×


«Էս ի՞նչ բերեցիր գլխիս, այ բալա». Վարդան Պետրոսյանի բեմելը Ազնավուրին նվիրված համերգին

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը վաղուց է, ինչ տարբեր համերգների ժամանակ կատարում է Շառլ Ազնավուրի երգերը: Մեկ անգամ չէ, որ խոստովանել է՝ անվանի շանսոնյեի մեծ երկրպագուն է: Այդ առիթով նա նույնիսկ նախաձեռնել է «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգների շարքը: Սակայն Ազնավուրի մահը ստիպեց այդ համերգները կազմակերպել նոր ծրագրով եւ նվիրել նրա հիշատակին:

Այդպիսով հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ երկօրյա համերգ, որին ելույթ ունեցան ինչպես հայկական էստրադայի աստղերը, այնպես էլ ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը: Նա Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ ներկայացել էր «Հայկական վալս» հայերեն երգի տպավորիչ կատարմամբ: Երեկոյի անակնկալներից էր նաեւ դերասան Վարդան Պետրոսյանի բեմելը երկար դադարից հետո: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել համերգին, գրի առել անկեղծ խոստովանություններն ու լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Հայկ Պետրոսյանը եւ Իվետա Մուկուչյանը


Երեկոյի սկզբում Հայկն ասաց, որ իրենք՝ բոլորը, շատ հուզված են, քանի որ մեծ պատասխանատվության զգացողություն ունեն թե՛ հանդիսատեսի, եւ թե՛ Շառլ Ազնավուրի առջեւ.«Այնպիսի համոզմունք ունենք, որ Ազնավուրը ներկա է այսօր, տեսնում է՝ ինչ է կատարվում այստեղ»:

Համերգին ելույթ ունեցան Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Էրիկը, Սեւակ Ամրոյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը եւ Էվա Ոսկանյանը: Առանձնակի ջերմությամբ ընդունվեց Ժերեմի Դելվերի ելույթը: Իր խոսքում երգիչը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Ասաց՝ թեեւ հայերենը բարդ լեզու է, բայց մեծ ոգեւորությամբ է կատարում «Հայկական վալսը».«Շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ եւ այս բեմից եմ կատարելու ինձ ճանաչում բերած ստեղծագործությունը»,- ասաց Ժերեմին:

«Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին


Հանդիսատեսը բուռն ծափողջույններով ճանապարհեց ֆրանսիացի երգչին եւ նույնպիսի ոգեւորությամբ էլ դիմավորեց դերասան Վարդան Պետրոսյանին, որի ամեն կատարումից հետո ներկաները հոտնկայս էին ծափահարում: «Էս ի՞նչ սարքեցիր գլխիս, ա՛յ բալա»՝ դիմելով Հայկին՝ կեսկատակ ասաց դերասանը: Հայկն էլ պատմեց, որ առաջին անգամ 2006 թվականին է թատերական բեմահարթակ բարձրացել, երբ հայրը ներկայացման ժամանակ իրեն բեմ է հրավիրել՝ միասին Ազնավուր կատարելու: Դրանից 12 տարի անց արդեն ինքն է հորը բեմ հրավիրում՝ նույն կատարումը ներկայացնելու: «Տպավորությունս այնպիսին է, կարծես իրավիճակ է փոխվել»,- կատակով նկատեց դերասանը:

Վարդան Պետրոսյանն իր ելույթի ընթացքում անկեղծացավ, որ Շառլ Ազնավուրի մահից հետո է միայն հասկացել, թե նա որքան ներկա է իր կյանքում.«Մի սարսափելի, ճմլող դատարկություն զգացի: Ազնավուրը մեզ հետ էր պատանեկան տարիներին, երիտասարդության ու սիրահարված տարիներին, նա մեզ հետ էր նույնիսկ անազատության ժամանակ: Ես հիշում եմ՝ մոտենում էր առաջին Նոր տարին կալանքում: Ընկերներս մի կիթառ էին ճարել, ուզում էին, որ երգեմ: Ես այդքան սիրտ չունեի երգելու, թոքերս էլ ջարդրտված էին, բայց տղաներն ինձ համար այնքան բան էին արել, որ ես ուզում էի մի տեսակ վարձահատույց լինել: Երգեցի «La bohème»-ը, երգեցի հայերեն՝ «Մեր բոհեմը»: Լուռ լսում էին, կարծես անարցունք լալիս: Հետո տղաներից մեկն էլի եկավ, խնդրեց տեքստը գրել, որ անգիր անի: Նրանք տեքստն իրար փոխանցեցին, ու հետո արդեն հաճախ ձայնակցում էինք իրար»:

Վարդան Պետրոսյանը


Նա պատմեց նաեւ, որ նախորդ տարի, երբ մեծ ընդմիջումից հետո արդեն պատրաստվում էր իմ բեմելին եւ պետք է գնար ԱՄՆ՝ առաջին ելույթներին, հրաշքի պես մի բան է կատարվել՝ Ազնավուրն է եկել իրենց տուն.«Անսովոր մի հանդիպում էր, որ մինչեւ այսօր չեմ պատկերացնում, չեմ հավատում: Կարծես ընտանիքից մեկը լիներ, իմ հարազատ մեծ քեռին: Նստած խոսում էինք մեր ընտանիքներից, տարբեր բաներ պատմում իրար: Նա եկավ կարծես օրհնություն տալու, կանաչ ճանապարհ մաղթելու: Եվ մեզնից գնալով` նա ինձ կարծես վերադարձրեց հայկական մեծ բեմ»:

Իր ելույթի ավարտին Վարդան Պետրոսյանը միացավ Շառլ Ազնավուրի այն համոզմունքին, որ Հայաստանի համար նոր գարուններ են գալու, եւ որ շուտով աշխարհը տեսնելու է նոր Հայաստան, նոր սերունդ ու նոր հաղթանակներ:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport