×


Արսեն Գրիգորյան. «Շատ կուզեի իմ հերոսի պես պատահաբար իմանալ, որ երեխա ունեմ»

Դերասան Արսեն Գրիգորյանն «Օպա՛, պապա» ֆիլմում Էնդի Բաբայանի դերում է, որը մի օր պատահաբար իմանում է 8-ամյա որդու մասին, ու պետք է ինքնուրույն մեծացնի նրան:

«Էնդի Բաբայանը դերասան է, ով կարիերայի ձգտումով Հայաստանից հասել է Հունաստան ու այնտեղ հյուրանոցում է աշխատում: Քանի որ նրա տատիկն աշխարհագրության ուսուցչուհի է, որոշել է իր գիտելիքներն այլ կերպ օգտագործել եւ հարաբերություններ ունենալ տարբեր երկրներից ժամանած կանանց հետ: Արդյունքում մի օր հայտնվում է սոցիալական աշխատողն ու նրան հանձնում իր երեխային, եւ մենք վերադառնում ենք Հայաստան»,- պատմել է դերասանը։ 

Գրիգորյանը որոշել է նկարահանվել այս ֆիլմում, քանի որ առաջին հերթին սցենարն է հավանել, բացի այդ էլ, ռեժիսոր Գոռ Գրիգորյանին վաղուց գիտեր, ու միասին հեռուստատեսությունում են աշխատել. «Մեր ծանոթության օրը, երբ տեսա Գոռի ոգեւորված աչքերը, միանգամից ասացի. «Հիշեք այս դեմքը, եւ երբ լավ դերասան պետք լինի, ինձ կասեք»: Ու Գոռն ինձ հրավիրեց նկարահանվել իր ֆիլմում: Ողջ թիմը տաղանդավոր ու պրոֆեսիոնալ երիտասարդներ են, որոնք իրենց աշխատանքը սրտանց են արել»:

Հումորով ու անկեղծորեն խոստովանում է, որ շատ կուզեր գլխավոր հերոսի դերում հայտնվել ու պատահաբար իմանալ՝ այդ տարիքի երեխա ունի: Իսկ իր որդի Սեմին մարմնավորող Ռաուլի հետ մեծ հաճույքով ու հիացմունքով է աշխատել:


«Նա շոկային պրոֆեսիոնալիզմ էր ցուցաբերում կադրում, իսկ հենց «ստոպ» էինք ասում, աշխարհի ամենաչարաճճի երեխան էր դառնում: Նույնիսկ մի անգամ ասացի. «Ռաուլ, այնպես չանես՝ պապա դառնալու այն չնչին տոկոսը, որն իմ մեջ մնացել է, իսպառ վերանա»։ Հենց ռեժիսորն ազդարարում էր նկարահանման սկիզբը, միանգամից կերպարանափոխում էր: Ու հիշում ես բոլոր այն մեծ վարպետներին, ովքեր ասում են՝ մեր մասնագիտության մեջ երեխայի պես է պետք լինել. մի վայրկյանում միանալ եւ հավատալ նրան, ինչ անում ես: Իսկ Հռիփսիմե Նահապետյանը տաղանդավոր դերասանուհի է: Մենք կադրում այնպիսի մի անկեղծություն ունեինք, որ երկուսս էլ իրար չէինք կարող խաբել ու դերասանություն անել»,- պատմել է նա:


Գրիգորյանի համար ֆիլմն առաջին հերթին սեր է փոխանցում դեպի հարազատ տունն ու ընտանիքը, սովորեցնում անսպասելի ու չնախատեսված իրավիճակներում պատասխանատվություն ստանձնել, որից հաճախ խուսափում են, բայց պարզվում է՝ այն բավական հաճելի է: 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW