×


“Jazzel”-ը բարեգործական համերգ է տվել

“Jazzel”-ը երաժշտասերներին հաճախ է ուրախացնում ակումբային մենահամերգներով, իսկ օրերս “Mezzo Classic House”-ում խմբի ելույթը նաեւ բարեգործական նպատակով էր. համերգի հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ երեխաների եւ երիտասարդների բուժմանը:


Երեկոյի ընթացքում Արեւոն (Արեւիկ Գրիգորյան), Ջուջոն (Ջուլիետ Գրիգորյան), Վարսինե Հարությունյանը, Ադրիանա Գյուրջինյանն ու Աննա Կոստանյանը  կատարել են հայտնի երգերի քավերներ, ութ նոր երգ, ինչպես նաեւ համատեղ համար են ներկայացրել Բագրատ Տերտերյանի հետ:

"Jazzel" խմբի երգչուհիները եւ Բագրատ Տերտերյանը


“Jazzel”-ի աղջիկներին նվագակցել են “Imagine” բենդի երաժիշտները` բաս կիթառահար Հովհաննես Հարությունյանը, սոլո կիթառահար Արամ Վարդանյանը, հարվածային գործիքներ նվագող Գեւորգ Հարությունյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանն ու ստեղնաշարային գործիքներ նվագող Սարգիս Դալաքյանը: 

“Jazzel” խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ բարեգործական համերգով հանդես գալու առաջարկին արձագանքել են անմիջապես.“Մեզ համար երեխաների առողջությունն ու ժպիտը առաջին պլանում են: Եթե յուրաքանչյուրս փորձենք որեւէ կերպ օգնել, ապա մեծ հաջողությունների կհասնենք”: Նա հավելել է, որ հունիսի 1-ին կրկին կմասնակցեն բարեգործական համերգի, որի ընթացքում ելույթ կունենան նաեւ հայտնի այլ կատարողներ եւ խմբեր:

“Jazzel” խմբի երգչուհիները եւ գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը


Ապրիլի 23-ին տեղի ունեցած համերգի կազմակերպիչ “Առողջության կամուրջ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Բարսեղյանի խոսքով` սեփական փորձից գիտի, թե ինչպիսի խնամք ու ֆինանսական կարողություններ են պահանջվում քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժելու համար: 

Գործունեության մեկ տարվա ընթացքում “Առողջության կամուրջը” աջակցություն է ցուցաբերել 7 երեխայի, բարեգործական այս համերգի հասույթն էլ փոխանցվել է քաղցկեղով հիվանդ 22-ամյա աղջկա, որի վեց փուլից բաղկացած բուժման կուրսի համար անհրաժեշտ է մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ:

“Jazzel”-ը բարեգործական համերգ է տվել


Եթե մեր ընթերցողների շրջանում երիտասարդ աղջկան օգնել ցանկացողներ գտնվեն, ստորեւ ներկայացնում ենք դրամի փոխանցման համարը` HSBC Bank Armenia, դրամային հաշվեհամար` 005-019567-001, դոլարային հաշվեհամար` 005-019567-101:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW