×


Ավո Խալաթյանի ընտանիքը

«Այդ մասին նույնիսկ որեւէ շշուկ ինձ չէր հասել». Ավո Խալաթյան

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն օրերս ամփոփեց թատերական տարին ու հայտարարեց լավագույնների անունները: Ինչպես տեղեկացրել ենք, «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթողները երկուսն են՝ Ավո Խալաթյանը՝ «Ռեւիզոր» ներկայացման համար, եւ Միքայել Վաթինյանը՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար: Բեմ բարձրացավ, սակայն, լավագույններից միայն մեկը՝ Միքայել Վաթինյանը, իսկ Ավո Խալաթյանը ներկա չէր: Պատճառը պարզելու համար BRAVO.am-ը զրուցել է վերջինիս հետ:

Ավոն նշեց, որ, ցավոք, քաղաքում չի եղել եւ շատ է ափսոսում, որ հնարավորություն չի ունեցել մրցանակն անձամբ ստանալ Մայր թատրոնի բեմից. «Պատճառներ կային` Երեւանում չէի, բացի այդ էլ՝ այս տարվա մրցանակաբաշխությունն այնքան գաղտնի էր ու այնքան փակ, կարծես «Օսկար»-ի գաղտնիությունն ուներ (ժպտում է,- հեղ.): Ակնարկ անգամ չէր եղել, ինչ-որ շշուկ նույնիսկ ինձ չէր հասել, որ հնարավոր է՝ մրցանակ ստանամ, այսինքն` բացարձակ անտեղյակ էի: Իհարկե, գիտեի, որ ներկայացումը նոմինացված է, եւ վստահ էի, որ գործընկերներս այնտեղ կլինեն: Դրա համար էլ ինձ թույլ տվեցի անհետաձգելի գործով մեկնել քաղաքից: Եթե գոնե իմանայի՝ որպես լավագույն դերասան նոմինացված եմ, կարծում եմ՝ ամեն ինչ կանեի գալու համար: Չնայած էլի եմ ասում` գործս շատ անհետաձգելի էր, այդ պատճառով էլ չկարողացա մեր մասնագիտական տոնին ներկա լինել»:

Ավո Խալաթյանը՝ «Ռեւիզոր» ներկայացման պրեմիերային


Նշենք, որ սա դերասանի առաջին «Արտավազդ» մրցանակն է, եւ նրա փոխարեն այն ստացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը: Ավոն արդեն շտապում է գնալ եւ նրանից ստանալ իր մրցանակը՝ միաժամանակ ընդգծելով` հաղթանակն իրենց թիմային աշխատանքի շնորհիվ է եղել, ու հետեւաբար` մրցանակն ամբողջ անձնակազմինն է:

«Ռեւիզոր» ներկայացման պրեմիերային


«Սա նաեւ նրանց արժանիքն է: Կան այդպիսի պիեսներ ու բեմադրություններ, երբ դերասանն իսկապես հաճույք է զգում բեմում խաղալով, այն էլ այդպիսի խաղընկերների հետ: Հակոբ Ղազանչյանը շատ ժամանակակից լուծումներով ներկայացում է բեմադրել, շատ զուսպ եւ ճաշակով: Կարծում եմ`«Ռեւիզորն» իսկապես արժանի էր մրցանակի»,- եզրափակեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Մինասյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW