Ամերիկացի ջազ-ռոք կիթառահար եւ կոմպոզիտոր Լի Ռայթնաուրն իր բենդի հետ համերգային այցով օրերս Երեւանում է եղել: Երաժիշտները երկու օր` մայիսի 3-ին եւ 4-ին, ելույթ են ունեցել “Yans” ակումբում, որոնցից առաջինին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Ամերիկացի ջազ-ռոք կիթառահար եւ կոմպոզիտոր Լի Ռայթնաուրը
Կիթառի, դաշնամուրի, բաս-կիթառի եւ հարվածային գործիքների ջազային հնչյունները ներկաներին, որոնց թվում են եղել նաեւ երգչուհիներ R.P.-ն եւ Մարինե Հակոբյանը, տեղափոխել են ամերիկյան ջազի աշխարհ, որը համեմված է տարբեր մշակույթների երաժշտական ելեւէջներով:
61-ամյա ջազ-երաժիշտ Լի Ռայթնաուրը համերգի ընթացքում կիսվել է Հայաստան կատարած իր առաջին ուղեւորության եւ համերգից ստացած տպավորություններով. “Հրաշալի միջավայր է, գեղեցիկ աղջիկներ ու լավ տրամադրություն: Հետաքրքիր է ճամփորդել ու նոր բացահայտումներ անել”,-ասել է նա:
Ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը
Գրեմմիի արժանացած կիթառահարը համագործակցել է ջազի աշխարհում հայտնի մի շարք երաժիշտների հետ, 1976 թվականից սկսած` ձայնագրել է ավելի քան 40 ալբոմ եւ իր գործընկերների կողմից ստացել “Կապիտան Մատներ” մականունը:
Ամերիկացի ջազ-ռոք կիթառահար եւ կոմպոզիտոր Լի Ռայթնաուրը նվագել է Երեւանում
“Ի ուրախություն մեզ, համեստ պահանջներով երաժիշտներ են: Լի Ռայթնաուրը համակրելի ու կիրթ մարդ է: Նրա ինտելիգենտ նվագը տարբերվում է: Ինչքան արտիստը մեծ է, այնքան համեստ է. ասվածը, դժբախտաբար, Հայաստանում չի գործում: Այստեղ շատերը ջազից են խոսում, մեծ-մեծ մտքեր են արտահայտում, բայց երբ հրավիրում ես, չեն գալիս հանրահայտ ջազմեններին լսելու: Հենց միջազգային մակարդակի երաժշտի անուն են լսում, չեն արձագանքում, որովհետեւ կողքին չեն երեւա”,-BRAVO.am-ի հեզ զրույցում նշել է “Yans” ակումբի տնօրեն, երաժիշտ Վազգեն Ասատրյանը:
Ջազ-ռոք կիթառահար Լի Ռայթնաուրն իր բենդի հետ ելույթ է ունեցել Երեւանում
Ակումբային համերգի ընթացքում երաժիշտները նվագել են հիմնականում ամենավերջին` “Rhythm Sessions” կոչվող ալբոմի գործերը` ջազը միախառնելով լատինո, ֆանկ եւ R&B երաժշտության հետ:
Չնայած դահլիճը լեփ-լեցուն չէր, բայց ջազի սիրահարներն ունկնդրում էին ու բուռն ծափահարում երաժիշտների իմպրովիզներով լի կատարումներին:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/, Թոփ նկարը` Ռազմիկ Չրաքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: