×


Արսեն Միքայելյանը եւ Մարիամ Ադամյանը

««Թղթե երազանքը» եղավ բացառություն». Արսեն Միքայելյան

24 մասից բաղկացած «Թղթե երազանք» հեռուստադրաման շուտով ավարտին կմոտենա: Գլխավոր կերպարին՝ գյումրեցի փոքրիկ տղային մեծ տարիքում մարմնավորող Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ զրուցել ենք բազմասերիանոց նախագծում իր անդրանիկ դերի, ձեռք բերած ընկերների, իրեն հուզած տեսարանների եւ այլ թեմաների շուրջ:

Բարի լուրը

Հունվար ամիսն էր, զանգ ստացա սերիալի երկրորդ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանից. առաջարկեց մասնակցել քասթինգի: Չէի մտածում, որ կանցնեմ, բայց բարի լուրով զանգը չուշացավ:

Արսեն Միքայելյանը


«Ավելի շատ բեմում էի եղել, քան տեսախցիկի առաջ»

Հեռուստադիտողի կողմից չընկալվելու վախ կար, քանի որ բազմասերիանոց նախագծում առաջին անգամ էի աշխատում: Շատ նրբություններ կային, որոնց չէի տիրապետում, քանի որ ավելի շատ բեմում էի եղել, քան տեսախցիկի առաջ: Ամեն ինչ սահուն ընթացավ, որովհետեւ ռեժիսորի հետ կար փոխադարձ վստահություն:

Ախ, այդ հեռուստադիտողները

Տարբեր հաղորդագրություններ եմ ստանում: Շատերն են գրում՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում, կամ ինչպես իրենք կուզեին տեսնել այս կամ այն կերպարի հետ կապված զարգացումները: Նաեւ լինում են շնորհավորանքներ:

Վստահ լինելու դեպքում

Ես ակտիվ հեռուստադիտող չեմ, բայց այն, ինչ տեսել եմ հայկական հեռուստաեթերում, ինձ երբեք դուր չի եկել, նույնիսկ ցանկություն չի եղել հայտնվել այն սերիալներում, որոնք ցուցադրվում էին: «Թղթե երազանքը» եղավ բացառություն: Կնկարահանվեմ երկարաժամկետ սերիալում միայն այն դեպքում, երբ վստահ լինեմ որակի վրա:

Անի Պետրոսյանը եւ Արսեն Միքայելյանը


«Թղթե երազանքն» ինձ…

Կրթել է, տվել է շատ տաղանդավոր ընկերներ, որոնք ինձ համար անգնահատելի արժեք են: Նրանց հետ ընկերությունը նախագծից հետո էլ պահպանում եմ: Ճանաչված այսօր կարող ես լինել, վաղը՝ ոչ:

Ինձ հուզել են…

Մանկության տարիների տեսարանները, երբ մայրը դրսում սպասում է որդուն, հետո վիճում են, ու մայրը ծեծում է տղային: Իրականում Անի Պետրոսյանն իսկապես ապտակել է երեխային, որ նա սթափվի ու ավելի կենտրոնանա, չծիծաղի: Երբ պրեմիերայի ժամանակ դիտեցի տեսարանը, ազդվեցի:

Արսենը Հայկից պետք է սովորի…

Կարծում եմ` ճշտապահություն, նպատակասլացություն, լավատեսություն՝ չնայած ես էլ եմ լավատես: Հատկապես շատ եմ գնահատում Հայկի՝ նպատակներին չդավաճանելու հատկությունը: Տարիների հետ նպատակները ենթարկվում են փոփոխությունների, կարեւոր է, որ իսկապես կարեւոր արժեքներն անփոփոխ մնան: Հայկը կարող է օրինակ ծառայել:

Արսեն Միքայելյանը


Եթերի լավն ու վատը

Չեմ ընդունում այն կարծիքը, թե հեռուստատեսությունը չի ազդում սերնդի դաստիարակության վրա: Եթերից հեռարձակվող ցանկացած բան կարող է ենթագիտակցական լուրջ վնաս հասցնել: Այդ իսկ պատճառով ցանկացած նախագիծ եթեր տալուց առաջ հեռուստաընկերությունը պետք է գիտակցի պատասխանատվությունը: Ցուցադրվող նախագծերը պետք է ազդեն լավ տեսանկյունից: Այսօր շատ են օրինակները, երբ նյութը դեգրադացնում է սերնդին: Դեռ ավելի շատ ցուցադրվում է այն, ինչ վնասում է:

Նորությունների մասին

Այս պահին աշխատում եմ 16 մասանոց մի նախագծում: Փակագծերը բացել դեռ չեմ ուզում: Դրամատիկական թատրոնում երեկ կայացավ Նիկոլայ Ծատուրյանի «Թռիչք» ներկայացման պրեմիերան: Ես թռչուններից մեկն եմ: Սեպտեմբերի 25-ին էլ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման պրեմիերան է, որտեղ գլխավոր կերպարում եմ, խաղալու եմ Իննա Խոջամիրյանի հետ:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արսենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport