Վեց տարի բեմում, եւ սիրված երգեր, տեսահոլովակներ ու ելույթներ` «Nemra» հայկական ալտերնատիվ ռոք-խումբը երեկ ներկայացավ իր առաջին մեծ մենահամերգով: Դժվար կլինի հիշել, թե Տիկնիկային թատրոնը վերջին անգամ երբ էր այդքան մարդաշատ եղել, բայց պիտի նկատենք, որ խմբի համերգները միշտ էլ լեփ-լեցուն դահլիճներում ու հրապարակներում են անցել: Նեմրացիները, ինչպես իրենց անվանում են խմբի երկրպագուները, բաց չեն թողնում սիրելի երաժիշտների ոչ մի ելույթ, բայց երեկ նրանց էին միացել նաեւ բազմաթիվ նոր ունկնդիրներ: «Նեմրա»-ի մենահամերգին ներկա է եղել BRAVO.am-ը, լուսանկարել եւ, իհարկե, զրուցել է խմբի անդամների հետ:
Ինչպես նրանք խոստովանեցին, համերգներից առաջ սովորաբար փորձում են էներգիա խնայել, որ բեմում կարողանան ամբողջը հանդիսատեսին փոխանցել: Հետեւաբար, հուզմունքն ու անհանգստությունը չեն կարող խանգարել ինչպես համերգից առաջ, այնպես էլ համերգի ժամանակ.«Շատ ուրախ ենք, որ վերջապես եկավ մեր ու մեր երկրպագուների կողմից այդքան սպասված մենահամերգի օրը: Նվագելու ենք մեր հին ու նոր երգերը, ընդհանուր առմամբ՝ մոտ 23 երգ: Դրանցից շատերն արդեն հասցրել են սիրվել, որոշներն էլ դեռ նոր կսիրվեն: Երգեր կան, որ մոտ մեկ տարի չենք նվագել, երգեր էլ կան, որ առաջին անգամ ենք կենդանի կատարմամբ ներկայացնելու, ինչպես օրինակ`«Born in 94»-ը եւ «I'm a Liar»-ը: Այնպես որ, հիմա ավելի շատ կենտրոնացած ենք էներգիա խնայելու վրա, բայց խոսք ենք տալիս, որ բեմում չենք պահի (ժպտում է,- հեղ.): Չնայած` համերգների ժամանակ ավելի շատ ինքներս ենք էներգիա հավաքում»,- անկեղծացավ Վան Եղիազարյանը` խմբի վոկալիստն ու կիթառահարը:
«Nemra» ռոք-խմբի համերգին
Բաս-կիթառահար Վասպուր Եղիազարյանն էլ ընդգծեց, որ ապրիլն իրենց համար համերգաշատ ամիս է լինելու: Այսօր`ապրիլի 7-ին, խումբը համերգով հանդես կգա «Մոսկվա» կինոթատրոնին հարակից հրապարակում, իսկ ամսի 13-ին «Նեմրան» ելույթ կունենա «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական համերգին: Ապրիլի 23-ին էլ կկայանա խմբի երկրորդ մենահամերգը կրկին Տիկնիկային թատրոնում: Ի դեպ, նշենք, որ Նեմրայի առաջին համերգի տոմսերը սպառվել էին երեք օրվա ընթացքում, ըստ այդմ էլ խումբը որոշել է նույն համերգով հանդես գալ նաեւ ապրիլի 23-ին: Երկրորդ համերգի տոմսերը նույնպես արդեն սպառված են:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք պրեմիերաներ չեն սպասվում համերգի ժամանակ, սակայն խմբի անդամներն ասացին՝ որոշել են պրեմիերաները ձայնագրության տեսքով ներկայացնել. մարքեթինգային առումով այդպես ավելի լավ է ստացվում. «Այնպիսի երգեր ենք ընտրել, որ հանդիսատեսը մեզ հետ երգի: Օրինակ՝ առաջին անգամ, երբ նվագեցինք «If You Go» երգը, բոլորը սկսեցին ձայնակցել մեզ: Շատ տաղանդավոր են նեմրացիները. շուտ են ըմբռնում(ժպտում է,-հեղ.)»,- նկատեց Մարիաննա Կարակեյանը՝ խմբի դաշնակահարն ու բեք-վոկալիստը:
«Nemra» ռոք-խմբի համերգին
Հարցրինք նաեւ, թե որն են համարում իրենց ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում: Վանը նշեց, որ իրենց երգերն ու երկրպագուներն են ամենամեծ ձեռքբերումը.«Ինձ թվում է` մինչեւ մեր կարիերայի ավարտը, այսինքն` հուսով եմ` մինչեւ մեր կյանքի վերջ այդպես կլինի»: Վասպուրն էլ կատակեց` «Մինչեւ վաղը, էլի»:
Ինչպես եւ խոստացել էին, էներգիա չխնայեցին ավելի քան երկու ժամ տեւած համերգի ողջ ընթացքում: Նրանց հետ լիցքավորվեցին ու լիցքաթափվեցին նաեւ նեմրացիները, ովքեր ամբողջ ընթացքում միաձայն երգեցին ու պարեցին խմբի անդամների հետ: Անպակաս էր նաեւ հումորը, որը հնչում էր ինչպես բեմից, այնպես էլ հանդիսատեսի շարքերից: Նշենք, որ համերգի ընթացքում եղան նաեւ հատուկ հյուրեր, ովքեր հանդես եկան մի քանի կատարումներով: Նրանցից էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հայտնի դարձած Լուսինե Մարդանյանը, ով խոստովանեց՝ ինքն էլ է շատ սիրում «Նեմրա», եւ երգիչ, երգահան, կիթառահար Գոռ Սուջյանը: Իսկ «Leave Me Alone» երգի ժամանակ նրանց միացավ «The Beautified Project» խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը.«Շատ հաճելի է լինել Nemra մոլորակում»,- ասաց նա:
Մարեկ Զաբորսկին
Համերգի ավարտին դեռ երկար ժամանակ հանդիսատեսը սպասում էր, որ եւս մի երգ կհնչի խմբի կատարմամբ, բայց նրանց մնում է սպասել հաջորդ հանդիպումներին, որոնք, ինչպես արդեն հայտնի է, չեն ուշանա: Երկար չեն սպասեցնի նաեւ նոր երգերը, որոնք այժմ ձայնագրվում են եւ պատրաստվում ընդգրկվելու նոր ձայնասկավառակում: Հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն, բայց ինչպես խմբի անդամները վստահեցրին, ամեն ինչ արվում է, որ նոր գործերն էլ լինեն որակյալ ու սիրվեն երկրպագուների կողմից:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: