×


«Վինիլ»-ի փակման հետքերով. Արման Մարգարյանը դո՞ւրս է եկել Հանրայինից

Արման Մարգարյանի հեղինակային «Վինիլ» հաղորդաշարը, որ ցուցադրվում էր Հանրային հեռուստաընկերությամբ, շուտով եթեր է հեռարձակվելու ռադիո «Վան»-ով: Այս մասին BRAVO.am-ը պարզել է հաղորդավարի հետ զրույցում, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե որն է տեղափոխության պատճառը, եւ ինչ փոփոխություն են կրելու հաղորդման բովանդակությունն ու ձեւաչափը:

Արմանն ասաց, որ ծրագրի ձեւաչափը գրեթե նույնն է մնալու, պարզապես համերգային մասն ու կենդանի կատարումներն են ավելի շատ լինելու. «Հաղորդումը կմեկնարկի նոյեմբերին, եւ համոզված եմ, որ շատ հետաքրքիր թողարկումներ են լինելու: Բացի այն, որ ծրագիրը եթեր կհեռարձակվի ռադիոյով, միեւնույն ժամանակ կտեսաձայնագրվի ու կտեղադրվի նաեւ համացանցում: Այսինքն՝ հաղորդումը կունենա իր աուդիո եւ վիդեո տարբերակները, ինչը հնարավորություն կտա տարբեր եղանակներով հետեւել տաղանդավոր երաժիշտների կատարումներին»:

Արման Մարգարյանը


Նա ընդգծեց, որ իր ծրագիրը շարունակելու է հարթակ հանդիսանալ երիտասարդ ու շնորհալի երաժիշտների համար, ինչպես նաեւ նպաստելու է նրանց՝ ավելի մեծ ոգեւորվածությամբ երգեր գրելուն ու ստեղծագործելուն. «Փորձելու ենք այնպես անել, որ սկսնակ երաժիշտները չմտածեն՝ «Ո՞ւմ համար ենք երգ գրում. մեկ է, ոչ մի հնարավորություն չունենք որեւէ տեղ ելույթ ունենալու, ներկայանալու»: Ընդհակառակը, նրանք սկսեն ստեղծագործել, զարգացնել իրենց ունակություններն ու նախագծի ձեւաչափը. չէ՞ որ շատ տաղանդավոր երիտասարդություն ունենք: Իհարկե, ծրագրին հյուրընկալվելու են նաեւ հայ եւ արտասահմանցի հայտնի երաժիշտներ, լինելու են հատուկ հյուրեր»:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել իր եւ ռադիո «Վան»-ի համագործակցությունը: Հաղորդավարն ասաց, որ իրենց գաղափարները համընկել են. թե՛ ինքը, եւ թե՛ ռադիոընկերության ղեկավարությունը ցանկացել են նման հաղորդաշար ունենալ.«Քանի որ «Վինիլ»-ն արդեն փակվել էր Հանրայինի եթերում, ինձ առաջարկեցին միասին աշխատել, ես էլ սիրով համաձայնեցի: Մեր մտքերը կարծես համընկան, եւ առաջիկայում կփորձենք երաժշտական հետաքրքիր հաղորդում ստանալ»:

Արման Մարգարյանին նաեւ հարցրինք, թե որն է եղել «Վինիլ»-ի փակման պատճառը: Նա, սակայն, չցանկացավ խոսել այդ մասին, փոխարենն ասաց, որ իր եւ Հանրայինի համատեղ աշխատանքը չի ավարտվել.«Այնպես չէ, որ դուրս եմ եկել Առաջին ալիքից. Հանրայինն իմ տունն է, եւ հետաքրքիր առաջարկների դեպքում, բնականաբար, կքննարկեմ ղեկավարության հետ: Ես էլ եմ մտածում տարբեր ձեւաչափերով եթեր վերադառնալու մասին: Այս պահին դեռ մտածելու շրջանն է: Եթե նոր բան լինի, Նոր տարուց հետո կլինի միայն»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport