×


«Ցավում եմ, որ չհասցրի աշխատել հայրիկիս հետ». բացահայտում ենք Դավիթ Հարությունյանին

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրիչ Դավիթ Հարությունյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակիցն է եւ պատմել է մասնագիտության, թատրոնի ու աղջկանից ոգեշնչվելու մասին:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Հաճախ կռվում եմ ընկճախտի դեմ: Կարող եմ անսպասելի եւ կտրուկ շրջադարձ անել: Ինքս իմ մեջ համոզված եմ, որ նախախնամություն ունեմ:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Բախի երաժշտությունը, Պրոսպեր դ'Էպինեի «Ողորմություն խնդրող Կուպիդոնը» քանդակը եւ Ռեմբրանդ վան Ռեյնի կտավները:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- Ասում են, որ դիպուկ համեմատություններ եմ անում։ 

- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:

-Թատրոնի եւ տիեզերքի։


- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:

- Մոգություն է, ազատություն, փախուստ։

- Ինչո՞ւմ է ռեժիսորի առաքելությունը, իսկ Ձե՞րը:

- Ռեժիսորը մարդկային կյանքերի ու երեւույթների ուսումնասիրող է։ Թող անհամեստ չհնչի, բայց ինձ էլ ինչ-ինչ օժտվածությունների շնորհիվ դա անելու բախտ է վիճակվել։

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում ռեժիսորի հետ:

- Միշտ մի կամ երկու փորձի պակասը կա։ 

- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարենք, դերասաններից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել։

- Դժվարանում եմ ասել։

- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը: 

- Ներկայացումից հետո դատարկ սեւ խոռոչում խտացած էներգիան զգալու եւ կլանելու պահերը։


-Ինչպե՞ս եք բեմադրելու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:

- Ինձ համար յուրաքանչյուր նոր ներկայացման բեմադրական ընթացքն ինքնըստինքյան նորովի է ու թարմ: Ինքս իմ մեջ փորձում եմ անվերապահորեն մերժել ստեղծագործական կրկնությունները, հեշտ մոտեցումներն ու մանավանդ՝ օտար հեղինակներին կրկնօրինակելը։ Ազնիվ չեմ համարում։ Փորձում եմ որսալ ձանձրույթն ու սպանել։

- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:

- Ինքնաճանաչումը, ավանդականի եւ ժամանակակցի հարաբերությունը, անշուշտ, նաեւ հոգեւոր փոխկապակցությունը։ 

- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:

- Հիմա շատ կան նոր անուններ ու նոր թատրոններ, բայց ես կառանձնացնեմ Եվգենի Վախթանգովի անվան թատրոնը, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը (ՄԽԱՏ), Լոնդոնի ազգային թատրոնը։ Հավանում եմ Ռիմաս Տումինասի, Ռոբերտ Ստուրուայի, Վյաչեսլավ Բուտուսովի ներկայացումները։  

- Բեմադրիչի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա: 

- Ստեղծագործական կազմի հնարավորինս անվրեպ ընտրությունը, ինչպես նաեւ ճիշտ դերաբաշխումը, կարգուկանոնը, որի բացակայության պատճառով թատրոնն արագ կվերածվի տաղավարի։ Բեմադրիչի պատասխանատվության բարձր զգացումն ու առաջացած տարատեսակ խնդիրները օպերատիվ կերպով լուծելու կարողությունը։ 


- Իսկ ժամանակակից միտումների առաջացրած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:

- Որքան հասցրել եմ հետեւել, հիմնականում դրանք առկա են գովազդի մատուցման, բեմադրական տարաբնույթ նորաձեւ մոտեցումների եւ դրանց հանրահռչակելու եղանակների մեջ։ Բայց իմ կարծիքով՝ բովանդակային առումով խնդիրներ կան, որովհետեւ ձեւը հաճախ գերակշռում է։

- Սիրելի դերասան, որի հետ կուզեիք աշխատել։

- Շատ ցավում եմ, որ չհասցրեցի աշխատել հայրիկիս (ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյան,-հեղ.) հետ։  

- Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։

- Ո՞ւր ենք գնում։ 

- Հայր լինելու ամենահաճելի կողմերը:

- Զգալ ու տեսնել, որ քո զավակն ունի քեզնից ավելի լավը լինելու բոլոր նախադրյալները, նպաստել դրան եւ շատ հուսալ։ 


- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:

- Չկա նման բան։

- Ի՞նչ եք սովորել Ձեր աղջկանից:

- Դուստրս ինձ զարմացնում է իր հետաքրքրասիրությամբ ու մտքերով։ Տեսնում եմ, թե ինչպես է գնում դեպի իր երազանքը, ինչ մեծ ու ոգեւորող աշխատասիրությամբ է դա անում, եւ ինչ մեծ կամք է ցուցաբերում։ 

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Նայած, թե ում կտաք այդ հարցը։ 

- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:

- Երբ հանդարտվում եմ, մտածում եմ, որ հնարավոր է՝ ավելի վատ տարբերակ լիներ, ու փորձում եմ դուրս գալ այդ վիճակից։

- 5 իր, առանց որի Ձեր կյանքը չեք պատկերացնում: 

- Գիրք, գրիչ, սուրճ, ծխախոտ, ակնոց:


- Երեւանում ամենասիրելի անկյունները:

- «Վերածնված Հայաստան» հուշարձանը՝ Կասկադ համալիրի վերեւում։ Սուրբ Աննա եկեղեցու բակը, «Առագաստ» սրճարանի այգին։

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Տանը պատրաստած թխվածքի բույրը։ Վերջերս մի կաշվե գնդակ ընկավ ձեռքս, մի քիչ մաշված էր, հոտ քաշեցի ու հիշեցի, թե ինչքան էինք վազում, անվերջ վազում ու խաղում։ Օդն ավելի մաքուր էր եւ այսքան աղտոտված չէր։ 

- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Կարեն Դեմիրճյանին կհարցնեի, թե ի՞նչն էր միակ ու կենտրոնական պատճառը, որն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց, եւ մի՞թե դրանից խուսափելու որեւէ հնար չկար։

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Այս տարի Երեւանի կինոթատրոններում վերջապես էկրան բարձրացավ Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ հայտնված Արտավազդ Բ թագավորի մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմն ահագին հանդիսատես հավաքեց։ Մարմնավորել եմ հռոմեական քաղաքական գործիչ, զորավար Մարկոս Անտոնիոսին։ Ֆիլմի նկարահանումներից անցել էր շուրջ երկու տարի, եւ բոլորս հուզված ու անհամբեր սպասում էինք պրեմիերային։ Ֆիլմի ստեղծողները շատ լուրջ ու հայրենանվեր գործ են արել։


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Ռուբեն Վարդանյան, Սիմոն Աբգարյան, Տատյանա Չեռնիգովսկայա:

- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- «Սարոյան եղբայրներ», իսկ կատակերգություններ վաղուց չեմ դիտել, բայց հներից՝ «Հաջողության ջենթլմենները»։

- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին: 

- Ոչինչ պատահական չէ:

- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:

- Ինձ իմ ուսուցիչն է սովորեցրել պայքարել ու փոխել բնավորության խանգարող գծերն ու ավելորդ սովորությունները։ 


- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:

- Աշխարհի անտարբերությունը փոքր ազգերի հանդեպ անտանելի է։ 21-րդ դարում նոր տեղահանումների ու ցեղասպանությունների ականատեսն ենք։ Կկանգնեցնեի բոլոր պատերազմներն ու մեղավորներին անխուսափելի պատասխանատվության կենթարկեի։ 

- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:

- Որ համբերատար ու աշխատասեր մարդ եմ։

- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:

- Մի բարի լուրը կամ սիրելի մարդկանց լավ տրամադրությունն ապրեցնում է։ Սիրում եմ հավաքույթներ հարազատների եւ ընկերների նեղ շրջանակում։ 

- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար: 

- Կյանքը հնարավորությունների ժամանակահատված է։ Հենց այնպես ապրել նշանակում է վատնել կյանքը հանուն ոչնչի եւ աղտոտել շրջակա միջավայրը։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հարությունյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW