×


Comedy Club-ի երեւանյան շոուների ամենահետաքրքիր դրվագներն ու հայկական հումորը

Անսպառ հումոր, ուրախ երաժշտություն եւ բարձր տրամադրություն` «Comedy Club» հեղինակավոր շոուն առաջին անգամ Երեւան էր եկել ամբողջական կազմով: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել էր մի հսկայական շոու-ակումբի, որտեղ հյուրերին նախ դիմավորում էին շքեղ կարմիր գորգը, երկրպագուներն ու լրագրողները, այնուհետեւ ամբողջությամբ ձեւափոխված բեմն ու համերգային դահլիճը: «Comedy Club»-ն իր փառատոնային հյուրախաղերով արդեն եղել է մի քանի քաղաքում եւ այս անգամ ժամանել էր Երեւան` մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Երկօրյա համերգներին ներկա եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել կարմիր գորգի արարողությունն ու հետեւել շոուի ընթացքին:

Փառատոնի ռեզիդենտներին (ինչպես իրենց անվանում են շոուի հերոսները) հասցրինք մի քանի հարց ուղղել միջոցառման մեկնարկից առաջ: Գարիկ Մարտիրոսյանն է՛լ ավելի մեծացրեց մեր սպասելիքներն ու հետաքրքրությունը, երբ հայտնեց, որ հանդիսատեսն ականատես է լինելու անչափ ուրախ եւ զվարճալի շոուի: Նա ընդգծեց` իրենք եկել են Երեւան, որպեսզի ցույց տան բոլորին` հայկական հումորը լավագույնն է ամբողջ աշխարհում: Ի դեպ, միջոցառման գլխավոր իրադարձությունը հենց Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն էր։ Վերջին կես տարում նրա անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էին պտտվում, սակայն սեպտեմբերին 15-ին եւ 16-ին նա կրկին բեմ բարձրացավ եւ Պավել Վոլյայի հետ շփվեց հանդիսատեսի ու հյուրերի հետ։

Արթուր Ջանիբեկյանը՝ կնոջ հետ


Ինչպես երեւաց, ռուսաստանցի հյուրերից ամենաշատ հայերեն բառերը գիտեր Ալեքսանդր Րեւան: Նա նախ բոլորին բարեւեց հայերեն, այնուհետեւ ասաց, որ սիրում է Երեւանը: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք`առաջին անգամ է Հայաստանում, նշեց` հաճախ է գալիս, քանի որ պաշտում է մեր քաղաքը: Գարիկ Խառլամովն էլ եկավ ու, լրագրողներին բարեւելով, հարցրեց`«Ո՞նց ես, ախպեր»: Հասկանալի էր, որ Գարիկի իմացած հայերենն էլ այդքանն էր, ինչը բավական էր տրամադրություն բարձրացնելու համար: Նա նշեց, որ երկու օր շարունակ անդադար փորձեր են արել, որպեսզի ամեն ինչ անթերի ու հետաքրքիր ստացվի:

Պավել Վոլյան էլ բոլորին շնորհավորեց «Comedy Club»-ի` Հայաստան գալու առիթով: Ասաց` արդեն 6-րդ անգամ է Երեւանում եւ հատուկ շնորհակալություն հայտնեց եղանակին` իրենց արեւոտ ու ջերմ օրեր պարգեւելու համար. «Այսօր ընտրել եմ ամենահայկական կոստյումը եւ մեծ հաճույքով եկել եմ իմ հայ ընկերներին ու ծանոթներին հանդիպելու: Գարիկ Մարտիրոսյանը մեզ սովորեցրել է սիրել Հայաստանը, Երեւանը: Դժվար է նույնկերպ չսիրել Երեւանը` տեսնելով, թե նա ինչպես է սիրում իր քաղաքը: Ներկայացնելու ենք շատ հայկական հումոր, եւ ընդհանրապես կարծում եմ` Հայաստանը հումորի մայրաքաղաքն է. այստեղից է ծնունդ առել հումորը: Ինձ թվում է՝ բոլոր հայերը միշտ խոսում են կատակներով»:

Գարիկ Խառլամովը


Միխայիլ Գալուստյանն էլ շոուին ներկայացել էր կնոջ ուղեկցությամբ, ինչպես Գարիկ Մարտիրոսյանն ու Ալեքսանդր Րեւան: Նա էլ իր հերթին շնորհավորեց Հայաստանին` Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Միշան նշեց, որ երկօրյա փառատոնի ընթացքում լինելու են բացառապես նոր համարներ, որոնք կանդրադառնան նաեւ հայկական հեղափոխությանը: Այդ առումով նա ընդգծեց, որ միշտ պետք է կատակել նրբորեն եւ ուշադիր, չէ՞ որ հումորը զենք է, որը կարելի է օգտագործել նույնիսկ ռազմական հակամարտությունները լուծելու համար: Իսկ անհաջող հումորը ընդհակառակը՝ կարող է անհամեմատ սրել իրավիճակն ու նոր խնդիրներ առաջացնել.«Պետք է միշտ մտածեք, թե ինչպես եք կատակում: Կարծում եմ՝ այսօր կլինեն տեղին կատակներ՝ կոլորիտային, ակտուալ, այսինքն՝ ոչ շատ սուր սատիրա»:

Այն, ինչ խոստացել էին «Comedy Club»-ի անդամները, շուտով իրականություն դարձավ: Միջոցառման ավարտին բոլորը միաբերան նշում էին, որ այս անգամ շոուն անհամեմատ ավելի հաջողված էր ու զվարճալի, քան նախորդ համերգների ժամանակ: Բոլոր ելույթները հայկական հումորի տարրեր էին պարունակում, ինչը ստիպում էր ավելի շատ ծիծաղել ու ավելի հետաքրքրությամբ հետեւել շոուի ընթացքին: Ներկաների բարձր տրամադրությանը նաեւ նպաստել է ԱՐԱՐԱՏ կոնյակների եւ կոկտեյլների հյուրասիրությունը:

Ժան Կլոդ վան Դամը


Չմոռանանք նշել, որ երեկոյի գլխավոր հյուրը հայտնի բելգիացի կինոդերասան Ժան Կլոդ վան Դամն էր, ում հետ Գարիկն ու Պավել Վոլյան երկար կատակեցին համերգի սկզբում: Իհարկե, հանդիսատեսին ի սկզբանե արգելվեց լուսանկարել ու տեսանկարահանել երեկոյի ընթացքում, քանի որ ողջ համերգը նկարահանվում էր՝ ռուսական «THT» ալիքով ցուցադրելու համար: Այնպես որ, ովքեր բաց են թողել «Comedy Club»-ի երեւանյան համերգները, կարող են շուտով տեսնել իրենց հեռուստաէկրաններին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW