×


Միհրան, Կարո եւ Գոռ Կիրակոսյանները

Կարո Կիրակոսյան. «Գոռի ծնվելիս Հրաչյա Հարությունյանի հետ մինչեւ լուսաբաց հիվանդանոցի պատի տակ կանգնած մնացինք»

BRAVO.am-ը փորձում է նորովի ճանաչել հայտնի մարդկանց նրանց ծնողների օգնությամբ: Այս անգամ զրուցել ենք ամերիկաբնակ պարուսույց, «Արայի դանս շոու»-ի եւ «Դեմք շոու»-ի հիմնադիր Կարո Կիրակոսյանի հետ: Նա պատմել է իր որդիների՝ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ու պարող, խորեոգրաֆ Միհրան Կիրակոսյանի մասին:

Գոռը
 
Կնոջս՝ Ալլայի հետ ծանոթացել ենք Էստրադային եւ ջազային արվեստի ստուդիայում, հիմա այն վերանվանվել է Ջազային պետական քոլեջի: Ալլան կիթառ էր նվագում եւ երգում, իսկ ես պարում էի: Փորձարարական առաջին կուրսն էինք. հավաքել էին ամենաշնորհքով ուսանողներին, մեզ հետ են սովորել նաեւ Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը, Էռնա Յուզբաշյանը, Նառա Հարությունյանը, Անահիտ Մանուկյանը: Բոլորն էլ կարճ ժամանակ անց կայացան իրենց ասպարեզում՝ երգչուհիներից մի քանիսն Օրբելյանի նվագախմբում էին, Էռնան ԽՍՀՄ մեծ փառատոնների մրցանակակիր էր, Հրաչը դրամատիկական թատրոնում էր ու այդպես շարունակ:

Կարո Կիրակոսյանը եւ Ալլա Պողոսյանը


Ալլայի հետ ամուսնացել ենք 1980 թվականին ու այս տարի կնշենք մեր ընտանիքի 45-ամյակը: Մեր առաջնեկը՝ Գոռը, ծնվել է 1981-ի մայիսի 27-ին: Այդ օրը Հրաչի հետ մեր տանը փորձ էինք անում: Երկուսս էլ նաեւ ձեռնածությամբ էինք զբաղվում եւ որոշել էինք միասին որեւէ բան բեմադրել: Անսպասելի կերպով Ալլայի ցավերը սկսվեցին, բայց դեռ ծննդաբերելու ժամանակը չէր՝ 8-րդ ամիսն էր: Մայրս խորհուրդ տվեց նրան հիվանդանոց տանել:

Հրաչի հետ տաքսի բռնեցինք ու գնացինք Էրեբունի հիվանդանոց, կնոջս ընդունեցին, իսկ մեզ այն ժամանակվա խիստ կանոնների համաձայն՝ չթողեցին ներս մտնել: Երիտասարդ էինք, շատ բան չգիտեինք, միայն տեղյակ էինք, որ երեխային 9-րդ ամսում են ունենում, դրա համար մի քիչ վախեցանք:

Ալլա Պողոսյանը եւ Կարո Կիրակոսյանը՝ փոքրիկ Գոռի հետ


Հրաչի հետ մինչեւ առավոտյան ժամը 6-ը հիվանդանոցի պատի տակ կանգնած մնացինք: Պարզվեց՝ մեր մյուս ընկերոջ մայրը, ով մանկաբարձ էր այդ հիվանդանոցում, մեզ ճանաչել էր ու, իմանալով, որ Ալլան կինս է, Գոռի ծնվելուց անմիջապես հետո նրան պատուհանից ցույց տվեց ինձ:

Միհրանը

Միհրանի պատմությունն ավելի զվարճալի է: Նա ծնվեց 1985-ի հունվարի 27-ին, ու այդ տարի սարսափելի ցուրտ ձմեռ էր: Գիշերն ուշ ժամի աշխատանքս վերջացնելուց հետո գնացել էի Ալլային եւ Գոռին նրա ծնողների տնից վերցնելու: Զոքանչս ասաց, որ Ալլայի ցավերը սկսվել են, ու նրան տարել են Մալաթիայի հիվանդանոց: Չգիտեի՝ ինչ անել, եւ քանի որ շատ ցուրտ էր, նա խորհուրդ տվեց տուն գնալ եւ միայն առավոտյան այցելել Ալլային (ծիծաղում է,-հեղ.):

Գոռ եւ Միհրան Կիրակոսյանները


Քանի որ այն ժամանակ ձեռքի հեռախոսներ չկային, տանն էլ չունեինք, հաջորդ առավոտ առանց լուր իմանալու գնացի զոքանչիս տուն, ու պարզվեց՝ իրենք էլ չէին գնացել հիվանդանոց. Ալլային լրիվ միայնակ էինք թողել (ծիծաղում է,-հեղ.):

Հիվանդանոց հասա հերթափոխի վերջին. այն տարիներին Երեւանում ընդունված էր տղա ծնվելու դեպքում մաղարիչ անել: Պահակին ասացի, որ կնոջս գիշերն են բերել, ու երբ մի կին մոտեցավ ինձ, չթողեցի էլ խոսի, հասանելիքը տվեցի եւ տեղեկացրի, որ արդեն մի որդի ունեմ, հանգիստ կարող է ասել երեխայի սեռը:  

Տղաների մանկությունը

Երկուսն էլ մանկապարտեզ են գնացել ու մեծացել ինչպես սովորական տղաները: Գոռը հաճախ էր հիվանդանում, սակայն նշագեղձերը հեռացնելուց հետո սկսեց նորմալ շնչել ու նաեւ լողի հաճախել, Միհրանն էլ սեղանի թենիսով էր զբաղվում:  

Ես այդ շրջանում սարսափելի զբաղված էի, ու երեխաների դաստիարակությամբ հիմնականում Ալլան էր զբաղվում: Առավոտյան մետրոյով հասնում էի Դրամատիկական թատրոն, մինչեւ ժամը մեկը փորձ ունեի, ավարտելուց հետո ոտքով բարձրանում էի Երիտասարդական պալատ, որտեղ ջազային քոլեջում էստրադային պարեր էի դասավանդում եւ երգիչերին բեմական շարժում սովորեցնում: Դրանից հետո էլ ավտոբուսով բարձրանում էի «Երազ» ավտոգործարան, որտեղ 1983-ին ստեղծել էի հիփ-հոփ պարերի մեր առաջին խումբը՝ «Արայի դանս շոու»-ն:

Կարո Կիրակոսյանը՝ Գոռի հետ


Անկեղծ կլինեմ՝ այդ տարիներին մեր երկրում այդ պարերի միակ մասնագետն էի, որեւէ բան չէի ավարտել, ամեն ինչ ինքնուրույն էի սովորել: Մի պահ դասական ու ժողովրդական պարերի մասնագետները սկսեցին ինձ խիստ քննադատել՝ երեխաներին փչացնելու համար: Նրանք դա ոչ թե պար, այլ գետնին թավալ գալ էին համարում:

Գիշերը ժամը 10-ին նոր տուն էի հասնում, ու այդպես կրկնվում էր շաբաթվա մեջ 7 օր շարունակ: 4-5 տեղ էի աշխատում, որպեսզի մեր կեցությունն ապահովեմ: Այդպես շարունակվեց մինչեւ ԱՄՆ տեղափոխվելը:

Տեղափոխությունը

Անկախություն հռչակումից հետո Հայաստանի համար բավական դաժան շրջան սկսվեց, չէիր կարողանում երեխաներիդ նորմալ կերակրել, որովհետեւ խանութներում ոչինչ չկար, ցուրտ էր, մյուս կողմից էլ պատերազմ էր սկսվել: Իհարկե, պատերազմին մասնակցողների համար առավել բարդ էր, մյուսները փորձում էին նրանց օգնել, բայց խնդիրն այն էր, որ երկրում ոչինչ չկար, ու ես հասկացա՝ ժամանակներն այնպիսինն են, որ ինչով ես եմ զբաղվում ու աշխատում, ոչ մեկին ոչ հետաքրքիր է, ոչ էլ պետք է։

Կարո Կիրակոսյանը՝ Միհրանի հետ


Հայրենադարձների ընտանիքից եմ, ու դեռ 1970-ականներին հորեղբայրներս ու տատիկս Միացյալ Նահանգներ էին տեղափոխվել: 80-ականների վերջերին մեզ առաջարկեցին տեղափոխվել իրենց մոտ, բայց չէի ուզում, որովհետեւ այդ ժամանակ բոլորն ինձ ճանաչում էին, լավ աշխատանք ունեի եւ համագործակցում էի մեծ աստղերի՝ Սոֆյա Ռոտարուի, Վալերի Լեոնտեւի եւ մյուսների հետ:

90-ականներին, երբ ամեն ինչ վատ էր, հորեղբայրս նորից առաջարկեց հանուն երեխաների ժամանակավոր տեղափոխվել՝ ամեն ինչ կարգավորվելու դեպքում վերադառնալու պայմանով: Չգիտեինք՝ ինչպես մեկնել, քանի որ գումար չունեինք: Այս մասին միայն ամենամտերիմները գիտեն՝ մեր սեփական տունն ու ավտոտնակը փոխել ենք ինքնաթիռի 6 տոմսի հետ ու մեկնել:

Հասել ենք 1992-ին՝ առանց մի կոպեկի եւ ունեցվածքի, հորեղբայրս մեզ դիմավորել է ու տարել իր տուն: Առավոտյան պիտի գնայինք տատիկին տեսնելու, բայց գիշերը տատիկը չէր դիմացել ու կաթված էր ստացել: Այնպես որ, ԱՄՆ-ում անցկացրած առաջին շաբաթների ընթացքում սուգի մեջ էինք:

Հարմարվելու ընթացքը

Ապրելու համար պիտի աշխատեինք ու բախտներս բերեց, որ այդ ժամանակ ճանաչված մասնագետ էի, տեղի հայկական հեռուստատեսությամբ հարցազրույց ունեցա ու հայտնեցի, որ հաջորդ ամսվանից պարի դպրոց եմ բացելու: Արդեն առաջին դասին 20-30 աշակերտ ունեի. դպրոցը գործեց 1992-ից մինչեւ 2000 թվականը:

Տղաներս այդ ժամանակ 11 ու 7 տարեկան էին, նրանց ոտքով մոտ 45 րոպե տանում էի դպրոց, հետո վերադառնում, ապա հետ բերում, ու ընկերներիցս մեկն իր մեքենայով մեզ հասցնում էր իմ դպրոց: Շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ ինքներս մեքենա ունեցանք: Գոռն ու Միհրանն էլ սկսել էին պարել ինձ մոտ, ու հետաքրքիրն այն է, որ սկզբում Գոռի մոտ նույնիսկ ավելի լավ էր ստացվում:

Կարո Կիրակոսյանը եւ Ալլա Պողոսյանը


Այդ տարիներին սկսեցի համերգներ կազմակերպել: Քանի որ Հայաստանում ծանր տարիները շարունակվում էին, մեր շենքում տուն էի վարձում ընկերներիս համար, ովքեր գալիս էին, ու միասին ներկայացումներ էինք խաղում: Աշխատած գումարը բաժանում էինք մեր մեջ, ու տղաները վերադառնում էին Երեւան: Այդպես մի քանի տարի շարունակ իրար պահել ենք:

Նրանք հայտնի ռեժիսորներ, դերասաններ, երգիչներ, կոմպոզիտորներ են, որոնք կա՛մ մեր կողքին են ապրել, կա՛մ հենց մեր տանը: Տղաները մեր ձեռքի տակ նման  ստեղծագործական մթնոլորտում էին մեծանում ու իրենք էլ մասնակցում այդ շոուներին՝ խաղում էին, երգում, պարում:  

Հետաքրքրությունները

Գոռն ավագ դպրոցում թատերական ու հեռուստաժամի դասընթացներ ուներ, որոնց շրջանակում աշակերտներն ամեն շաբաթ նորություններ էին պատրաստում, հենց իրենք էլ նկարում էին, մոնտաժում ու վարում։ Իսկ տարեվերջին իրենց ուժերով ներկայացում էին անում ու էլի ամեն ինչ ինքնուրույն կազմակերպում՝ դեկորներ ու պաստառ պատրաստում, զգեստներ կարում։

Մի քանի տարի Գոռն այդ ամենի մեջ էր ու սկսեց ավելի շատ հետաքրքրվել, դրա համար էլ երեկոյան ժամերին նրան կինոյի դասերի էինք տանում։ 14-15 տարեկան էր, երբ նրան ու իր ընկերներին փողոցից կտրելու համար նախաձեռնեցի «Դեմք շոու»-ն, որի շրջանակում հումորային սքեթչեր էինք նկարում «Շարմ ԹիՎի USA» հաղորդման համար։ Տղաներն իրենց ծրագիրն էին ուղարկում Երեւանից, մոտ կես ժամ էլ մեր նկարածն էինք ավելացնում ու շաբաթը մեկ եթեր դուրս գալիս։

Մինչ այդ էլ «Լիթլ սթարս» հաղորդում ունեինք, որում անդրադառնում էինք շնորհաշատ երեխաներին, իսկ Գոռն ու Միհրանը վարում էին այն։ Այնպես էի անում, որ տղաների գլուխներն անընդհատ զբաղված լինի, ու հանկարծ վատ միջավայր չընկնեն։

2000-ականներին հասկացա՝ դպրոցի միջոցով չեմ կարողանալու իմ առջեւ դրված նպատակներին հասնել ու մեկ գիշերվա ընթացքում որոշեցի այն փակել՝ կենտրոնանալով տղաների հետաքրքրությունների վրա։

Պարող դառնալու ճանապարհին

Միհրանն արդեն որոշել էր պրոֆեսիոնալ պարող դառնալ։ 8 տարի ինձ մոտ էր սովորել, ինչպես նաեւ հաճախել «Միլենիում» համալիր, որտեղ դասավանդում էին լավագույն խորեոգրաֆները, որպեսզի ե՛ւ նրանցից գիտելիքներ ձեռք բերի, ե՛ւ մշտապես տեսադաշտում լինի։ Քանի որ հայտնի աստղերի համար բեմադրությունները հենց նրանք էին անում, ընտրություն կատարելիս ծանոթ լինելու հանգամանքը կօգներ։

Բացի այդ էլ, Միհրանի դպրոցում պարային թիմ կար, որը մասնակցում էր ամերիկյան դպրոցների միջեւ անցկացվող մրցումներին: Նա մի քանի անգամ հաղթող էր դարձել, բայց ամեն ինչ լրջացավ, երբ ավագ դպրոցի վերջին դասարաններում նրանց ուսուցիչը պարային ներկայացում բեմադրեց ու բավական շատ գործակալների հրավիրեց։

Միհրան Կիրակոսյանը


Ներկայացումը շատ հաջող անցավ, ու մի քանի գործակալ հետաքրքրվեցին Միհրանով։ Հերթով այցելեցինք այդ գործակալություններ ու ծանոթացանք նրանց առաջարկներին, ընտրեցինք մի երիտասարդ աղջկա, ով նոր էր մտել այդ ասպարեզ։ Մտածեցի, որ նա ամեն ինչ կանի իր հաճախորդի համար աշխատանք գտնելու համար, ու չսխալվեցի։

Շաբաթվա այս գլխից մյուսը Միհրանին քասթինգի էր ուղարկում, ու նա անգամ ավագ դպրոցը չավարտած սկսեց մեծ ընկերությունների գովազդներում ու երաժշտական հոլովակներում նկարահանվել։ Ծնողի ներկայությունը պարտադիր էր, քանի որ դեռ անչափահաս էր, դրա համար էլ միշտ ուղեկցում էի նրան:

Հետո սկսեց մեծ արտիստների քասթինգներին գնալ, որոնք մեծ շրջագայությունից առաջ լավագույն պարողներին էին ընտրում։ Իմանալով, որ անչափահաս լինելու պատճառով իրեն, միեւնույն է, աշխատանք չեն առաջարկելու, Միհրանը սկզբունքորեն շարունակում էր դրանց մասնակցել, որպեսզի իրեն ճանաչեն։ Ասում էր. «Պապ, վերջին 10 հոգու հետ մնացի, բայց իմացան, որ փոքր եմ ու դուրս հանեցին»:

Մադոննան եւ Միհրան Կիրակոսյանը


Գնում էր փորձառություն եւ վստահություն ձեռք բերելու համար, շատ համառ էր ու չէր հանձնվում։ Այդպես էլ երկու եղբայր աստիճանաբար սկսեցին հաջողությունների հասնել։

Նոր փուլը

2003-ին Գոռն արդեն կինոյի դպրոցում էր սովորում, իսկ Միհրանի 18 տարին լրացել էր ու նա Բրիթնի Սփիրսի կարճ շրջագայությանն էր մասնակցել։

Գոռը պետք է կուրսային աշխատանք նկարեր, որոշեց Շեքսպիրի գործերից մեկին անդրադառնալ ու այն վերնագրել «Ես ատում եմ Ռոմեոյի եւ Ջուլիետի պատմությունը»։ Ինքն էլ սցենարը գրեց, ես ի սկզբանե հասկանում էի, որ այն բավական թույլ է, բայց այդ տարիքի երեխային դժվար էր այդ ամենում համոզել։ Ուզում էի հասկանալ, թե ֆիլմն ինչպես է կարողանալու նկարել եւ ոնց է որպես ռեժիսոր խումբ ղեկավարելու։ Գործնականում այդ ամենում համոզվելու համար նրան բերեցի Երեւան՝ տեսահոլովակ նկարելու:

Գոռ եւ Կարո Կիրակոսյանները


Երեւանում ընկերական մեծ շրջապատ ունեմ ու գիտեի, որ ամեն առումով կօգնեն։ Գոռի ու Միհրանի կնքահայրը լուսահոգի Արթուր Գրիգորյանն է, ամենամոտ ընկերներիցս մյուսն օպերատոր Արսեն Ասլանյանն է, նրանց հետ մի կյանք աշխատել եմ ու գիտեի՝ ինչ կարող են անել։ Ինձ պետք էր, որ իրենց ասպարեզում հմտացած ընկերներս որդուս կողքին լինեն, ու տեսնենք, թե նա ինչ կարող է անել։

Բայց Երեւանում Գոռի աչքին ամեն ինչ մոխրագույն էր թվում ու չգիտեր՝ ինչից սկսել իր աշխատանքը։ Մեր ընտրությունը կանգ առավ Զարուհի Բաբայանի «Ադանա» երգի վրա, Գոռն ինքն էլ մոնտաժեց այն: Այդ գործը բավական աղմուկ հանեց:

Գոռ Կիրակոսյանը եւ Զարուհի Բաբայանը


Արդեն 2004-ին Երեւանում Գոռը սկսեց իր ֆիլմի նկարահանումները։ Թեեւ այն բավական լավ ստացվեց, բայց ինչպես եւ զգում էի, սցենարը թույլ էր։ Իրեն բացատրեցի, որ որեւէ բան չպետք է ինքնանպատակ անել ու մեր գրպանից անիմաստ գումար ծախսել։ Անհրաժեշտ է խելացի գործել ու հետո արտադրանքը վաճառել։ Սկսեցի նրան պրոդյուսերի մտածելակերպ ներարկել, սովորաբար, ռեժիսորներին միայն նկարահանման ընթացքն է հետաքրքրում, բայց դա դեռ քիչ է ու գործի միայն մի մասն է. պետք է վերջնական արտադրանքը նաեւ կարողանալ վաճառել։   

Այնպես ստացվեց, որ Գոռի բոլոր ֆիլմերում սկսեցի անպայման որեւէ դրվագում հայտնվել։ Թեեւ իմ անունը հաճախ ազդագրերում բացակայում է, բայց միշտ էլ մասնակցել եմ սցենարի ստեղծմանը։ Օրինակ՝ «Կորած մոլորվածը Հայաստանում»-ի սցենարն իմ պատմության հիման վրա է, ինքս էլ երազել եմ կինո նկարել, բայց Խորհրդային Միությունում դա առանց կինոռեժիսորի կրթության անելն անհնար էր։

Լավագույն գործերը

Գոռի նկարած բոլոր գործերն էլ մեկը մյուսից լավն են։ Ում էլ հարցնենք՝ որն են ամենաշատը հավանում, հաստատ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը կնշեն։  Ազնիվ խոսք՝ ինձ թվում է, որ այն արդեն ժողովրդական է դարձել, ինչպես ժամանակին մեզ համար «01-99»-ն էր։

Բայց ինքս ընտրություն կատարելիս մի քիչ էլ պրոդյուսերի աչքով եմ նայում գործերին, դրա համար կառանձնացնեմ «Սեւազգեստ կանայք»։ Այն լավ է ստացվել. եթե ֆիլմի ձայնն անջատենք ու դերասաններին էլ չճանաչեք, ոչ մի հայկական բան չեք գտնի։ Այն որպես միջազգային կինո եմ պատկերացրել մինչեւ նկարահանումն, ու այդպես էլ ստացվել է։ Այդ միտքը դեռ «Կորած մոլորված»-ի ժամանակ ունեի, բայց հայկական հումորն առաջին պլան եկավ ու ամերիկյանին խեղդեց։

Կարո եւ Գոռ Կիրակոսյանները


Իսկ Միհրանը շատ երիտասարդ տարիքում մտավ մեծ շրջապատ ու աշխատեց աշխարհում լավագույնների հետ՝ «The Black Eyed Peas»-ի, Քրիստինա Ագիլերայի, Փինքի, Քայլի Մինոուգի, Ռիկի Մարտինի։ Ամենահայտնիներից մեկն էլ Մադոննան է եղել, իր փառքի գագաթնակետում էր, երբ Միհրանը նրա հետ համաշխարհային շրջագայության մեկնեց։ Նրա քասթինգներին Լոս Անջելեսից ու Նյու Յորքից 7000 հոգի է մասնակցել ու ընդամենը 6-ական տղա ու աղջիկ է ընտրվել, որոնց թվում՝ Միհրանը։

Մասնակցել է նաեւ Մայքլ Ջեքսոնի քասթինգին ու անցել, անգամ նրա մասին պատմող վավերագրական ֆիլմում կա, բայց, ցավոք, Ջեքսոնը մահացավ, ու մեր տղան մի շաբաթ սուգի մեջ էր, որ իր երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ։

Կարո եւ Միհրան Կիրակոսյանները


Այդ տարիներին Միհրանը սկսեց ռեփ երգեր գրել, մի քանի սկավառակ թողարկեց ու զուգահեռ բեմադրություններ էր անում, աշխատել է նաեւ ամերիկյան The Voice նախագծի հետ: Բեմադրել է Latin American Music Awards-ի ողջ շոուն ու պարողից աստիճանաբար վերածվում էր բեմադրիչի:

2011-ին Էմմիի հետ որոշեցին մասնակցել «Եվրատեսիլ»-ին, Մադոննայի պարողների կազմով Երեւան ժամանելուն պես իմացանք, որ այդ տարի որոշել են Եվա Ռիվասին ուղարկել մրցույթին: Մերոնք երիտասարդ էին ու սկսեցին ըմբոստանալ, նրանց առաջարկեցի ամեն դեպքում ելույթ ունենալ, ցույց տալու համար, թե ինչքան մեծ աշխատանք ենք կատարել, ու բացի այդ լսարանի առաջ ներկայանալ:  

Միհրան Կիրակոսյանը եւ Մադոննան


Ու մի օր էլ Միհրանը որոշեց, որ էլ ոչ մեկի համար չի պարելու եւ 2018-ին իր առաջին դպրոցը` Mihran K. Studios-ը բացեց, իսկ Գոռն այդ տարի Երեւանում նկարեց «Ազնիվ գողեր» ֆիլմը:

Ընտանիքի հոր դերում

Իմ հարաբերությունները տղաների հետ ընկերական, գործընկերային ու աշխատանքային են: Միշտ բարձր եմ գնահատել փոխադարձ վստահությունը, որ կա մեր միջեւ: Շատ կարեւոր է, որ երեխաներն ու ծնողները մտերիմ լինեն: Հենց ծնողները պետք է երեխաների համար հեղինակություն լինեն, այլապես նրանք դրսում կսկսեն փնտրել ու միշտ չէ, որ լավ օրինակներ կգտնեն: Իսկ երբ նրանք ծնողներին վստահում են, անպայման ընդօրինակում են ու լավագույնը վերցնում: Այսօր իսկապես հպարտանում եմ իմ տղաներով: Սիրեք ու վստահեք ձեր երեխաներին։

Բարեբախտաբար, երկուսն էլ լավ ու հոգատար հայրեր են: Միհրանի աղջիկները 13 տարեկան են, Գոռի որդին ավելի փոքր է: Անկեղծորեն ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե իրենց երեխաների հետ ինչպես են շփվում։

Կիրակոսյանների ընտանիքը


Երկուսին էլ շատ սիրում եմ ու հարգում, մանավանդ իմ սրտով է լինում, երբ կարողանում եմ նրանց որեւէ աշխատանքի շուրջ միավորել, ինչը վերջին տարիներին մի քիչ բարդացել է: Գոռն իր մեծ նախագծերով, իսկ Միհրանը պարային ստուդիաներով են անչափ զբաղված: Նրա ստուդիաներն շատ են տարածվել եւ Լոս Անջելեսում ամենամեծն են:

Մինչեւ հիմա էլ Միհրանն իր շրջապատի ու այդ ոլորտի սիրելին է: Նրա մոտ են գալիս իրենց շրջագայությունների կամ համերգների փորձերն անելու, անգամ այս տարվա «Օսկար»-ի բացման փորձերն էին նրա մոտ անում: Ժամանակին այնպիսի կապեր ու ծանոթություններ է հաստատել, որ մինչեւ հիմա էլ պետք են գալիս: Գոռն էլ նոր նկարահանած «Mallորվածը» ֆիլմի մոնտաժման աշխատանքներով է զբաղված, որի երեւանյան պրեմիերան նախատեսված է աշնանը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Կարո Կիրակոսյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW