուններով եւ տեղանքով անգիր գիտեմ։ Շատ սիրում եմ «Կինո Նաիրի»-ն՝ իր հարակից տարածքներով։ Այդտեղ եմ ծնվել եւ մեծացել, այդտեղ են ծնվել նաեւ երեխաներս։ Սիրում եմ Կասկադը եւ շատ սիրում եմ «Մեցցո»-ն:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Մանկապարտեզում հաճախ էին կոլոլակով ապուր եփում: Այդ հոտը հենց առնում եմ, միանգամից գնում եմ մանկություն։ Նաեւ անանուխի հոտն է հիշեցնում մանկությունս։ Երեւի, անանուխի համով մաստակն եմ հիշում։ Մեկ էլ ձկան յուղի հոտը, բայց դա վատ հիշողություն է (ծիծաղում է,-հեղ.):
- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:
- Կուզեի զրուցել Համո Սահյանի հետ ու հարցնել. «Ինչպե՞ս եք կարողացել այդքան սեր փոխանցել եւ այդպես փոխանցել»:
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Աղջկաս՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ ընդունվելը։ Անասելի երջանիկ էի, նույնիսկ լաց եղա, ինչը հազվադեպ է պատահում (ծիծաղում է,-հեղ.):
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:
- Շատ տպավորված եմ դերասան Յուրա Բորիսովով. տաղանդավոր տղա է։ Նաեւ վերջերս բացահայտել եմ Գեւորգ Մարգարյանին. աղջկաս համակուրսեցին է: Շատ խոստումնալից, ստեղծագործ եւ օժտված տղա է, նաեւ էքսցենտրիկ է։ Սիրում եմ էքսցենտրիկությունը (ծիծաղում է,-հեղ.):
- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Մի գործ կա, որ երկար տարիներ գլխավորում է իմ լավագույն ֆիլմերի ցուցակը։ Ջուզեպե Տոռնատորեի «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմն է։ Ժամանակ առ ժամանակ նորից եմ նայում: Այդ ֆիլմն ինձ ե՛ւ ուրախացնում է, ե՛ւ տխրեցնում։ Կատակերգություններ առանձնակի չեմ սիրում, բայց Ջիմ Քերրիի մասնակցությամբ ֆիլմերը հանճարեղ են:
- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին:
- Բացահայտել եմ, որ կյանքն այդքան բարդ չէ, ինչքան մենք ենք այն բարդացնում (ծիծաղում է,-հեղ.):
- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:
- Իմ ուսուցիչ Զավեն Տատինցյանից եմ ստացել այդ խորհուրդը. «Սկսած գործդ երբեք կիսատ մի թող, եթե նույնիսկ խոչընդոտներ կան»։ Այդպես էլ անում եմ միշտ:
- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:
- Տանել չեմ կարողանում անարդարությունն ու իսպառ կվերացնեի այն։ Եվ, իհարկե, պատերազմ հասկացությունը կջնջեի:
- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:
- Ամեն ինչի։ Աստծուն շնորհակալ եմ ինքս ինձ համար, սիրում եմ ինձ (ծիծաղում է,-հեղ.): Իսկ եթե անկեղծ, սիրում եմ իմ նպատակասլացությունը եւ լավատեսությունը:
- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:
- Առավոտյան սուրճ խմելը հաճելի ավանդույթ է ինձ համար։ Հատկապես, երբ մենակ եմ։ Վայելում եմ ու պլանավորում խելահեղ օրս: Իսկ երեկոյան սիրում եմ զրուցել երեխաներիս հետ ու լսել իրենց խելահեղ օրվա մասին:
- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար:
- Ապրելու արվեստը սերն է։ Սերը արարում է։ Կյանքը սեր է, սերն էլ հենց կյանքն է:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Շուշան Ղազարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: