Փարիզն ու Ազնավուրն այնքան ձուլված են. Ազնավուրը Փարիզին տվեց ձայն, իսկ Փարիզը նրան՝ հավերժություն։
Փարիզում նրա մեծ հուշարձանը կամ թանգարանը չեք գտնի, փոխարենը կզգաք նրա ներկայությունն ամենագողտրիկ վայրերում, կտեսնեք համեստ կիսանդրին կամ նրա անունով այգին, իսկ նրա երգերում կզգաք Փարիզը։
Լուսանկարը՝ Cordon Press
Շատերն են ինձ հարցնում, թե Փարիզ այցելելիս որտե՞ղ եւ ի՞նչ կարող են տեսնել Շառլ Ազնավուրի հետ կապված, կամ ինչպե՞ս այցելել նրա շիրիմին։ Մի քանիսը նույնիսկ կարծում են, թե նա թաղված է «Ինվալիդ» կոչվող պալատում, քանի որ այնտեղ են նրան վերջին հարգանքի տուրքը մատուցել: Սակայն այս վայրը նրա հետ որեւէ առնչություն չունի։
Ամենահայտնի ֆրանսահայն ու լեգենդար արտիստը չի ցանկացել հայտնի մարդկանց գերեզմանատանը թաղվել. ընտրել է իր ընտանիքի կողքին լինելը՝ թաղված է Մոնֆոր Լամորի համայնքում՝ Փարիզից մեկ ժամ հեռավորությամբ։
Փարիզն իր մեջ կրում է Շառլ Ազնավուրի մանկության հիշողությունները. պոետն այստեղ է ծնվել, մեծացել փողոցում, ինչպես ինքն էր սիրում ասել, լսել ժամանակի արվեստագետների ձայները եւ կերտել իր ինքնությունը՝ որպես երգիչ-երգահան։ Նրա կյանքի մասնիկները մինչ օրս էլ զարդարում են Փարիզի բնապատկերը, երգերը հնչում են ամենատարբեր անկյուններում։
Քայլենք Փարիզում Շառլ Ազնավուրի հետքերով՝ այցելելով նրա մանկության թաղամասերը՝ վերագտնելու արվեստագետի եւ սիրո քաղաքի միջեւ եղած մտերմիկ կապը։
Շառլ Ազնավուրը՝ ծնողների հետ
Տարնիե հիվանդանոց (l’Hôpital Tarnier, 89 rue d’Assas, 75006 (6-րդ թաղամաս):
Շառլ Ազնավուրը ծնվել է այս կլինիկայում՝ 1924 թվականի մայիսի 22-ին: Նրա ընտանիքը բնակվում էր Օդեոն թաղամասի 36 rue Monsieur-le-Prince հասցեում: Լատինական թաղամասի այս վայրերում, որտեղ հաճախ էին լինում ուսանողներ, երաժիշտներ եւ փողոցային արտիստներ, նա առաջին անգամ լսեց «քաղաքի ձայները»:
Իրենց բնակարանի շենքի վրա այժմ փակցված է հուշատախտակ, որը հուշում է, որ այդտեղ լեգենդ է ապրել։ Այստեղից ոչ հեռու՝ Փարիզի Օդեոն խաչմերուկում էլ լեգենդար երգչի կիսանդրին է, որի հեղինակն Ալիս Մելիքյանն է։
Ազնավուրների բնակարանը պատերազմի շրջանում դարձավ շատերի փրկության վայրը։ 22 rue de Navarin (9-րդ շրջան)՝ այս հասցեում են նրանք ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ազնավուրների ընտանիքը չուներ բարենպաստ պայմաններ, բայց մեծ դեր է խաղացել պաշտպանություն ապահովելու գործում՝ այս բնակարանում ապաստան տալով հրեաներին եւ հայերին: 2024 թվականին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ, այս հասցեում բացվել է հուշատախտակ՝ ի հիշատակ ընտանիքի այդ ժամանակների գործողությունների:
Շառլ Ազնավուրի այգին (8-րդ թաղամաս):
Նրա ծննդյան հարյուրամյակը նշելու համար քաղաքը որոշեց արտիստի անունով անվանակոչել Շանզ-Էլիզեի մոտ գտնվող այգին։ Վերանորոգված արահետներով այգին հարակից է Երեւանի այգուն, Հայկական էսպլանադին եւ Կոմիտասի արձանին՝ ամրապնդելով Փարիզի, Ազնավուրի եւ Հայաստանի միջեւ կապը:
Այստեղ այգու հուշատախտակի վրա գրված է՝ Շառլ Ազնավուր. ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս։
Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ հեղինակի եւ համացանցից


×
1,982






