Հենրիկ Մալյանի ֆիլմերն ինձ համար համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն աշխատանքների թվում են, իսկ նրա «Երկխոսություն երրորդի համար» գիրքը կարդալուց հետո բացահայտեցի նաեւ ռեժիսորի մարդկային կողմը: BRAVO.am-ի համար «Սեղանի շուրջ» հիշողություններով են կիսվել Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում աշխատող նրա սաները՝ արդեն վաստակաշատ ու սիրված դերասաններ, եւ դուստրը՝ ռեժիսոր Նարինե Մալյանը:
- Առաջին անգամ «Սեղանի շուրջ» շարքի շրջանակում խոսելու ենք ոչ թե ստեղծագործության, այլ մարդու՝ Հենրիկ Մալյանի մասին։ Ինչպե՞ս է ձեզնից յուրաքանչյուրն առաջին անգամ հանդիպել նրան։
Լիզա Ազիզյան. Իմ առաջին հանդիպումը Մալյանի հետ եղել է 1975 թվականին՝ քննության ժամանակ. այստեղ ներկա երեք աղջիկներով համակուրսեցիներ ենք: Թոթովենց ու Նարեկացի կարդացի, բայց էտյուդը թույլ չտվեց ներկայացնել: Ողջ ընթացքում ձեռքին հենված ուշադիր հետեւում էր, ու երբ հարցրի, թե ինչու է այդպես նայում, պատասխանեց. «Բա ո՞ւր նայեմ, Լենինի նկարի՞ն: Ազատ եք»: Ինձ թվաց՝ կտրվել եմ, որովհետեւ բոլորն էտյուդ արել էին, իսկ ես՝ ոչ: Սարսափի մեջ էի:
Կարինե Ոսկանյան. Մալյանը նման չէր ոչ մեկին. յուրօրինակ մոտեցում ուներ յուրաքանչյուր անձի եւ ուսանողի հանդեպ։ Ես էլ քննությանը կարմիր երկար շոր էի հագել, ու սիրտս այնքան արագ էր բաբախում, որ ինձ թվում էր`զգացվում է։ Երբ մտա, ասաց. «Օ՜», ու դրանից սարսափելի լարվեցի: Հետո հետաքրքրվեց՝ դերասանուհի՞ եմ ուզում դառնալ, թե՞ ռեժիսոր: Պատասխանեցի՝ դերասանուհի, բայց թղթերս ռեժիսորական էի տվել։ Հարցրեց. «Ի՞նչ ես կարդացել, Կարինե»: «Ծրագրով տրված ամեն ինչ»,- պատասխանեցի։ Ապա ժպտաց ու ասաց. «Ազատ ես»: Ես էլ Լիզայի պես շփոթվեցի ու մտածեցի՝ չի հավանել:
Կարինե Ոսկանյանը
Անմիջապես գնացի իմ բեմական խոսքի դասախոս Գրիզելդա Ամիրյանի տուն: Հեռախոսը զանգեց, ես պատասխանեցի՝ մտածելով, որ ընկեր Ամիրյանի ընկերն է, ու սկսեցի պատմել քննության մասին՝ թե ինչպես եմ ներս մտել, հուզվել: Խոսափողի մյուս ծայրում հետաքրքրվեցին. «Իսկ Մալյանն ինչպիսի՞ տղամարդ էր»: Նկարագրեցի ու վերջում էլ ասացի. «Ոնց որ քիթը մի քիչ ծռություն ուներ»։ Հետո Գրիզելդա Ամիրյանը վերցրեց խոսափողն ու ասաց. «Վայ, բարեւ Ձեզ, Հենրիկ Սուրենիչ»: Նեղսրտած արտասվում էի՝ մտածելով, թե այս ինչ արեցի ու ինչու եկա Գրիզելդայի տուն, երբ նորից խոսափողն ինձ փոխանցեց։ Մալյանն ասաց. «Դու քո քննությունն արդեն հանձնել ես, Կարինե»։ Նա ընտրում էր արյան կանչով ու մարդկային որակներով. ոչ մեկիս էլ չի ճանաչել, ոչ մեկը նախապես չի զանգել նրան։
Նարինե Մալյան. Չէր էլ կարող ճանաչել, որովհետեւ քննությունների շրջանում մեր տանը մի ահավոր իրավիճակ էր ստեղծվում. դառնում էինք պատանդներ (ծիծաղում ենք,-հեղ.): Դուռը ծեծում էլ էին, չէր բացում: Քաղաքից դուրս պիտի գնայինք, որ որեւէ մեկը հանկարծ չդիմեր ու չմիջնորդեր. նման բաներ բոլորովին չէր սիրում: Ու կարող եմ վստահ ասել, որ որեւէ մեկի միջնորդությամբ ոչ մի ուսանող երբեք չի ընդունվել։
Նարինե Մալյանը
Գեորգի Հովակիմյան. Իմ դեպքում էլ է ծանոթությունը շատ հետաքրքիր եղել։ 11 տարի կնոջս՝ Սառա Համբարձումյանի հետ աշխատել ենք Թբիլիսիի հայկական թատրոնում, հետո որոշեցինք տեղափոխվել Երեւան: 1980 թվականի օգոստոսին թատերական արձակուրդի շրջանում մեր ընկեր Խաչիկ Չալիկյանն ասաց. «Գիտե՞ս, Հենրիկ Մալյանը կինոդերասանի թատրոն է բացում, դիմեք»։ Նա վերջին մարդն էր, ում դիմեցինք, իսկ մինչ այդ Խորեն Աբրահամյանի հետ էինք խոսել, եւ նա խոստացել էր հետեւողական լինել ու կանչել մեզ:
Վերջը եկանք ինստիտուտ՝ Մալյանի մոտ, դուռը ծեծեցինք, բացեց, ու երբ կնոջս հետ ներս մտանք, խառնվեց։ Հետո հասկացա՝ ինչու: Ուրախությունից ու հուզմունքից էր: Պարզվեց, որ մեզ մի քանի ներկայացումում տեսել էր, երբ Թբիլիսիի թատրոնով հյուրախաղերի էինք եկել: Մեզ լսելուց հետո այսպես ասաց. «Տվեք ձեր ձեռքերը»: Ես ու կինս մեկնեցինք մեր ձեռքերը (ցույց է տալիս,-հեղ.): Իր ձեռքերը մեր ձեռքերի վրա դրեց ու ասաց. «Դուք իմն եք, կգաք»։ Խոստացավ հունվարին Թբիլիսի իր այցի ժամանակ գնալ ու թատրոնի ղեկավարության հետ խոսել, թեեւ դրա կարիքը չկար, քանի որ կնոջս հետ մեր որոշումն արդեն կայացրել էինք: Նա ամեն դեպքում գնաց: Բախտ ունեցանք նման տաղանդավոր մարդու շողքի տակ մինչեւ հիմա աշխատել: Մի քառասուն տարի էլ աշխատենք, հերիք է (ծիծաղում ենք,-հեղ.):
Գեորգի Հովակիմյանը
Մովսես Ստեփանյան. Ես գյուղից եկած միամիտ տղա էի (ծիծաղում ենք,-հեղ.): Մալյանը կուրս էր հավաքում, եւ 1971 թվականին եկա քննության, բայց կտրվեցի: Այն ժամանակ դրամատիկական թատրոնում բեմի բանվոր էի աշխատում, իսկ թատրոնի ռեժիսորներից լուսահոգի Արտաշես Հովհաննիսյանը Մալյանի ասիստենտն էր: Նա առանց ինձ տեղեկացնելու Մալյանին ասել էր, որ թատրոնում մի երիտասարդ կա, քննությունից կտրվել է, բայց թողնեն որպես ազատ ունկնդիր դասերին ներկա լինի։ Եվ Մալյանի թույլտվությամբ գնացի նրա այն կուրսը, որը չէի ընդունվել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Երկար ժամանակ առավոտյան ժամը 8:00-ին ընդունվածներից ավելի պարտաճանաչ գնում էի դասի: Դա ինձ համար հեքիաթի պես մի բան էր, երազանքի իրականացում։ Հետո Մալյանի հետ շատ մտերմացանք, այնքան, որ որեւէ մեկին ինձ ներկայացնելու համար ասում էր. «Իմ ընկերն է»։ Իսկ Հենրիկ Մալյանի ընկերը լինելը մի ուրիշ բան էր։
Մովսես Ստեփանյանը
Մի քանի տարի հետո, ի վերջո, ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտ, եւ այդ օրվանից մի դուռ կա, որի դիմացով ամեն օր անցնում եմ՝ իր աշխատասենյակի դուռը: Այն ոչ մի անգամ փակ չէր լինում. ինստիտուտի 2-րդ հարկի բոլոր դռները փակ էին, իսկ Մալյանի դուռը՝ միշտ բաց, ինքն էլ՝ անկյունում պատուհանի տակ նստած: Որեւէ մեկը չէր կարող հենց այնպես անցնել. պիտի ներս մտներ, բարեւեր ու երկու խոսք ասեր: Մինչեւ այսօր ամեն օր այդ դռան դիմացով անցնում եմ, եւ այն ինձ ներս է կանչում: 37 տարի է՝ Մալյանը մեզ հետ չէ, բայց նաեւ մեզ հետ է: 37 տարի է՝ չկա մի այնպիսի օր, որ նրա մասին որեւէ մեկս չհիշենք:
Գեորգի Հովակիմյան. Լուսավոր մարդ էր։
Վարդուհի Ռուշանյան. Սովորում էի «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիայում, եւ առաջին տարվա էտյուդների հանձնմանը եկավ Մալյանը: Բոլորս ավելի լարվեցինք։ Քննությունը բարեհաջող անցավ, փոխադրվեցինք 2-րդ կուրս, ու մի օր պատահաբար Թումանյան փողոցում հանդիպեցի նրան: Զարմացա, որ ինձ մեկ տարի անց հիշեց։ Ասաց. «Այս տարի կուրս եմ հավաքում, կարո՞ղ է գաս Մանկավարժական ինստիտուտ»: «Ընկեր Մալյան, արդեն սովորում եմ համալսարանում»,- եղավ պատասխանս: «Ի՜նչ կա որ, դուրս արի համալսարանից, արի իմ կուրս»,- հետ չմնաց նա (ծիծաղում ենք,-հեղ.): Խոստացա մտածել, եւ ցեցը կերավ իմ հոգին: Դիմեցի այդ քայլին՝ դուրս եկա համալսարանից ու ընդունվեցի Մանկավարժական։ Իսկ առաջին քննությունն էլ ավելի տպավորիչ էր. մի հսկայական հերպես էր դուրս եկել, այնքան մեծ, որ ստիպված էի թաշկինակով բերանս փակել (ծիծաղում ենք,-հեղ.): Այդպես ամաչելով մտա քննության, ու Մալյանն ասաց .«Վա՜յ, ինչ լավ է, որ եկել ես։ Ինչո՞ւ ես թաշկինակով պահել, տար այն կողմ»։ Երեւի վախեցավ, երբ տեսավ այդ մեծությունը (ծիծաղում ենք,-հեղ.):
Լեւոն Մելոյանը եւ Վարդուհի Ռուշանյանը
Գեորգի Հովակիմյան. Չասա՞ց՝ մյուս տարի արի (ծիծաղում ենք,-հեղ.):
Վարդուհի Ռուշանյան. Չէ: Անմիջապես փակեցի, մեկ էլ հարցրեց. «Դա կանցնի՞» (ծիծաղում ենք,-հեղ.)։ «Իհարկե, մի քանի օրից կանցնի»,- վստահեցրի ես:
Լեւոն Մելոյան. Մեր առաջին հանդիպումը 1977 թվականին էր՝ ինստիտուտում, բայց այդ ժամանակ անմիջական շփում չեղավ: 80-ին՝ բանակից հետո, երգիծանքի ժողթատրոնում էի, ու իր ուսանողներից մեկն այնտեղ դիպլոմային աշխատանք էր հանձնում: Ներկա էին Մալյանը, Արման Մանարյանը եւ Ալբերտ Մկրտչյանը, Դովլաթյանն էլ պետք է մասնակցեր, բայց չէր կարողացել գալ։ Ներկայացման ավարտին քննարկման ժամանակ Հենրիկ Սուրենիչը հարցրեց, թե ի՞նչ եմ անում. «Հենրիկ Սուրենիչ, 1977-ից գործերս տալիս եմ, մասնագիտականներն անցնում եմ, գրավորից ու բանավորից՝ կտրվում»։ Տեղեկացրեց, որ կուրս է հավաքում եւ կցանկանա՝ ես էլ ընդգրկվեմ: Ասացի. «Չէ, գնում եմ Դնեպրոպետրովսկ: Այնտեղ ծանոթներիս մեկը գարեջրատուն է բացել, գնում եմ գարեջուր ծախելու» (ծիծաղում ենք,-հեղ.)։ «Տղա ջան, քեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս: Կմտածես, ու եթե համաձայն ես, կգաս, ինձ կասես»,- պատասխանեց: Տնեցիներս հիշեցրին, որ իմ երազանքն է եղել դերասան դառնալ, ու չպետք է հրաժարվեմ այդ մտքից: Վերջը գնացի Մալյանի մոտ ու ասացի. «Համաձայն եմ, այս տարի գործերս կտամ»։ «Դե, գնա տուն ու սկսիր պարապել»,- խորհուրդ տվեց: Պարապեցի, եկա քննության, որին ներկա էին Մալյանը, Մանարյանը, Մկրտչյանն ու այս անգամ՝ նաեւ Դովլաթյանը: Երեքով արդեն ինձ տեսել էին ու ասացին. «Քննությունը մեզ համար չես հանձնում, այլ Դովլաթյանի: Տեսնենք, թե ոնց կանես»։ Հա՛մ խոսում էին, հա՛մ աչքի պոչով նայում, թե Դովլաթյանն ինչպես է արձագանքում:
Արա Սարգսյանը, Լեւոն Մելոյանը եւ Մովսես Ստեփանյանը
Լիզա Ազիզյան. Լա՞վն էր արձագանքը:
Լեւոն Մելոյան. Շա՜տ:
Արա Սարգսյան. Ընկեր Մալյանի ուսանողուհին՝ Սիլվա Հաբեշյանը, Մանկավարժական ինստիտուտում թատերական խումբ ուներ, որի աշխատանքները Մալյանը միշտ նայում էր: 1979-ին եկել էր ու ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ անելու, պատասխանեցի. «Գործերս պիտի տամ»։ Կարինե Ոսկանյանն ու իր ամուսինը, Հաբեշյանը հետս պարապեցին, բայց առաջին տարին կտրվեցի ու գնացի բանակ: Ընդունվեցի 1983-ին՝ վերադառնալուց հետո:
- Փաստորեն ձեր մեծ մասին նախապես էր ասել, որ կուրս է հավաքելու, ու իսկապես, ինչպես իր «Երկխոսություն երրորդի համար» գրքում էր գրել, արյան կանչով էր իր մարդկանց հավաքագրում: Երբ նա արդեն հայտնվեց ձեր կյանում, ի՞նչ բերեց իր հետ ու ինչպե՞ս փոխեց ձեզ:
Կարինե Ոսկանյան. Ամեն ինչ բերեց:
Լիզա Ազիզյան. Նման մարդ չկար՝ ուսուցիչ էր, դասախոս չէր: Ամեն օր էինք սովորում նրանից։ Ամրացրեց մեր սերը երկրի ու հայրենիքի նկատմամբ:
Վարդուհի Ռուշանյան. Հայ գրականության:
Լիզա Ազիզյան. Այն ամենի, ինչի առանցքում երկիրն էր, լեզուն, մարդը, գրողը:
Վարդուհի Ռուշանյան. Հայը:
Լիզա Ազիզյան. Զարմանալի երեւույթ էր: Մանկությունից եկող իր պատմությունները լսելիս, ասես գիրքը բացեիր կամ ֆիլմի նման ամեն ինչ տեսնեիր։ Աճպարար էր, բայց ոչ թե ձեռքով էր աշխատում, այլ կարողանում էր հոգիները փոխել։ Իհարկե, եղան նաեւ այնպիսինները, որ չփոխվեցին... Իր գրքում նա հենց այնպես ոչինչ չի գրել. այդ ամենը մենք զգացել ենք ու դրանցով ապրել: Ամենածանր ապրումներով կարող էիր մտնել լսարան, լսել նրա պատմություններն ու մոռանալ քո հույզերի եւ հոգսերի մասին:
Կարինե Ոսկանյան. Իր յուրաքանչյուր դասը մինչեւ հիմա մեր աչքի առաջ է, որովհետեւ դրանք այնքան հետաքրքիր էին անցում։ Բարեւում էիր, ու զգում էր, թե ինչ տրամադրությամբ ես եկել ու կարող ես նաեւ մյուսների վրա ազդել, եւ ասում էր. «Այսօր ազատ ես, դասին մի մասնակցիր»։ Մեր դասերը շատ ուրիշ էին։ Հիմա բոլորս էլ կարող ենք ասել, թե ովքեր են մեր նախնիները, իսկ խորհրդային տարիներին չէինք էլ մտածում, թե ով է եղել տատիս պապը: Իսկ Մալյանը մեզ տարավ դեպի մեր արմատները, դեպի մեր երկրի խորքերը, բոլորիս դարձրեց հայրենասեր։ Նրա շնորհիվ է, որ այսօր հայրենասեր եմ, չեմ կարող մեր երկրից բաժանվել ու ամեն ինչի համար ցավ եմ ապրում։ Մալյանը չափազանց շատ էր սիրում մեր երկիրն ու հողը։
Գեորգի Հովակիմյան. Շատ հայ էր: Երկուսս էլ ծնվելով ու ապրելով Թբիլիսում՝ հաճախ էինք խոսում Վրաստանի հետ կապված թեմաների շուրջ: Շատ հայրենասեր էր: Անընդհատ ուզում էր ասել. «Վրացիներ, մենք քիչ բան չենք արել ձեր երկրի համար...»։ Նրա հայրիկի թաղման ժամանակ գնացել էինք իրենց տուն, եւ մայրը, որը շատ փոքրիկ մի հրաշք տատիկ էր, գրկեց նրան ու վրացերենով սկսեց հանգստացնել: Կախեթիից էին, ու դա ազդել էր վրացախոս լինելու հարցում: Տառապում էր այնտեղի հայերի, յուրաքանչյուր քարի, անկյունի եւ այն ամենի համար, ինչը կապված էր հայ մարդու հետ։
- Տիկին Մալյան, բնականաբար, Հենրիկ Մալյանը միշտ է ներկա եղել Ձեր կյանքում: Մի քիչ պատմեք Ձեր հոր ու Ձեզ վրա նրա ունեցած ազդեցության մասին:
Նարինե Մալյան. Դե, ծննդատնից սկսած՝ նրա ազդեցությունն արդեն զգալի էր (ծիծաղում ենք,-հեղ.): Ինձ համար դժվար է այդ ամենը հիշել ու նորից վերապրել։ Չեմ կարող առանց հուզվելու հենց այնպես խոսել նրա մասին՝ եզակի հայր էր ու միշտ ժամանակ էր գտնում ինձ համար: Եթե ուրիշ ծնողներ իրենց երեխաներին պարզապես որեւէ բան արգելում էին, նա ամեն ինչ վերածում էր խաղի: Հիմա եմ հասկանում, որ ինձ հետ ուշադրության, կենտրոնացման, ինտուիցիայի զարգացման վարժություններ էր անում: Բազմաթիվ պատմություններ էր պատմում ու զարմանալի խաղեր հնարում։
Նարինե Մալյանը
Օրեր առաջ Տիկնիկային թատրոնի 90-ամյակին էի ու հիշեցի, որ, չգիտեմ՝ ինչու, իրեն թվում էր, թե ես մուլտֆիլմերի գայլերից վախենում եմ։ Տիկնիկայինում աշխատող իր համակուրսեցուց գայլի մարիոնետն էր խնդրել: Բացեց նրա երախն ու բացատրեց, որ ատամները սարքած են, իսկ ես զարմացած նայում էի, որովհետեւ գայլից այդքան էլ չէի վախենում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Երեւի ինչ-որ բան էր զգացել. ամեն մանրուք նկատում էր: Նա շատ հեշտ ու մի նախադասությամբ այնպես արեց, որ սկսեցի չվախենալ շներից, մթությունից, մարդկանցից, չնայած՝ մարդկանցից պետք է զգուշանալ (ժպտում է,- հեղ.):
Փայլուն շախմատ էր խաղում: Տիգրան Պետրոսյանի հետ շատ մտերիմ էին. տառապում էր նրա համար, հետո՝ նաեւ Գարրի Կասպարովի: Նրա համար բերկրանք էր ցանկացած հայ մարզիկի հաղթանակն ու մեծ վիշտ՝ պարտությունը: Ցավով էր տանում հայի յուրաքանչյուր բացթողումը՝ լինի տգեղ արտահայտություն կամ պահվածք: Եվ ուներ իր պաշտելի մարդկանց. իր պահարանում պահվող թղթերում նրանց մասին հիշատակումներ կան: Հիմա այդ թղթերին դիպչել չեմ կարողանում: Որքան ժամանակն անցնում է, ավելի դժվար է դառնում, ու նրա կարիքն ավելի եմ զգում: Մի տեղից Կոմիտասի նկարն է դուրս գալիս, մյուսից՝ Անդրանիկի, Սարոյանի, «Արարատ-73»-ի նկարը՝ գավաթով: Հարազատ ու պաշտելի մարդկանց միշտ ուզում էր տեսնել աչքի առաջ: Երեւի նրանցով լիցքավորվում էր ու տպավորվում: Սիրելի գրողներից էր Թումանյանը, ասում էր. «Ինչ թատրոն՝ առանց Թումանյանի», եւ մենք առ այսօր պահում ենք նրա այդ պատգամը: Երբեմն լսում ենք. «Ինչքա՞ն կարող եք Թումանյան խաղալ» կամ «Ինչո՞վ պիտի դրսում հետաքրքրի Թումանյանը», ու ես զարմանում եմ: Գիտե՞ք, թե ինչ երկրներում է մարդկանց զարմացրել Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նրա բեմադրած «Հեքիաթներ» ներկայացումը:
Գեորգի Հովակիմյան. Ապշած են գնացել դահլիճից, այդ թվում՝ շատ ճանաչված մարդիկ:
Նարինե Մալյան. Գերմանիայում ամբողջ դահլիճը վերջում «Կիկո՜ս, Կիկո՜ս» ասելով հեռացավ: Գերմանցի այդ շեկլիկ երեխաները տարվել էին մեր հեքիաթներով: Ես կարծում եմ՝ հենց Թումանյանով պետք է դրսում հետաքրքրենք մարդկանց, ոչ թե ինչ-որ պլաստիկ, ոճափոխված, մեզ հետ բացարձակապես կապ չունեցող բաներով։ Նաեւ դա պիտի լինի, բայց մենք չպիտի հոգնենք մեզնից: Ցավալին այն է, որ մենք մեզնից հոգնում ենք:
- Մենք մեզ լավ չգիտենք ու իրականում այդքան էլ չենք սիրում։
Նարինե Մալյան. Ամբողջ աշխարհն ընդունում ու սիրում է Սարոյանին, Կոմիտասին, Թումանյանին, իսկ մենք, չգիտես՝ ինչու, հոգնում ենք:
Լեւոն Մելոյան. Առհասարակ՝ ազգայինից:
Լիզա Ազիզյանը
Լիզա Ազիզյան. Չենք ընդունում, որովհետեւ խորապես չգիտենք։ Երբ լավ տեղյակ ես լինում, չես կարող չսիրել, իսկ Մալյանը ինտելեկտուալ, մեծ մարդ էր, իր ֆիլմերն էլ այդպիսին են։
Նարինե Մալյան. Նա ոչ միայն հայ գրականություն ու երաժշտություն գիտեր: Իր գիտելիքներով շատերին է ապշեցրել: Արտերկրում տարբեր ազգերի արվեստագետներ հաճույքով էին հետը շփվում: Պատմել է, թե ինչպես էին զրուցում Նիկիտա Միխալկովի հետ, Հնդկաստանում՝ իրենց շատ հայտնի դերասանների: Նրա ֆիլմերը շատ երկրներում են պահանջված եղել, ինչպես նաեւ՝ «Հեքիաթները»։ Այդ ներկայացումը պիտի փոխանցենք սերունդներին՝ որպես շատ թանկարժեք մի բան: Այն եզակի է մտքի, ճաշակի, խորության ու իր ասելիքի առումով։
Լեւոն Մելոյան. Եվ չծերացող:
Գեորգի Հովակիմյան. Մալյանը մեզ ասաց. «Այս ներկայացումը ձեզ պահելու է»: Այդ խոսքը երբեք չեմ մոռանա: Ու ժամանակն ապացուցեց, որ հոգեւոր առումով ապրեցնող ու մնայուն ներկայացում է:
Կարիեն Ոսկանյան. Նաեւ ասաց. «Ինչպես «Տուրանդոտ»-ն ամբողջ աշխարհով մեկ պտտվեց, ու մինչեւ հիմա խաղում են, դուք էլ այս ներկայացմամբ ամբողջ աշխարհում կշրջեք», ու այդպես էլ եղավ։
Լեւոն Մելոյան. Մեր թատրոնի դրոշակն է։
Գեորգի Հովակիմյան. Այսօր` մինչ մեր զրույցը, այդ ներկայացումը խաղացինք, ու 8 տարեկան երեխաներ էին եկել նայելու: Իրենք հո չգիտեին, որ ներկայացումը 45 տարի առաջ է բեմադրվել: Նրանց համար նոր ներկայացում է: Այն արված է ամենասովորական փարդայով (վարագույր): Մալյանը պատմում էր, որ փոքր տարիքում էին այդպես սավանը փռում ու թատրոն-թատրոն խաղում: Նա պարզապես իր մանկությունը թատրոն բերեց:
- Մալյանի արվեստի մեծությունից էի ուզում հարցնել. ինչպե՞ս է կարողացել ստեղծել ժամանակից ու տարածությունից դուրս մի բան, որը մեզնից հետո էլ կապրի:
Նարինե Մալյան. Երբ «Եռանկյունի»-ն կամ «Մենք ենք մեր սարերը» ցուցադրում են հեռուստատեսությամբ, մարդիկ են զանգահարում ու ասում. «Այ Նառա ջան, մենք ամեն անգամ այնպիսի բաներ ենք հայտնաբերում»: Դրանք հետաքրքիր են, որովհետեւ մեր մասին են, մեզնից դուրս ֆիլմեր չեն։
Լիզա Ազիզյան. Պարզապես մոտեցումն է ուրիշ: Գյուղացիները մաքուր հայերենով են խոսում, ու դա այնքան գեղեցիկ է: Առաջին հայացքից զրույցներն այնքան պարզ են, բայց դրանցում բազմաթիվ ենթաշերտեր կան: Նրա ֆիլմերը շատ ինտելեկտուալ են:
Նարինե Մալյան. Կարծում եմ՝ Մալյանը Հրանտ Մաթեւոսյանի ու իր մանկության ընկեր Աղասի Այվազյանի գրականությունը լավագույնս է ներկայացրել, որովհետեւ երկուսի ստեղծագործությունների հիման վրա էլ ֆիլմեր նկարահանվել են, բայց նրա գործերը եզակի են: Մալյանն այդ մարդկանց, նրանց խոսքի ուժն ու դրանց իմաստը խորքից էր զգում: Նա հասկանում էր, թե ինչու են հերոսներն այդպես խոսում կամ վարվում: Իսկ դա ռեժիսորի համար շատ կարեւոր է:
Արմեն Ջիգարխանյանը պատմում էր, թե որքան էր զարմացել «Գիքոր»-ի տեսարաններից մեկում ֆիլմի սցենարի հեղինակ ու գեղարվեստական ղեկավար Մալյանի տված խորհրդից: Այդ փոքր հուշումից նա շատ էր տպավորվել. «Դա դերասանի փեշակն է, ես պետք է հասկանայի: Զարմացած էի, որ ռեժիսորն այդքան նուրբ մոտեցում է ցուցաբերում դերասանի աշխատանքի հանդեպ»: Իսկ դերասանին նա աստվածացնում էր, բայց դա շատ հետաքրքիր ձեւով անում: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այդ ամենը դերասանն ինքն է անում, իսկ նրանց համար դա կարեւոր է:
Լեւոն Մելոյան. Որ վստահություն ձեռք բերեն։
- Իր գրքում էլ է գրել այդ հնարքների մասին: Իսկ ինչպե՞ս էր անում, որ հավատաք Ձեզ:
Կարինե Ոսկանյան. Ցանկացած դերի դեպքում ասում էր. «Մի քիչ այսպես արա, մի քիչ գնա այն կողմ, այսպես նայիր», ու դու չէիր էլ զգում՝ ինչպես էր կերպարդ ստացվում: Ու եթե Հենրիկ Մալյանի ուսանողն ես եղել եւ իր ձեռագրին ծանոթ ես, հետո այնքան դժվար է ուրիշների հետ աշխատել։ Փառք Աստծո, որ Նարինե Մալյանն է թատրոնը գլխավորում, որովհետեւ Մալյանից հետո ոչ մեկի հետ չէինք ուզում աշխատել:
Լիզա Ազիզյան. Դե, եղան մարդիկ, որ ուզում էին գալ, բայց մենք չցանկացանք:
Լեւոն Մելոյան. Լավ կլինի՝ Հենրիկ Մալյանի գիրքը ուսանողների համար դասագիրք դառնա: Այն շատ բան կտա սերունդներին: Դրանում ամեն ինչ կա:
Վարդուհի Ռուշանյան. Այդ գրքում մեր դասերի հանրագումարն է։
Լիզա Ազիզյան. Ամեն ինչ շատ ազնիվ է գրված։
Գեորգի Հովակիմյան. Մարդասեր մարդ էր:
Նարինե Մալյան. Գրքի դեպքում էլ մարդիկ ապշած զանգում են ու ասում. «Այ Նառա, այս ո՞նց է գրել»։ Այն երկխոսություն էր երրորդի համար, որովհետեւ Սոս Սարգսյանի հետ պայմանավորվել էին ընթերցողի համար ինչ-որ թեմաներից խոսել, բայց հետո Սոսը ժամանակ չի ունեցել։ Նախաբան գրելու համար դիմեցի Սոսին, կարդաց գիրքն ու ասաց. «Այ մարդ, այս ինչքա՞ն է սիրել այս մարդկանց ու ամեն ինչը, որ այսպես գրել է»: Ապշել էր ու հիացական խոսքեր ասաց։ Կարծում եմ՝ փոշմանել էր, որ չի մասնակցել այդ զրույցներին:
Գեորգի Հովակիմյան. Մի դրվագ հիշեցի. Թբիլիսի էի գնում, եւ Մալյանը «Ֆիլմ» թերթը տվեց, որ Փարաջանովին փոխանցեմ. նրա մասին էր խոսել այդ համարում: Հանդիպեցի Փարաջանովին, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն էլ այնտեղ էր, կարդաց իր մասին ու սկսեց ուրախությունից արտասվել. «Միայն Մալյանը կարող էր իմ մասին այդպես խոսել»:
- Մեկ բառով ու իրար չկրկնելով ինչպե՞ս կբնորոշեք Մալյանին:
Լիզա Ազիզյան. Հումանիստ:
Կարինե Ոսկանյան. Մեծություն: Իր նմանը չկար: Մեր կինոյում հեղափոխություն արեց։
Լիզա Ազիզյան. Մեկ բառով միայն (ծիծաղում ենք,-հեղ.):
Կարինե Ոսկանյան. Հեղափոխական:
Գեորգի Հովակիմյան. Մալյանը ոնց որ իմ հայրն էլ է. ներարկվել է իմ արյան մեջ։
Մովսես Ստեփանյան. Ամեն տեղ հայի տեսակը փնտրող մարդ էր։
Վարդուհի Ռուշանյան. Իմ երկրորդ հայրը:
Լիզա Ազիզյան. Բոլորիս ծնունդ տվեց։
Լեւոն Մելոյան. Ուսուցիչ:
Արա Սարգսյանը
Արա Սարգսյան. Բոլոր առումներով շատ առանձնահատուկ:
Նարինե Մալյան. Մարդ եւ հայ տեսակի խտացումն է ինձ համար։
- Եթե պատկերացնեք՝ մի կարճ ժամանակով հնարավորություն է ընձեռվել հանդիպել հետը, ի՞նչ կասեք:
Լիզա Ազիզյան. Կասեմ՝ շնորհակալ եմ:
Լեւոն Մելոյան. Կասենք՝ շնորհակալ ենք, որովհետեւ բոլորս պարտական ենք իրեն։ Մեր մեջ ներարկել է մարդ լինելու արժեքը:
Արա Սարգսյան. Երջանիկ եմ, որ հանդիպել ենք:
- Նա ապրում է ոչ միայն իր աշխատանքներով, այլ նաեւ բոլորիդ շնորհիվ, որ իր արժեքները շարունակում եք տարածել:
Կարինե Ոսկանյան. Մեր թատրոնը շատ է տարբերվում: Չեմ ասում, թե երկնքից աստղեր ենք իջեցնում, բայց մի ընտանիք ենք: Մեր միջեւ կապ ու հարազատություն կա:
Գեորգի Հովակիմյան. Ու դա առաջին հերթին Մալյանի շնորհիվ է:
Նարինե Մալյան. Հասկանում եմ՝ Կարինեն ինչ նկատի ունի, բայց չէի ուզի ընտանիք անվանել: Ընտանիքը ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր է պարունակում։ Ես կասեմ՝ հարազատ մարդկանց հավաք է, իսկ ներկայացում ստեղծելու համար շատ կարեւոր է, որ մարդիկ միմյանց հասկանան: Իրար այնքան լավ ենք ճանաչում ու միասին շնչում, որ շատ հեշտ ենք աշխատում: Միայն հոգեւոր առումով ենք ընտանիք:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
179








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: