Այս տարի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացած Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանն «Օպա՛, պապա» ֆիլմի գլխավոր դերակատարներից է:
Նա պատմել է, որ ամեն ինչ սկսվել է հեռախոսազանգից: Դրան հաջորդել է հանդիպումը ռեժիսոր Գոռ Գրիգորյանի եւ պրոդյուսերների հետ, ու որոշել է նկարահանվել ֆիլմում:
«Վավերագրական ֆիլմեր նկարող ուսանողուհու դերում եմ, որը հայտնվում է Ձյունապար գյուղում եւ հանդիպում գլխավոր դերակատարին՝ էներգիայով լի մի տղամարդու, որը նաեւ երեխա ունի եւ նրա մասին վերջերս է իմացել: Մարին Անդրանիկի հետ անցնում է երեխային ընդունելու, սիրելու եւ իր մեջ ծնողական զգացմունքներ բացահայտելու ճանապարհը: Ուրախ եմ, որ խաղացի այդ դերը: Ընտանեկան լավ կատակերգություն է ստացվել՝ շատ ջերմ ու հումորով»,- անկեղծացել է դերասանուհին:
Նահապետյանի խոսքով՝ երբեմն կատակերգությունում խաղալն ավելի բարդ է, քան դրամայում: Պետք էր նուրբ մոտենալ աշխատանքին, քանի որ չէին ցանկանում պարզապես ծիծաղեցնել ու զվարճացնել մարդկանց:
«Ընթացքը շատ թեթեւ է եղել, որովհետեւ թիմը շատ ջերմ էր: Ֆիլմը դիտելիս էլ կհասկանաք, թե ինչ մթնոլորտում ենք աշխատել։ Իմ հիմնական խաղընկերն Արսեն Գրիգորյանն է: Նա նկարահանման հրապարակում այնպիսի մթնոլորտ էր ստեղծում, որ անհնար էր վատ խաղալ: Շնորհակալ եմ նրան, շատ լավ դերասան ու մարդ է, եւ կարողանում է իր դրական էներգիան տարածել: Շատ հեշտ էր նաեւ Գոռ Գրիգորյանի հետ աշխատել. իրար միանգամից հասկանում էինք»:
Նկարահանումները հիմնականում անցել են Կոտայքի մարզի Կապուտան գյուղում: Դերասանուհու համար դրանք միայն վառ ու անմոռանալի հիշողություններ են թողել, նոր ծանոթություններ բերել ու պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու հնարավորություն տվել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
1,238






