Լիլյա Մուկուչյանի կատարմամբ «Կոնտրաբաս» ներկայացումն այն գործերից չէ, որ կարող ես հեշտությամբ մոռանալ: Դեռ երկար ժամանակ նրա մարմնավորած հերոսուհին ու արտահայտած մտքերը մնում են հետդ ու արձագանքում գլխումդ՝ արդյոք ես իսկապե՞ս ապրում եմ, ճի՞շտ եմ ապրում ու որեւէ բան բա՞ց չեմ թողնում:
Կ. Ստանիսլավկսու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն առաջնախաղից բավական շուտ էինք գնացել ու Մուկուչյանի հետ պատրաստվեցինք ներկայացմանը: Նա BRAVO.am-ին ոչ միայն թույլ տվեց դերասանի համար այդքան յուրահատուկ պահին իր կողքին լինել, այլ նաեւ պատասխանում էր հարցերին ու կիսվում իր հետաքրքիր մտքերով:
- Ձեր ու Ելենա Վարդանյանի համագործակցության արդյունքում հետաքրքիր ներկայացումներ են ծնվում: Ինչո՞ւ այս անգամ որոշեցիք անդրադառնալ Պատրիկ Զյուսքինդի «Կոնտրաբաս»-ին:
- Մենք անընդհատ նյութ ենք փնտրում, եւ ամենակարեւոր պայմանն այն է, որ այն ասելիք ունենա: Երկուսիս էլ այնքան շատ պիեսներ են ուղարկում, բայց ամեն ինչ սրտիդ չի դիպչում: Եթե ինձ վրա ոչ մի հետք չի թողնում, չեմ էլ պատկերացնում՝ ինչպես խաղալ: Բայց «Կոնտրաբաս»-ի հետ մի հետաքրքիր պատմություն եղավ. Ելենան (ռեժիսոր Ելենա Վարդանյանը,-հեղ.) զանգեց ու ասաց. «Նյութը գտել եմ, գիտեմ՝ ինչ պիտի խաղաս»։ Իսկ նա գիտեր, որ տարիներ շարունակ ուզում էի այնպիսի մի դեր խաղալ, որը գրվել է տղամարդու համար: Նաեւ Յագո էի ուզում լինել: Առհասարակ լավագույն դերերը տղամարդկանց համար են գրված։
Այդ շրջանում երկուսս էլ շատ զբաղված էինք եւ մտածեցինք 1-2 ամիս հետո անդրադառնալ: Բայց այնքան ուժեղ գործ է, որ հաջորդ օրն իսկ սկսեցինք աշխատել: Փորձերն արդեն մեկնարկել էին, երբ մի օր տանը փորփրում էի դարակներս ու պահարաններս, որպեսզի տեսնեմ՝ ինչեր եմ հավաքել: Երիտասարդ ժամանակ ինչ կարդում էի, տպում էի՝ մտածելով, որ մի օր պիտի խաղամ: Իհարկե, այդ շարքից որեւէ մեկն այդպես էլ չեմ խաղացել։ Քանդում-քանդում եմ ու հասա «Կոնտրաբաս»-ին։ Ու մինչեւ հիմա չեմ կարողանում հիշել, թե երբ եմ այն վերցրել, հետո տպել ու տուն բերել: Նույնիսկ վրան աշխատել եմ ու նշումներ արել: Ինձ թվում է՝ այս ամենում միստիկական բան կա:
- Այսքան տարիներ անց այդ նշումներից որեւէ բան պետք եղա՞վ գործը բեմադրելիս ու խաղալիս։
- Պիեսը բավական կրճատել ենք, որովհետեւ 76 էջ է: Թող հանդիսատեսն ինձնից չնեղանա, բայց հիմա մոնոներկայացման ընթացքում մարդկանց 50 րոպեից ավելի պահելը դժվար է: Ստիպված կրճատումներ ենք արել: Նաեւ հանել ենք երաժշտական տերմիները, նույնիսկ կատակ ունեինք՝ եթե բեմադրենք այնպես, ինչպես գրված է պիեսում, պիտի միայն սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների համար խաղամ, որովհետեւ միայն իրենք կհասկանան։ Բայց իմ նշումներում մի կարեւոր հատված ունեի, որը ռեժիսորի հետ բաց էինք թողել, եւ անպայման ուզում էի այն մնա: «Ես արհեստավոր եմ, արվեստագետ չեմ, ավելի տաղանդավոր չեմ, քան դուք»,- դիմում եմ հանդիսատեսին։
- Դուք ստեղծագործող մարդկանց մասին արդեն երկրորդ գործն եք ստեղծում: Նախորդը բալետի պարուհու մասին պատմող «Վարեչկա»-ն էր: Ինչո՞վ են դրանք Ձեզ գրավում ու ի՞նչ են տալիս հանդիսատեսին:
- Թեեւ «Կոնտրաբաս»-ում նույնպես արվեստի մարդկանց մասին ենք խոսում, բայց աշխատում ենք այնպես անել, որ ասելիքը չսահմանափակվի: Եթե միայն արվեստագետների մասին պատմենք, շատ սուղ հանդիսատես կունենանք: Կարեւոր է խոսել մարդու մասին, ու հենց 21-րդ դարի մարդու մասին, իսկ նյութը դա մեզ թույլ է տալիս: Հիմա բոլորս կաղապարված ենք մեր հեռախոսների մեջ, անմիջական շփումը սահմանափակ է, եւ նկատեք, թե ինչքան են շատացել հոգեբաններին այցերը, ինչը շփման պակասից է առաջացել։ Դա առավել հատուկ է եվրոպական երկրներին, որովհետեւ մենք անձնական շփումն ու ընկերությունը դեռ չենք կորցրել, իսկ այնտեղ դա վերածվել է մեխանիկական գործողության՝ գնում են աշխատանքի, գալիս տուն, ու այդպես շարունակ։ Նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում՝ Ճապոնիայում, որքան մեծ է ինքնասպանությունների թիվը, որովհետեւ մարդիկ ուրիշ կյանք չունեն։ «Կոնտրասբաս»-ում էլ ենք դրանից խոսում: «Ես գնում եմ փորձի, գալիս եմ տուն, ուրիշ կյանք չունեմ»,- ասում է հերոսուհիս:
- Այդ արտահայտության մեջ շատերս կգտնենք մեզ. օրեր են լինում, երբ հենց այդպես էլ ապրում ենք:
- Այո, դա ե՛ւ մեր մասին է, ե՛ւ ձեր, ե՛ւ բժիշկների, ե՜ւ մյուսների: Սարսափելի բան է կատարվում մեր դարում. չենք ապրում, անընդհատ աշխատում ենք, ընդ որում՝ 3-4 տեղ, ու դա քիչ ենք համարում։ Հիմա նոր մասնագիտություն եմ ձեռք բերում՝ HR, թվում է՝ ինչի՞ս էր պետք. նստիր ու քո սիրելի գործն արա։ Հերոսուհիս էլ ունի այդ չապրելու խնդիրը: Նրա մյուս խնդիրները գալիս են մանկությունից: Պիտի վերադառնանք Ֆրոյդին, ով ասում է՝ բոլորս ծնունդով մանկությունից ենք։ Ծնողները նրան քիչ սեր են տվել. հայրը սիրել է փոքր քրոջը, մայրը՝ հորը, իսկ նրան՝ ոչ ոք։ Սիրո պակաս հիմա էլ շատ կա, այդ մասին էլ ենք խոսում: Այնքան այսօրվա մասին գործ է: Բայց ամենակարեւորն այն է, որ ներկայացման մեջ լույս կա։ Կարծում եմ՝ դա արվեստի առաջին նախապայմանն է. այն չի կարող հանդիսատեսին հուսահատության մեջ գցել: Ինքս դերասանուհի եմ ու չեմ ցանկանա այնպիսի ներկայացում նայել, որից ավելի վատ վիճակում դուրս կգամ, քան գնացել էի: Արվեստի առաքելությունը հոգսերից կտրելն ու ճանապարհ ցույց տալն է, որը դու, հնարավոր է, չես կարողացել գտնել։ «Կոնտրաբաս»-ում դա էլ կա։ Հերոսուհիս ասում է. «Ես 42 տարեկան եմ, անձնական կյանքս չի դասավորվել, ոչինչ չունեմ. ես եմ ու այս գործիքը»։ Բայց չի ուզում իր վերջը տալ. «Հիմա գնում եմ ու չգիտեմ՝ ինչ կանեմ»,- նշում է նա։ Նյութը շատ ինտելեկտուալ է, այն վերլուծում է մարդու համարյա բոլոր հոգեվիճակները։ Ելք է ցույց տալիս, երեւի դրա համար էլ ապրում է. պիսեն ամբողջ աշխարհում 500-ից ավելի անգամ բեմադրվել է։
- Մինչ այս Ձեր դերացանկում նման տարբերվող կերպար ունեցե՞լ եք։
- Իմ երազանքի դերն է: Ամեն անգամ դեր խաղալիս ասում էի. «Աստված իմ, այնպիսի մի դեր խաղամ, որից կկշտանամ եւ խիղճս հանգիստ կթողնեմ մասնագիտությունս»։ Որովհետեւ անընդհատ մտածում եմ այդ մասին։ Հիմա նման դեր արդեն ունեմ, ուզում եմ նոր բան էլ փորձել (ծիծաղում ենք,-հեղ.):
- Ինչո՞ւ: Հոգնե՞լ եք թատրոնից եւ ուզում եք այլ բանո՞վ զբաղվել:
- Ահավոր բան է կախված լինել ռեժիսորների քմահաճույքներից. արդյոք քեզ դեր կտա՞ն, ի՞նչ դեր կտան, իրավունք էլ չունես հրաժարվել, որովհետեւ խաղացանկային թատրոնում ես, որտեղ խաղի կանոններ կան: Այդ համակարգը տարիներ շարունակ աշխատում է, եւ դու էլ պայմանագիր ես ստորագրել։ Հոգնում եմ ու դա սկսում է ինձ չբավարարել։ Չգիտեմ՝ երբ նման քայլի կդիմեմ, բայց ոչինչ բացառել չեմ կարող: Ինձ համար կատարյալ տարբերակն է հրավիրված դերասանուհի դառնալ, անկախ ու ազատ գործել, անել այն, ինչ սրտիս մոտ է, ու խոսել՝ որտեղ ուզում եմ։
- Ինչո՞վ է այս դերը Ձեզ թույլ տալիս հագեցնել դերասանական ծարավը:
- Մտածում եմ, որ այստեղ ինձնից շատ բան կա: Կարծես թե ասելիքի մի մասն իմ մեջ էր հավաքվել, ու հիմա Զյուսքինդի լեզվով ասում եմ: Հերոսուհին երաժիշտ է, ստեղծագործող, իսկ ես՝ դերասանուհի, ու մենք նմանատիպ խնդիրներ, մտորումներ եւ չլուծվող հարցեր ունենք: Այս առումով չեմ կարող ասել, որ ինձ եմ խաղում. դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Ի վերջո, ես Գարի Օլդմենը չեմ, բայց ինձնից էլ շատ բան կա։ Այս դերն ինձ հանգստացնում ու հագեցնում է։
- Ներկայացումը խաղալիս ի՞նչ հույզեր ունեցաք, մանավանդ որ շատ անսովոր պայմաններում ու նոր տեղում եք խաղում՝ բեմի տակ:
- Սկզբում այդ պայմաններից մի քիչ անհանգստացած էի ու մտավախություն ունեի՝ արդյոք կստացվի: 18 տարի բեմի վրա եմ ու մտածում էի՝ դերասանի տեղը հենց այնտեղ է: Պատահական չէ, որ բեմը մի քիչ բարձր է: Բայց իջանք ներքեւ, ու երբ Ելենայի հետ փորձերը սկսեցինք, նկուղն ու այդ փակ պատերը եւս մտան ներկայացման մեջ՝ համահունչ դառնալով ստեղծված կտավին ու գրական նյութին: Կերպարս ասում է. «Տանը բոլոր պատերս փակել եմ, ձայնամեկուսացրել, որ նույնիսկ փողոցի ձայնը չլսեմ»: Այնքան է մտել կաղապարի մեջ, որ էլ չի կարողանում դուրս գալ դրանից։ Եվ նկուղն այս դեպքում սկսեց օգնել մեզ։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
1,427







